Մոսկուան Զինելու Է Ե՛ւ Հայաստանին, Ե՛ւ Ազրպէյճանին

1060

Յունիսի վերջերին Մոսկուայում Ռուսաստանի Կորչաքովի հիմնադրամը Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան (ՀԱՊԿ) հետ գործակցաբար կազմակերպել էր «ՀԱՊԿ-ը եւ անվտանգութեան համաշխարհային մարտահրաւէրները» խորագրով խորհրդաժողով, որտեղ Հայաստանից, որպէս հիմնական զեկուցող, հրաւիրել էին տողերիս հեղինակին:

ՀԱՊԿ-ը ստեղծուել է 1992-ի մայիսին եւ Արեւմուտքում ընկալւում է հակակշիռ կազմակերպութիւն ՆԱԹՕ-ին: Այսօր ռազմաքաղաքական այս կազմակերպութեանը անդամակցում են` Ռուսաստանը, Հայաստանը, Պիելոռուսիան, Ղազախստանը, Խըրխըզիստանը եւ Տաճիկիստանը: Տարբեր ժամանակներում ՀԱՊԿ-ի անդամ են եղել նաեւ նախկին ԽՍՀՄ այլ հանրապետութիւններ, ինչպէս` Ազրպէյճանն ու Վրաստանը, սակայն ինչ-ինչ պատճառներով հեռացել են կառոյցից:

Հայաստանում, այդ թւում երբեմն նախագահի մակարդակով եւ հրապարակով դժգոհել են ՀԱՊԿ-ի գործունէութիւնից, սակայն միւս կողմից` երբեք չի քննարկուել այդ կազմակերպութիւնից հեռանալու հարցը: Ակնյայտ է, որ Հայաստանի անվտանգութեան ապահովման գործում ՀԱՊԿ-ը եւ այդ կառոյցի ողնաշարը` Ռուսաստանը, կարեւորագոյն դեր են կատարում:

Իմ ելոյթում ես չխուսափեցի իրերն անուանել իրենց անուններով, այն է` մի կողմից ընդունել, որ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը միայնակ կը մնայ եւ առաւել ուժեղ կը զգայ ազրպէյճանական եւ թուրքական սպառնալիքներն ու վտանգը, միւս կողմից` դիւանագիտական բառապաշարով, բայց բաւական սուր քննադատել ՀԱՊԿ-ի անդամ երկրների գործունէութիւնը:

Ռուսաստանը շարունակում է զինել Ազրպէյճանին, մի պետութեան, որը հրապարակաւ յայտարարում է Հայաստանի եւ Արցախի դէմ նոր պատերազմ սկսելու իր մտադրութիւնների մասին: Ընդ որում, Ազրպէյճանը Ռուսաստանից ոչ միայն պաշտպանողական զէնքեր է գնում, այլ` յարձակողական, որոնց գործածութիւնը Հայաստանի եւ Արցախի համար կարող են ունենալ աղէտալի հետեւանքներ: Ի պատասխան, ռուս փորձագէտները նշում էին, որ Ազրպէյճանը Ռուսաստանի համար կարեւոր պետութիւն է, Մոսկուան Պաքուին զէնքեր է վաճառում` հաշուի առնելով իր տնտեսական շահերը:

Հայաստանը, որպէս ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից զէնքեր գնում է զեղչերով` գրեթէ գործարանային ինքնարժէքով: Ազրպէյճանը Ռուսաստանից նոյն զէնքերը գնում է միջազգային շուկայի գներով: Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը հաւանութիւն տուեց Ռուսաստանից 200 միլիոն տոլարի վարկ վերցնելու պայմանագիրը, որը նախատեսուած է ռուսական արտադրութեան նորագոյն սպառազինութիւններ, մասնաւորապէս «Իսքանտեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր գնելու համար: Չկայ որեւէ երաշխիք, որ Ազրպէյճանը եւս Ռուսաստանից չի գնի «Իսքանտեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր:

