Պէտք է լուրջ վերահսկողութիւն, որպէսզի Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը ունենայ լաւ որակ

5010

Անցնող օրերին մեկնել էի Սիւնիք եւ Արցախ: Որոշեցի Երեւան վերադառնալ Քարվաճառի ճանապարհով` Ստեփանակերտ – Դրմբոն (Մարտակերտի շրջան) – Դադիվանք – Սոթք – Վարդենիս (Սեւանի ափ): Հայաստանում եւ Արցախում դժուար է գտնել մէկ այլ ճանապարհ, որն անցնելով` այդքան գեղեցիկ տեսարանների ես հանդիպում` կանաչ, սաղարթախիտ անտառներ, Թարթառ գետի մերթ հանդարտ, մերթ ոլորապտոյտ, խելագար ընթացք, Դադիվանքի հնամենի վանական համալիր, Քարվաճառի հրաշք բնութիւն (թւում է, թէ ծառերով ծածկուած ժայռերը միախառնւում են կապոյտ երկնքին), ապա ալպեան մարգագետիններ ու վերջապէս մեր միակ ծովը` Սեւանայ լիճը: Հայաստանում եւ Արցախում այսօր դժուար է գտնել մէկ այլ ճանապարհ, որն այնքան քարուքանդ վիճակում է, որքան ա՛յս ճանապարհը:

Մինչդեռ եթէ Հայաստանն ու Արցախը իրար կապող, ռազմավարական եւ կենսական նշանակութիւն ունեցող այս ճանապարհը լինէր կարգին վիճակում, ապա շատերը, այդ թւում`զբօսաշրջիկները կը նախընտրէին այս ուղին: Այս ճանապարհը այսօր հիմնովին վերանորոգւում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով` համայն հայութեան հանգանակութիւնների շնորհիւ:

Գորիս-Ստեփանակերտ 90 քիլոմեթր երկարութեամբ ոլորապտոյտներով ճանապարհը եւս կառուցուել է համայն հայութեան հանգանակութիւններով: Այն կառուցուել է 1990-ականների կէսերից եւ աւարտին հասցուել 1998-ին: Ճիշդ է, այդ ճանապարհով անցնելը հաճելի չէ, քանի որ ոլորանները կտրուկ են եւ չափից շատ, սակայն պէտք է խոստովանել, որ ընդհանուր առմամբ, այդ ճանապարհը բարեկարգ վիճակում է եւ որակով է կառուցուել:

Նոյնը չես ասի  Ստեփանակերտ-Դրմբոն ճանապարհի մասին, որը եւս կառուցուել է համայն հայութեան հանգանակութիւնների շնորհիւ: Եթէ Ստեփանակերտ-Վանքի խաչմերուկ հատուածը բարեկարգ վիճակում է, ապա Վանքի խաչմերուկից մինչեւ Դրմբոն ճանապարհը ուղղակի քարուքանդ է: Այդ քարուքանդ վիճակը նորութիւն չէ: Շահագործումից մի քանի տարի անց այդ ճանապարհը շարքից դուրս եկաւ, քանի որ անորակ էր կառուցուել: Այսինքն սփիւռքում հանգանակուած գումարների մի մասը փոշիացուել է: Եւ դրա համար առաջին հերթին պատասխանատու են ոչ թէ եւ ոչ այնքան ճանապարհաշինարարները, այլ` «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Արցախի պատասխանատուները, որոնք պատշաճ ուշադրութիւն չեն դարձրել, թէ ինչպէ՛ս են ծախսւում գումարները եւ ինչպէ՛ս է կառուցւում ճանապարհը:

Սփիւռքի գումարները «ջուրը չի բերել»: Դրամահաւաքների ընթացքում մենք ականատեսն ենք լինում, թէ ինչպէ՛ս են Լոս Անճելըսի, Պէյրութի կամ Թեհրանի դպրոցականները իրենց ուտելիքի գումարները նուիրաբերում «Հայաստան» հիմնադրամին: Յանցագործութիւն է, երբ այդ գումարները Հայաստանում եւ կամ Արցախում վատնւում են: Կասկած չկայ, որ այդ քանդուած ճանապարհներով անցնում են նաեւ այն սփիւռքահայերը, որոնք հէնց այդ ճանապարհի համար մէկ կամ հազար տոլար են նուիրաբերել, բայց անխիղճ եւ անպատասպանատու հայ պաշտօնեաների փտածութեան պատճառով ստիպուած են լինում անցնել փոսերով:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը երկու տարի առաջ  որոշել  էր «Հեռուստամարաթոն 2013»-ի դրամահաւաքի միջոցները ուղղել Վարդենիս-մարտակերտ 114 քմ երկարութեամբ ճանապարհի կառուցմանը: Վերջին երկու հեռուստամարաթոնների ընթացում հանգանակուած գումարների մեծ մասը ուղղուել է հէնց այդ ճանապարհի կառուցմանը: Կառուցւում է Հայաստանը Արցախին կապող նոր, երկրորդ ճանապարհը, որն անցնում է Քարվաճառի շրջանի տարածքով:

Այսպիսով, սփիւռքահայութիւնը եւ «Հայաստան» հիմնադրամը ձեռնամուխ են եղել ճանապարհաշինական երրորդ խոշոր նախագծի կենսագործմանը: Առաջինը Գորիս-ստեփանակերտ 90 քիլոմեթրանոց մայրուղին էր, երկրորդը Հիւսիս-հարաւ 160 քիլոմեթրանոց ճանապարհը` Արցախի ողնաշարը, որը Արցախի հիւսիսային Մարտակերտ քաղաքից հասնում է մինչեւ հարաւային Հատրութ` անցնելով տասնեակ բնակավայրերով: Ցաւօք, ինչպէս նշեցի, քարուքանդ վիճակում է այդ ողնաշարի մի երկար հատուած` Վանքի խաչմերուկից մինչեւ Դրմբոն:

Ըստ նախնական հաշուարկների, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերանորոգման եւ վերակառուցման համար անհրաժեշտ է հանգանակել շուրջ 30 միլիոն տոլար: Այս ճանապարհով ես անցել էի նաեւ ուղիղ մէկ տարի առաջ: Նկատելի է, որ աշխատանքները ընթացքի մէջ են: Որոշ հատուածներ արդէն ասֆալթապատ են եւ բարեկարգ, ինչպէս Սոթքից-Վարդենիս հատուածը: Որոշ հատուածներ արդէն խճապատ են եւ ուր որ է կ՛ասֆալթապատուեն: Բայց կան նաեւ քարուքանդ հատուածներ: Ճանապարհին ես ականատես եղայ մի քանի ջրաելեկտրակայանների կառուցման աշխատանքների: Քարվաճառի ջրային պաշարները մինչեւ վերջերս գրեթէ չէին օգտագործւում: Այս շրջանում այնքան շատ են գետերը, որ կարող են ապահովել ոչ միայն Արցախի ուժանիւթային անվտանգութիւնը, այլ նաեւ ելեկտրականութիւն մատակարարել Հայաստանին:

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի վերակառուցումով զարգացման նոր հնարաւորութիւններ կը բացուեն Քարվաճառի ողջ շրջանի համար: Արցախեան բանակցային գործընթացում Քարվաճառի հարցը ամէնից վիճելիներից է: Քարվաճառով նոր ճանապարհի կառուցումը կը նշանակի նաեւ, որ բանակցային գործընթացում հայկական կողմի դիրքերը աւելի կ՛ամրանան:

Վարդենիսից դէպի Մարտակերտ ճանապարհն անցնում է երկու տասնեակ բնակավայրերով, այդ թւում` վերջին 15-20 տարիներին հիմնադրուած նոր գիւղերով: Անկասկած, ճանապարհի վերանորոգումով այդ գիւղերը նոր շունչ կը ստանան: Այդ ճանապարհի վերանորոգումով Դադիվանքը կ՛ունենայ հազարաւոր նոր այցելուներ:

Սակայն պէտք է լուրջ վերահսկողութիւն, որպէսզի սփիւռքի հանգանակութիւններով կառուցուող Մարտակերտ-Վարդենիս ճանապարհը ունենայ լաւ որակ եւ պահպանուի երկար տարիներ:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, 15 Յունիս, 2015թ., https://www.aniarc.am/wp-admin/post-new.php