«Հայոց ցեղասպանություն» գիրքը` վրացերեն

2470

2015 թվականի մայիսի 16-ին, Թբիլիսիում, «Թբիլիսի-Մարիոտ» հյուրանոցի ընդունելությունների դահլիճում, կայացավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Նոր Պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Սահակյանի «Հայոց Ցեղասպանություն» գրքի վրացերեն հրատարակության շնորհանդեսը: Այս առիթով Թբիլիսի էին ժամանել ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը և գրքի հեղինակը, ասվում է Վիրահայոց թեմի մամուլի հաղորդագրության մեջ:

Իրենց ներկայությամբ շնորհանդեսը պատվել էին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը, քույր Եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականներ, Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի տարբեր շրջաններից ժամանած պետական և հասարակական գործիչներ, հայ և վրացի գիտնականներ, պատմաբաններ, վրաց հասարակական և քաղաքական կազմակերպությունների առաջնորդներ, հրեական, ասորական, եզիդական, ուկրաինական, օսական, բուլղարական, լատվական և այլ համայնքային անդամներ, Թբիլիսիի հասարակայնության ներկայացուցիչներ:

Միջոցառման վարող Գիսանե Հովսեփյանը, ով նաև գրքի հրատարակության աշխատանքային խմբի ղեկավարն էր, անդրադարձ կատարեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող Վրաստանի հանձնախմբի կատարած աշխատանքներին, հանգուցային կետերից մեկը անվանելով վրաց հասարակությանը իրենց մայրենի լեզվով Հայոց Ցեղասպանության մասին գիտականորեն հիմնավորված գրականություն մատուցելը: Նա ներկայացրեց աշխատանքային խմբի անդամներ թարգմանիչ Զոյա Մխիթարյանի, խորհրդական Գիվի Շահնազարի, խմբագիր Խաթունա Գափրինդաշվիլու, համակարգող Լևոն Չիդիլյանի, սրբագրիչ Դիանա Տեր-Բաղդասարովայի և դիզայներ Գոգա Դավթյանի անդուլ աշխատանքը, որի արդյունքում իրականացավ գրքի հրատարակությունը:

Դոկտոր Ռուբեն Սահակյանը շնորհակալության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի առաջնորդին, ում օրհնությամբ և աջակցությամբ իրականացվեց իր աշխատության թարգմանության հրատարակումը: Գիտնականը նշեց, որ գիրքն ավելի ծավալուն է և ամբողջական տեսքով հայերեն ընթերցողին կներկայացվի այս տարվա ավարտին, իսկ այս հրատարակության նպատակը եղել է վրաց ընթերցողին պարզ և համառոտ ներկայացնել Առաջին Համաշխարհային պատերազմի տարիներին Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության տարածքում Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականության պատմությունը, նաև տարբեր քաղաքներում ու գյուղերում հայերի ինքնապաշտպանության ճակատամարտերը, որոնց շնորհիվ արևմտահայության մի մասը փրկվեց ոչնչացումից և հաստատվեց աշխարհի տարբեր երկրներում:

Թարգմանիչ Զոյա Մխիթարյանը խոսեց գրքի վրա աշխատելիս իր ապրումների և հուզումների մասին, ինչը էլ ավելի խորացրեց հայ լինելու հպարտությունը:

Շնորհանդեսին հիմնական բանախոսությամբ հանդես եկավ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը: Նա կարևորեց Հայոց Ցեղասպանության մասին աշխարհի 35 լեզուներով 55-60 երկրների արխիվային և պատմական նյութերի վերհանումը, որոնք կրում են այդ տարիներին Թուրքիայում գործող տարբեր երկրների դեսպանությունների, հյուպատոսությունների և միսիոներական առաքելությունների ֆակսիմելները: Այդ նյութերի լուսանկարային պատճեները դրվելով Հայոց Ցեղասպանության մասին աշխատություններում, անհերքելի են դարձնում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործությունը: Պարոն Մելքոնյանը արժևորեց այն, որ այս գրքում պատշաճ կերպով նկարագրված է Բաթումի նահանգում վրացիների ու հայերի, Դիարբեքիրում ասորիների, Տրապիզոնում հույների դեմ իրագործված ցեղասպանությունը: Բանախոսն անդրադարձ կատարեց նաև հայերի նախահարձակման բացակայությանը, ընդգծելով, որ հայերի կողմից եղել են միայն ինքնապաշտպանական ճակատամարտեր: Ակադեմիկոսն իր խոսքն ավարտեց հուսով, որ վերոնշյալ աշխատությունն իր ներդրումը կունենա վրաց իշխանությունների կողմից արդարությունը ճանաչելու և Հայոց Ցեղասպանությունը դատապարելու գործում:

Հավարտ միջոցառման ներկաներին իր օրհնությունը բաշխեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքում կարևոր իրադարձություն անվանեց Հայոց Ցեղասպանության մասին վրաց հասարակության իրազեկման նպատակով առաջին ակադեմիական գրքի հրատարակությունը, ընդգծեց, որ ցեղասպանությունն այսօր էլ շարունակվում է եզդիների, ասորիների և այլ ազգերի նկատմամբ, ուստի քաղաքակիրթ աշխարհին կոչ արեց համարձակորեն նայել ճշմարտությանը և որոշ հանգամանքների պատճառաբանությամբ չշեղվել արդարության ճանաչումից: Սրբազան Հայրը արժևորեց գրքում ինքնապաշտպանության ճակատամարտերի նկարագրությունը, որի արդյունքում փրկված հայերի մի մասը հաստատվեց Վրաստանում:

Գիրքը հատկացված է Ցեղասպանության պատմությունն ուսումնասիրողների, պատմաբանների և ընթերցողների լայն շրջանակների համար: