100-ամյակի տարում Թուրքիայից արդեն 50 միլիոն դոլարի ապրանք են ներմուծել Հայաստան

1649

[:am]Եթե դու քո հանգիստը անցկացնում ես Հայաստանից դուրս, ապա այնքան էլ էական չէ, թե որ երկրում: Որովհետև, երբ դու քո արձակուրդն անցկացնում ես Հայաստանից դուրս, օգնում ես այդ երկրին և ոչ Հայաստանին: Մյուս կողմից, յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության մեջ և իրավունք ունի իր հանգիստ անցկացնել այնտեղ, որտեղ նախընտրում է: Քիչ չեն այն հայաստանցիները, նաև՝ սփյուռքահայերը, ովքեր նախընտրում են Անթալիան, Բոդրումը՝ Միջերկրականի թուրքական ափերը:

Հատկապես վերջին տարիներին և հատկապես ֆուտբոլային դիվանագիտության ձախողումից հետո իշխանական քարոզչամեքենան Հայաստանի քաղաքացիներին հորդորում է խույս տալ Անթալիայում հանգստանալուց: Հայաստանի բյուջեի սուղ գումարներից անգամ ուղղվում են հակաթուրքական քարոզչության վրա:

Անցնող դեկտեմբերին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) պատգամավոր Կարեն Ավագյանի մասնակցությամբ Երևանի կենտրոնում կազմակերպվել էր «Ոչ Թուրքիայում հանգստին» ֆլեշ-մոբ: Այն լայնորեն լուսաբանվեց հայաստանյան և սփյուռքյան լրատվամիջոցներով: Այդ ֆլեշ-մոբը կազմակերպվել էր Հայաստանի բյուջեի գումարներով, ավելի հստակ՝ հասարակական մի կազմակերպություն դրամաշնորհ էր ստացել և այն ծախսում էր հակաթուրքական քարոզչության վրա:

Այդ ակցիան զրո արդյունք ունեցավ, հատկապես իշխող Հանրապետական էլիտայի վրա: Ակցիայից ընդամենը շաբաթներ անց Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող 8 թիմերից 5-ը ուսումնամարզական հավաքի մեկնեց հենց Թուրքիա: Այդ թիմերից առնվազն երկուսը՝ «Փյունիկ»-ն ու «Շիրակ»-ը, տնօրինում են բարձրաստիճան հանրապետականներ: Սա առաջին տարին չէ և ոչ էլ կլինի վերջինը, երբ հայկական ֆուտբոլային ակումբները ուսումնամարզական հավաքների համար ընտրում են հենց Անթալիան:

Իշխող Հանրապետական էլիտան ներգրավված է նաև հայ-թուրքական միջին և խոշոր առևտրի մեջ: Հրապարակավ, նրանք կարող են դեմ արտահայտվել այդ առևտրին, քննադատել նրանց, ովքեր կրում են թուրքական արտադրության հագուստ, սակայն մեծ քանակներով շինանյութ կամ այլ ապրանքներ ներկրել Հայաստան:

Հայ-թուրքական առևտրին հրապարակավ ընդդիմացող ՀՀԿ-ի իշխանության տարիներին ծաղկում է հայ-թուրքական առևտուրը: Վիճակագրությունը պահպանվել է 1995-ից:

Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել ընդամենը 46 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ գրեթե 16 միլիոն դոլարի արտադրանք: Այս թվերի մեջ ներառված չէ 1991-1994 թվականները, քանի որ այդ տարիների տվյալները բացակայում են:

Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին Թուրքիայից Հայաստան է ներկրվել գրեթե 600 միլիոն դոլարի ապրանք, արտահանվել՝ շուրջ 18 միլիոնի: Հայաստանից Թուրքիա ամենից շատ արտադրանք արտահանվել է 1997-ին՝ ավելի քան 7 միլիոն դոլար:

Հայ-թուրքական առևտուրը իր ծաղկման շրջանին է հասել Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Այսպես, 2008-2014 թթ. ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրվել ավելի քան 1.5 միլիարդ դոլարի արտադրանք, նույն ժամանակահատվածում արտահանվել է շուրջ 9 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ 166 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ներկրումների գագաթնակետը Աբդուլլահ Գյուլի Երևան այցի տարում էր՝ 2008-ին. այդ տարի ներկրվել է ավելի քան 268 միլիոն դոլարի արտադրանք:

Վերջին 20 տարիներին՝ 1995 թվականից ի վեր, Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ 2.2 միլիարդ դոլարի ապրանք, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում Հայաստանից Թուրքիա է արտահանվել շուրջ 40 միլիոն դոլարի ապրանք, այսինքն՝ 55 անգամ պակաս:

Թուրքիայից Հայաստան ապրանքը հասնում է հիմնականում Վրաստանի տարածքով, քանի որ Անկարան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը:

Կարծիք կա, որ Թուրքիայից Հայաստան ավելի մեծ քանակներով են ապրանքներ ներմուծվում, քան ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը: Եթե անգամ պաշտոնական թվերը հիմք ընդունենք, ապա ստացվում է, որ միջին հաշվով Հայաստանում օրական սպառվում է 600 հազար դոլարի թուրքական ապրանք:

Այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանից Թուրքիա է արտահանվել 1 միլիոն դոլարից պակաս արտադրանք, մինչդեռ Թուրքիայից Հայաստան ներկրվել է շուրջ 50 միլիոն դոլարի արտադրանք: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ֆոնին, համաձայնեք, տպավորիչ ցուցանիշ է:[:]