Մոսկվան զինելու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին

1327
(FILES) An undated file picture shows Russian missile complex "Iskander" on display during a military equipment exhibition in the Siberian town of Nizhny Tagil. Russia is ready to place Iskander missiles in its Kaliningrad exclave near Poland if Washington goes ahead with its missile shield plans in Europe, Deputy Foreign Minister Sergei Ryabkov said on April 21, 2009. AFP PHOTO / EVGENY STETSKO / VEDOMOSTI (Photo credit should read EVGENY STETSKO/AFP/Getty Images)

Հունիսի վերջերին Մոսկվայում Ռուսաստանի Գորչակովի հիմնադրամը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ գործակցաբար կազմակերպել էր ՀԱՊԿը և անվտանգության գլոբալ մարտահրավերները խորագրով խորհրդաժողով, որտեղ Հայաստանից, որպես զեկուցող, հրավիրել էին տողերիս հեղինակին:

ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992-ի մայիսին և Արևմուտքում ընկալվում է հակակշիռ կազմակերպություն ՆԱՏՕ-ին: Այսօր ռազմաքաղաքական այս կազմակերպությանը անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Տարբեր ժամանակներում ՀԱՊԿ-ի անդամ են եղել նաև նախկին ԽՍՀՄ այլ հանրապետություններ, ինչպես Ադրբեջանն ու Վրաստանը, սակայն ինչ-ինչ պատճառներով հեռացել են կառույցից:

Հայաստանում, այդ թվում երբեմն նախագահի մակարդակով և հրապարակով դժգոհել են ՀԱՊԿ-ի գործունեությունից, սակայն մյուս կողմից՝ երբեք չի քննարկվել այդ կազմակերպությունից հեռանալու հարցը: Ակնհայտ է, որ Հայաստանի անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ը և այդ կառույցի ողնաշարը՝ Ռուսաստանը, կարևորագույն դեր են կատարում:

Իմ ելույթում ես չխուսափեցի իրերն անվանել իրենց անուններով, այն է՝ մի կողմից ընդունել, որ առանց ՀԱՊԿ-ի Հայաստանը միայնակ կմնա և առավել ուժեղ կզգա ադրբեջանական և թուրքական սպառնալիքներն ու վտանգը, մյուս կողմից՝ դիվանագիտական բառապաշարով, բայց բավական սուր քննադատել ՀԱՊԿ-ի անդամ երկրների գործունեությունը:

Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին, մի պետության, որը հրապարակավ հայտարարում է Հայաստանի և Արցախի դեմ նոր պատերազմ սկսելու իր մտադրությունների մասին: Ընդ որում, Ադրբեջանը Ռուսաստանից ոչ միայն պաշտպանողական զենքեր է գնում, այլ հարձակողական, որոնց գործածությունը Հայաստանի և Արցախի համար կարող են ունենալ աղետալի հետևանքներ: Ի պատասխան, ռուս փորձագետները նշում էին, որ Ադրբեջանը Ռուսաստանի համար կարևոր պետություն է, Մոսկվան Բաքվին զենքեր է վաճառում՝ հաշվի առնելով իր տնտեսական շահերը:

Հայաստանը, որպես ՀԱՊԿ անդամ, Ռուսաստանից զենքեր գնում է զեղջերով՝ գրեթե գործարանային ինքնարժեքով: Ադրբեջանը Ռուսաստանից նույն զենքերը գնում է միջազգային շուկայի գներով: Մի քանի օր առաջ Հայաստանի խորհրդարանը հավանություն տվեց Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ վերցնելու պայմանագիրը, որը նախատեսված է ռուսական արտադրության նորագույն սպառազինություններ, մասնավորապես «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր գնելու համար: Չկա որևէ երաշխիք, որ Ադրբեջանը ևս Ռուսաստանից չի գնի «Իսկանդեր-Մ» տեսակի հրթիռային համակարգեր:

Բելառուսը այն երկրների տասնյակում է, որը վերջին տարիներին զենք-զինամթերք է վաճառել Ադրբեջանին: ՀԱՊԿ-ի անդամ միջին-ասիական երեք հանրապետությունները՝ Տաջիկստանը, Ղրղզստանը և առաջին հերթին Ղազախստանը, միջազգային տարբեր հարթակներում, որքան էլ անտրամաբանական է, աջակցում են Ադրբեջանին ընդդեմ Հայաստանի, երբ խոսք է գնում Արցախյան հակամարտության մասին: Հասկանալի է, որ այս երեք հանրապետությունները Ադրբեջանին աջակցում են՝ հաշվի առնելով իսլամական համերաշխությունը: Հայաստանի համար ընդունելի կլիներ, եթե մահմեդական այդ հանրապետությունները Արցախի հարցում չեզոք դիրքորոշում որդեգրեին, հաշվի առնելով այն իրողությունը, որ Հայաստանի հետ նույն կառույցի՝ ՀԱՊԿ-ի անդամ են:

Հայաստանը, սակայն, այլընտրանք չունի և ստիպված է մնալու ՀԱՊԿ-ի կազմում, եթե այդ կազմակերպության երկու անդամները՝ Ռուսաստանն ու Բելառուսը շարունակեն զինել Ադրբեջանին, իսկ մյուս երեք անդամները Բաքվին աջակցեն միջազգային հարթակներում: Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին կարող է մտածել, երբ չունենա խնդիրներ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Իմ ելույթում ես հիշեցրի 1992-1993 թվականները, երբ Թուրքիան սպառնում էր ներխուժել Հայաստան: Անկասկած, թուրքական ուժերը կանցնեին Ախուրյանն ու Արաքսը, եթե Հայաստանը չլիներ ՀԱՊԿ անդամ, մեր երկրում տեղակայված չլիներ ռուսական 102-րդ ռազմակայանը, իսկ Թուրքիա-Հայաստան սահմանի երկայնքով կանգնած չլինեին ռուս սահմանապահները: Իր հերթին, Ադրբեջանը նոր պատերազմ չի սկսում Արցախի և Հայաստանի դեմ, քանի որ Բաքվի համար հասկանալի չէ, թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը: Եթե Ադրբեջանը վստահ լինի, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ն չեն միջամտի, ապա պատերազմը կլինի անխուսափելի:

Ի դեպ, ՀԱՊԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածն ասում է, որ եթե կազմակերպության անդամ երկրներից մեկը ենթարկվում է ագրեսիայի, ապա դա համարվում է ագրեսիա ՀԱՊԿ-ի անդամ մյուս պետությունների վրա: Ինչպիսի՞ն կլինի ՀԱՊԿ-ի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա: Այս հարցը չունի միանշանակ պատասխան: Դե-յուրե Արցախը Հայաստանի մաս չէ, հետևաբար՝ ՀԱՊԿ-ը պարտավորություն չունի պաշտպանել Արցախին: Մյուս կողմից, Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակում նշանակում է հարձակում Հայաստանի վրա, քանի որ Հայաստանը պաշտպանելու է Արցախին:

Խորհրդաժողովի ընթացքում ունեցած ելույթներում ռուս փորձագետները և վերլուծաբանները նշում էին, որ Ռուսաստանը շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, քանի որ այդ երկիրը լավ գնորդ է և վճարում է:

Մոսկվայում կայացած 4-օրյա խորհրդաժողովի ընթացքում հնարավորություն ունեցանք շփվելու ռուս հայտնի լրագրողների, փորձագետների, քաղաքագետների հետ, այցելել ՀԱԿՊ-ի քարտուղարություն, զրուցել ՀԱՊԿ-ում Ռուսաստանի և Հայաստանի մշտական ներկայացուցիչների, ռուս պաշտոնյաների հետ:

Թաթուլ Հակոբյան

Լուսանկարում՝ «Իսկանդեր-Մ» հրթիռային համակարգը