«Հայաստանի Հանրապետություն. Վերսալից Լոնդոն, 1919-1920» կոթողային հատորը՝ հայերենով

2408

Ապրիլի 21-ին Երևանում կայացել է նշանավոր պատմաբան, ակադեմիկոս Ռիչարդ Գ. Հովհաննիսյանի «Հայաստանի Հանրապետություն» քառահատոր կոթողային աշխատության հայերեն երկրորդ հատորի («Վերսալից Լոնդոն, 1919-1920») շնորհանդեսը՝ հեղինակի ներկայությամբ:

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը նշեց. «Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությամբ հիմնավորապես զբաղվել է Ռիչարդ Հովհաննիսյանը՝ օգտագործելով աղբյուրագիտական ու պահոցային հարուստ նյութ եւ հանրության դատին ներկայացնելով ժամանակաշրջանի ամբողջական ու անաչառ պատկերը»:

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանի խոսքերով՝ Ռիչարդ Հովհաննիսյանը մեր սեղանին դրեց խորհրդային մոտեցումներից ու կաղապարներից զերծ զտարյուն պատմություն. «Եթե առաջին հատորը պատկերում էր ողբի, որբի ու գաղթականության ծանր ժամանակների պատմությունը, ապա երկրորդում արդեն ընդգրկված է Առաջին Հանրապետության վերելքի շրջանը, երբ երկիրը հետզհետե շտկում է մեջքը, և Ցեղասպանությունից հետո փյունիկի պես մոխիրներից հառնող ժողովուրդը լծվում է պետականաստեղծման գործին»:

Հատորի, ինչպես նաև հեղինակի կատարած աշխատանքի մասին գնահատանքի խոսքեր հնչեցրին Ռիչարդ Հովհաննիսյանի նախկին ուսանող, պատմագիտության դոկտոր, ցեղասպանագետ Ռուբինա Փիրումյանը, ակադեմիկոսի որդին՝ պետական, հասարակական-քաղաքական գործիչ Րաֆֆի Հովհաննիսյանը, գրականագետ, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը, «Սուրբ Սանդուխտ» կազմակերպության նախագահ Արտեմիս Լեփեջյանը, պատմաբան Գայանե Մախմուրյանը, ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյանը, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ու Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, երիտասարդ միջազգայնագետ Արմինե Մուրադյանը և ուրիշներ:

Ակադեմիկոս Ռիչարդ Հովհաննիսյանը երախտագիտության խոսք ուղղեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնին և Գիտությունների ազգային ակադեմիային՝ շնորհանդես կազմակերպելու համար, ինչպես նաև՝ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր այս կամ այն կերպ աջակցել են գրքի թարգմանությանն ու հրատարակությանը: