Պապի պատարագը, Եվրախորհրդարանի բանաձևը, Քիմի այցը

1143

Մի քանի օր հետո համայն հայությունը և համաշխարհային հանրությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ապրիլի 24-ը լինելու է 100-ամյակի գագաթնակետը: Այս տարվա ընթացքում արդեն տեղի են ունեցել բազմաթիվ իրադարձություններ, որոնցից երեքը կարևորագույն նշանակություն ունեցան Հայոց Մեծ եղեռնի և Հայրենազրկման մասին համաշխարհային հանրությանը կրկին հիշեցնելու, իսկ չիմացողներին՝ տեղեկացնելու հարցում: Երեք իրադարձություններն էլ Թուրքիայում ընդունվեցին հոխարտանքով ու սպառնալիքներով:

Այդ երեք իրադարձություններն էին՝ առաջին. ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից մատուցված պատարագը, երկրորդ՝ Եվրախորհրդարանի ապրիլի 15-ի ընդունած բանաձևը, երրորդ՝ աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանի, նրա քրոջ և ամուսնու այցը Ծիծեռնակաբերդի բարձունք:

Հռոմի պապի կողմից մատուցված պատարագը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, կարող է դառնալ 100-ամյակի ամենակարևոր իրադարձությունը արդեն կայացած և կայանալիք ձեռնարկների շարքում: Հռոմի Ֆրանցիսկոս պապը մեծ սեր ու ժողովրդայնություն է վայելում աշխարհի շուրջ մեկ միլիարդ կաթոլիկների շրջանում: Այդ պատճառով, պատարագը, որը կարել է համարել պատմական, Հայոց ցեղասպանության ժողովրդայնացման հարցում ուներ բացառիկ նշանակություն: Սրան ավելանում է այն իրողությունը, որ պատարագին մասնակցում էին Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսները, Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդ Ներսես-Պետրոս 19-րդ պատրիարքը, Հայաստանի բարձրաստիճան պետական այրեր, բազմաթիվ հայեր Սփյուռքից: Բացի այդ, Հռոմի պապը առաջին անգամ էր պատարագ մատուցում՝ հիշատակելու Հայոց ցեղասպանությունը:

2001թ. սեպտեմբերին հանգուցյալ Հովհաննես Պողոս Բ պապը հաղթահարել էր Ծիծեռնաբերդի բարձունքը և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պարկինսոնի հիվանդությամբ տառապող 81-ամյա պապը դողացող ձեռքերով կարմիր վարդ էր դրել անմար կրակի մոտ և աղոթք հղել առ Աստված` անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում պապի անունից տնկվել էր եղևնի, որի ցուցատախտակին գրված է. “Հիշի՛ր, Տեր, այս ազգի որդիների տառապանքը և օրհնի՛ր Հայաստանը”:

Կարևոր նշանակություն ունի ապրիլին 15-ին Եվրոպական Խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության մասին ընդունած բանաձևը, որում հիշատակվում է նաև Հռոմի Պրանցիսկոս պապի ապրիլի 12-ի հայտարարությունը: Եվրոպական Խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 1987-ի հունիսի 18-ին, երբ Հայաստանը անկախ չէր և մաս էր կազմում Խորհրդային Միության: Որևէ կերպ չթերագնահատելով 1987-ի բանաձևը, ավելին՝ դա համարելով Հայ դատի անձնուրաց աշխատանք, պետք է այնուամենայնիվ ընդգծել, որ նոր բանաձևը շահեկանորեն տարբերվում է 1987-ի բանաձևից: Մասնավորապես, նախորդ բանաձևում խստորեն դատապարվում էր “ամեն տեսակի բռնությունն ու ահաբեկչությունը” թուրք դիվանագետների նկատմամբ, որ իրականացնում էին հայկական “մեկուսացված խմբավորումները”: Թեև անուններ չէին նշվում, սակայն հասկանալի էր, որ խոսքը առաջին հերթին ԱՍԱԼԱ-ի և հավանաբար Հայոց ցեղասպանության արդարության մարտիկների մասին էր: Այս երկու խմբավորումները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում 1975-ից վրիժառուական գործողություններ էին իրականացրել թուրք դիվանագետներիև նրանց ընտանիքի անդամների նկատմաբ՝ ի բողոք այն իրողության, որ համաշխարհային հանրությունը մոռացության է մատնում Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 15-ին Եվրոպական Խորհրդարանի ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանության մասին նախկինում ընդունված նմանօրինակ բանաձևերի շարքում ամենից կուռն ու հիմնավորներից մեկն է: Գուցե շատ հայերի համար այդ բանաձևի մի քանի կետեր անընդունելի լինեն, մասնավորապես՝ ցյուրիխյան արձանագրությունները կյանքի կոչելու հորդորը, սակայն մյուս կողմից, պետք է հասկանալ, որ միջազգային բանաձևերը չեն կարող ամբողջովին բավարարել մի կողմի շահերը և արհամարհել մյուս կողմին: Բացի այդ, Հայաստանը մինչև այսօր հայտարարում է, որ պատրաստ է վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, եթե Թուրքիան առաջինը վավերացնի դրանք: Այնպես որ, Հայաստանի այսօրվա ղեկավարության համար այդ կետը ևս լիովին ընդունելի է:

Մինչև Ապրիլ 24-ը կայացած ձեռնարկների շարքում, բացի Հռոմի պապի մատուցած պատարագն ու Եվրոպական Խորհրդարանի բանաձևը, կարևոր էր ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քրդաշյանի, նրա քրոջ և ամուսնու՝ համաշխարհային ռեփփեր Քանիե Ուեսթի այցը Հայաստան: Միջազգային առաջատար լրատվամիջոցների կիզակետում մի քանի օր Քարդաշյանն էր ու Հայաստանը: Քարդաշյանը այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ինչը ևս դարձավ կարևոր նորություն համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերում: Հաշվի առնելով այն իրականությունը, որ Քարդաշյանը այսօր հավանաբար ամենից հայտնի հայն է աշխարհում, նրա այցը Ծիծեռնակաբերդ Հայոց ցեղասպանության ժողովրդայնացման և համաշխարհայնացման հարցում չափազանց կարևոր էր:

Մի քանի օր հետո հայ ժողովուրդը հերթական անգամ բռնելու է Ծիծեռնակաբերդի բարձունքի ճամբան: Նրան են միանալու ախարհի տարբեր պետությունների ղեկավարներ: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Մեկ դար է անցել մարդկության պատմության ամենից սարսափելի դրվագներից մեկից:

Թաթուլ Հակոբյան