Տառապանքի, բայց նաև վերապրումի պատմությունը` Հայոց ցեղասպանության որբերի թանգարանում

2073

“Այս թանգարանը մի ողջ ժողովրդի սպանության մասին հիշեցում է, բայց նաև հայ ժողովրդի վերապրումի ու վերածնունդի հիշեցում է”,- դիմելով ներկաներին, որոնց թվում` Արևելյան ուղղափառ  և կաթոլիկ եկեղեցիների պատրիարքներ, հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներ, Լիբանանի և Հայաստանի նախարարներ ու պատգամավորներ, աշխարհի բազմաթիվ երկրներից ժամանած հարյուրավոր հայեր ու լիբանանահայեր, ասաց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառը:

17

Ավելի քան տասը տարի առաջ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մոտ միտք հղացավ Լիբանանի ծովեզերյա Ջբեյլ քաղաքի “Թռչնոց բույն” որբանոցի շենքերից մեկը` ամենահինը, վերածել Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Այսօր` 2015-ի հուլիսի 18-ին, կատարվեց թանգարանի բացումը: Այդ միջոցառումը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի բազմաթիվ ձեռնարկների շարքում կունենա յուրահատուկ իմաստ ու նշանակություն և յուրահատուկ ուղերձ կլինի համաշխարհային հանրությանը:

4

“Սա սովորական թանգարան չէ այդ բառի ընդունված իմաստով: Այս թանգարանը հիշեցում է, որ սպանվել են մեկուկես միլիոն հայեր: Այս թանգարանը կենդանի հիշեցում է, որ Հայոց ցեղասպանության հազարավոր որբեր, հասել են այս հողը, այստեղ գուրգուրվել, կերակրվել ու կրթություն ստացել օտար` դանիացի, ամերիկացի, շվեյցարացի միսիոներների կողմից”,- ասաց Արամ Ա-ն:

“Թռչնոց բույնը” սպանվեց Արևմտյան Հայաստանում, հայերը “Թռչնոց բույն” կառուցեցին Լիբանանի հողում”,- շարունակեց Վեհափառը, ապա հայացքն ուղղելով բազմության առաջին շարքերին` կրոնական ու աշխարհիկ առաջնորդների, շեշտեց. “Ձեր նահատակները մեր նահատակներն են, իսկ մեր նահատակները` ձեր նահատակները”:

13

Իր հակիրճ, ազդու, բայց սուր ու համոզիչ ոճով Արամ Ա-ն երեք բառով բնորոշեց Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն ու համայն հայության հետագա քայլերը` հիշել, հիշեցնել և արդարություն պահանջել:

“Թռչնոց բույնի” տարածքում գտնվող որբանոցի շենքերից ամենահինը վերածվեց Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի: Այս աշխատանքի ֆինանսական  մասը ստանձնել է Պէզիկեան ընտանիքը` Ալեքքո և Անի Պէզիկեան ամուսինները Շվեյցարիայից: Ալեքքոյի հայրը` Արամը, Հայոց ցեղասպանության հազարավոր այլ որբերի պես, իր մանկությունն անց է կացրել “Թռչնոց բույն”-ում: Թանգարանը կրում է հենց նրա անունը:

10

Այս որբանոցը տվել է համաշխարհային նշանակության հայի` Լոնդոնում բնակվող կոմպոզիտոր Վարդան Մելքոնյանին: 2014-ին նա Թագավորական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ ձայնագրեց «Հրաժեշտ Մարիային» սիմֆոնիկ ստեղծագործությունը, որի վրա կոմպոզիտորը աշխատել էր երկար տարիներ:  Իր կյանքի առաջին քառորդ դարը մանկատներում ու Բեյրութի փողոցներում անցկացրած կոմպոզիտորի սիմֆոնիան նվիրվել էր հազարավոր հայ որբերի մորը` դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենին, սակայն իրականության մեջ դա իր և “Թռչնոց բույն”-ում վերապրած բազմաթիվ հայերի հավաքական կյանքի պատմությունն է:

Հայոց ցեղասպանությունից հետո այսօրվա Լիբանանը դարձավ փրկության ափ հազարավոր հայ որբերի համար: Դանիական, շվեյցարական, ամերիկյան և շվեդական մարդասիրական կազմակերպությունները  հիմնեցին որբանոցներ ու օգնության կենտրոններ:

“Թռչնոց բույն”-ը ամենամեծ որբանոցներից էր, որը հիմնադրել էին դանիացի միսիոներները: Այնտեղ է հազարավոր հայ որբերի կերակրել, գուրգուրել ու մեծացրել “մամա”-ն` դանիուհի Մարիա Յակոբսենը, որի շիրիմը նաև ուխտավայր է Ջբեյլում և Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող վկայություններից մեկը:

6

Հայոց ցեղասպանության որբերի թանգարանի մուտքին Մարիա Յակոբսենի դամբարանն է: Դու կարող ես կանգնել դանիացի այս կնոջ գերեզմանի դիմաց, անդադար նայել նրա նկարին, բայց վերջիվերջո չհասկանալ ու չըմբռնել, թե ինչն է ստիպել այդ մարդուն թողնել իր երկիրը, տունը, ծնողներին ու օգնության շտապել հայ որբերին:

Թանգարանը ունի երեք բաժին` նվիրված Հայոց ցեղասպանությանը, որբերի կյանքին և հայ ժողովրդի վերածննդին:

Թանգարանում զետեղվել են նկարներ, տեղեկություններ և իրեր:

Սա աշխարհի այն թանգարաններից է, որի ներսը` պատերը, բառերով դժվար է նկարագրել:

Սա աննկարագրելի թանգարան է, ուրեմն` զգալու և 1915-ն ու հետագա տարիները մտովի անցնելու համար պետք է այցելել:

Սա այն թանգարանն է, որտեղից մարդ հեռանում է տարօրինակ զգացումով:

Սա Հայոց ցեղասպանության որբերի թանգարանն է:

9

Բացման ելույթում «Թռչնոց բոյն»-ի խնամակալութեան ատենապետ Սեդա Խտըշեանը ասաց, որ այս թանգարանում ամփոփված է տառապանքի, բայց նաև վերապրումի ու վերածնունդի պատմությունը:

“Այս թանգարանը նաև հարցադրում է աշխարհին առ այն, որ Թուրքիան շարունակում է անպատիժ մնալ: Այս թանգարանը նաև պատասխանելու է հարցին, թե ինչպես հայերը վերապրեցին”,- իր ասաց Խտըշեանը:

16

Ելույթներ ունեցան նաև թանգարանի աշխատանքների ֆինանսավորումը ստանձնած Ալեքքո Պէզիկեանը, Հայաստանի Սփյուռքի նախարարը, Ջբեյլի քաղաքապետը, Լիբանանի մշակույթի նախարարն ու մարոնի (արաբ կաթոլիկների) պատրիարքը:

Թաթուլ Հակոբյան

Ջբեյլ, Լիբանան