Համահայկական հռչակագրի արժեքը

1247

Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի շրջանակներում Հայաստան այցելած օտարերկրյա լրագրողները հնարավորություն ունեցան հարցեր տալ և առանձին հարցազրույցներ  ունենալ Սերժ Սարգսյանի հետ՝ մանրամասնորեն պարզելու պաշտոնական Երևանի դիրքորոշումը հայ-թուրքական երկու արձանագրությունների, Թուրքիայի հետ հարաբերությունների ապագայի և պահանջատիրության հարցերում:

Չնայած Անկարայի հետ հարաբերություններում հռետորաբանության և շեշտադրումների փոփոխությանը՝ համեմատած “ֆուտբոլային դիվանագիտության” ու Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման ժամանակների հետ, Սարգսյանը շարունակում է երկու արձանագրությունները համարել ուժի մեջ, իր խոսքերով՝ “գոյություն ունեցող”:

Ապրիլի 24-ի նախօրեին միջազգային մի շարք լրատվամիջոցների հետ Ծիծեռնակաբերդի բարձունքում ունեցած զրույցում Սարգսյանը նշել էր, որ հայ-թուրքական արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից՝ Թուրքիային «քաղաքական ուղերձ» հղելու նպատակով: «Մեզ համար ցանկալի երևույթ է արձանագրությունների վավերացումը, բայց մեր մեղքը չէ, որ դրանք մնում են օդում կախված: Արձանագրությունների վավերացումը մի բան է, որ ցանկանում ենք, սակայն տանգո երկուսով են պարում, և դա միայն մեզնից չէ կախված»,- ասել էր  Սարգսյանը և շարունակել, որ հայ-թուրքական հաշտեցման գործընթացը կարող է վերսկսվել, երբ «Թուրքիայի ղեկավարությունը պատրաստ լինի առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը»:

100-ամյակի միջոցառումներից հետո ռուս նշանավոր լրագրող Վլադիմիր Պոզների հետ հեռուստազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Ցյուրիխում 2009-ին ստորագրված Հայաստան-Թուրքիա երկու արձանագրությունները “գոյություն ունեն”: Սարգսյանը ասաց, որ ինքը երկու արձանագրությունները հետ է կանչել խորհրդարանից, որպեսզի մեկ անգամ ևս նախազգուշացնի Թուրքիայի իշխանություններին առ այն, որ Հայաստանը մտադիր չէ հավերժ սպասել թուրքական խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացմանը:

«Դա [փաստաթուղթի հետ կանչը Ազգային ժողովից] իրավական քայլ չէր, այլ քաղաքական, որովհետև, մեր օրենսդրության համաձայն, իրավական քայլ կլիներ ստորագրությունների հետկանչը: Այդ դեպքում կնշանակեր, որ այդ փաստաթղթերը այլևս գոյությոն չունեն։ Սակայն այդ փաստաթղթերը այսօր գոյություն ունեն, և եթե թուրքական խորհրդարանը վավերացնի դրանք, կարծում եմ, մեր խորհրդարանը նույնպես կարող է դա անել: Չնայած հույս չունեմ, որ թուրքերը առաջիկայում դա կանեն»,- նշեց Սարգսյանը:

Այսպիսով, Սարգսյանի և պաշտոնական Երևանի համար հայ-թուրքական արձանագրությունները գոյություն ունեն և մեռած չեն: Բավական է թուրքական խորհրդարանը վավերացնի դրանք, Հայաստանի խորհրդարանը կանի նույնը, թեև այս պահին այդ արձանագրությունները Հայաստանի խորհրդարանից հետ են կանչված:

Արտասահմանյան լրագրողների հետ զրույցում Սարգսյանը երկու անգամ՝ Ապրիլի 24-ի նախօրեին և հետո, հայտարարեց, որ Հայաստանը Թուրքիայից տարածքային պահանջներ չունի:

Թուրքական «Հյուրիեթ» թեթը ապրիլի 24-ի առավոտյան ընդարձակ հարցազրույց հրապարակեց Սերժ Սարգսյանի հետ (հարցազրույցի տեքստը տարածեց նաև Բաղրամյան 26-ը և այն դրված է նախագահի կայքէջում), որում Հայաստանի ղեկավարն ասում է․ “Հայաստանը իր անկախացումից ի վեր, երբեք Թուրքիային կամ որևէ այլ երկրի տարածքային պահանջներ չի ներկայացրել: Մեր պետության արտաքին քաղաքական օրակարգում նման խնդիր չի եղել և չկա: Սա հստակ է: Մենք միջազգային հանրության լիիրավ ու պատասխանատու անդամ ենք, որպես ՄԱԿ-ի անդամ պետություն հասկանում ենք մեր դերը միջազգային հարաբերություններում, հարգում ենք միջազգային իրավունքի սկզբունքները, նույնն, ի միջի այլոց, ակնկալելով նաև մեր արևմտյան հարևանից, որը մինչ օրս ապօրինաբար փակ է պահում մեր երկրի հետ սահմանը՝ այն դարձնելով Եվրոպայի վերջին փակ սահմանը և անընդունելի նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար՝ չհարգելով միջնորդի դերում հանդես եկած միջազգային հանրությանն ու Ցյուրիխյան արձանագրությունների տակ դրված սեփական ստորագրությունը”:

Ճիշտ է՝ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանի և ոչ էլ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Երևանը տարածքային որևէ պահանջ չի ներկայացրել Թուրքիային: Նույնն անում է նաև Սերժ Սարգսյանը: Մյուս կողմից, այս տարվա հունվարի վերջերին Ծիծեռնակաբերդի բարձունքում Սերժ Սարգսյանը սփյուռքյան կառույցների ներկայությամբ ընթերցում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը, որտեղ հիշատակվում էր Սևրի պայմանագիրն ու Վիլսոնյան Հայաստանը: Այսպիսով, Համահայկական հռչակագրում, ճիշտ է՝ անուղղակի, տարածքային պահանջներ են ներկայացվում Թուրքիային. “Արժևորելով… 1920 թվականի օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի և 1920 թվականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ-ի Նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դերը և նշանակությունը Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման հարցում…”։

Ռուս հեռուստալրագրող Վլադիմիր Պոզների հետ զրույցում Սարգսյանը փոքր-ինչ այլ մեկնաբանություն տվեց, երբ խոսք բացվեց Թուրքիայից հնարավոր տարածքային պահանջների մասին: Պոզների դիտարկմանը՝ Անկարան հրաժարվում է ճանաչել Ցեղասպանության փաստը, որովհետև մտավախություն ունի, որ դրանից հետո Հայաստանը կարող է նյութական փոխհատուցման, հողերի վերադարձի պահանջ ներկայացնել, Սարգսյանը պատասխանեց.  «Պահանջների մասին ավելի շատ խոսում են թուրքական հասարակությունում, քան Հայաստանում: Միգուցե Թուրքիայի իշխանությունները նման մտավախություն ունեն, բայց ես կարծում եմ, որ դա հարցի երկրորդ կողմն է: Առաջին կողմը ճանաչումն է: Իսկ փոխհատուցումների, այլ պահանջների մասին … Մենք միջազգային հանրության մաս ենք՝ տարբեր կազմակերպությունների պատասխանատու մասնակից ենք՝ ՄԱԿ-ից մինչև Եվրոպայի խորհուրդ, ԱՊՀ, և պատահական չէ, որ Հայաստանի ոչ մի պաշտոնատար անձ այս 20-25 տարիների ընթացքում ոչ մի անգամ չի խոսել որևէ պահանջի մասին: Սա ինչ-որ բանի մասին խոսում է»:

Պոզների ճշտող հարցին՝ «Հարյուրամյակի կարգախոսն է՝ «Հիշում եմ և պահանջում»: Ի՞նչ եք պահանջում»: Սերժ Սարգսյանը պատասխանեց․«Պահանջում ենք ճանաչում: Իսկ թե հետո ինչ կհետևի, այդ ամենը բանակցությունների առարկա է»:

Սարգսյանի հարցազրույցներից հետո կրկին արդիական է դառնում հետևյալ հարցը՝ եթե Հայաստանի խորհրդարանը պատրաստ է վավերացնել հայ-թուրքական՝ Ցյուրիխում 2009-ի հոկտեմբերին ստորագրված երկու արձանագրությունները, ապա դիվանագիտական և քաղաքական ի՞նչ արժեք ունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի Համահայկական հռչակագիրը:

Թաթուլ Հակոբյան