Արձանագրութիւնները Ուժի Մէջ Են, Հայաստանը Այժմ Թուրքիայից Չունի Տարածքային Պահանջ

1185

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի տարելիցի շրջանակներում Հայաստան այցելած օտարերկրեայ լրագրողները հնարաւորութիւն ունեցան հարցեր տալ եւ առանձին հարցազրոյցներ ունենալ Սերժ Սարգսեանի հետ` մանրամասնօրէն պարզելու պաշտօնական Երեւանի դիրքորոշումը հայ-թուրքական երկու արձանագրութիւնների, Թուրքիայի հետ յարաբերութիւնների ապագայի եւ պահանջատիրութեան հարցերում:

Չնայած Անգարայի հետ յարաբերութիւններում հռետորաբանութեան եւ շեշտադրումների փոփոխութեանը` համեմատած «Ֆութպոլային դիւանագիտութեան» ու ցիւրիխեան արձանագրութիւնների ստորագրման ժամանակների հետ, Սարգսեանը շարունակում է երկու արձանագրութիւնները համարել ուժի մէջ, իր խօսքերով` «գոյութիւն ունեցող»:

Ապրիլի 24-ի նախօրէին միջազգային մի շարք լրատուամիջոցների հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում ունեցած զրոյցում Սարգսեանը նշել էր, որ հայ-թուրքական արձանագրութիւնները յետ է կանչել խորհրդարանից` Թուրքիային «քաղաքական ուղերձ» յղելու նպատակով: «Մեզ համար ցանկալի երեւոյթ է արձանագրութիւնների վաւերացումը, բայց մեր մեղքը չէ, որ դրանք մնում են օդում կախուած: Արձանագրութիւնների վաւերացումը մի բան է, որ ցանկանում ենք, սակայն թանկօ երկուսով են պարում, եւ դա միայն մեզնից չէ կախուած»,- ասել էր  Սարգսեանը եւ շարունակել, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարող է վերսկսուել, երբ` «Թուրքիայի ղեկավարութիւնը պատրաստ լինի առանց նախապայմանների յարաբերութիւնների կարգաւորմանը»:

100-ամեակի միջոցառումներից յետոյ ռուս նշանաւոր լրագրող Վլատիմիր Փոզների յետ հեռուստազրոյցում Սերժ Սարգսեանը յայտարարեց, որ Ցիւրիխում 2009-ին ստորագրուած Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւնները «գոյութիւն ունեն»: Սարգսեանը ասաց, որ ինքը երկու արձանագրութիւնները յետ է կանչել խորհրդարանից, որպէսզի մէկ անգամ եւս նախազգուշացնի Թուրքիայի իշխանութիւններին առ այն, որ Հայաստանը մտադիր չէ յաւէրժ սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրութիւնների վաւերացմանը:

«դա [փաստաթուղթի յետ կանչը Ազգայիvն ժողովից] իրաւական քայլ չէր, այլ քաղաքական, որովհետեւ, մեր օրէնսդրութեան համաձայն, իրաւական քայլ կը լինէր ստորագրութիւնների յետկանչը: Այդ դէպքում կը նշանակէր, որ այդ փաստաթղթերը այլեւս գոյութիւն չունեն: Սակայն այդ փաստաթղթերը այսօր գոյութիւն ունեն, եւ եթէ թուրքական խորհրդարանը վաւերացնի դրանք, կարծում եմ, մեր խորհրդարանը նոյնպէս կարող է դա անել: Չնայած յոյս չունեմ, որ թուրքերը առաջիկայում դա կ՛անեն»,- նշեց Սարգսեանը:

Այսպիսով, Սարգսեանի եւ պաշտօնական Երեւանի համար հայ-թուրքական արձանագրութիւնները գոյութիւն ունեն եւ մեռած չեն: Բաւական է` թուրքական խորհրդարանը վաւերացնի դրանք, Հայաստանի խորհրդարանը կ՛անի նոյնը, թէեւ այս պահին այդ արձանագրութիւնները Հայաստանի խորհրդարանից յետ են կանչուած:

Արտասահմանեան լրագրողների հետ զրոյցում Սարգսեանը երկու անգամ` ապրիլի 24-ի նախօրէին եւ յետոյ, յայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի:

