Հիմնադրամների մասին ՀՀ օրենքը (կից՝ փոփոխություններ և լրացումներ)

27687

ԳԼՈԻԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման եւ լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծված եւ ստեղծվող հիմնադրամների վրա:

3. Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով:

Հոդված 2. Հիմնադրամների մասին օրենսդրությունը

Հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հոդված 3. Հիմնադրամի իրավական կարգավիճակը

1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների եւ (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված եւ անդամություն չունեցող ոչ առեւտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

3. Հիմնադրամն իրավաբանական անձ է եւ ունի հիմնադրի գույքից առանձնացված գույք, որը հաշվառվում է ինքնուրույն հաշվեկշռում:

4. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել եւ իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով եւ (կամ) արտարժույթով:

Հոդված 4. Հիմնադրամի շահառուները

1. Հիմնադրամը կարող է ունենալ հնարավոր եւ փաստացի շահառուներ:

2. Հիմնադրամի հնարավոր շահառուներ են համարվում ֆիզիկական եւ իրավաբանական այն անձինք, որոնց օգտին, հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան, կարող են կատարվել որոշակի վճարումներ, մատուցվել ծառայություններ կամ նրանց փոխանցվել հիմնադրամի գույքի որոշ մասը:

3. Հիմնադրամի փաստացի շահառուներ են համարվում ֆիզիկական եւ իրավաբանական այն անձինք, որոնց օգտին կատարվել են որոշակի վճարումներ, մատուցվել են որոշակի ծառայություններ, կամ նրանց փոխանցվել է հիմնադրամի գույքի որոշ մասը:

4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են օգտվել միայն հիմնադրամի կողմից մատուցվող ծառայություններից:

Հոդված 5. Հիմնադրամի անվանումը եւ խորհրդանիշը

1. Հիմնադրամն ունի անվանում, որը պետք է ներառի «հիմնադրամ» բառը, ինչպես նաեւ ցուցում պարունակի հիմնադրամի գործունեության բնագավառի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ:

2. Հիմնադրամի անվանումը պետք է տարբերվի այլ հիմնադրամների անվանումից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված հիմնադրամների:

3. Հիմնադրամն իր անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի անունը կարող է օգտագործել միայն այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:

4. Հիմնադրամը պետք է ունենա իր անվանումը պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաեւ հիմնադրամի անվանումն այլ լեզուներով, ինչպես նաեւ դրա խորհրդանիշը:

5. Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ: Խորհրդանիշի պատկերը եւ նկարագրությունը ներառվում է հիմնադրամի կանոնադրության մեջ:

6. Հիմնադրամի խորհրդանիշը չպետք է համընկնի Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներին: Արգելվում է Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործումը որպես հիմնադրամի խորհրդանիշ, բացառությամբ այն դեպքերի, եթե հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը Հայաստանի Հանրապետությունն է: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ եւ ձեւաթղթեր, ինչպես նաեւ անհատականացնող այլ միջոցներ:

Հոդված 6. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները եւ հիմնարկները

1. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին եւ իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ) եւ հիմնարկներ:

Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին եւ իրավական այլ ակտերին համապատասխան, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի իրեն ստեղծած հիմնադրամի անվանումը:

3. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները եւ հիմնարկներն ստեղծված են համարվում համապատասխան որոշման ընդունման պահից:

4. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները եւ հիմնարկները հաշվառվում են օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:

Հոդված 7. Հիմնադրամի գտնվելու վայրը

1. Հիմնադրամի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմնի (մարմիններից մեկի) գտնվելու վայրն է:

2. Հիմնադրամը կարող է ունենալ փոստային (էլեկտրոնային) հասցե: Հիմնադրամի փոստային (էլեկտրոնային) հասցեով կամ գտնվելու վայրով փոստի եւ այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:

Հոդված 8. Հիմնադրամի գույքը

1. Հիմնադրամը՝ որպես սեփականություն, ունի առանձնացված գույք եւ իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:

2. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից ստեղծման պահին փոխանցված նյութական եւ (կամ) ֆինանսական միջոցները:

3. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է: Հիմնադրամն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակով:

4. Հիմնադրամի գույքի ձեւավորման աղբյուր կարող են լինել՝

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նվիրատվությունները եւ նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները եւ նվիրաբերությունները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) հիմնադրամի եւ իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (մշակութային, սպորտային, զվարճալի եւ այլ միջոցառումների միջոցով գումարների հայթայթում).

7) օրենքով չարգելված այլ միջոցներ:

5. Պետական բյուջեի միջոցները կարող են ուղղվել հիմնադրամի կողմից իրականացվող գործունեության աջակցմանը միայն մրցութային սկզբունքով եւ միայն այն դեպքում, եթե հիմնադրամի գործունեության ծրագիրը սահմանված կարգով որակված է հանրօգուտ կամ բարեգործական: Պետական բյուջեից ստացված միջոցները չեն կարող ուղղվել հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի իրականացմանը:

6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաեւ հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի եւ հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի: Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից որոշակի նպատակներով հիմնադրամին տրված նվիրաբերությունը կարող է օգտագործվել այլ նպատակներով՝ միայն նվիրաբերողի համաձայնությամբ: Հանգանակությունից ստացված միջոցները կարող են ծախսվել միայն այն նպատակով, որը հայտարարվել էր նախապես:

7. Հիմնադրամի ծախսերն են`

1) կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերը.

2) վարչակառավարչական ծախսերը:

8. Սույն հոդվածի յոթերորդ մասի 1-ին կետով նախատեսված ծախսերը հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին` ըստ նպատակների (ծրագրերի) եւ օգտագործման եղանակների եւ (կամ) սուբյեկտների, որոնց միջեւ բաշխվելու են միջոցները: Այդ ծախսերում ներառվում եմ նաեւ հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման եւ վերանորոգման, ինչպես նաեւ կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, շինարարության ծախսերը:

9. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետով նախատեսված ծախսերն իրենց մեջ ներառում են հիմնադրամի կառավարման, հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաեւ հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը:

10. Սույն հոդվածի յոթերորդ մասի 2-րդ կետով նախատեսված ծախսերի գումարի չափն ամրագրվում է հիմնադրամի կանոնադրությամբ: Այդ գումարը չպետք է գերազանցի հիմնադրամի տարեկան ընդհանուր ծախսերի 20 տոկոսը:

ԳԼՈՒԽ 2.
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

Հոդված 9. Հիմնադրամի ստեղծումը

Հիմնադրամը կարող է ստեղծվել հիմնադիրների կողմից հիմնադրվելու կամ գոյություն ունեցող հիմնադրամի (հիմնադրամների)՝ սույն օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման միջոցով, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով ոչ առեւտրային կազմակերպությունների վերակազմավորման միջոցով:

Հոդված 10. Հիմնադրամի հիմնադրումը

1. Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիր ժողովի որոշմամբ:

2. Հիմնադրամը կարող է ստեղծվել նաեւ մեկ անձի կողմից: Մեկ անձի կողմից հիմնադրամի հիմնադրման դեպքում հիմնադրման մասին որոշումը (գրավոր) կայացնում է այդ անձը՝ միանձնյա:

3. Հիմնադրամի հիմնադիրները կնքում են հիմնադրամի ստեղծման մասին գրավոր պայմանագիր, որը բովանդակում է՝

1) տեղեկություններ հիմնադիրների մասին`

– ֆիզիկական անձանց համար` անունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ.

– իրավաբանական անձանց համար` ֆիրմային լրիվ անվանումը, պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային (էլեկտրոնային) հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ.

2) հիմնադրամի ստեղծման կապակցությամբ հիմնադիրների համատեղ գործունեության կարգը.

3) հիմնադրամի նպատակները.

4) հիմնադրամի հնարավոր շահառուների խմբերը.

5) հիմնադրամի գործունեության ժամկետը.

6) հիմնադրամի ստեղծման հետ կապված հիմնադիրների իրավունքները եւ պարտականությունները.

7) տվյալներ հիմնադրամի սկզբնական գույքի ձեւավորման մասին եւ այդ գույքի փոխանցման կարգը.

8) հիմնադրամը չկայացած համարվելու կամ դրա հիմնադիր ժողովի կողմից հիմնադիրների գործունեությանը հավանություն չտալու դեպքում հիմնադրամի ստեղծման գործընթացում հիմնադիրների գործունեության հետեւանքով ծագած պարտավորությունների նկատմամբ պատասխանատվության բաշխումը՝ ըստ հիմնադիրների:

4. Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ավագանու որոշմամբ:

Հոդված 11. Հիմնադրամի հիմնադրումը կտակի հիման վրա

1. Հիմնադրամը կարող է հիմնադրվել կտակի հիման վրա:

Եթե հիմնադրամը հիմնադրվում է կտակի հիման վրա, ապա հիմնադրման մասին որոշումը` ժառանգության իրավունքի վկայագրի հիման վրա, կայացնում է կտակակատարը: Այդ դեպքում որոշումը, բացի սույն օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված տեղեկություններից, պետք է պարունակի կտակակատարի եւ կտակարարի անունը, ազգանունը, ինչպես նաեւ կտակակատարի անձնագրային տվյալները, բնակության վայրը, հեռախոսահամարը եւ կապի այլ միջոցներ:

2. Նոտարի կողմից կտակակատարին տրվող ժառանգության իրավունքի վկայագրում նշվում է կտակարարի անունից հիմնադրամը մեկամսյա ժամկետում գրանցելու պարտականության մասին, եթե կտակով այլ ժամկետ նախատեսված չէ: Եթե կտակակատարը խուսափում է կտակից բխող իր պարտականությունների կատարումից, ապա շահագրգիռ անձանց պահանջով դատարանը նշանակում է նոր կտակակատար:

3. Եթե կտակում նշված չէ կտակակատարի մասին, ապա նրան նշանակում է դատարանը՝ շահագրգիռ անձանց պահանջով:

Հոդված 12. Հիմնադրամի հիմնադիրները

1. Հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունը հիմնադրամում օրենքով արգելված կամ սահմանափակված է:

2. Սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքում հիմնադրամի հիմնադիր է համարվում կտակարարը:

3. Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքները կարող են լինել հիմնադրամի հիմնադիր՝ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

4. Հիմնադրամի հիմնադիրներ չեն կարող լինել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

5. Հիմնադիրները (հիմնադիրը) պատասխանատվություն չեն (չի) կրում հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ հիմնադրամը պատասխանատվություն չի կրում իր հիմնադիրների (հիմնադրի) պարտավորությունների համար:

6. Հիմնադրամի հիմնադիրները համապարտ պատասխանատվություն են կրում մինչեւ հիմնադրամի պետական գրանցումը ծագած՝ նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

Հիմնադրամը պատասխանատվություն է կրում իր ստեղծման հետ կապված հիմնադիրների պարտավորությունների համար միայն այն դեպքում, եթե նրա ստեղծման վերաբերյալ հիմնադիրների գործունեությունը հավանության է արժանանում հիմնադիր ժողովում:

Հոդված 13. Հիմնադրամի հիմնադիր ժողովը

1. Հիմնադրամի հիմնադիր ժողովը (այսուհետ՝ հիմնադիր ժողով) գումարվում է հիմնադրամի ստեղծման մասին պայմանագիրն ստորագրելուց հետո ոչ ուշ, քան 3 ամսվա ընթացքում:

2. Հիմնադիր ժողովն իրավազոր է, եթե մասնակցում են բոլոր հիմնադիրները կամ նրանց լիազորած անձինք:

3. Հիմնադիր ժողովը`

1) որոշում է ընդունում հիմնադրամի հիմնադրման մասին.

2) հաստատում է հիմնադրամի կանոնադրությունը.

3) կազմավորում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդ.

4) կարող է նշանակել հիմնադրամի կառավարիչ՝ գործադիր տնօրեն, գլխավոր տնօրեն, տնօրեն (այսուհետ՝ կառավարիչ).

5) լսում է հիմնադիրների եւ (կամ) նրանց կողմից լիազորված անձի հաշվետվությունը՝ մինչեւ հիմնադրամի հիմնադրումը կատարված ծախսերի մասին:

Սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների կողմից՝ միաձայն:

Մնացած բոլոր հարցերով որոշումներն ընդունվում են ժողովի մասնակիցների ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

4. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի դրույթներ հիմնադրամի հիմնադրման, ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին: Սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մյուս լիազորությունները կառավարության կողմից կարող են վերապահվել համապատասխան պետական կառավարման մարմնին (մարմիններին):

5. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի դրույթներ` հիմնադրամի հիմնադրման, ինչպես նաեւ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ: Սույն հոդվածի երրորդ մասով սահմանված մյուս լիազորությունները համայնքի ավագանու կողմից կարող են վերապահվել լիազորված անձին:

6. Մեկ անձի կողմից հիմնադրամի հիմնադրման դեպքում հիմնադրի գրավոր որոշումը պետք է պարունակի դրույթներ՝ սույն հոդվածի երրորդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հարցերի վերաբերյալ:

Հոդված 14. Չկայացած հիմնադրամը

Հիմնադրամը համարվում է չկայացած`

1) եթե սույն օրենքի 13-րդ հոդվածի առաջին մասում նշված ժամկետում չի գումարվել հիմնադիր ժողովը.

2) եթե հիմնադրամ հիմնադրելու մասին որոշումն ընդունվելու պահից 2 ամսվա ընթացքում հիմնադրամը սահմանված կարգով չի դիմել պետական գրանցման.

3) հիմնադրամի պետական գրանցումը մերժելու դեպքում, եթե մերժումը 3 ամսվա ընթացքում չի բողոքարկվել դատարան, կամ բողոքը մերժվել է, եւ այդ որոշումը մտել է օրինական ուժի մեջ:

Հոդված 15. Հիմնադրամի կանոնադրությունը

1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն):

2. Կանոնադրությունը սահմանում է`

1) հիմնադրամի անվանումը.

2) հիմնադրամի գտնվելու վայրը.

3) հիմնադրամի նպատակները.

4) ձեռնարկատիրական գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով հիմնադրամը կարող է զբաղվել.

5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին.

– ֆիզիկական անձանց համար` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը,

– իրավաբանական անձանց համար` լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը (փոստային (էլեկտրոնային) հասցեն), ղեկավարի կամ իրավաբանական անձի ներկայացուցչի անունը.

6) հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը, հիմնադրամի գույքի տնօրինման եւ կառավարման կարգը.

7) հիմնադրամի հնարավոր շահառուների խմբերը.

8) հիմնադրամի գործունեության ժամկետը.

9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, քանակական կազմն ու իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

10) հիմնադրամի լուծարման եւ այդ դեպքում գույքի օգտագործման կարգը.

11) սույն օրենքով նախատեսված, ինչպես նաեւ օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Եթե հիմնադրամի կանոնադրության դրույթները հակասում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա կիրառվում են օրենսդրության դրույթները:

4. Հիմնադրամի մարմինները կարող են փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն:

Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձեւով կարող է առաջացնել այնպիսի հետեւանքներ, որոնք հնարավոր չեն կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների դիմումի հիման վրա:

Հոդված 16. Հիմնադրամների պետական գրանցումը

1. Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

2. Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`

1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադիրների կամ նրանց լիազորած անձի կողմից.

2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.

3) հիմնադրամի հիմնադրման մասին որոշումը.

4) հիմնադրամի ստեղծման մասին գրավոր պայմանագիրը.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում նշված համաձայնությունը:

3. Կանոնադրության լրացումները եւ փոփոխությունները, ինչպես նաեւ նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ սույն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Հիմնադրամի գրանցման ժամկետները եւ մերժման հիմքերը

1. Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց եւ նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստրը պետք է կատարի դրանց պետական գրանցում:

2. Հիմնադրամի պետական գրանցումը մերժվում է, եթե`

1) խախտված է հիմնադրամի կազմավորման` սույն օրենքով սահմանված կարգը.

2) հիմնադրամի կանոնադրությունը հակասում է օրենքին.

3) հիմնադրամի անվանումը համընկնում է նախկինում գրանցված այլ հիմնադրամի անվանմանը.

4) չեն ներկայացվել պետական գրանցման համար անհրաժեշտ՝ սույն օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը:

3. Հիմնադրամի պետական գրանցումը մերժելը, ինչպես նաեւ գրանցումից խուսափելը կարող է բողոքարկվել դատարան:

4. Հիմնադրամի գրանցումը մերժելն այն ստեղծելու աննպատակահարմարության շարժառիթով չի թույլատրվում:

5. Հիմնադրամի գրանցման մերժումը արգելք չէ պետական գրանցման նպատակով նոր դիմում ներկայացնելու համար:

ԳԼՈՒԽ 3.
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 18. Հիմնադրամի իրավունքները

1. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի՝

1) նյութապես աջակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց՝ սույն օրենքով սահմանված կարգով.

2) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.

3) հիմնադրել մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներ.

4) պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

5) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) եւ հիմնարկներ.

6) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից.

7) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ կնքել պայմանագրեր.

8) իրականացնել գիտական հետազոտություններ եւ ծրագրերի մշակումներ.

9) աջակցել ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից առաջարկված մշակութային, կրթական, գիտական բնույթի նախաձեռնությունների իրականացմանը.

10) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

2. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը եւ իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային եւ օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

Հոդված 19. Հիմնադրամի ձեռնարկատիրական գործունեությունը

1. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է եւ համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

2. Հիմնադրամն իրավունք ունի զբաղվել միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով, եթե սույն օրենքով սահմանված կարգով անձամբ է իրականացնում ձեռնարկատիրական գործունեություն:

Հոդված 20. Հիմնադրամի պարտականությունները եւ պատասխանատվությունը

1. Հիմնադրամը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին եւ այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաեւ հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն եւ հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված անձանց, ինչպես նաեւ իրավասու պետական մարմինների պահանջով հիմնադրամը պարտավոր է հնգօրյա ժամկետում նրան ընձեռել կանոնադրության, կանոնադրության լրացումների եւ փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն: Հիմնադրամը պարտավոր է այդ անձի պահանջով տրամադրել նրան կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Իրավասու պետական մարմիններին նշված փաստաթղթերը տրամադրվում են անվճար:

3. Անօրինական գործունեություն ծավալելու համար հիմնադրամը եւ նրա պաշտոնատար անձինք կրում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

ԳԼՈՒԽ 4.
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 21. Հիմնադրամի մարմինները

1. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է իր մարմինների միջոցով: Հիմնադրամի մարմիններն են՝

1) հոգաբարձուների խորհուրդը.

2) կառավարիչը:

2. Հիմնադրամի կանոնադրությամբ կարող են սահմանվել նաեւ այլ մարմիններ (այդ թվում՝ կոլեգիալ գործադիր մարմիններ), որոնց լիազորությունները պետք է սահմանվեն կանոնադրությամբ:

Հոդված 22. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները:

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմը կազմավորում է հիմնադիրը, իսկ կտակի հիման վրա հիմնադրելիս՝ կտակակատարը, եթե կտակում այլ բան նախատեսված չէ:

Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը սահմանվում է հիմնադրամի կանոնադրությամբ, սակայն չի կարող պակաս լինել 3 անդամից:

4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին կամ համանախագահներին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

7. Հոգաբարձուների խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհում է հոգաբարձուների խորհուրդը՝ կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:

Հոդված 23. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը

1. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) նրա գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է:

Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությամբ հիմնադրամներում Հայաստանի Հանրապետության կամ համայնքի կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները կարող են դադարել ցանկացած պահի՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի անդամի որոշմամբ:

Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:

Սույն մասի 1-ին կետով սահմանված դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից, իսկ սույն մասի 3-րդ կետով սահմանված դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի նոր կազմի ընտրության նիստին հաջորդող օրվանից:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով սահմանված դեպքերում նոր անդամի ընտրության համար թեկնածու են առաջադրում հիմնադիրները, իսկ եթե հիմնադիրները գոյություն չունեն, կամ հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից 30 օրվա ընթացքում թեկնածու չեն առաջադրում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադիրները պետք է պատշաճ ձեւով տեղեկացված լինեն:

4. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի կողմից` նախկին անդամի լիազորությունների դադարման օրվանից ոչ ուշ, քան 60 օրվա ընթացքում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:

Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար ձայների անհրաժեշտ քանակ, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջեւ անցկացվում է կրկնակի քվեարկություն: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է ձայների առավելագույն քանակ, սակայն ոչ պակաս, քան հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների կեսից ավելին:

Եթե սույն մասով սահմանված կարգով թեկնածուներից որեւէ մեկը չի ընտրվում, ապա հոգաբարձուների խորհրդի անդամի ընտրությունները համարվում են չկայացած:

5. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով ընտրությունները չկայացած համարվելու դեպքում նոր անդամի ընտրության համար թեկնածու են առաջադրում հիմնադիրները՝ ընտրությունը չկայացած համարվելու օրվանից 2 ամսվա ընթացքում, իսկ եթե հիմնադիրները գոյություն չունեն, կամ հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու օրվանից 45 օրվա ընթացքում թեկնածու չի առաջադրվում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը: Այդ դեպքում ընտրություններն անցկացվում են թեկնածու առաջադրելու ժամկետների ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում, սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված կարգով:

6. Եթե հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը պակասում է սույն օրենքի 22-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված նվազագույն թվից, եւ մեկ տարվա ընթացքում սույն հոդվածով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմը չի համալրվում, ապա հիմնադրամը ենթակա է լուծարման:

7. Սույն հոդվածով նախատեսված հիմքերով հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում հիմնադրամի հիմնադիրը երեք ամսվա ընթացքում կամ սույն հոդվածով սահմանված կարգով համալրում է հոգաբարձուների խորհրդի կազմը կամ դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար: Հակառակ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երեք ամիս ժամկետով նշանակում է 3 անդամից կազմված հոգաբարձուների խորհուրդ (այսուհետ՝ ժամանակավոր խորհուրդ), որն իր նշանակման պահից վեց ամսվա ընթացքում ձեւավորում է հոգաբարձուների նոր խորհուրդ՝ սույն օրենքով սահմանված կարգով: Նշված ժամկետում հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորելու անհնարինության դեպքում ժամանակավոր խորհուրդը դիմում է դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Հոդված 24. Հոգաբարձուների խորհրդի որոշումները

1. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին, եթե կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն օրենքով եւ հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի ընտրության եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ հիմնադրամի վերակազմակերպման, լուծարման եւ կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու (նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում) որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

3. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է հիմնադրամի խորհրդի որեւէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

Հոդված 25. Հոգաբարձուների խորհրդի իրավասությունները

1. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում`

1) հիմնադրամի ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի եւ նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների եւ հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

4) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

5) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

6) հոգաբարձուների խորհրդի նախագահի, կառավարչի եւ կանոնադրությամբ սահմանված այլ մարմինների ընտրության եւ նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

7) հիմնադրամի՝ կանոնադրությամբ նախատեսված այլ մարմինների ձեւավորումը.

8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

9) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաեւ առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների մասին որոշումների ընդունումը.

10) հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

11) կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ կառավարչի հաշվետվությունների լսումը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

14) սույն օրենքով, կանոնադրությամբ նախատեսված, ինչպես նաեւ հիմնադրամի այլ մարմիններին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

2. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը կանոնադրությամբ չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

3. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ծանոթանալու հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

Հոդված 26. Հոգաբարձուների խորհրդի նախագահը

1. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները՝ սույն օրենքով եւ կանոնադրությամբ սահմանված կարգով:

Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

2. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները.

2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը եւ նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը:

3. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:

4. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաեւ հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ:

Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

5. Հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները կանոնադրությամբ սահմանված կարգով եւ պայմաններով կարող են իրականացնել ընտրված համանախագահները:

Հոդված 27. Հիմնադրամի կառավարիչը

1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:

2. Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը, բացառությամբ սույն օրենքով եւ կանոնադրությամբ՝ հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի:

Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

Կառավարչին ընտրում եւ պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաեւ հիմնադիրը:

Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ եւ նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:

3. Կառավարիչը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) եւ այլ հաշիվներ.

7) հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ եւ վերահսկում դրանց կատարումը.

9) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում եւ աշխատանքից ազատում է հիմնադրամի աշխատակիցներին.

10) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման եւ կարգապահական պատասխանատվության միջոցներ:

Կանոնադրությամբ կարող են սահմանվել կառավարչի նաեւ այլ իրավասություններ:

4. Կառավարիչն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

5. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել կառավարչի հետ կնքված պայմանագիրը՝ օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ եւ տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

Հոդված 28. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները

1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 5 օրվա ընթացքում՝ առնվազն երկու օրինակով, որը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող բոլոր անդամները:

Նիստը նախագահողը պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար:

2. Արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը եւ վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց քանակը.

3) նիստին մասնակցած անձանց քանակը.

4) նիստի օրակարգը:

Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստի ընդունած որոշումները:

ԳԼՈՒԽ 5.
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

Հոդված 29. Հիմնադրամի վերակազմակերպումը

1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի միացման եւ միաձուլման ձեւով, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

3. Հիմնադրամը միաձուլման ձեւով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձեւով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

4. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հիմնադրամը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ՝ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձեւի եւ մասնակիցների, ինչպես նաեւ հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

5. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաեւ վնասների հատուցում:

Հոդված 30. Հիմնադրամների միաձուլումը

1. Հիմնադրամների միաձուլում է համարվում նոր հիմնադրամի ստեղծումը` նրան երկու կամ ավելի միաձուլվող հիմնադրամների իրավունքների եւ պարտականությունների փոխանցմամբ եւ միաձուլվող հիմնադրամների դադարմամբ:

2. Միաձուլվող հիմնադրամները կնքում են միաձուլման մասին պայմանագիր: Միաձուլման ձեւով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի միաձուլվող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է հաստատի նաեւ միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտը, միաձուլման կարգն ու պայմանները:

3. Միաձուլմանը մասնակցող հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների համատեղ նիստը համարվում է միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ: Նիստը հրավիրվում է միաձուլման պայմանագրում նշված մարմնի կողմից ու ժամկետներում եւ որոշումներ է ընդունում սույն օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասում թվարկված հարցերի վերաբերյալ:

4. Հիմնադրամների միաձուլման դեպքում դրանցից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են նոր ստեղծված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միաձուլմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միաձուլման պայմանագիրը, փոխանցման ակտերը եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 31. Հիմնադրամների միացումը

1. Հիմնադրամների միացում է համարվում մեկ կամ մի քանի հիմնադրամների գործունեության դադարումը՝ դրանց իրավունքների եւ պարտականությունների փոխանցմամբ այլ հիմնադրամի:

2. Միացմանը մասնակցող հիմնադրամները կնքում են միացման մասին պայմանագիր: Միացման ձեւով վերակազմակերպման մասին որոշումը պետք է ընդունվի միացող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է հաստատի նաեւ միացման պայմանագիրը, փոխանցման ակտը, միացման կարգն ու պայմանները:

3. Միացման հետեւանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշումներ է ընդունում միացման հետեւանքով ընդլայնված հիմնադրամի կանոնադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, միացման պայմանագիրը եւ փոխանցման ակտը հաստատելու մասին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաեւ այլ հարցերի մասին:

4. Հիմնադրամների միացման դեպքում միացած հիմնադրամներից յուրաքանչյուրի իրավունքները եւ պարտականությունները փոխանցվում են միացման հետեւանքով ընդլայնված հիմնադրամին՝ փոխանցման ակտին համապատասխան:

5. Միացմամբ պայմանավորված պետական գրանցումների կատարման նպատակով միացման պայմանագիրը (պայմանագրերը), փոխանցման ակտը (ակտերը) եւ օրենքով սահմանված մյուս անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին:

Հոդված 32. Միաձուլման (միացման) պայմանագիրը

1. Միաձուլման (միացման) պայմանագիրը կնքվում է միաձուլմանը (միացմանը) մասնակցող հիմնադրամների միջեւ, ստորագրում են կառավարիչները եւ ենթակա է հաստատման համապատասխանաբար նրանց հոգաբարձուների խորհրդի կողմից:

2. Միաձուլման (միացման) պայմանագիրը պետք է բովանդակի`

1) մասնակից կողմերի անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները.

2) միաձուլման (միացման) ժամկետները, կարգը եւ պայմանները.

3) միաձուլմանը (միացմանը) մասնակցող հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների համատեղ նիստի գումարման ժամկետը, հրավիրման եւ անցկացման կարգը.

4) հոգաբարձուների խորհուրդների համատեղ նիստում քվեարկության կարգը.

5) այլ տեղեկություններ՝ միաձուլմանը (միացմանը) մասնակցող կողմերի հայեցողությամբ:

Հոդված 33. Փոխանցման ակտը

Փոխանցման ակտը պետք է դրույթներ պարունակի վերակազմակերպված հիմնադրամի (հիմնադրամների) գույքի եւ պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր պարտավորությունների իրավահաջորդության մասին, ներառյալ` վիճարկվող պարտավորությունները:

Հոդված 34. Հիմնադրամի լուծարումը

1. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները եւ պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, եւ անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին եւ կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական եւ հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

Հոդված 35. Հիմնադրամի լուծարման կարգը

1. Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո դատարանն ստեղծում է լուծարման հանձնաժողով եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ սույն օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը եւ ժամկետները:

2. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

3. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը եւ ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

4. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման եւ պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

5. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման եւ դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաեւ տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:

6. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքել նոր գործարքներ եւ ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

7. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաեւ պահանջների քննարկման արդյունքների մասին:

8. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է դատարանը:

9. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:

10. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ եւ միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

11. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաեւ այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ եւ ներկայացնում է դատարանի հաստատմանը:

13. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

14. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:

ԳԼՈՒԽ 6.
ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 36. Հիմնադրամի փաստաթղթերի պահպանումը

1. Հիմնադրամը պարտավոր է օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված ժամկետներում պահպանել հիմնադրամի`

1) պետական գրանցման վկայականը, կանոնադրությունը, կանոնադրությունում կատարված լրացումները եւ փոփոխությունները, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, հիմնադրման մասին որոշումը եւ պայմանագիրը.

2) հաշվեկշռում արտացոլված գույքի նկատմամբ հիմնադրամի գույքային իրավունքները հավաստող փաստաթղթերը.

3) մարմինների հաստատած ներքին փաստաթղթերը.

4) առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների կանոնադրությունները.

5) տարեկան հաշվետվությունները.

6) հաշվապահական հաշվառման փաստաթղթերը.

7) պետական կառավարման մարմիններ ներկայացվող ֆինանսական ու վիճակագրական հաշվետվությունները.

8) մարմինների նիստերի արձանագրությունները.

9) կնքած պայմանագրերը.

10) ֆինանսատնտեսական եւ այլ գործունեությանն առնչվող փաստաթղթերը:

2. Հիմնադրամը պահպանում է սույն հոդվածի առաջին մասով նշված փաստաթղթերը իր գտնվելու վայրում:

Հոդված 37. Հաշվապահական հաշվառումը

1. Օրենքով եւ իրավական այլ ակտերով սահմանված կարգով հիմնադրամը վարում է հաշվապահական հաշվառում եւ ներկայացնում է ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություն:

Կառավարիչը պատասխանատվություն է կրում հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի եւ հավաստիության, տարեկան հաշվետվության, ֆինանսական եւ վիճակագրական հաշվետվություններն օրենքներով եւ իրավական այլ ակտերով սահմանված՝ պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաեւ հիմնադրամի մարմիններին եւ այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, իրավական այլ ակտերին եւ կանոնադրությանը համապատասխան:

2. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերի հաշվառումը պետք է կատարվի հիմնադրամի այլ ծախսերից առանձնացված կարգով:

Հոդված 38. Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

1. Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին եւ ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

2. Հիմնադրամի կողմից օրենքների պահանջների այնպիսի խախտումներ հայտնաբերելու դեպքում, որոնք կարող են վերացվել հիմնադրամի ձեռնարկած միջոցառումներով, վերահսկողություն իրականացնող կամ պետական լիազորված մարմինը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով խախտումների վերացման կարգն ու ժամկետները:

3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու պահանջով:

Հոդված 39. Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի եւ դրանցում վարչակառավարչական ծախսերի չափի, գույքի օգտագործման մասին, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի եւ հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից եւ ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները.

3) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

ԳԼՈՒԽ 7.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 40. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

2. Մինչեւ իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլի միջոցի ստեղծումը սույն օրենքի 39-րդ հոդվածով նախատեսված հայտարարությունը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի ցանկացած միջոցում:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված հիմնադրամները վերագրանցման ենթակա չեն: Նրանց կանոնադրությունները (մինչեւ սահմանված կարգով համապատասխանեցումը) գործում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված այն կազմակերպությունները, որոնց կազմակերպական-իրավական ձեւը հիմնադրամ չէ, բայց իրենց անվանման մեջ պարունակում են «հիմնադրամ» բառը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են սահմանված կարգով փոփոխել իրենց անվանումը (ֆիրմային անվանումը)՝ դրանից հանելով «հիմնադրամ» բառը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումով կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

31 հունվարի 2003թ.

http://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=1346&lang=arm

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.11.2004

«Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով`

«4. Ավանդների երաշխավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի եւ վերջինիս կառավարման մարմինների իրավունքների եւ պարտականությունների, հիմնադրամի լուծարման, հիմնադրամի միջոցների, այդ թվում՝ վարչակառավարչական ծախսերի առանձնահատկությունները սահմանվում են «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամի վրա, եթե «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այլ բան սահմանված չէ:»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ, 21.12.2004

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-516-Ն ) 4-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասից հանել «հնարավոր» բառը.

բ) 2-րդ մասը «կատարվել» բառից հետո լրացնել « կամ կատարվել են» բառերով.

գ) 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ ցուցում պարունակի հիմնադրամի գործունեության բնույթի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ» բառերը.

բ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 31-րդ մաս՝

«31.  Հիմնադրամի  անվանման մեջ «հայ» կամ «Հայաստան» բառերը, այդ բառերի հոլովաձեւերը եւ դրանց թարգմանությունները, ինչպես նաեւ ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:».

գ) 5-րդ մասի «ներառվում է» բառերը փոխարինել «կարող է ներառվել» բառերով.

դ) 6-րդ մասի «այն դեպքերի, եթե հիմնադիրը կամ հիմնադիրներից մեկը Հայաստանի Հանրապետությունն է: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության զինանշանի օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասից հանել «(մարմիններից մեկի)» բառերը.

բ) 2-րդ  մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

ա) 5-րդ  մասն ուժը կորցրած ճանաչել.

բ) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաեւ հիմնադրամի աշխատողների, բացառությամբ աշխատողների աշխատավարձի եւ հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաեւ այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրները, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաեւ հիմնադրամի աշխատողները հանդիսանում են կանոնադրությամբ նախատեսված շահառուներ:».

գ)  7-րդ, 8-րդ, 9-րդ եւ 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «հիմնադիր ժողովի որոշմամբ» բառերը փոխարինել «հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաեւ մեկ անձի կողմից» բառերով.

բ)  2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

գ) 4-րդ մասի «համայնքի ավագանու որոշմամբ» բառերը փոխարինել «համայնքի ղեկավարի  որոշմամբ՝ համայնքի ավագանու հաստատմամբ» բառերով:

Հոդված 7. Օրենքի 11-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 12-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «հիմնադրամում» բառը փոխարինել «հիմնադրամի հիմնադրմանը» բառերով.

բ)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

գ) 6-րդ մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 13. Հիմնադրամը հիմնադրելու որոշումը

1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն՝

1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.

2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ՝ ժամանակավոր կառավարիչ):

Որոշումը պետք բովանդակի տեղեկություններ հիմնադիրների մասին:

2. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաեւ դրույթներ  հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:

3. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի նաեւ դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ:

4. Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձեւավորվում է հոգաբարձուների խորհուրդը:»:

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

բ)  3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) հիմնադրամի պետական գրանցումը մերժելու դեպքում, եթե մերժումը  3 ամսվա ընթացքում չի վիճարկվել դատական կարգով, իսկ վիճարկելու դեպքում` դիմումը մերժվել է օրինական ուժի մեջ մտած վճռով:»:

Հոդված 11. Օրենքի 15-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 4-րդ կետը «կարող է» բառերից հետո լրացնել «անձամբ» բառով.

բ)  2-րդ մասի 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին՝

– ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

– իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,

– համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը,

– պետության համար՝ պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.».

գ) 2-րդ մասի 6-րդ կետից հանել «հիմնադրամի սկզբնական գույքի արժեքը,» բառերը.

դ) 2-րդ մասի 7-րդ կետից հանել «հնարավոր» բառը.

ե) 2-րդ մասի 8-րդ կետը «ժամկետը» բառից հետո լրացնել «, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով» բառերով.

զ) 2-րդ մասի 9-րդ կետում «քանակական կազմն ու» բառերը փոխարինել «հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների» բառերով.

է) 2-րդ մասի 10-րդ կետից հանել «եւ այդ դեպքում գույքի օգտագործման» բառերը.

ը) 2-րդ մասի 11-րդ կետից հանել «սույն օրենքով նախատեսված, ինչպես նաեւ» բառերը.

թ) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Հիմնադրամի հիմնադիրները կարող են միաձայն որոշմամբ փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կարող է կանոնադրությամբ սահմանված կարգով փոփոխություններ մտցնել հիմնադրամի կանոնադրության մեջ, եթե կանոնադրությամբ նախատեսված է նման փոփոխություններ կատարելու հնարավորություն: Կանոնադրության այդ փոփոխությունները չեն կարող վերաբերել հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին:».

ժ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով՝

«5. Եթե կանոնադրության պահպանումը անփոփոխ ձեւով կարող է առաջացնել այնպիսի հետեւանքներ, որոնք հնարավոր չէր կանխատեսել հիմնադրամն ստեղծելիս, իսկ կանոնադրությամբ նախատեսված չէ այն փոխելու հնարավորություն, կամ կանոնադրությունը չի փոփոխում դրա իրավասությունն ունեցող մարմինը, կամ փոփոխությունները պետք է վերաբերեն հիմնադրամի նպատակներին կամ շահառուներին, ապա փոփոխություններ կատարելու իրավունքն իրականացնում է դատարանը՝ հիմնադրամի մարմինների կամ հիմնադիրներից մեկի կամ սույն օրենքի համաձայն ստեղծված հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի դիմումի հիման վրա:»:

Հոդված 12. Օրենքի 16-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված՝ հիմնադրամի ժամանակավոր կառավարչի  կողմից».

բ)  2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը».

գ) 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի 4-րդ կետից հանել «սույն» բառը.

բ)  3-րդ մասից հանել «, ինչպես նաեւ գրանցումից խուսափելը» բառերը:

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 7-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ զբաղվելու միայն իր կանոնադրությամբ նախատեսված ձեռնարկատիրական գործունեության տեսակներով:»:

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածում`

ա)  2-րդ մասը «իրավասու» բառից առաջ լրացնել «օրենքով լիազորված» բառերով, իսկ  «Իրավասու» բառից առաջ՝  «Օրենքով լիազորված» բառերով.

բ)  3-րդ մասն  ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի 2-րդ կետը «կառավարիչը» բառից հետո լրացնել «(տնօրենը, գործադիր տնօրենը կամ գլխավոր տնօրենը)» բառերով.

բ) 2-րդ մասից հանել «, որոնց լիազորությունները պետք է սահմանվեն կանոնադրությամբ» բառերը:

Հոդված 18. Օրենքի 22-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`  «Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:».

բ)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:».

գ) 5-րդ մասի «Հիմնադրամի» բառը փոխարինել «Եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա հիմնադրամի» բառերով.

դ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս՝

«8. Եթե հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսվել է, որ հոգաբարձուների խորհրդի անդամը կամ նախագահը (համանախագահները) նշանակվում են ի պաշտոնե, ապա այդ անձի լիազորությունները համարվում են դադարած նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման մասին լիազորված մարմնի որոշումն ուժի մեջ մտնելու պահից:»:

Հոդված 19. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 221 -րդ հոդվածով՝

«Հոդված 221 . Հոգաբարձուների խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները

1. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն՝

1) առաջարկություններ ներկայացնելու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի եւ քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու եւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ եւ որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով հիմնադրամի շահերից:»:

Հոդված 20. Օրենքի 23-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե  նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:».

բ)  2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է.

4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը.

7) նրա մահվան դեպքում.

8) եթե նա նշանակվել է ի պաշտոնե՝ նրա զբաղեցրած պաշտոնին այլ անձ նշանակելու կամ նրա զբաղեցրած պաշտոնի վերացման դեպքում:».

գ) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարելու դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով, ոչ ուշ, քան հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին կառավարչի ծանուցումն ստանալու օրվանից հետո` 30 օրվա ընթացքում:

Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի  կառավարիչը տեղեկացնում է հիմնադիրներին, հոգաբարձուների խորհրդի անդամներին նշանակած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:».

դ) 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

ե) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է՝

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

2) դիմելու դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու համար:»:

Հոդված 21. Օրենքի 24-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասից հանել «, եթե կանոնադրությամբ մասնակիցների ավելի մեծ քանակ նախատեսված չէ» բառերը.

բ) 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Քվեարկության ժամանակ խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն:».

գ) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Հոգաբարձուների խորհրդի նախագահի, հիմնադրամի կառավարչի ընտրության եւ պաշտոնից ազատման, ինչպես նաեւ հիմնադրամի անվանման փոփոխության, լուծարման եւ կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման մասին որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

Եթե կանոնադրությամբ նախատեսված է նման հնարավորություն, ապա հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումներն ընդունում է հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ, եթե հիմնադրամի կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:»:

Հոդված 22. Օրենքի 25-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետով՝

«11 ) հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.».

բ) 1-ին մասի 4-րդ կետը «ընդունումը» բառից հետո լրացնել «, եթե կանոնադրությամբ նախատեսված է վերակազմակերպման հնարավորություն» բառերով.

գ) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 -րդ եւ  42 -րդ կետերով`

«41 ) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

42 ) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.».

դ) 1-ին մասի 5-րդ կետից հանել «հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը եւ» բառերը.

ե)  1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«8) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը, եթե կանոնադրությամբ նախատեսված է փոփոխություններ կատարելու հնարավորություն.».

զ) 1-ին մասի 9-րդ կետը «կանոնադրությունների» բառից հետո լրացնել «հաստատման» բառով.

է) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 131 -րդ եւ 132 -րդ կետերով`

«131 ) հիմնադրամի կառուցվածքի հաստատումը.

132) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.»:

Հոդված 23. Օրենքի 26-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասի 1-ին կետը «աշխատանքները» բառից հետո լրացնել «, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում եւ այլն) իրականացման եւ առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ եւ 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար» բառերով.

բ)  2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝

«4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ, սույն օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:».

գ) 4-րդ մասը «կիրառմամբ» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ հարցման կարգով» բառերով:

Հոդված 24. Օրենքի 27-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասից հանել «, բացառությամբ սույն օրենքով եւ կանոնադրությամբ՝ հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերի» բառերը.

բ) 3-րդ մասի 9-րդ կետում «աշխատակիցներին» բառը փոխարինել «աշխատողներին, այդ թվում՝ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին» բառերով:

Հոդված 25. Օրենքի 28-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հիմնադրամի մարմինների նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող հիմնադրամի մարմնի բոլոր անդամները:».

բ) 2-րդ մասի 2-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով.

գ) 2-րդ մասի 3-րդ կետը «անձանց» բառից հետո լրացնել «(այդ թվում` կառավարման մարմնի անդամների)» բառերով, իսկ «քանակը» բառից հետո՝ «, անունները՝ նշելով հիմնադրամում զբաղեցրած պաշտոնը» բառերով.

դ)   ավելացնել հետեւյալ բովանդակությամբ  3-րդ եւ 4-րդ մասեր՝

«3. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրությունները կազմվում են հայերենով: Դրանք կարող են կազմվել նաեւ օտար լեզվով: Տեքստերի միջեւ հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

4. Հիմնադրամի մարմինների նիստերի արձանագրություններից քաղվածքները պետք է բովանդակեն սույն հոդվածի երկրորդ մասի 1-3-րդ կետերում նշված տեղեկությունները, իսկ 4-րդ կետում նշված եւ սույն հոդվածով սահմանված այլ տեղեկությունները, քաղվածքները կարող են բովանդակել մասամբ: Քաղվածքները պետք է բովանդակեն տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում՝ հատուկ կարծիք ներկայացրած անձանց) վերաբերյալ:»:

Հոդված 26. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձեւով, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

2. Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադիրների միաձայն որոշմամբ: Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված լինելու դեպքում հիմնադրամի վերակազմակերպումը կարող է կատարվել նաեւ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:»:

Հոդված 27. Օրենքի 30-րդ հոդվածում՝

ա) 2-րդ մասից հանել «ընդունվի միաձուլվող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է» բառերը.

