«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության»` երկօրյա համաժողով Երևանում

1084

Ապրիլի 22-23-ին Երևանում տեղի է ունենում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» խորագիրը կրող միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհահռչակ պատմաբաններ ու ցեղասպանագետներ աշխարհի տարբեր երկրներից:

Այս համաժողովը արդեն ավանդույթ դարձած և հինգ տարին մեկ կազմակերպվող՝ Հայոց ցեղասպանության կլոր տարելիցներին նվիրված ապրիլյան միջոցառումներից է, որոնք բացվում են Հայաստանի օրվա նախագահների ելույթով:

Առաջին անգամ նման համաժողով տեղի է ունեցել 1990-ի ապրիլին, երբ Հայաստանը իրավական առումով դեռ մաս էր կազմում հոգևարքի մեջ գտնվող ԽՍՀՄ-ի: Այն բացվեց Հայկոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար, հանգուցյալ Վլադիմիր Մովսիսյանի ելույթով:

1995-ի համաժողովը բացեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2000-ի և 2005-ի համաժողովները՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

2010 թվականի ապրիլին նախագահի մակարդակով համաժողով Երևանում անց չի կացվել, փոխարենը այն տեղի է ունեցել նույն տարվա դեկտեմբերին՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Թե ինչու 2010-ի ապրիլին՝ երկրի նախագահի մակարդակով Հայոց ցեղասպանության 95-ամյակի առիթով միջազգային գիտաժողով տեղի չի ունեցել, կարելի է միայն ենթադրություններ անել: Հիշեցնենք, որ 2008-2010 թվականներին Հայաստանն ու Թուրքիան ներգրավված էին “ֆուտբոլային դիվանագիտության” մեջ:

Չպետք է բացառել, որ Հայաստանի իշխանությունները 2010 թվականին Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով չէին ծրագրել ընդհանրապես, հույս ունենալով, որ մինչև այդ տարվա ապրիլ երկու հայ-թուրքական երկու արձանագրությունները կվավերացվեն, իսկ եթե հայկական կողմը նման գիտաժողով անցկացներ, ապա թուրքական կողմը վստահաբար դա կհամարեր ապակառուցողական քայլ, արձանագրությունները չվավերացնելը կպայմանավորեր հենց հայկական կողմի “հակաթուրք ձեռնարկով”` Հայաստանին մեղադրելով ապակառուցողական քաղաքականություն իրականացնելու մեջ: Երբ հայկական կողմը վերջնականապես համոզվեց, որ Թուրքիան չի վավերացնելու արձանագրությունները, Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը կազմակերպեց 2010 թվականի վերջերին: