Զորավար Անդրանիկի հայաստանյան օրագրությունը՝ ընթերցողի սեղանին

1903

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը առաջիկա շաբաթներին ընթերցողի սեղանին կդնի Եղիշէ Քաջունու “Հայկական առանձին հարուածող զօրամասը- Ժենէրալ Անդրանիկ” խորագիրը կրող հատորը արևմտահայերենով է, դասական ուղղագրությամբ:

Հունիսի առաջին օրերին ԱՆԻ-ն շնորհանդեսներ կկազմակերպի Հայաստանի այն քաղաքներում ու գյուղերում, որտեղով անցել է Զորավարը իր մի քանի հազար զինվորների և մի քանի տասնյակ հազար արևմտահայ գաղթականության հետ։ Դա տառապանքի, զրկանքների, հիասթափությունների, բայց նաև հավատի ու նվիրումի ճանապարհ էր։

Այսպիսով, գրքի շնորհանդեսներ կկազմակերպվեն Գյումրիում (Ալեքսանդրապոլ), Տաշիրում (Վորոնցովկա), Ստեփանավանում (Ջալալօղլի), Դսեղում, Թումանյանում, Դիլիջանում, Գավառում (Նոր Բայազետ), Եղեգնաձորում (Քեշիշքենդ), Բռնակոթում, Անգեղակոթում, Սիսիանում, Կապանում, Գորիսում, Տեղում, Բերձորում (Ավդալլար) ու Էջմիածնում և, իհարկե, Երևանում, որտեղ չմտավ Անդրանիկը։

Զենքերը հանձնելով Ամենայն Հայոց կաթողիկոսին, նա հեռացավ Հայաստանից՝ նստելով Էջմիածին կայարանի գնացքը։

Զորավար Անդրանիկի մասին գրվել են բազմաթիվ հատորներ, սակայն Եղիշե Քաջունու այս օրագրությունը, մեր կարծիքով, ամենից կարևորը, արժանահավատը, հետաքրքրականն է, որի բովանդակությանը ծանոթ չէ Հայաստանի բնակչության բացարձակ մեծամասնությանը: Շատ հայ պատմաբաններ ևս ծանոթ չեն այդ գրքին: Այդ պատճառով, ԱՆԻ-ն հարկ է համարում շնորհանդեսներ կազմակերպել Հայաստանի տարբեր քաղաքներում։

Քաջունին, ով ավարտել է Պոլսի Կեդրոնականը, ապա ուսանել Օսմանյան կայսրության մայրաքաղաքի համալսարանում, եղել է Անդրանիկի գրագիրը։ Գիրքը առաջին անգամ հրատարակվել է գրեթե մեկ դար առաջ՝ 1921 թվականին Բոստոնում, Ռամկավար-Ազատական կուսակցության “Ազգ” թերթի տպարանում:

“Հայկական առանձին հարուածող զօրամասը- Ժենէրալ Անդրանիկ” գրքում պատմվում է այն զորամասի մասին, որը ձևավորվեց 1918-ի ապրիլին Գյումրիում, այն օրերի Ալեքսանդրապոլում: Զորամասը, որի մարտիկները գերազանցապես արևմտահայեր էին, գլխավորեց զորավար Անդրանիկը:

Մի քանի օր անց թուրքերը, խախտելով Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, անցան Ախուրյանը, գրավեցին Ալեքսանդրապոլը, ապա շարժվեցին դեպի Երևան, Ղարաքիսլիսա (Վանաձոր), Բաշ Ապարան: Եղիշե Քաջունին օրը օրին նկարագրել է այն ճանապարհը, որ անցավ Հայկական առանձին հարվածող զորամասը՝ նահանջ Ալեքսանդրապոլից  դեպի Ջալալօղլի (Ստեփանավան), ապա Դսեղ, հանդիպում Հովհաննես Թումանյանի հետ, Դիլիջանով անցում դեպի Նոր Բայազետ (Գավառ), ապա Սելիմով (Վարդենյաց լեռներ) դեպի Նախիջևան:

Անդրանիկը խռովել էր ՀՅԴ-ից և Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից: Բաթումի 1918-ի հաշտության պայմանագիրը Անդրանիկը համարում էր դավաճանություն: Նա լքեց նորաստեղծ հանրապետությունը և իր զորամասով անցավ Արաքսը՝ դեպի Պարսկաստան՝ միանալու անգլիական զորքերին և շարունակելու իր կռիվը թուրքերի դեմ: Սակայն Արաքսն անցնելուն պես նա հանդիպեց թուրքական բանակներին, կռվի բռնվեց, տվեց մի քանի տասնյակ զոհ և նահանջով հետ անցավ Արաքսը: Ահա հենց այս ժամանակ էր, որ զորավարի մոտ եկան պատվիրակներ Արցախից: Նրանք խնդրում էին զորավարին մեկնել Արցախ՝ օգնելու հայությանը, որը կռիվ էր մղում թաթարների (ադրբեջանցիներ) և նրանց օգնության եկած թուրքերի դեմ: Անդրանիկը մեկնեց Գորիս, ապա շարժվեց դեպի Շուշի: Նրա արշավանքը ընդհատվեց այսօրվա Բերձորի շրջակայքում՝ Հայաստանի այն ժամանակների դաշնակից  անգլիացիների հորդորով և պահանջով:

Անդրանիկը և իր զորքը կարևոր դեր կատարեցին Զանգեզուրը Հայաստանի մաս պահելու հարցում։ Բրիտանացիները, ովքեր մինչև 1919-ի վերջերը իշխում էին Անդրկովկասում, որոշել էին Զանգեզուր-Արցախը կցել Ադրբեջանին, փոխարենը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը առաջարկում էին Նախիջևանն ու Կարսը։

Այս գիրքը՝ “Հայկական առանձին հարուածող զօրամասը- Ժենէրալ Անդրանիկ”, պատմում է իրական Անդրանիկի մասին՝ առանց փառաբանման ու ֆետիշացման: Այս գրքում Անդրանիկը ներկայացվում է որպես պարզ մարդ, պարզ հայ, պարզ արևմտահայ։ Այս գիրքը պետք է հասու լինի Հայաստանի ընթերցողին նաև արևելահայերենով և աբեղյանական ուղղագորությամբ: Բայց դա արդեն առաջիկա ամիսների և տարիների խնդիր է։

Այս գրքի վերահրատարակությունը՝ դասական ուղղագրությամբ և արևմտահայերենով, ինչպես գրել է Քաջունին, կարող է նվեր լինել զորավարի 150-ամյակին: Հայաստանում 2015-ը անվանվել է Անդրանիկի տարի։ 150 տարի առաջ՝ 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին Գարահիսարում ծնվել է զորավարը:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին իր կայքում (www.aniarc.am) մաս-մաս տեղադրել է Քաջունու՝ Անդրանիկի, նրա զորքի, գաղթականության, բայց նաև Հայաստանի օրագրությունը։ Հունիսի առաջին օրերին գիրքը ամբողջական տարբերակով կդրվի ընթերցողի սեղանին։ Վերահրատարակվող հատորում արվել են բազմաթիվ ծանոթագրություններ, որպեսզի ընթերցողը ավելի լավ ընկալի հարյուր տարի առաջվա դեպքերը։

Ուրեմն, Քաջունու հատորով հանդիպում ենք հունիսի առաջին օրերին Գյումրիում, Տաշիրում, Ստեփանավանում, Դսեղում, Թումանյանում, Դիլիջանում, Գավառում, Եղեգնաձորում, Բռնակոթում, Անգեղակոթում, Սիսիանում, Կապանում, Գորիսում, Տեղում, Բերձորում, Էջմիածնում և Երևանում։ Շնորհանդեսների օրվա, վայրի և ժամի մասին կտեղեկցնենք հավելյալ։

Թաթուլ Հակոբյան