Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին գիրք հրատարակած Ահմեթ Սևերը, որը նախկինում եղել է նրա գլխավոր խորհրդականը, CNN-ի թուրքական ծառայության հեռուստաեթերում նշել է, որ Գյուլի համոզմամբ հայկական, քրդական և կիպրական հարցերն ամենից կարևորն ու օրակարգայինն էին Թուրքիայի համար: Գյուլը կարծել է, որ այդ չլուծված հարցերը աստիճանաբար դեպի քայքայման են տանում, իսկ ահա դրանց լուծումը վստահաբար ազատ ճանապարհ կբացի Թուրքիայի համար:
Սևերը պատմել է, որ նախկին նախագահը համարում էր, թե «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանակներում Հայաստան կատարած այցի շնորհիվ կարող է հեռանկար ստեղծվել երկու երկրների միջև առկա խնդիրների լուծման համար:
«Շատերը դեմ արտահայտվեցին նրա մեկնելուն, փորձեցին հետ պահել այդ քայլից: Արտաքին քաղաքական գերատեսչությունը չէր ցանկանում, որ Գյուլը Հայաստան մեկնի: Մտահոգություններ կային թե անվտանգության և թե Ադրբեջանի հետ հարաբերություններին վնաս հասցնելու առումով: Բայց նա ասաց՝ ես կգնամ»:
Սևերը պատմել է նաև, որ այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գյուլի խորհրդականներից մեկին ասել է, որ զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուղն էլ է դեմ Գյուլի Հայաստան մեկնելուն:
«Բայց նույնիսկ մենակ մնալով՝ Գյուլը մեկնեց: Եվ դա բացեց դեպի արձանագրություններ տանող ճանապարհը»,- ընդգծել է Գյուլի նախկին խորհրդականը:
Հիշեցնենք, Ահմեթ Սևերը հեղինակել է «12 տարի Աբդուլահ Գյուլի հետ» գիրք, որչտեղ ներկայացվում են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներսում եղած վեճերը, խմորումները, անհամաձայնությունները: Հայտնի է, որ գիրքն ընթերցել և հավանության է արժանացրել անձամբ ինքը՝ Աբդուլլահ Գյուլը: