Էրդողան. 1915-ի հետ կապված հայերի պնդումները անհիմն են ու անիրական

1372

Ապրիլի 23-ի երեկոյան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գալիպոլիի (Չանաքքալե) ճակատամարտի հաղթանակի 100-ամյակի կապակցությամբ Ստամբուլում ելույթ է ունեցել և անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային՝ ժխտելով և անհիմն համարելով այն:

“Չանաքքալեում և միանգամից մեկ տասնյակ ռազմաճակատներում պատերազմ մղող երկրում անխուսափելիորեն առաջանալու էին հասարակական կարգի հետ կապված խնդիրներ: Այդ ժամանակաշրջանում Անատոլիայի՝ ծառայության պատրաստ բոլոր տղամարդիկ ռազմաճակատներում էին: Օգտվելով դրանից՝ այլ ուժերի դրդմամբ հայ հրոսակախմբերը հարձակվում էին անպաշտպան քաղաքացիական բնակչության վրա և կոտորում նրանց:  Օսմանյան կայսրությունը, որն ավելի վաղ նման խնդիրների էր բախվել Բալկաններում և շատ մեծ կորուստներ կրել, ելնելով իր այս փորձից՝  կարիք զգաց  մի շարք միջոցառումներ ձեռնարկել: Այդ միջոցառումներից մեկն էլ Անատոլիայի հայ բնակչությանը երկրի հարավային շրջանններ գաղթեցնելն էր: Այդ նույն ժամանակ միլիոնավոր մարդիկ փախչում էին պատերազմական գոտուց՝ կրելով մեծ տառապանք: Նույն ձևով հարավային շրջաններ գնացող հայերը ստեղծված պայմանների դժվարությունների և հանրային կարգի պատճառով խնդիրներ ունեցան”,- ասել է Էրդողանը:

“Թուրքիան լավ գիտի այդ ժամանակ տեղի ունեցած դառնությունները: Այդ ամենը մեր արխիվներում ամրագրված է: Ուզում եմ անկեղծորեն ասել, հատկապես թվերի և առհասարակ 1915թ. իրադարձությունների հետ կապված հայերի բոլոր պնդումները անհիմն են ու անիրական: Կրկին ուզում եմ դիմել Եվրամիության երկրներին: Մեզ խորհուրդ են տալիս բացել արխիվները:  Տե՛ս Եվրամիություն, տասներկու տարի է՝ վարչապետ եմ, և շուտով կլրանա նախագահությանս մեկ տարին, միջագային բոլոր կոնֆերանսների ու Թուրքիայում տեղի ունեցած բոլոր հանդիպումների ժամանակ մշտապես շեշտել եմ, որ մենք պատրաստ ենք բացել մեր արխիվները, ասել եմ, որ այդ արխիվներում կա շուրջ մեկ միլիոն փաստաթուղթ: Եվ ասում եմ՝ եթե նման արխիվներ կան Հայաստանում ու երրորդ երկրներում, ապա թող նրանք էլ բացեն: Տեսե՛ք նույնիսկ ավելի առաջ եմ գնում և հայտարարում, որ մենք պատրաստ ենք բացել նաև մեր ռազմական արխիվը: Այս առումով մենք չունենք որևէ անհանգստություն կամ վախ: Մենք գիտենք և հավատացած ենք՝ մեր նախնիները ոճրագործներ չեն”,- շարունակել է Թուրքիայի նախագահը:

“Այս պահին մեր երկրում շուրջ 80  հազար հայ կա: Նրանց կեսը Թուրքիայի քաղաքացի է, կեսն էլ աղքատության պատճառով փախչելով Հայաստանից՝  եկել է Թուրքիա: Սակայն մենք նրանց չենք արտաքսում, հետ չենք ուղարկում իրենց երկրները: Նրանք այս պահին ապրում են մեր երկրում և մեր հյուրերն են: Շուրջ 40 հազար էլ մեր քաղաքացիներն են: Եվ դո՛ւ, հայկական սփյո՛ւռք, հարցրու Թուրքիայի 40 հազարանոց հայ համայնքին՝  իրենց նկատմամբ որևէ բռնություն կա՞, թե՞ ոչ: Մենք միասին ենք ապրում: Հենց մենք ենք, որ իմ վարչապետության տարիներին պետական գանձարանի միջոցներով վերականգնել ենք Վանի Աղթամար կղզու հայկական առաքելական եկեղեցին: Ամեն տարի այդ եկեղեցում Թուրքիայի հայ քաղաքացիները, աշխարհի տարբեր երկրներից եկած հայերը մասնակցում են մատուցվող պատարագին: Ամեն ինչ շատ ակներև է”,- ասել է նա:

“Մեր երկրի և ազգի դեմ իրականացվող հարձակումները հետին նպատակներ ունեն, անհնար է, որ մենք դրանք ընդունենք:  Մենք ոչ մեկի կրած տառապանքը ու ցավը առ ոչինչ չենք համարում և համաձայն չենք տարբեր ցավերի միջև մրցակցություն առաջացնելուն: Ինչքան վիշտ ենք ապրում Բալկաններից, Կովկասից և մեզ շրջապատող այլ վայրերից դեպի Անատոլիա գաղթի ճանապարհին մահացած ավելի քան չորս միլիոն մուսուլմանների համար, այդքան էլ վշատնում ենք կյանքը կորցրած հայերի համար: Մեզ համար բացարձակապես անընդունելի է, որ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մահացած 30 միլիոն մարդկանցից առանձնացնում են միայն հայերին  և որպես գործիք օգտագործելով՝ արշավ են սկսում մեր երկրի և ազգի դեմ: Ոչ ոք և ամենաշատը հայ ժողովուրդը որևէ օգուտ չունի պատմությունը թշնամանքի և ատելության գործիք ծառայեցնելուց”,- նշել է Էրդողանը:

Թարգմանությունը՝ CivilNet

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը միմյանց ձեռք են սեղմում, Մյունխեն, փետրվար, 2010թ.