Գյումրիի «Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպությունը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հունիսի 8-ին համատեղ շնորհանդես-գինեձոնով նշեցին Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ-Հայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրության նոր հրատարակության լույս ընծայումը:
Հատորի առաջին շնորհանդեսը պատահական չէ, որ կազմակերպվել էր Գյումրիում: Հենց այս քաղաքում 1918-ի գարնանը կազմավորվեց Հայկական առանձին հարվածող զորամասը, որի հրամանատար նշանակվեց Անդրանիկը: Զորամասը, որ կազմված էր շուրջ 1.500 արևմտահայերից, իր առաջին զորահանդեսը անցկացրեց հենց այս քաղաքում, որը այն ժամանակ կոչվում էր Ալեքսանդրապոլ:
Շնորհանդես-գինեձոնը տեղի ունեցավ «Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպության կենտրոնում՝ մասնակցությամբ Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի, գյումրեցի մտավորականների, լրագրողների, պատմաբանների, ուսուցիչների, քաղաքական-հասարակական գործիչների, ուսանողների:
Գրքի խմբագիր և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը ներկաներին հակիրճ ներկայացրեց օրագրությունը և այն ճանապարհը, որ մեկ տարվա ընթացքում անցավ զորավարը իր շուրջ 1500 զինվորների և ավելի քան 20 հազար արևմտահայ գաղթականության հետ:
Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։ Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը, ասաց Հակոբյանը:
Այս գրքի վերահրատարակությունը նվեր է զորավարի 150-ամյակին: Հայաստանում 2015-ը անվանվել է Անդրանիկի տարի։ 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավարը:
Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու գործում։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը, ասաց Հակոբյանը։
Այս գիրքը՝ “Զօրավար Անդրանիկ-Հայկական առանձին հարուածող զօրամասը”, պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման: Այս գրքում Անդրանիկը ներկայացվում է որպես պարզ մարդ, պարզ հայ, պարզ արևմտահայ։
Հակոբյանի ներկայացումից հետո հետևեց հարց ու պատասխան բաժինը: Մասնավորապես, ներկաներին հետաքրքրեց ոչ միայն Անդրանիկի հայաստանյան մեկ տարվա գործունեության մանրամասները, այլ օրագրության հեղինակի՝ Քաջունու ով լինելն ու նրա ճակատագիրը:
Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կարևորեց, որ սիրված զորավարի 150-ամյակի առիթով նման հատոր է վերահրատարակվում, ինչպես նաև գոհունակությամբ նշեց, որ առաջին շնորհանդեսը կազմակերպվում է հենց Գյումրիում:
«Հանուն Գյումրու և գյումրեցիների» զարգացման հասարակական կազմակերպությունը անակնկալ էր մատուցել: “Զօրավար Անդրանիկ –Հայկական առանձին հարուածող զօրամասը” հատորի շապիկի ճիշտ նմանությամբ, բայց չափերով մի քանի անգամ մեծ, տորթ էր պատվիրել միջոցառման մասնակիցների համար:
Եղիշէ Քաջունու “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” օրագրության հաջորդ շնորհանդես-գինեձոնը կկայանա Երևանում, հունիսի 10-ին, ՀԱՅ ԳԻՐՔ գրախանութում: