Հայաստանի Գերագույն խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 80-ամյակի առթիվ

1141

1995 թվականի ապրիլի 24-ին լրանում է մարդկության դեմ գործած ոճրագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության 80 տարին: Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից պետականորեն ծրագրված եղեռնագործության զոհ դարձան իրենց բնօրրան պատմական հայրենիքում և Օսմանյան կայսրության այլ վայրերում ապրող ավելի քան մեկ և կես միլիոն հայեր, իսկ մնացածը տարագրվեց՝ սփռվելով աշխարհով մեկ:

Հայոց ցեղասպանությունը դարձավ ոչ միայն հայ ժողովրդի պատմության մեծագույն ողբերգությունը, այլեւ մեծապետական վայրագության խորհրդանիշ, հնչեցնելով տագնապալի ահազանգ մարդկությանը՝ Ոչ ասելու ցեղասպանությանը, կանխելու ռասսայական կամ էթնիկական ատելության ցանկացած դրսեւորում:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը երախտիքի խոսք է հղում այն երկրների իշխանություններին, խորհրդարաններին, քաղաքական, հասարակական կազմակերպություններին և գործիչներին, մտավորականության ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր հավատարիմ մնալով համամարդկային արժեքներին և միջազգայնորեն ընդունված նորմերին, իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, սատարելով նրա միջազգային ճանաչմանը:

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը առանձնապես կարևորում է Եվրոխորհրդարանի և Ռուսաստանի Պետական Դումայի ընդունած փաստաթղթերը, որոնցով ճանաչվեց հայ ժողովրդի դեմ իրագործված ոճիրը որպես ցեղասպանություն և դատապարտվեց այն:

Այժմ, այդ ոճրագործությունից 80 տարի անց, երբ Հայաստանի Հանրապետությունը  աշխարհասփյուռ հայերի հետ նշում է սգո այս տարելիցը, ի հարգանս անմեղ զոհերի հիշատակի, ի պաշտպանություն պատմական ճշմարտության, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը՝ առաջնորդվելով նմանօրինակ ոճիրների կանխարգելման մտահոգությամբ, իր հաստատակամությունն է հայտնում  հասնելու 1915թ. Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը:

21 ապրիլի, 1995 թվական

2015 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Ազգային  ժողովը միաձայն` (113 կողմ) ընդունեց հայտարարություն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ: Տեքստը որոշ հատվածներում նման է 1995-ի հայտարարությանը.

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝

– հիմք ընդունելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի՝ 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունած «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին ընդունած «Օսմանյան Թուրքիայում հայերի 1915թ. ցեղասպանության դատապարտման մասին» օրենքը,

– արժևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրով ամրագրված դրույթները,

– կարևորելով միջազգային հանրության հետ համատեղ ուժերով մարդկության դեմ հանցագործությունների, ցեղասպանությունների դատապարտմանը և կանխարգելմանն ուղղված ջանքերում հայ ժողովրդի ներդրումը,

– երախտագիտություն հայտնելով բոլոր պետությունների խորհրդարաններին, պետական և տեղական կառույցներին ու միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքներ,

կոչ է անում բոլոր երկրների խորհրդարաններին, միջխորհրդարանական և միջազգային կազմակերպություններին պաշտոնապես ճանաչել և դատապարտել Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն»: