Բաղրամյանի վերջը

1121

Բազմաթիվ ներքին և արտաքին գործոններ կան, որոնք ազդում են Հայաստանի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին արտաքին քաղաքական զարգացումների վրա: Այդ պատճառով՝ բարդ և անշնորհակալ գործ կլինի կանխատեսել, թե ինչպիսի հանգուցալուծում, ինչպիսի ավարտ կունանա Մարշալ Բաղրամյան պողոտայում շարունակվող ընդվզումը՝ ընդդեմ էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացման:

Ներկայացնենք հիմնական և հնարավոր զարգացումներն ու հանգուցալուծումները:

Առաջին. Հայաստանի իշխանությունները գտնում են ձևը և չեղյալ հայտարարում 7 դրամի ավելացումը: Բաղրամյան փողոցը նահանջում է և տուն գնում: Երբ քո պահանջը տեխնիկական է և քո պահանջին տրվել է լուծում, ապա դու ստիպված ես լինում սեղմել իշխանությունների՝ քեզ անվերջ կեղեքող, ընտրություններ կեղծող ձեռքը: Հաջորդ անգամ դու տեսականորեն հնարավորություն ես ունենում նոր Բաղրամյան ունենալ, երբ 7 դրամով կրկին բարձրացնում են էլեկտրաէեներգիայի, ջրի, գազի, հասարակական տրանսպարտի գինը: Այսպիսով, մինչ դու պայքարում ես հետևանքների դեմ, իշխանությունները քո համար անդադար հետևանքներ է ստեղծում ու քեզ հալումաշ անում Բաղրամյան պողոտայում կամ Ազատության հրապարակում:

Կարծիքներ են հնչում, որ այն, ինչ կատարվում է Բաղրամյան պողոտայում, ընդհանուր առմամբ կառավարվում է իշխանությունների՝ հայտնի փեսայի կողմից:

Այս վարկածի օգտին են խոսում որոշ  փաստեր՝ ցուցարարների շարքում քիչ չեն իշխանամետ տրամադրություններ ունեցող փորձագետներ, լրագրողներ, քաղաքագետներ, քաղաքական գործիչներ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ: Չպետք է բացառել, որ իշխանությունները խրախուսում են այդ մարդկանց ներկայությունը, վերահսկելի հեռուստաընկերություններով լուսաբանում ցույցերը, որպեսզի վարկաբեկեն շարժումը: Մյուս կողմից, փաստ է, որ ցուցարարների շարքում են իշխանափոխության ձգտող ուժեր, ծայրահեղ ընդդիմադիր հայացքներով գործիչներ: Այսպիսով, ի տարբերություն Հայաստանում նախկինում տեղի ունեցած զանգվածային ցույցերի, այսօր Բաղրամյան պողոտան ներառել է հասարակության ամենատարբեր շերտերի ու հայացքների տեր մարդկանց:

Երկրորդ. իշխանությունները հստակ որոշումներ չեն ընդունում, ձգձգում են 7 դրամի հարցը, տարբեր խոստումներ տալիս, ժամանակ շահում, բայց նաև ցուցարարների դեմ այլևս  բռնություններ չեն կիրառում (ինչպես հուլիսի 23-ի գիշերը): Այսպիսով, շարժումը կամաց-կամաց մարում է, մարդիկ հոգնում են անորոշությունից և ամառվա շոգից, ցուցարարների տարբեր խմբերի միջև առաջանում են հակասություներ: Մարշալ Բաղրամյան փողոցը բացվում է ինքնաբերաբեր: Այս զարգացումը հարազատ է Հայաստանի փողոցային պայքարին: 1996, 2003, 2008 և 2013 թվականների նախագահական ընտրություններին հաջորդած փողոցային շարժումները, որոնք ներգրավում էին տասնյակ և հարյուր հազարավոր մարդկանց, ամիսների ընթացքում մարել են, այդ թվում՝ օրվա իշխանությունների կողմից բիրտ ուժ կիրառելու պատճառով նաև:

Այսօր շատ է խոսվում, որ Բաղրամյան պողոտայի ընդվզումը քաղաքական չէ, այլ սոցիալական: Դրա մեջ կա ճշմարտություն, սակայն մյուս կողմից, սոցիալական ընդվզումը ևս քաղաքական է: Եթե Բաղրամյան պողոտայում ցուցարարարները քաղաքական պահանջներ, այդ թվում՝ իշխանափոխության, դեռևս բացահայտ չեն ներկայացնում, դա չի նշանակում, որ առաջիկայում չեն ներկայացնելու:

Երրորդ. իշխանությունները, տեսնելով, որ Բաղրամյան պողոտան ավելի մարդաշատ է դառնում, պահանջները դառնում են արմատական՝ ընդհուպ մինչև իշխանափոխության կոչերը, բիրտ ուժ են գործադրում: Հայաստանի ժողովրդավարության համար սա ևս հարազատ տարբերակ է: Իշխանությունները բիրտ ուժ են գործադրել 1996-ի սեպտեմբերին, 2004-ի ապրիլին, 2008-ի մարտին: Վերջինը ունեցավ ողբերգական հետևանքներ. սպանվեց 10 մարտ, բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ բանտարկվեցին:

Անշուշտ, կարելի է պատկերացնել իրադարձությունների այլ տարբերակներ ևս, սակայն հանգուցալուծումը, ամենայն հավանականությամբ, տեղավորվելու է վերոնշյալ երեքի շրջանակներում:

Ստեղծված իրավիճակը ունի առնվազն երկու արտաքին վտանգ: Առաջինը Ադրբեջանի կողմից հնարավոր սադրանքներն են և սահմանի երկայնքով լարվածության նոր սրացումներ հրահրելը: Մյուս կողմից, չպետք է բացատել, որ Հայաստանի իշխանությունները մատի փաթաթան դարձնելով ադրբեջանական վտանգը (ինչը իրականում կա և դա այսօրվա Հայաստանի մեծագույն սպառնալիքներից է), բիրտ ուժ կիրառեն և ցրեն ցուցարարներին: Կարճաժամկետ կտրվածքով դա գուցե բխում է գործող իշխանությունների շահերից (իշխանությունը ամեն գնով պահելու մղումից ելնելով), սակայն երկարաժամկետ կտրվածքով այն աշխատելու է ընդդեմ նույն իշխանությունների ու ընդդեմ Հայաստանի պետության և նրա արտաքին իմիջի ու ներքին համերաշխության:

Մյուս վտանգը կարող է գալ Ռուսաստանից: Գտնվելով Մոսկվայում և այս օրերին բազմաթիվ հանդիպումներ ունենալով փորձագետների ու քաղաքագետների հետ, ինձ համար ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը իր կենսական շահերի համար մեծագույն վտանգ է տեսնում այսպես կոչված “գունավոր հեղափոխությունները”: Ռուսական լրատվամիջոցները, որոնք խիստ վերահսկվում են Կրեմլի կողմից, ուղղակիորեն գրում են, որ Հայաստանում կատարվողը “ուկրաինական Մայդան է”: Ռուսական լրատվամիջոցներում կարելի է հանդիպել սադրիչ, հակահայ, այդ թվում՝ վիրավորական ձևակերպումներ:

Հայաստանում ծավալվող իրադարձություններին չի կարելի տալ հակառուսական երանգ և ուղղվածություն, որքան էլ ռուսական կողմից լինեն սադրանքներ: Դա չափազանց թանկ կարող է լինել Հայաստանի համար: Մենք պետք է փորձենք բացատրել ռուսներին, եթե անգամ նրանք չեն ուզում դա հասկանալ: Անկախ իրադարձությունների զարգացումներից ու հանգուցալուծումներից՝ Հայաստանը և Ռուսաստանը պետք է ունենան ռազմավարական, դաշնակցային, իրավահավասար հարաբերություններ:

Թաթուլ Հակոբյան