Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը. Ահմեդ Դավութօղլուի ուղերձը

1268
TURKIYE ILE ERMENISTAN ARASINDA DIPLOMATIK ILISKILERIN KURULMASI VE ILISKILERIN GELISTIRILMESINE ILISKIN PROTOKOLLERIN IMZA TORENI, ISVICRE'NIN ZURIH KENTINDE YAPILDI. ZURIH UNIVERSITESI'NDE DUZENLENEN IMZA TORENINE, TURKIYE ADINA DISISLERI BAKANI AHMET DAVUTOGLU, ERMENISTAN ADINA ISE ERMENISTAN DISISLERI BAKANI EDUARD NALBANTYAN KATILDI. (ANADOLU AJANSI - HIKMET SAATCI) (20091010)

Օսմանյան կայսրության վերջին տարիներին էթնիկական և կրոնական տարբեր պատկանելություն ունեցող օսմանյան քաղաքացիների ստվար հատված անցավ մեծ տառապանքի միջով, որը խոր սպի թողեց նրանց հիշողության մեջ: Նրանք բոլորը իրար հետ դարեր շարունակ ապրել էին խաղաղության և ներդաշնակության մեջ:

Որպես Առաջին աշխարհամարտի պայմաններում այդ տառապանքի միջով անցած էթնիկական և կրոնական տարբեր ազգերի հետնորդներ՝ մենք հասկանում ենք հայերի զգացմունքները: Մենք հարգանքով ենք հիշում կյանքը կորցրած օսմանյան անմեղ հայերին և նրանց հետնորդներին մեր խոր վշտակցությունն ենք հայտնում:

Թուրքիայի համար թե՛ պատմական, թե՛ մարդկային պարտականություն է հարգելու օսմանյան հայերի հիշատակը և հայկական մշակութային ժառանգությունը:

Սրանից ելնելով է, որ [Պոլսի] Հայոց պատրիարքությունը ապրիլի 24-ին կրոնական ծես է մատուցելու, և օսմանյան հայերն են հիշվելու Թուրքիայում, ինչպես և աշխարհի մյուս վայրերում:

Այդ օրը շատ ավելի խելամիտ կլիներ, եթե Թուրքիան ու Հայաստանը կարողանային միասին հարգել օսմանյան հայերի հիշատակը այն միջոցառմանը, որը համահունչ կլիներ երկու պետություններին: Դա այն է, ինչ մեր նախագահ պարոն Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասում էր իր ուղերձում 2014թ. ապրիլի 23-ին, երբ նա վարչապետ էր:

Մենք համոզված ենք, որ երբ պատմությունն այլևս չի շահարկվում քաղաքական նպատակների համար, հնարավոր է հասնել հասուն և բարոյապես առողջ նման արդյունքի:

Անատոլիական հին քաղաքակրթությունը մեզ սովորեցնում է տեր կանգնել մեր պատմությանը, հիշել թե՛ մեր ուրախությունները, թե՛ ցավերը, ամոքել մեր վերքերը միասնաբար և միասին նայել դեպի ապագան:

Ինչպես ես հայտարարել եմ 2015թ. հունվարի 20-ի իմ ուղերձում, Հրանտ Դինքի մահվան տարելիցի օրը, «հնագույն երկու ազգ կարող են ցուցաբերել իմաստնություն՝ հասկանալու իրար և միասին մտածելու ապագայի մասին»:

Որպես մեր պատմական պատասխանատվության և մարդկային առաքելության հետևանք, և առանց տարբերություն դնելու նրանց միջև, ովքեր անցել են տառապանքների միջով, մենք այսօր հարգանքով ենք հիշում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ:

Մենք նաև վստահ ենք, որ շարունակվող տառապանքը մեղմելու համար նույնքան կարևոր է անցյալին առերեսվել ազնվությամբ՝ այնպես, ինչպես այն կա, և հիշել նահատակներին:

Հնարավոր է հաստատել Առաջին աշխարհամարտին պատահածի պատճառները և նշել նրանց, ովքեր պատասխանատու էին դրանց համար:

Սակայն ընդհանրացումների միջոցով ամբողջ մեղքը դնել թուրք ազգի վրա և ամեն ինչ հավասարեցնել մեկ բառի՝ այն զուգակցելով ատելության քարոզի հետ խնդրահարույց է թե՛ բարոյական, թե՛ իրավական առումով:

Աքսորների և կոտորածների սպիները, որոնց ենթարկվել են օսմանյան թուրքերն ու մուսուլմանները մեկ դար առաջ մինչ այսօր կենդանի են մեր հիշողության մեջ:

Այս փաստն անտեսելը և անցած ցավերի միջև խտրականություն դնելը խնդրահարույց է պատմական առումով և սխալ՝ բարոյական առումով:

Ավելին, վերջին տարիները ցույց են տվել, որ ոչնչի հնարավոր չէ հասնել մեկմեկու փորձելով պարտադրել իրարամերժ դրույթները:

Այս համատեքստում օսմանյան բոլոր քաղաքացիների հիշատակը և համոզմունքները պետք է լսելի լինեն և հարգվեն:

Ճշմարտությանը հասնելու համար բավարար է ունենալ արդար հիշողություն, կարեկցանք, հարգալից լեզու և իրերին նայելու խելամիտ և օբյեկտիվ ձև:

Թուրքիայում ցանկացած տեսակետ ազատ արտահայտվում է և բաց քննարկվում: Ամեն տեսակի փաստաթղթեր ու գիտելիքներ կարելի է ուսումնասիրել: Այս միջոցները տրամադրելով՝ Թուրքիան նշանակալից դրական քայլ է կատարում դեպի ընդհանուր ապագայի կերտումը:

Որպես երկու հնագույն ազգերի հետնորդներ, որոնք հարյուր տարի առաջ կիսել են նույն ճակատագիրը՝ ուրախություն կամ վիշտ, մեր միասնական պատասխանատվությունն ու կոչն այսօր մեկդարյա հին վերքերն ամոքելն է և մեր մարդկային կապերը կրկին հաստատելը:

Թուրքիան այս պատասխանատվության նկատմամբ անտարբեր չի մնա և կանի ամեն հնարավորը բարեկամության և խաղաղության համար:

Այդ իսկ պատճառով մենք երրորդ բոլոր կողմերին կոչ ենք անում ընդունել մոտեցում՝ հիմնված արդար հիշողության և ընդհանուր խաղաղ ապագայի, ոչ թե հին վերքերը վատացնելու վրա:

Ահա այս զգացումներով և համոզմունքով է, որ մենք ևս մեկ անգամ խորին հարգանքով նշում ենք օսմանյան հայերի հիշատակը, որոնք կորցրին իրենց կյանքը 1915թ. տեղահանությունների ժամանակ, և մենք կիսում ենք նրանց երեխաների ու թոռների վիշտը:

Անգլերենից թարգմանությունը՝ CivilNet-ի

Լուսանկարում՝ ձախից աջ՝ Բեռնար Քուշներ, Միշլին Քալմի-Ռեյ, Էդվարդ Նալբանդյան, Ահմեդ Դավութօղլու, Հիլարի Քլինթոն, 10 հոկտեմբեր, 2009, Ցյուրիխ, Շվեյցարիա