Սիրիայի հարցում պետք է զգույշ լինել

1003

Չափազանց բարդ է կանխատեսել իրադարձությունների առաջիկա ընթացքը Սիրիայում։ Ավելի քան չորս տարի շարունակվող ներքին պատերազմի ելքը պայմանավորված է լինելու նաև մի շարք արտաքին գործոններով։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Քաթարը ամեն միջոց ներդնում են իշխանությունից Բաշշար Ասադին հեռացնելու նպատակով, մինչդեռ Իրանը, Ռուսաստանը և Չինաստանը ուղղակի կամ անուղղակի աջակցում են Սիրիայի գործող իշխանություններին։

Հայաստանը ևս հետաքրքրություններ ու շահեր ունի Սիրիայում։ Չնայած ավերածություններին ու մարդկային կորուստներին՝ Հալեպում, Դամասկոսում ու երկրի այլ բնակավայրերում ապրում են տասնյակ հազարավոր հայեր։ Հայաստանի և Սփյուռքի հետաքրքրություններն ու շահերը առաջին հերթին պայմանավորված են մեր այս հայրենակիցների անվտանգության երաշխիքներով ու նրանց ապագայով։

Իրականությունն այն է, որ սիրիահայությունը կենտրոնացած է այն քաղաքներում, որոնք գտնվում են կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Այն տարածքները, որոնք անցել են ընդդիմադիր և ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ, ինչպես Դեր Զորն ու Ռաքքան, հայերը ստիպված են եղել հեռանալ, իսկ նրանց եկեղեցիներն ու մյուս շինությունները ավերվել կամ պղծվել են։

Իրականություն է նաև, որ սփյուռքահայության և Հայաստանի բնակչության մեծ մասը չարյաց փոքրագույն է համարում Սիրիայի գործող վարչակարգը, որովհետև այլընտրանքը Դահեշն է՝ Իսլամական պետությունը։ Դժվար է պատկերացնել սիրիահայության ապագան մի երկրում կամ տարածքում, որտեղ իշխանություն լինի սուննի ծայրահեղականությունը իր միջնադարյան վարդապետությամբ, նիստուկացով ու «արդարադատությամբ»։

Հայաստանը ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ՝ պետություններ, որոնք աջակցում են Ասադին։ Ահա այս իրողությունը ևս կարևոր է պաշտոնական Երևանի դիրքորոշման հարցում։ Ավելին, Դահեշին ու Սիրիայի տարածքում հաստատված ահաբեկչական ու ծայրահեղական խմբավորումներին աջակցող պետությունների ցուցակը գլխավորում է Թուրքիան։

Մյուս կողմից, սակայն, Սիրիայի իշխանությունների հետ շփումների ու դիվանագիտության հարցում պաշտոնական Երևանը պետք է ավելի զգույշ և շրջահայաց լինի։

Մայիսի վերջերին Դամասկոս այցելեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հասկանալի է, որ Հայաստանը ուղիներ է փնտրում սիրիահայության իրավիճակը տանելի դարձնելու հարցում, օժանդակելու նրանց, ովքեր կցանկանային ժամանակավորապես կամ ընդմիշտ հեռանալ Սիրիայից։

Հայաստանի և Սփյուռքի, համահայկական կառույցների համար իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ հստակություն չկա այն հարցում, թե ի՞նչ պետք է անել՝ պահե՞լ համայնքը ամեն գնով, թե՞ կրակի տակից դուրս բերել նրանց, քանի դեռ նման հնարավորություններ և ուղիներ կան։ Սա առաջին հերթին վերաբերում է Հալեպին ու հալեպահայությանը։

Որքան էլ իրավիճակը բարդ լինի, պաշտոնական Երևանը պետք է Սիրիայի իշխանությունների հետ շփումներում ավելի զուսպ լինի։ Արտգործնախարարի կամ այլ մակարդակով այցերի դեպքում, թերևս, արդարացված կլինի հրապարակային հայտարարություններ անելիս առաջին հերթին շեշտել սիրիահայության անվտանգության գործոնը և ոչ թե դատապարտել ահաբեկչությունն ու այդ չարիքի դեմ Սիրիայի իշխանությունների պայքարը։

Անկասկած, ահաբեկչությունը դատապարտելի է և պետք է դատապարտվի, բայց պարտադիր չէ, որ դա այս օրերին հնչի Դամասկոսից հայ դիվանագետների շուրթերով։

Հունիսի առաջին օրերին Դամասկոս է մեկնելու Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը։ Ցանկալի է, որ հայ պատգամավորները զերծ մնան շրջանային և աշխարհաքաղաքական բնույթի հայտարարություններից ու առավել շեշտադրեն հայ համայնքի խնդիրները։

Հայաստանը և Սփյուռքը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների բոլոր հնարավոր տարբերակներին։ Ո՞վ կարող է բացառել Սիրիայում իշխանափոխությունը, երբ այսօր այդ երկրի միասնականությունն ու տարածքային ամբողջականությունն է դրված հարցականի տակ։ Նախագահ Ասադը այսօր վերահսկում է երկրի տարածքի 40 տոկոսից ավելի քիչ տարածքներ։

Ո՞րն է լինելու Հայաստանի և Սփյուռքի «պլան Բ-ն», եթե Ասադի իշխանությունը տապալվի և երկիրը կանգնի մասնատման ավելի իրական վտանգի առաջ։ Ունե՞նք մենք այդ «պլան Բ-ն» ընդհանրապես։ Արդյոք սիրիական իրադարձությունները ցույց չե՞ն տալիս իրական մարտահրավերներին դիմակայելու հարցում Հայաստանի ու սփյուռքյան համահայկական կառույցների ոչ համարժեք արձագանքն ու կարողության պակասը։

Հայաստանը, որպես պետություն, արդյոք չպետք է՞ փորձեր երրորդ երկրների և անհատների միջոցով հաղորդակցության ուղիներ փնտրել Սիրիայի ընդդիմադիր ուժերի այն ներկայացուցիչների հետ, որոնք համեմատաբար չափավոր հայացքներ ունեն։

Հասկանալի է, որ այդ ամենը շատ բարդ է։ Դա պետք էր և պետք է անել խորհրդապահական կերպով՝ առանց ուղղակի ներգրավման։ Եթե վստահություն ունենայինք, որ Ասադի իշխանությունը անսասան է, ապա դրա կարիքը չէր լինի։

Թաթուլ Հակոբյան