Ստամբուլում ոգեկոչվել է 1915թ. կախաղան հանված 20 հայ հեղափոխականների հիշատակը

2455

Ստամբուլում ոգեկոչվել է 1915թ. հունիսի 15-ին Բեյազիտ հրապարակում կախաղան հանված սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազի (Մաթեոս Սարգսյան) և կուսակցության 19 անդամների հիշատակը: Նրանք 1 տարի շարունակ շղթայակապ Պոլսի կենտրոնական բանտի նկուղային հարկում ծայրահեղ վատ պայմանների մեջ են պահվել մինչև մահապատժի իրականացումը:

Թուրքական «Sendika.org» լրատվակայքի վկայությամբ՝ Թուրքիայի հայկական «Նոր Զարթոնք» կազմակերպության նախաձեռնությամբ Ստամբուլի Էդիրնեքափը հայկական գերեզմանատանը հիշատակի արարողություն է անցկացվել: Արարողության ժամանակ հնչեցվել են հայ բանաստեղծների, այդ թվում՝ Վահան Թեքեյանի և Նշան Բեշիքթաշլըյանի ստեղծագործությունները: Միջոցառման մասնակիցները կրել են կախաղան բարձրացված հայ հեղափոխականների նկարներն ու Հնչակյան կուսակցության առաջնորդ Փարամազի վերջին խոսքերը կրող պաստառներ: Կախաղան բարձրանալուց առաջ սոցիալիստ առաջնորդն ասել էր. «Մեզ կարող եք ոչնչացնել, բայց մեր իդեալը՝ երբեք: Մեր իդեալը սոցիալիզմն է: Կեցցե սոցիալիզմը»:  Միջոցառմանը մասնակցել են ոչ միայն հայ, այլև թուրք քաղաքացիներ:

Հիշատակի միջոցառման շրջանակներում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ կազմակերպիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասված է.

«1915թ. ապրիլի 24-ին 200 հայ մտավորականի ձերբակալությամբ Ստամբուլում սկսված մահվան երթը շատ չանցած արդեն ընդգրկեց հազարավորների: Այդ շրջանում ձերբակալվածների թվում էին պետության՝ հայերի հանդեպ վարած քաղաքականության դեմ պայքարող 20 հայ հեղափոխականները, որոնք շատ արագ կազմակերպված դատավարության շրջանակներում մեղադրվեցին «պետության անբաժանելի ամբողջականությանը սպառնացող գործողությունների մեջ» և «Տեղահանման օրենքի» (Tehcir Kanunu) ընդունվելու օրը մահապատժի ենթարկվեցին:

Ցեղասպանությունը միայն մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը չէ, դա նաև այս աշխարհագրական տարածքում մշակութային և  ինտելեկտուալ ժառանգության ոչնչացումն է, սոցիալիզմի  հիմքերի խարխլումը:

Մենք հարգանքով ենք խոնարհվում բռնության դեմ պայքարող հեղափոխականների առաջ: Նրանց հիշատակը կապրի մեր պայքարի մեջ»:

Աղբյուր`    Ermenihaber.am