ԱՆԻ-ի նոր հրատարակությունը. Զորավար Անդրանիկ

1254

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը ընթերցողին է ներկայացնում Եղիշէ Քաջունու  “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը” խորագիրը կրող հատորը արևմտահայերենով, դասական ուղղագրությամբ:

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը:

Զորավարը իր մի քանի հազար զինվորների և մի քանի տասնյակ հազար արևմտահայ գաղթականության հետ մեկ տարվա ընթացքում անցավ Գյումրի (Ալեքսանդրապոլ)-Տաշիր (Վորոնցովկա)-Ստեփանավան (Ջալալ Օղլի)-Դսեղ-Դիլիջան-Սևան (Ելենովկա)-Գավառ (Նոր Բայազետ)-Մարտունի (Ղարանլուղ)-Վարդենյաց լեռներ (Սելիմ) -Եղեգնաձոր (Քեշիշքենդ)-Նախիջևան-Ջուղա (Ջուլֆա)-Խոյ-Ջուղա-Նախիջևան-Քաջարան-Կապան-Գորիս-Բերձոր (Աբդալլար)-Գորիս-Սիսիան-Արարարտ (Դավալու)-Մասիս-Էջմիածին ճանապարհը։

Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։

Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

Այս գիրքը առաջին անգամ տպագրվել է 1921-ին Բոստոնում՝ ԱԶԳ-ի տպարանում։ Կյանքի վերջին շրջանում՝ 1976-ին, Քաջունին վերահրատարակել է այն “Անդրանիկի եւ Հայկական Առանձին Հարուածող Զօրամասի հետ” խորագրով։

Հաշվի առնելով այն իրողությունը, որ առաջին և երկրորդ հրատարակությունների միջև տարբերությունը զգալի է (ըստ էության՝ երկրորդ հրատարակությունը նոր գիրք է. այն ոչ այնքան և ոչ թե օրագրություն է, այլ արդեն հեղինակային գործ), ԱՆԻ-ին երրորդ հրատարակության համար հիմք է ընդունել 1921-ի հրատարակությունը։

Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու հարցում։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը։

Այս գիրքը՝ “Զօրավար Անդրանիկ – Հայկական առանձին հարուածող զօրամասը”, պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման: Այս գրքում Անդրանիկը ներկայացվում է որպես պարզ մարդ, պարզ հայ, պարզ արևմտահայ։

Այս գրքի վերահրատարակությունը կարող է նվեր լինել զորավարի 150-ամյակին: Հայաստանում 2015-ը անվանվել է Անդրանիկի տարի։ 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավարը:

Վերահրատարակվող հատորում արվել են բազմաթիվ ծանոթագրություններ, որպեսզի ընթերցողը ավելի լավ ընկալի հարյուր տարի առաջվա դեպքերը։ Գիրքը խմբագրել է լրագրող Թաթուլ Հակոբյանը։ Առաջաբանում խոսք են թողել Եղիշե Քաջունու թոռները, որոնք բնակվում են Նյու Ջերսիում (Միացյալ Նահանգներ)։

Գրքի տպագրական ծախսերը հոգացել է ՏԱՇԻՐ բարեգործական հիմնադրամը։

Հատորը հրատարակվել է ԼՈՒՍԱԿՆ տպարանում։

ԱՆԻ կենտրոն