ՍԴՀԿ-ն Ստամբուլի քաղաքապետից պահանջում է կախաղան հանված 20 ընկերների աճյունները

3149

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչությունը հնչակյան 20 կախաղանների 100-րդ տարելիցի առիթով պահանջագիր է ուղարկել Ստամբուլի քաղաքապետին:

Պահանջագրում ասվում է.

«Պարո՛ն քաղաքապետ, 1915 թվականի հունիսի 15-ին Պոլսի Սուլթան Բայազետ հրապարակում կախաղան հանվեց 20 հայ հեղափոխական, ովքեր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ղեկավարներն ու պատասխանատու անդամներն էին: Նրանք էին՝ Մաթևոս Սարգսյան, Հակոբ Պասմաճյան, Գաբրիել Քեշիշյան, Սմբատ Գլըճյան, Ռուբեն Կարապետյան, Պետրոս Թորոսյան, Արմենակ Համբարձումյան, Աբրահամ Մուրադյան, Արամ Աչըգբաշյան, Հրանդ Եկավյան, Գարեգին Պողոսյան, Պողոս Պողոսյան, Մուրադ Զաքարյան, Թովմաս Թովմասյան, Երեմիա Մանանդյան, Մկրտիչ Երեցյան, Գեղամ Վանիկյան, Երվանդ Թոփուզյան, Հովհաննես Տեր-Եղիազարյան, Գառնիկ Պոյաճյան, ովքեր միաժամանակ թաղվել են Էդիրնե Գաբուի հայոց գերեզմանատանը:

Մենք՝ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական վարչությունս, ցանկանում ենք վերցնել մեր ղեկավար ընկերների աճյունները և տեղափոխել Թուրքիայից դուրս: Հետևաբար, պահանջում ենք, որ մեզ տեղեկացնեք այդ գործի օրինական ճանապարհները»:

Մի քանի օր առաջ Ստամբուլում ոգեկոչվել էր 1915թ. հունիսի 15-ին Բեյազետ հրապարակում կախաղան հանված սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազի (Մաթեոս Սարգսյան) և կուսակցության 19 անդամների հիշատակը: Նրանք 1 տարի շարունակ շղթայակապ Պոլսի կենտրոնական բանտի նկուղային հարկում ծայրահեղ վատ պայմանների մեջ էին պահվել՝ մինչև մահապատժի իրականացումը:

Թուրքական «Sendika.org» լրատվակայքի վկայությամբ՝ Թուրքիայի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Էդիրնեքափը հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն էր անցկացվել: Արարողության ժամանակ հնչեցվել էին հայ բանաստեղծների, այդ թվում՝ Վահան Թեքեյանի և Նշան Բեշիքթաշլըյանի ստեղծագործությունները: Միջոցառման մասնակիցները կրել են կախաղան բարձրացված հայ հեղափոխականների նկարներն ու Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազի վերջին խոսքերը կրող պաստառներ: Կախաղան բարձրանալուց առաջ սոցիալիստ առաջնորդն ասել էր. «Մեզ կարող եք ոչնչացնել, բայց մեր իդեալը՝ երբեք: Մեր իդեալը սոցիալիզմն է: Կեցցե սոցիալիզմը»:  Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հայ, այլև թուրք քաղաքացիներ:

1913 թ. Ռումինիայի Կոնստանցա քաղաքում տեղի էր ունեցել Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության 7-րդ համագումարը, որի ընթացքում կուսակցականներն իրենց անհանգստությունն էին հայտնել երիտթուրքերի վարած հայակործան քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվել Միացյալ Անկախ Հայաստանի կազմավորման անհրաժեշտությունը։

Համագումարում ձևակերպվել էր կուսակցության երկու հիմնական նպատակ` կուսակցությունը կարող է ծավալել օրինական ու հակաօրինական գործունեություն, այդ պատճառով՝ կրկին կվերածվի գաղտնի կազմակերպության, կազմակերպել ու մահապատժի ենթարկել իթթիհատական կուսակցության ղեկավարներին, ովքեր 1909 թվականին կազմակերպել էին Ադանայի կոտորածը:

Համագումարում կայացված որոշումների մասին լրտեսների միջոցով տեղեկացվել էր օսմանյան կառավարությունը, և հնչակյան գործիչները ձերբակալվել էին Պոլիս ժամանելուն պես։ Մինչև տարեվերջ ձերբակալվել էր 140 հնչակյան։

Երկու տարի բատնտում անցկացնելուց ու բազմաթիվ փորձությունների ենթարկվելուց հետո 20 ղեկավար հնչակյաններ դատապարտվում են կախաղանի։ 1915 թվականի հունիսի 15-ին նրանք կախաղան են բարձրացվում Պոլսի Բայազետ հրապարակում։

Հնչակյան կուսակցության երկու այլ անդամներ` Ստեփան Սապահ Գյուլյանն ու Վարազդատը, մահվան են դատապարտվել հեռակա կարգով։