Զորավար Անդրանիկն իր զորքը կենտրոնացրել էր Կոռնիձորում, Տեղում և Խնձորեսկում: Պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը գրում է, որ Անդրանիկը չէր գործում իր նախկին վճռականությամբ ու խիզախությամբ: Նա հետաձգեց իր հարձակումը, մինչև ստացավ աջակցության գրավոր երաշխիքներ և’ Զանգեզուրի, և’ Ղարաբաղի ղեկավարներից: Բայց հենց որ պատրաստվում էր ճանապարհ ընկնել, Շուշիի քաղաքագլուխ Գերասիմ Մելիք-Շահնազարյանից և Ղարաբաղի պարտիզանական ղեկավար Սոկրատ բեկ Մելիք-Շահնազարյանից առաջարկություն ստացավ գործողությունը հետաձգել ևս տասն օրով: Նրանք հույս ունեին համոզել տեղացի մահմեդականին` չդիմադրելու հայկական ուժերի առաջխաղացմանը Զանգեզուրից:
Ճանապարհը Զանգեզուրից Շուշի անցնում էր Զաբուղի և Հակարի գետերի նեղ հովիտներում գտնվող շուրջ քսան գյուղերի միջով և Մարքիզի ու Հաջի-Սամլուի խոչընդոտող բարձունքներով: Քրդերն ու թաթարները, որոնց գլխավորում էր Սուլթան բեկ Սուլթանովը, փորձված կռվողներ էին: Հենց որ Անդրանիկի զինվորները նոյեմբերի վերջերին անցան Ղարաբաղի սահմանները, նրանց դիմավորեց խրամատավորված մահմեդականների գնդակների տեղատարափը և սեղմեց տեղում: Ճակատամարտը մոլեգնեց երեք օր, մինչև որ Անդրանիկը, մեծ կորուստներ կրելով հաղթահարեց մահմեդականների պաշտպանությունը, գրավեց տիրապետող բարձունքները և մտավ Ավդալլար (Աբդալլար)` գլխավոր պատնեշը Շուշիի ուղղությամբ: Ճանապարհը դեպի Ղարաբաղի բաց էր:
1918-ի դեկտեմբերի 1-ին Թոմսոնը եւ Ադրբեջանի վարչապետ Խան Խոյսկին Անդրանիկից պահանջում են դադարեցնել առաջխաղացումը: Անդրանիկը Վարանդայի, Դիզակի, Խաչենի և Ջևանշիրի զինվորական հրամանատարներին, բոլոր կոմիսարներին և արցախահայությանը հրահանգում է ՙթուրքերի ու թաթարների դեմ պատերազմական գործողությունները դադարեցնել հրամանն ստանալուն պես՚, քանի որ այդպես են պահանջում դաշնակիցները։ ՙՎճռված է Կովկասում պատերազմ թույլ չտալ։ Թուրքական զորքերը պետք է հեռանան։ Բաքուն և Բաթումն անգլիացիների ձեռքում է, նրանք շարժվում են դեպի Թիֆլիս։ Բոլոր հարցերը պետք է լուծվեն հաշտության խորհրդաժողովում։ Գլխավոր հրամանատար անգլիացի գեներալ Թոմսոնի նամակում ասված է, որ սրանից հետո կատարված բոլոր թշնամական գործողությունները կարող են վատ անդրադառնալ հայոց հարցի լուծման վրա՚,- ասվում էր հայ զորավարի հրամանում։
Անդրանիկի գրագիր Եղիշե Քաջունին, ով միշտ զորավարի հետ էր, գրում է. ՙԴեկտեմբերի 2-ին խճուղով դեպի Ավդալլար է գալիս սպիտակ դրոշակով մի ավտոմեքենա, որից դուրս են գալիս երկու զինվորականներ և առաջանում դեպի Անդրանիկի վրանը: Նրանք ներկայանում են` անգլիացի կապիտան Սքուեյըր, ֆրանսիացի կապիտան Կասֆիլդ: Բերել են անթվակիր նամակ Անդրանիկին` ստորագրված Թոմսոնից: Նրանք հայտնում են, որ զինադադար է կնքվել, դաշնակիցները հաղթել են, ապա ներկայացնում են նամակը` հայտնում Անդրանիկին` կասեցնել առաջխաղացումը, սպառնալով, որ նման քայլը կվնասի Հայոց ազգային դատի նպաստավոր լուծմանը, որ զինադադարի խախտումը կնկատվի թշնամական ակտ Դաշնակիցների դեմ՚: Անդրանիկն իր ուժերով հետ է քաշվում Զանգեզուր, դեկտեմբերի 4-ին նա Գորիսում էր: Օգտագործելով առիթը` անմիջապես մահմեդական հրոսակները հարձակվեցին Ղարաբաղի և Գորիսի միջևմնացած երեք հայկական գյուղերը` Հարարը, Սպիտակաշենը և Պետրոսաշենը, դրանով իսկ ավելի մեկուսացնելով երկու լեռնային շրջանները միմյանցից:
Դեկտեմբերի 22-ին Գորիսում անգլիացի մայոր Գիբոնը, կապիտան Սիրայթը, բաքվի պատվիրակ Աբդուլֆաթհբեկ Հասանբեկովը և Բաքվի Հայոց ազգային խորհրդի կողմից Գուրգեն Չիլինգարյանը պաշտոնական տեսակցություն են ունենում Անդրանիկի հետ: Գիբոնը ներկայացնում է առաքելության հիմնական երկու նպատակները: Առաջին` բացել Շուշի-Գորիս-Կապան և առհասարակ ճանապարհները, ապահովել ճամփորդության և փոխադրության ազատությունը, երկրորդ` գտնել և գծել ազդեցության շրջանակ Անդրանիկի և Ադրբեջանի միջեւ, որպեսզի յուրաքանչյուր շրջանում կատարված անկարգության համար պատասխանատու լինի համապատասխան տիրապետողը:
Եղիշե Քաջունին գրում է. ՙԻբրև գործնական եզրակացություն որոշեցին` Հակարի-Զաբուղ գծից այն կողմն այնտեղի իշխանությունը պիտի պատասխանատու լինի, իսկ Զաբուղից այս կողմ` Զանգեզուր, Ղափան (Կապան) ու Սիսիան շրջանի համար` Անդրանիկը: Գլխավոր դժվարությունը Հակարիից այն կողմ պատահելիք միջադեպերի պատասխանատվությունն էր, քանի որ հայերը համաձայն չէին, որ այդ շրջանը ենթարկվի Ադրբեջանին, որովհետև շրջանի 300 հազար հայության դեմ միայն Շուշի քաղաքի 15 հազար թուրքեր են: Բոլոր կետերի մասին համաձայնություն է գտնվում թե Անդրանիկի, թե թուրք ներկայացուցչի միջև, միայն Շուշիի հարցն է մնում առկախ: Անդրանիկը չէր զիջում, որ այդ շրջանի հայերը, հակառակ իրենց կամքին, ենթարկվեն Ադրբեջանին՚:
ՙԱնգլիացիների համար Ղարաբաղի, ինչպես և Զանգեզուրի ճակատագիրը որոշված էր. նրանք վճռել էին այդ հողամասերը միացնել Ազրբեջանին: 1919թ. հունվարի 15-ին Ազրբեջանը Թոմսոնի հավանությամբ Ղարաբաղ-Զանգեզուրի ընդհանուր նահանգապետ նշանակեց Խոսրով բեկ Սուլթանովին, որը հայերի աչքին հայատյացի և ջարդարարի համբավ էր վայելում: Այդ լուրն առնելուն պես` հունվարի 26-ին, Հայաստանի արտգործնախարար (Սիրական) Տիգրանյանը վճռական բողոք ուղարկեց Ազրբեջանի կառավարությանը` հայտարարելով, որ Ղարաբաղն ու Զանգեզուրը Հայաստանի անբաժան մասն են: Ազրբեջանի կառավարությունը պատասխանեց, որ այդ ՙշրջաններն Ազրբեջանի անվիճելի և անխախտ մասն են կազմում՚,- գրում է Սիմոն Վրացյանը:
Անդրանիկը Զանգեզուրում էր հայտնվել հանգամանքների բերումով: 1918թ. ապրիլի 10-ին Ալեքսանդրապոլում թուրքահայ 1400 կամավորներից կազմվում է Հայկական առանձին հարվածող զորամասը, որը պիտի ենթարկվեր Հայկական կորպուսի հրամանատար Նազարբեկյանին: Երբ 1918թ. հունիսին Բաթումում կնքվեց հայ-թուրքական հաշտություն, Անդրանիկի ղեկավարությամբ գործող զորամասը դադարեց կապը Հայաստանի հետ: Անդրանիկը կորպուսի հրամանատարությանը հեռագրում է, թե Բաթումի ՙհաշտության պայմաններով դարերի ստրկության շղթան դուք ձեր ձեռքով ձեր վիզը և ոտքերը անցկացրիք՚: 1918թ. հունիսին Դիլիջանից հեռանալով` Անդրանիկը զորամասին ներկայացնում է ապագա ծրագիրը` Պարսկաստանով անցնել Միջագետք` միանալու անգլիական ուժերին և կռիվը շարունակել այնտեղ: Իր զորամասի և արեւմտահայ հազարավոր գաղթականների գլխավորությամբ Անդրանիկը Սեւանի ափով, ապա Վայոց Ձորով ու Նախիջևան ով անցնում է Արաքսը, բայց արդեն Պարսկաստանում կռվի է բռնվում թուրքական զորքերի հետ և տալով մոտ 70 զոհ, նահանջում Ջուլֆա: Ամառվա տապին, հյուծված և կիսաքաղց զինվորների ու գաղթականության այս դժոխային ճամփորդության մասին մանրամասն գրում է զորավարի գրագիր Եղիշե Քաջունին:
Հուլիսի կեսերին, երբ Անդրանիկը դադար էր առել Գողթնում, ժամանում է Ղարաբաղի Ազգային խորհրդի պատվիրակ Արշակ Շիրինյանը` զորավարին առաջարկելով իր զորամասով անցնել Ղարաբաղ և մնալ այնտեղ` խոստանալով հոգալ զորամասի բոլոր կարիքները: Անդրանիկը մերժում է` վկայակոչելով Նախիջևանի հայության ավելի վատ վիճակը: Շուտով սկսվում են հայ-թուրքական բախումները, հայերը պարտվում են: Գաղթում են հայկական Կզնուտ, Ղազանչի, Ապրակունիս հայկական գյուղերը, Նախիջևանի և Ջուլֆայի հայությունը` միանալով Անդրանիկին և թրքահայ գաղթականությանը: Այսպես, Անդրանիկը, զորամասը և գաղթականությունը 1918թ. հուլիսի 26-ին հասնում են Կապան, իսկ օգոստոսի 3-ին` Գորիս:
Ղարաբաղում շարունակվում էին հայ-ադրբեջանական բախումները, որոնք ուղեկցվում էին անասունների գողությամբ, զինված հարձակումներով, երբեմն` սպանություններով: Բրիտանացիները ստեղծված վիճակից ելք էին առաջարկում բնակիչների տեղափոխությունը. Ղարաբաղից հայերը գաղթեն Երևանի նահանգ, իսկ այնտեղից ադրբեջանցիները` Ղարաբաղ: ՙԲնակչության փոխանակության հարցը հաճախ մեր սեղանին էր դրվում, սակայն այն լուծվում էր ոչ թե խաղաղ համաձայնության ճանապարհով, այլ տարերային դեպքերի և արյունահեղ կռիվների հետևանքով: Այսպիսի ճամփով էր, որ Զանգեզուրը դարձավ զուտ հայկական` ազատվելով մահմեդական բավական շոշափելի բնակչությունից: Եվ այդ փոփոխության հետևանքով էր, որ Զանգեզուրը միացավ Հայաստանին և վերջնականապես ու այսօր Խորհրդային Հայաստանի սահմանների մեջ է: Մինչդեռ Ղարաբաղը հնարավոր չեղավ Հայաստանին կցել, թեև այն կարողացավ պահպանել իր ներքին ինքնավարությունը՚,- գրում է Ալեքսանդր Խատիսյանը:
Անդրանիկի` Զանգեզուրի մահմեդական գյուղերը մաքրելու արշավը բուռն բողոքներ առաջ բերեց, թուրք Խալիլ փաշան հայկական կառավարությանը սպառնաց պատժիչ միջոցների դիմել: Իր պատասխանում վարչապետ Քաջազնունին հայտարարեց, որ ինքը ոչ մի իրավասություն չունի պարտիզանների վրա: Նա հիշեցրեց Խալիլին, որ Նուրի փաշան, Գանձակի նահանգը հայտարարելով ադրբեջանական տարածք, Զանգեզուրում արգելել էր հայկական կանոնավոր զորամասերի ներկայությունը: Հետևաբար` Հայաստանը չի կարող պատասխանատվություն կրել Զանգեզուրում տիրող վիճակի համար: Քաջազնունու անկեղծությանը կարելի էր կասկածել, բայց նրա պատճառաբանությունները տրամաբանական էին: Անդրանիկը հրաժարվել էր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը, որն իր համար ոչ այլ ինչ էր, եթե ոչ մի պատանդ Թուրքիայի ճանկերում, իսկ Բաթումի նվաստացուցիչ պայմանագիրը նա պիտակավորում էր դավաճանների գործ:
Հատված ԱՐՑԱԽՅԱՆ ՕՐԱԳԻՐ. ԿԱՆԱՉ ու ՍԵՒ գրքից