բ)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշումը կայացնում են միաձուլվող հիմնադրամների բոլոր հիմնադիրները սույն օրենքով սահմանված կարգով՝ միաձուլման պայմանագրում նշված ժամկետներում: Որոշմամբ պետք է հաստատվեն նաեւ միաձուլման պայմանագիրը (պայմանագրերը) եւ փոխանցման ակտերը:»:

Հոդված 28. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «ընդունվի միացող յուրաքանչյուր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը պետք է» բառերը:

Հոդված 29. Օրենքի 32-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի «համապատասխանաբար նրանց հոգաբարձուների խորհրդի կողմից» բառերը փոխարինել «վերակազմակերպման մասին որոշմամբ» բառերով.

բ)  2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3) միացման հետեւանքով ընդլայնված հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի գումարման ժամկետը, հրավիրման եւ անցկացման կարգը կամ միաձուլման արդյունքում ստեղծվող հիմնադրամը հիմնադրելու որոշման կայացման ժամկետը.».

գ)  2-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 30. Օրենքի 34-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  7-րդ մասով՝

«7. Հիմնադրամը կարող է լուծարվել նաեւ սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:»:

Հոդված 31. Օրենքի 35-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում  է լուծարման հանձնաժողով (լուծարող) եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի եւ սույն օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգը եւ ժամկետները:».

բ) 8-րդ մասի «դատարանը» բառը փոխարինել «հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը» բառերով.

գ) 9-րդ մասը «հետո» բառից հետո լրացնել «, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, » բառերով.

դ) 12-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ եւ ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի  հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը  ներկայացնում է դատարանի հաստատմանը:».

ե)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 15-րդ մաս՝

«15. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն հոդվածի առաջին, ութերորդ եւ տասներկուերորդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի եւ լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:»:

Հոդված 32. Օրենքի 36-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 33. Օրենքի 37-րդ հոդվածում՝

ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

բ)  2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 34. Օրենքի 38-րդ հոդվածում երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 15 օրվա ընթացքում, այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը եւ մամուլի միջոցի օրինակը: Սահմանված ժամկետում հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հիմնադրամ է ուղարկում գրավոր նախազգուշացում՝ առաջարկելով մեկամսյա ժամկետում վերացնել թերությունները: Սահմանված ժամկետներում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն հաշվետվությունը չներկայացնելու կամ նախազգուշացման պահանջները չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կարող է դիմել դատարան՝ հիմնադրամը լուծարելու պահանջով:»:

Հոդված 35. Օրենքի 39-րդ հոդվածում`

ա) «ֆինանսական տարվա ավարտին հաջորդող 6 ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ» բառերով.

բ) 1-ին կետի «վարչակառավարչական» բառը փոխարինել «կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված» բառերով, իսկ «գույքի օգտագործման մասին» բառերը՝ «հիմնադրի» բառով.

գ) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

դ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն՝

«Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները եւ սույն հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձեւը, հրապարակման եւ ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:»:

Հոդված 36. Օրենքի 40-րդ հոդվածում`

ա) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով՝ «Այդ հիմնադրամների վրա չի տարածվում սույն օրենքի 15-րդ հոդվածի չորրորդ մասով սահմանված սահմանափակումը:».

բ)  ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մաս՝

«5. Սույն հոդվածի չորրորդ մասի դրույթները չեն տարածվում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ստեղծված այն առեւտրային իրավաբանական անձանց վրա, որոնց ֆիրմային անվան մեջ «հիմնադրամ» բառի օգտագործումը նախատեսված է այլ օրենքներով:»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ, 23.03.2007

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 10.04.2008

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հիմնադրամները սույն օրենքի 39-րդ հոդվածով սահմանված հաշվետվությունը հրապարակելուց հետո՝ 30 օրվա ընթացքում,  այդ մասին գրավոր ծանուցում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը հրապարակած մամուլի միջոցի օրինակը։  Սահմանված ժամկետում հաշվետվությունը չհրապարակելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն այդ մասին չծանուցելու կամ հաշվետվությունը թերի հրապարակելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը կիրառում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքով նախատեսված պատասխանատվության միջոցներ։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքով նախատեսված պատասխանատվության առավել խիստ միջոցը կիրառելուց հետո` մեկամսյա ժամկետում, հաշվետվության հրապարակման եւ ծանուցման պահանջը պատշաճ չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դիմում է դատարան` հիմնադրամը լուծարելու պահանջով։»։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ, 05.05.2008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.05.2008

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  5-րդ մասով՝

«5. Արժեթղթավորման հիմնադրամի իրավական կարգավիճակի, գործունեության նպատակի, ստեղծման, կանոնադրության, կառավարման մարմինների, նրանց իրավասությունների, պատասխանատվության, արժեթղթավորման հիմնադրամի լուծարման առանձնահատկությունները սահմանվում են «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ, 21.06.2008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 17.06.2008

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«6. Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի իրավական կարգավիճակի, հիմնադրման, ֆինանսավորման, կառավարման մարմինների, կանոնադրության, հիմնադրամի եւ վերջինիu կառավարման մարմինների լիազորությունների, լուծարման, ինչպես նաեւ գույքի օգտագործման առանձնահատկությունները uահմանվում են «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով: Uույն oրենքի դրույթները տարածվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ հիմնադրամի վրա, եթե «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով այլ բան uահմանված չէ:»:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ, 12.07.2008

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 13.04.2011

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասության «պետք է» բառը փոխարինել «կարող է» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ, 30.04.2011

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀO-516-Ն oրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ, 06.04.2012

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 19.03.2012

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 35-րդ հոդվածի 4-րդ մասում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունից հանել «՝գրությանը կից ներկայացնելով հաշվետվությունը հրապարակած մամուլի միջոցի օրինակը» բառերը:

Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի առաջին պարբերությունում «իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում» բառերը փոխարինել «http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում» բառերով:

Հոդված 4. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ` Ս. ՍԱՐԳՍՅԱՆ, 16.04.2012