Թուրքական «Հիւրրիեթ» թերթը ապրիլի 24-ի առաւօտեան ընդարձակ հարցազրոյց հրապարակեց Սերժ Սարգսեանի հետ (հարցազրոյցի բնագիրը տարածեց նաեւ Բաղրամեան 26-ը եւ այն դրուած է նախագահի կայքէջում), որում Հայաստանի ղեկավարն ասում է. «Հայաստանը իր անկախացումից ի վեր երբեք Թուրքիային կամ որեւէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետութեան արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել եւ չկայ: Սա յստակ է: Մենք միջազգային հանրութեան լիիրաւ ու պատասխանատու անդամ ենք, որպէս ՄԱԿ-ի անդամ պետութիւն` հասկանում ենք մեր դերը միջազգային յարաբերութիւններում, յարգում ենք միջազգային իրաւունքի սկզբունքները, նոյնն, ի միջի այլոց, ակնկալելով նաեւ մեր արեւմտեան հարեւանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը` այն դարձնելով Եւրոպայի վերջին փակ սահմանը եւ անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիւանագիտական յարաբերութիւնների հաստատման համար` չյարգելով միջնորդի դերում հանդէս եկած միջազգային հանրութեանն ու ցիւրիխեան արձանագրութիւնների տակ դրուած սեփական ստորագրութիւնը»:

Ճիշդ է` ո՛չ Լեւոն Տէր Պետրոսեանի եւ ո՛չ էլ Ռոպէրթ Քոչարեանի նախագահութեան տարիներին Երեւանը տարածքային որեւէ պահանջ չի ներկայացրել Թուրքիային: Նոյնն անում է նաեւ Սերժ Սարգսեանը: Միւս կողմից, այս տարուայ յունուարի վերջերին Ծիծեռնակաբերդի բարձունքում Սերժ Սարգսեանը սփիւռքեան կառոյցների ներկայութեամբ կարդում էր Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, որտեղ յիշատակւում էր Սեւրի պայմանագիրն ու Ուիլսընեան Հայաստանը: Այսպիսով, Համահայկական հռչակագրում, ճիշտ է` անուղղակի, տարածքային պահանջներ են ներկայացւում Թուրքիային. «Արժեւորելով… 1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ 1920 թուականի նոյեմբերի 22-ի` Միացեալ Նահանգների Նախագահ Վուտրօ Ուիլսընի Իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում…»:

Ռուս հեռուստալրագրող Վլատիմիր Փոզների հետ զրոյցում Սարգսեանը փոքր-ինչ այլ մեկնաբանութիւն տուեց, երբ խօսք բացուեց Թուրքիայից հնարաւոր տարածքային պահանջների մասին: Փոզների դիտարկմանը` Անգարան հրաժարւում է ճանաչել Ցեղասպանութեան փաստը, որովհետեւ մտավախութիւն ունի, որ դրանից յետոյ Հայաստանը կարող է նիւթական փոխհատուցման, հողերի վերադարձի պահանջ ներկայացնել, Սարգսեանը պատասխանեց.  «Պահանջների մասին աւելի շատ խօսում են թուրքական հասարակութիւնում, քան Հայաստանում: Միգուցէ Թուրքիայի իշխանութիւնները նման մտավախութիւն ունեն, բայց ես կարծում եմ, որ դա հարցի երկրորդ կողմն է: Առաջին կողմը ճանաչումն է: Իսկ փոխհատուցումների, այլ պահանջների մասին … Մենք միջազգային հանրութեան մաս ենք` տարբեր կազմակերպութիւնների պատասխանատու մասնակից ենք` ՄԱԿ-ից մինչեւ Եւրոպայի խորհուրդ, ԱՊՀ, եւ պատահական չէ, որ Հայաստանի ոչ մի պաշտօնատար անձ այս 20-25 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի խօսել որեւէ պահանջի մասին: Սա ինչ-որ բանի մասին խօսում է»:

Փոզների ճշդող հարցին` «Հարիւրամեակի կարգախօսն է` «Յիշում եմ եւ պահանջում»: Ին՞չ էք պահանջում»: Սերժ Սարգսեանը պատասխանեց». «Պահանջում ենք ճանաչում: Իսկ թէ յետոյ ի՛նչ կը հետեւի, այդ ամէնը բանակցութիւնների առարկայ է»:

Սարգսեանի հարցազրոյցներից յետոյ կրկին արդիական է դառնում հետեւեալ հարցը` եթէ Հայաստանի խորհրդարանը պատրաստ է վաւերացնել հայ-թուրքական` Ցիւրիխում 2009-ի հոկտեմբերին ստորագրուած երկու արձանագրութիւնները, ապա դիւանագիտական եւ քաղաքական ի՞նչ արժէք ունի Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի Համահայկական հռչակագիրը:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, http://www.aztagdaily.com/archives/238534