Պիելոռուսիան այն երկրների տասնեակում է, որը վերջին տարիներին զէնք-զինամթերք է վաճառել Ազրպէյճանին: ՀԱՊԿ-ի անդամ միջինասիական երեք հանրապետութիւնները` Տաճիկիստանը, Խըրխըզիստանը եւ առաջին հերթին Ղազախստանը, միջազգային տարբեր հարթակներում, որքան էլ անտրամաբանական է, աջակցում են Ազրպէյճանին` ընդդէմ Հայաստանի, երբ խօսք է գնում արցախեան հակամարտութեան մասին: Հասկանալի է, որ այս երեք հանրապետութիւնները Ազրպէյճանին աջակցում են` հաշուի առնելով իսլամական համերաշխութիւնը: Հայաստանի համար ընդունելի կը լինէր, եթէ մահմետական այդ հանրապետութիւնները Արցախի հարցում չէզոք դիրքորոշում որդեգրէին` հաշուի առնելով այն իրողութիւնը, որ Հայաստանի հետ նոյն կառոյցի` ՀԱՊԿ-ի անդամ են:

Հայաստանը, սակայն, այլընտրանք չունի եւ ստիպուած է մնալու ՀԱՊԿ-ի կազմում, եթէ այդ կազմակերպութեան երկու անդամները` Ռուսաստանն ու Պիելոռուսիան շարունակեն զինել Ազրպէյճանին, իսկ միւս երեք անդամները Պաքուին աջակցեն միջազգային հարթակներում: Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին կարող է մտածել, երբ չունենայ խնդիրներ Ազրպէյճանի եւ Թուրքիայի հետ:

Իմ ելոյթում ես յիշեցրի 1992-1993 թուականները, երբ Թուրքիան սպառնում էր ներխուժել Հայաստան: Անկասկած, թուրքական ուժերը կ՛անցնէին Ախուրեանն ու Արաքսը, եթէ Հայաստանը չլինէր ՀԱՊԿ անդամ, մեր երկրում տեղակայուած չլինէր ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ Թուրքիա-Հայաստան սահմանի երկայնքով կանգնած չլինէին ռուս սահմանապահները: Իր հերթին, Ազրպէյճանը նոր պատերազմ չի սկսում Արցախի եւ Հայաստանի դէմ, քանի որ Պաքուի համար հասկանալի չէ, թէ ինչպիսի՛ն կը լինի Մոսկուայի արձագանգը: Եթէ Ազրպէյճանը վստահ լինի, որ Ռուսաստանը եւ ՀԱՊԿ-ն չեն միջամտի, ապա պատերազմը կը լինի անխուսափելի:

Ի դէպ, ՀԱՊԿ-ի կանոնադրութեան 4-րդ յօդուածն ասում է, որ եթէ կազմակերպութեան անդամ երկրներից մէկը ենթարկւում է յարձակման, ապա դա համարւում է յարձակում ՀԱՊԿ-ի անդամ միւս պետութիւնների վրայ: Ինչպիսի՞ն կը լինի ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, եթէ Ազրպէյճանը յարձակուի Արցախի վրայ: Այս հարցը չունի միանշանակ պատասխան: Տէ ժիւրէ Արցախը Հայաստանի մաս չէ, հետեւաբար ՀԱՊԿ-ը պարտաւորութիւն չունի պաշտպանել Արցախին: Միւս կողմից, Ազրպէյճանի կողմից Արցախի վրայ յարձակում` նշանակում է յարձակում Հայաստանի վրայ, քանի որ Հայաստանը պաշտպանելու է Արցախին:

Խորհրդաժողովի ընթացքում ունեցած ելոյթներում ռուս փորձագէտները եւ վերլուծաբանները նշում էին, որ Ռուսաստանը շարունակելու է զէնք վաճառել Ազրպէյճանին, քանի որ այդ երկիրը լաւ գնորդ է եւ վճարում է:

Մոսկուայում կայացած 4-օրեայ խորհրդաժողովի ընթացքում հնարաւորութիւն ունեցանք շփուելու ռուս յայտնի լրագրողների, փորձագէտների, քաղաքագէտների հետ, այցելել ՀԱՊԿ-ի քարտուղարութիւն, զրուցել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի եւ Հայաստանի մշտական ներկայացուցիչների, ռուս պաշտօնեաների հետ:

 

ԱԶԴԱԿ, 6 Յուլիս, 2015թ., http://www.aztagdaily.com/archives/247884