Մահվան երթերում ընկած հայ մանուկների և Հայոց Մեծ եղեռնի հիշատակի մյուռոնօրհնություն

1925

Բազմության մեջ լսվեցին հառաչանքի և լացի ձայներ, երբ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն` շրջապատված Մայր Աթոռի, Անթիլիասի ու Պոլսո Հայոց պատրիարքության եպիսկոպոսներով, հայացքն ուղղելով դեպի Բիքֆայայի Սուրբ Աստվածածին վանքի Նահատակների հուշարձանը և առաջն ունենալով օրհնված Սուրբ Մյուռոնը, աղոթք հղեց առ Աստված` ի հիշատակ Հայոց ցեղասպանության մանուկների, ովքեր ընկան 1915-ի մահվան ճանապարհին:

5

“Ո~վ Աստված, քո ներկայությամբ օրհնիր այս մյուռոնը, որպեսզի այս մյուռոնը մեր ժողովրդի համար դառնա բալասան վերքերի, առողջություն շնորհիր հիվանդներին, լուսավորի ճամփաները մեր խավար կյանքի, հաջողություն պարգևի մեր բարի գործերին: Ո~վ Աստված, այնպես արա, որ մեր զավակները, մեր մանուկները, որոնք 1915-ին առանց մյուռոն տեսնելու խեղդամահ եղան Եփրատի ջրերի մեջ, մահացան Տեր Զորի ավազների վրա, ո~վ Աստված, այս մյուռոնով բժշկի  անմյուռոն մնացած և մեր կյանքից հեռացած մեր հազարավոր մանուկները”,- Բիքֆայայի վերանորոգված Նահատակների հրապարակում հավաքված բազմությանը դիմեց Արամ Ա-ն:

Նույն օրը` հուլիսի 18-ի առավոտյան, Միջերկրականին նայող “Թռչնոց բույն” անունը կրող նախկին որբանոցի տարածքում Արամ Ա-ն բացումն էր կատարել Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Դա այն շենքերից մեկն էր, որտեղ ապաստան էին գտել հայ որբերը:

Իր գահակալության 20 տարիներին Արամ Ա-ն չորրորդ անգամ էր նախագահում սրբալույս մյուռոնի օրհնության արարողությանը:

7

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմակալ առաջնորդների շարքում, սրբազան և հոգեպարար արարողությանը մասնակցում էին Ամենայն Հայոց հայրապետի ներկայացուցիչները, Պոլսո Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Արք. Աթեշյանը: Արարողության ներկա էին Ղպտի, Հաբեշ, Ասորի, Հույն և Ռուս ուղղափառ, Կաթոլիկ, Հույն, Ասորի և Հայ կաթոլիկ, Քաղդեացի, Ավետարանական և Հայ ավետարականակ եկեղեցիների պետեր ու ներկայացուցիչներ, Լիբանանում Պապական նվիրակը և Հռոմի պապի անձնական ներկայացուցիչ կարդինալը:

Հուլիսի 18-ի երեկոյան Նահատակների հրապարակում Սրբալույս մյուռոնի օրհնության արարողությանը մասնակից դարձան հարյուրավոր հայեր աշխարհի բազմաթիվ երկրներից: Նահատակների վերանորոգված և ընդարձակված հրապարակում, թվում էր, ողջ լիբանանահայությունն էր հավաքվել:

6

“Սովորական պահ չէ այս պահը”,- դիմելով բազմությանը ասաց Արամ Ա-ն. “Այս հուշարձանը մեզ համար անլռելի զանգակատուն է: Մեր ժողովրդի զավակները ուր որ էլ գտնվեն, միշտ պետք է պահանջեն մեր ազգային իրավունքները”:

Արարողությունը ընթացավ Արամ Ա-ի ու մասնակից եպիսկոպոսների` Ատվածաշնչի ու աղոթքների ընթերցումներով, որով հայ հոգևորականները աղերսում էին աստվածային օրհնությունն ու Սուրբ Հոգու ներգործությունը: Բացվեց  սրբալույս մյուռոնի կաթսայի կափառիչը և արարողապետ Թորգոմ Վրդ. Տոնոյանի հրավերով եպիսկոպոսները Վեհափառ Հայրապետին մատուցեցին անուշաբույր վարդի յուղն ու բալասանը, որ հատուկ աղոթքների  ընթերցումով Նորին Սրբությունը խառնեց նոր մյուռոնին: Ապա Արամ Ա-ն մյուռոնին խառնեց Սուրբ Էջմիածնի մեջ օրհնված մյուռոնը` ի նշան Հայ եկեղեցու անքակտելի միության: Եվ վերջապես, մյուռոնաթափ աղավնուց Վեհափառը հեղեց հին մյուռոնը` ապահովելով Թադեոս առաքյալի` Հայաստան բերած բժշկարար յուղի եւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից օրհնված մյուռոնի  շարունակականությունը:

1

Արամ Ա-ն մյուռոնն օրհնեց Սուրբ Լուսավորչի աջով` իր շուրջն ունենալով 12 եպիսկոպոսների: Մայ Աթոռի միաբաններից Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ընթերցեց Ամենայն Հայոց հայրապետ Գարեգին Երկրորդի գիրը` եղբայրական սերը առ Արամ Ա:

Մյուռոնօրհնությունը, որ ըստ ավանդության կատարվում է յոթ տարին մեկ անգամ, հայ եկեղեցու և նրա հավատացյալների կյանքում յուրահատուկ նշանակություն ունի: Սուրբ մյուռոնի օրհնությամբ հայ եկեղեցին բյուրեղացնում է իր ինքնությունը, վերանորոգում իր կյանքը, վերահաստատում իր առաքելությունը:

Իր դարավոր նստավայրից` Սսից տեղահանվելուց հետո, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը առաջին մյուռոնօրհնության արարողությունը կատարել է 1926-ին` Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց Մայր եկեղեցում: 1930-ից հետո, երբ Աթոռը հաստատվեց Անթիլիասում, կատարվել է մյուռոնօրհնության 11 արարողություն:

Թաթուլ Հակոբյան

Բիքֆայա, Լիբանան