Պարսիկներ, Քրտեր, Թուրքեր, Թաթարներ. Հայաստանի Մահմետականները

2432

Տարիներ առաջ Իլհամ Ալիեւը Ազրպէյճանի Գիտութիւնների ազգային ակադեմիային, առաջին հերթին` պատմաբաններին եւ ազգագրագէտներին, տուեց քաղաքական պատուէր, այն է` ամէն կերպ ապացուցել, որ հայերը եկուոր են ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլ նաեւ` Արարատեան դաշտավայրում եւ այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան ողջ տարածքում: Պատուէրով պատմութիւն գրելը ինքնին զաւեշտ է:

Իջեցուած պատուէրի շրջանակներում արդէն իսկ տպագրուել են բազմաթիւ գրքեր: Դրանց մեծագոյն մասը զուտ հակահայ քարոզչութիւն է եւ լուրջ չի կարող ընդունուել ակադեմական եւ գիտական շրջանակներում: Տպագրուել են նաեւ գրքեր, որոնցում յղում անելով ռուսական, պարսկական եւ հայկական աղբիւրների` դրանց հեղինակները փորձում են համոզել, որ այսօրուայ Հայաստանի տարածքում հարիւրամեակներ բնակուել են ազրպէյճանցիներ, որոնք իբր կազմել են մեծամասնութիւն:

Այն, որ Հայաստանի տարածքում նախորդ հարիւրամեակներում հայերի կողքին բնակուել են մահմետականներ, դա պատմական իրողութիւն է եւ ինչ-որ իմաստով` նաեւ բնական, քանի որ Բագրատունեաց թագաւորութեան անկումից յետոյ (1045 թուական) մինչեւ 1828 թուական, երբ այսօրուայ Հայաստանի տարածքներից մի մասի եւ Նախիջեւանի շրջանի վրայ ձեւաւորուեց  Հայկական մարզը (վարչական միաւոր Ռուսական կայսրութեան կազմում), Արարատեան դաշտավայրը եւ Հայկական Աշխարհի միւս նահանգները ընկած են եղել թուրք-սելճուկների, մոնկոլ-թաթարների, թուրքմենական գարաքէօյունլու եւ ագքէօյունլու ցեղերի, ապա Օսմանեան եւ Պարսկական կայսրութիւնների տիրապետութեան տակ: Պատմական իրողութիւն է նաեւ այն, որ երբ Արեւելեան Հայաստանը 1555-ից մինչեւ 1828 թուականը Պարսկաստանի մաս էր կազմում, մահմետականները երբեմն կազմել են բնակչութեան մեծամասնութիւնը: Եւ սա զարմանալի չէ:

Գուցէ զարմանալին այն է, թէ ինչպէ՞ս է յաջողուել հայութեանը կառչած մնալ իր պատմական հողերին եւ եօթհարիւրամեայ մահմետական տիրապետութեան ու լծի պայմաններում չհեռանալ հայրենիքից: Անգամ Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթից յետոյ (1604 թուական), երբ 250-ից 300 հազար հայեր Արարատեան աշխարհից եւ Նախիջեւանից քշուեցին դէպ Պարսկական կայսրութեան ներքին շրջաններ, այսօրուայ Հայաստանի տարածքում հայեր շարունակեցին մնալ:

Այժմ վերադառնանք Հայաստանի տարածքում բնակուած մահմետականների խնդրին: Երբ խօսւում է այդ մահմետականների մասին, Ազրպէյճանում նրանց միանգամից կոչում են ազրպէյճանցիներ: Որ Հայաստանի տարածքում բնակուել են նաեւ այսօրուայ ազրպէյճանցիների նախնիներից մի շարք ցեղեր, սա եւս պատմական իրողութիւն է: Սակայն դա բաւարար կռուան չէ եւ լուրջ չէ, որպէսզի Հայաստանը համարուի ազրպէյճանական հող: Այսօր Ազրպէյճանի որոշ նախարարներ, որոնք ծնուել եւ ուսում են ստացել Խորհրդային Հայաստանում, իրենց պաշտօնական կենսագրութեան մէջ գրում են, որ ծնուել են Արեւմտեան Ազրպէյճանում: Այսպիսով, այսօրուայ Հայաստանը ազրպէյճանցիների համար Արեւմտեան Ազրպէյճան է:

Դարերի ընթացքում Հայաստանի տարածքում բնակուած մահմետականների մէջ այսօրուայ ազրպէյճանցիների նախնիները երբեք մեծ թուաքանակ չեն կազմել: Նրանք անգամ ազրպէյճանցի չեն կոչուել, քանի որ ազրպէյճանցի ազգութիւն չի եղել մինչեւ 1918 թուականը, երբ Անդրկովկասում Հայաստանի եւ Վրաստանի կողքին հռչակուեց Ազրպէյճան անունով պետութիւն: Ազրպէյճան անունով շրջան, աշխարհագրական միաւոր կար, բայց` Արաքսի աջ ափին, այսօրուայ Իրանի հիւսիսում: Խորհրդային Միութեան առաջին` 1926 թուականի մարդահամարի տուեալներով, Ազրպէյճանում բնակուող հիմնական ազգութիւնը շարունակւում էր կոչուել մահմետական կամ կովկասեան թաթար: Միայն 1939 թուականին, երբ Խորհրդային Միութիւնում անցկացուեց երկրորդ մարդահամարը,  Խորհրդային Ազրպէյճանի տարածքում բնակուող մահմետականներին տրուեց «ազրպէյճանցի» անունը:

Այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան տարածքում կամ դրա մի մասի վրայ առաջին մարդահամարը կատարուել է միայն այն բանից յետոյ, երբ ցարական Ռուսաստանը Պարսկաստանից գրաւեց Անդրկովկասը: Համաձայն ռուս (ֆրանսական ծագումով) պատմաբան, ազգագրագէտ Իվան Շոպենի (ով 1829-1832 թթ. անցկացրել է Երեւանում եւ հետագայում պատրաստել Հայկական մարզի մասին մի քանի կարեւոր աշխատութիւններ), 1832 թուականին Երեւանի նախկին խանութեան ողջ տարածքում բնակչութեան ընդհանուր թիւը 115.106 էր, որից տեղացի հայերը` 19.878, Պարսկաստանից եւ Արեւմտեան Հայաստանից` Օսմանեան կայսրութիւնից 1828-29թթ. տեղափոխուած հայերը` 45.207, մահմետականները` 49.872: Այսպիսով, 1832-ին նախկին Երեւանի խանութեան տարածքում հայերի թիւը 65.085 էր, մահմետականների թիւը` 49.872:

Ովքե՞ր էին այս մահմետականները: Նրանք հիմնականում երեք ազգութեան ներկայացուցիչներ էին` պարսիկներ (շիա), քրտեր (սիւննի եւ շիա) եւ թուրքեր կամ  Անդրկովկասի մուսուլմաններ (շիա  եւ սիւննի), որոնք ներկայացնում էին 21 ցեղեր: Ըստ Շոպենի, այդ ցեղերից էին ղարափափախները (սեւ գլխարկ կրողներ), այրումլուները, սէյիտլու-ախսախլուները, մողանլուները, սաատլուները եւ այլն: Անգամ այն բանից յետոյ, երբ ռուսները պարսիկներից գրաւեցին Անդրկովկասը, թուրքական այս ցեղերը հիմնականում մնացին նոր ձեւաւորուած Հայկական մարզում: Ընդամէնը 1800 մուսուլման թուրքեր հեռացան Երեւանի խանութիւնից, երբ սկսուեց ռուս-պարսկական պատերազմը 1827-ին: Այս 1800 մուսուլման թուրքերը պատկանում էին Պէօյուկ Չոպանգարա ցեղին: Այս ցեղի շուրջ 1000 ներկայացուցիչներ շարունակեցին բնակուել Երեւանի խանութեան տարածքում, որը արդէն 1828-ին անուանւում էր Հայկական մարզ եւ մաս էր կազմում ցարական Ռուսաստանի:

Ուշագրաւ է, որ ռուսների գրաւումից յետոյ Հայկական մարզը լքեցին գրեթէ 15 հազար քրտեր, որոնք ներկայացնում էին եօթ հիմնական ցեղախմբեր: Եւս շուրջ 11 հազար քրտեր չհեռացան եւ շարունակեցին բնակուել այն տարածքներում, որը կազմում է այսօրուայ Հայաստանը: Դրանցից աւելի քան 6 հազարը շիա քրտեր էին (հինգ ցեղախմբեր), 4 հազարը` սիւննի քրտեր (շուրջ 10 ցեղախմբեր), ինչպէս նաեւ` եզիտիներ, որոնց թիւը կազմում էր 324 հոգի ընդամէնը:

Ի դէպ, Խորհրդային Հայաստանում եւ Խորհրդային Ազրպէյճանում բնակուող տասնեակ հազարաւոր քրտեր տասնամեակների ընթացքում ձուլուել եւ դարձել են ազրպէյճանցի: Այո՛, մի՛ զարմացէք, որ քրտերի ձուլում ազրպէյճանցիների մէջ տեղի է ունեցել նաեւ Խորհրդային Հայաստանում, ճիշդ է` փոքր չափով: Քանի որ Խորհրդային Հայաստանում ամէնուր չկային քրտերէն լեզուով դպրոցներ, մահմետական քրտերը նախընտրում էին ազրպէյճանական դպրոցներ յաճախել եւ այս ձեւով ձուլւում էին: Անշուշտ, քրտերի մեծ ձուլում` տասնեակ հազարներով, տեղի է ունեցել Խորհրդային Ազրպէյճանում: Այսպէս, Լաչինի եւ Քելբաջար շրջանները, որոնք այսօր մաս են կազմում Արցախի, գերազանցապէս քրտաբնակ էին:

Այսօր յայտարարւում է, որ Ազրպէյճանում բնակւում է 10 միլիոն մարդ, գերազանցապէս ազրպէյճանցիներ, որոնց շուրջ 40 տոկոսը սիւննի են, 60 տոկոսը` շիա: Ինչպէս խորհրդային, այնպէս էլ անկախութեան 25 տարիներին հարիւր հազարաւոր այլազգիներ, առաջին հերթին` քրտեր, լեզգիներ եւ թալիշներ, ձուլուել եւ դարձել են ազրպէյճանցի: Ահա այս մասին պէտք է գրքեր գրեն ազրպէյճանցի պատմաբաններն ու ազգագրագէտները, ընդ որում` ոչ Իլհամ Ալիեւի պատուէրով:

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

ԱԶԴԱԿ, http://www.aztagdaily.com/archives/236739

Լուսանկարում՝ Երևանի պարսկական (շիա) մզկիթն այսօր