Ցեղասպանագետ Ռոջեր Սմիթի նամակը Սերժ Սարգսյանին. սեպտեմբեր, 2009թ

2068
(L to R) French Foreign Minister Bernard Kouchner, Swiss Foreign Minister Micheline Calmy-Rey, Turkish Foreign Minister Ahmet Davutoglu, Armenian Foreign Minister Eduard Nalbandian and US Secretary of State Hillary Clinton applaud after a signing ceremony on October 10, 2009 in Zurich. Turkey and Armenia's foreign ministers signed pacts to establish ties, in a first step to reconciliation after nearly a century of bitterness over World War I-era massacres. Armenian Foreign Minister Edouard Nalbandian and his Turkish counterpart Ahmet Davutoglu shook hands after signing the two protocols in a ceremony at a university in the Swiss city of Zurich. AFP PHOTO / FABRICE COFFRINI (Photo credit should read FABRICE COFFRINI/AFP/Getty Images)

Հայոց ցեղասպանության թանգարանինստիտուտը 2015 թվականի հուլիսի 8-12-ը հյուրընկալելու է Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության (International Association of Genocide Scholars) 12-րդ գիտաժողովը, որի խորագիրն է «20-րդ դարի ցեղասպանությունների համեմատական վերլուծություն»: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության հիմնադիրներից Ռոջեր Սմիթը 2009 թվականի սեպտեմբերի 30-ին բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին՝ ՀայաստանԹուրքիա երկու արձանագրությունների վերաբերյալ հայտնելով իր մտահոգությունը: Այդ նամակը այն օրերին գրեթե աննկատ մնաց և խեղդվեց Հայաստանի պաշտոնական քարոզչության մեջ: Այն օրերին, ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ հայաստանցի ցեղասպանագետների, թուրքագետների ու պատմաբանների մեծագույն մասը գովաբանում էր այդ արձանագրությունները, որոնցից այսօր էլ Սերժ Սարգսյանը չի հրաժարվում և հայտարարում է, որ Հայաստանը պատրաստ է այդ արձանագրությունները կյանքի կոչել, եթե նման պատրաստակամություն հայտնի Թուրքիան:  

Ներկայացնում ենք Ռոջեր Սմիթի նամակը

Հարգելի պարոն Սարգսյան,

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները, միտված լինելով երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը, առաջացնում են լուրջ հարցեր գործընթացի վերաբերյալ, ինչպես նաև պարունակում են բարդություններ, որոնք կցանկանայի ներկայացնել Ձեր ուշադրությանը ստորև շարադրանքում:

Հետաքրքրությունս հայ-թուրքական արձանագրությունների շուրջ պայմանավորված է ողջ գիտական կարիերայիս ընթացքում ցեղասպանության ուսումնասիրություններով զբաղված լինելու, Ցեղասպանության ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության հիմնադիրը լինելու, Զորյան ինստիտուտի Ակադեմիական խորհրդի նախագահը լինելու, ինչպես նաև Ձեր կողմից՝ “Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում ունեցած նշանակալի ավանդի համար” Մովսես Խորենացու անվան մեդալով պարգևատրված լինելու հանգամանքներով:

Ես և մի շարք այլ գիտնականներ, ովքեր որևէ անձնական, էթնիկական կամ քաղաքական պատճառներով չէ, որ հաստատում ենք Հայոց ցեղասպանության փաստը, կարծում ենք, որ պետք է մատնանշենք արձանագրությունների մի կարևորագույն կողմը: Մասնավորապես խոսքն այն հոդվածների մասին է, ըստ որոնց կողմերը համաձայնում են՝ իրականացնել երկու ժողովուրդների միջեւ փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով գոյություն ունեցող խնդիրների հստակեցման ու առաջարկների ձեւակերպման համար, և ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը կունենա առանձին ենթահանձնաժողովներ` սույն արձանագրության վերը նշված երկրորդ գործառութային պարբերության հանձնառությունների անմիջական իրագործման նպատակով:

Վերաբերու՞մ է արդյոք “պատմական հարթության” մասին հոդվածը Հայոց ցեղասպանությանը, և վերաբերու՞մ է արդյոք “միջկառավարական երկկողմ հանձնաժողովի” հոդվածը պատմական հանձնաժողովին: Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող է Հայաստանը Թուրքիայի հետ փոխհարաբերությունների կարգավորման հույս ունենալ, երբ անտեսված է երկու երկրների միջև առկա լարվածության կարևորագույն պատճառը: Իսկ եթե այո, ապա դրանք դառնում են հույժ կարևոր մտահոգության առարկա, քանի որ գիտական լայն շրջանակներում կա այն համաձայնությունը, որ հայերի դեպքում ցեղասպանություն անկասկած տեղի է ունեցել:

Պարոն նախագահ,

Դուք քաջատեղյակ եք, որ աշխարհում բազմաթիվ առաջադեմ պատմաբաններ, քաղաքագետներ, սոցիոլոգներ, իրավագետներ, ինչպես նաև մի շարք հեղինակավոր ինստիտուտներ բազմաթիվ անգամ ուսումնասիրել են Ցեղասպանությունը, հրատարակել մի շարք ակադեմիական հոդվածներ ու գրքեր և նույնիսկ հանդես են եկել հանրային հայտարարություններով:

Այս գիտնականներն իրենց մասնագիտական կյանքը նվիրել են ակադեմիական ազնվության բարձրագույն մակարդակով գիտական հետազոտություններ անցկացնելուն: Իրենց հետազոտությունների արդյունքում այս գիտնականները Հայոց ցեղասպանությունը համարում են ժամանակակից ցեղասպանությունների արխետիպը, որի կազմակերպման և իրագործման մոդելը մի շարք նմանություններ ունի հետագա դեպքերի հետ:

Այդ իսկ պատճառով, “պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ” ուսումնասիրության նպատակով ստեղծվող ցանկացած հանձնաժողով արդյունքում անտեսում է այն ամբողջ լայնածավալ հետազոտությունները, որոնք իրականացվել են մի քանի տասնամյակների ընթացքում, և ավելին, ենթադրում, որ դրանցից որևէ մեկը անկողմնակալ և գիտական չէ: Սա վիրավորական է ցեղասպանությունն ուսումնասիրող բոլոր գիտնականների համար, և հատկապես նրանց, ովքեր ազգությամբ հայ չեն և ովքեր գտնում են, որ իրենց աշխատանքը աստիճանաբար քաղաքականացվում է:

Համոզված եմ, որ Դուք հասկանում եք, որ նրանք ընդհանրապես վստահ չեն, որ այդ քաղաքականապես կազմակերպված հանձնաժողովը չի գնա զիջումների՝ ի վնաս պատմական ճշմարտությանը՝ հատկապես հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի միջև ուժային անհավասարակշիռ հարաբերությունները: Այս գնահատականն անհամեմատ խստանում է, երբ հաշվի ենք առնում մասնավորապես հետևյալը.

  1. Ֆրանսիայի, Մեծ Բրիտաիայի և ԱՄՆ-ի, ինչպես նաև Թուրքիայի և իր պատերազմական դաշնակիցներ՝ Գերմանիայի և Ավստրայի ազգային արխիվները (եթե անգամ սահմանափակվենք այսքանով) լեցուն են ցեղասպանություն իրագործելու մտադրության և հայերի բնաջնջման գործընթացին վերաբերող անհերքելի փաստաթղթերով:

 

  1. Հետպատերազմյան շրջանում Թուրքիայի ռազմական դատարանի կողմից իրագործված պաշտոնական հետաքննության վերջերս հրատարակված պատմական գրառումները, որ կատարվել են վավերացված, պաշտոնական թուրքական փաստաթղթերի հիման վրա, անվիճելիորեն վկայում են Օսմանյան կայսրության կենտրոնական կառավարության կողմից իրենց իսկ քաղաքացիներ հանդիսացող մեծաքանակ հայերի նկատմամբ իրագործված կազմակերպված զանգվածային ջարդերի մասին: Ընդ որում, այս դատական գործընթացում մեղադրողները թուրքեր էին, դատավորները թուրքեր էին, և վկաներից շատերը նույնպես թուրքեր էին՝ այդ թվում նաև բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ:

 

  1. Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը (ԱԱՄԿ), վերանայելով Հայոց ցեղասպանության հարցը Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի (ԹՀՀՀ) համար, եզրակացրեց, որ “… այսպիսով, կարելի է ասել, որ այդ իրադարձություններն, ամբողջությամբ վերցված, պարունակում են ցեղասպանության հանցագործության բոլոր տարրերն այնպես, ինչպես սահմանված է Կոնվենցիայում, և ինչպես իրավագետներն, այնպես էլ պատմաբանները, քաղաքագետները, լրագրողները և այլոք արդարացի կլինեն՝ շարունակելով այսպես մեկնաբանել դրանք”:

 

  1. Վարչապետ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի ընդունի, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել, և եթե նույնիսկ պատմական հանձնաժողովը հաստատի, որ հայերի դեպքում ցեղասպանություն տեղի է ունեցել, կարելի է պնդել, որ Թուրքիան ուղղակի կանտեսի այս որոշումը, ինչպես վարվեց ԱԱՄԿ զեկույցի հետ, որը հանգեցրեց Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի բոլոր թուրք անդամների հրաժարականին: Սակայն կարևորագույնն այն է պարոն նախագահ, որ ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականները լրջորեն անհանգստացած են, որ պատմական հանձնաժողովը կքաջալերի նրանց, որոնց մտքում ապագայում հնարավոր է հղանա ցեղասպանություն իրագործելու գաղափարը, ցույց տալով, թե հատկապես ուժեղների կողմից ինչպես ցեղասպանությունը կարող է հեշտորեն հարաբերականացվել:

 

2001թ.-ին Զորյան ինստիտուտը հրատարակեց հայ-թուրքական հարաբերությունների մասին հազվադեպ հանդիպող հանրային մեկնաբանություն, որում ասվում է. “Սովորաբար երկխոսությունը ցանկացած հակամարտության հնարավոր լուծման, ուստի և հաշտեցման առաջին քայլն է: Երկխոսության մասնակիցները պետք է սահմանեն այն առանցքային հարցերը, որոնք բաժանում են կողմերին և հաստատեն մի գործըթաց, որի համաձայն երկխողությունը պետք է անցկացվի: Այս գործում խիստ անհրաժեշտ է փոխըմբռնման անկեղծ ցանկությունը և փաստացի վիճելի հարցերն ընդունելու պատրաստակամությունը՝ որքան էլ դրանք զգացմունքայնորեն ծանր լինեն”:

Թուրքիան բավականաչափ ներուժ չունի երկխոսություն սկսելու Ցեղասպանության առանցքային հարցի քննարկման շուրջ: Նույնիսկ եթե ցեղասպանությունը հաստատվելու լիներ “պատմական փաստաթղթերի եւ արխիվների գիտական, անկողմնակալ ուսումնասիրության միջոցով”, Թուրքիան ի վիճակի չէր լինի ընդունել այն, քանի որ այն այժմ շղթայված է իր խիստ քրեական իրավունքով, որն արգելում է որևէ մեկին Թուրքիայում նույնիսկ հիշատակել Հայոց ցեղասպանությունը: Այս պատճառով չե՞ք կարծում, որ արձանագրությունների շուրջ դեռևս շարունակվող բանակցություններն այս ամբողջ ընթացքում տոգորված են չարամտությամբ:

Եթե ոչ, ապա այդ արձանագրությունները կենսունակ դարձնելու համար թերևս կպահանջվի կա´մ ձևափոխել արձանագրությունների շարադրանքի այն մասը, որ վերաբերում է “պատմական հարթությանը”, և կա´մ էլ ձևափոխել Թուրքիայի քրեական իրավունքը, որն այժմ այս հարցի քննարկումը համարում է անօրինական:

Եթե այս փուլում նման ձևափոխություններ անհնար է իրականացնել դիվանագիտական ճնշումների պատճառով, ապա թերևս ճիշտ կլինի գործընթացն այնպես կազմակերպել, որ “պատմական հարթության” քննարկումը հետաձգվի: Սա հնարավորություն կընձեռի երկու երկրների ժողովուրդներին՝ հատկապես Թուրքիայի, դրսևորել “փոխըմբռնման անկեղծ ցանկություն և փաստացի վիճելի հարցերն ընդունելու պատրաստակամություն՝ որքան էլ դրանք զգացմունքայնորեն ծանր լինեն”: Մինչ այդ, Թուրքիան և Հայաստանը կարող են շարունակել դիվանագիտական փոխանակման գործընթացը, ինչն ինքնին առանցքային քայլ կլինի հաշտեցման ուղղությամբ:

Խորին հարգանքներով՝

Ռոջեր Սմիթ

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցություն

Տնօրենների ակադեմիական խորհրդի նախագահ

Սեպտեմբեր 30, 2009