“Լևոն Տեր-Պետրոսյան. Հայոց ցեղասպանությունը”. նոր հատոր

2137

«Անտարես» հրատարակչությունը լույս է ընծայել Լեւոն Տեր-Պետրոսյանի «Հայոց ցեղասպանությունը. հայացք պետականության դիտակետից» գիրքը։ iLur-ը ներկայացրել է գրքի խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Աշոտ Սարգսյանի առաջաբանը։

Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով ընթերցողի ուշադրությանն ենք ներկայացնում Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակային ելույթների, հոդվածների, հարցազրույցների սույն ժողովածուն։ Ցեղասպանության թեմայով, թերևս, արդեն հազարավոր ուսումնասիրությունների, հրապարակախոսական նյութերի կողքին այն շեշտակի առանձնանում է խնդրի արծարծման իր դիտանկյունով։ Խոսքը չի վերաբերում եղելության փաստական կողմին ու անսակարկելի գնահատականներին, այլ, առաջին անգամը լինելով՝ խնդրի համապարփակ քննարկմանն ու ընկալմանը պետականության, պետականություն ունեցող ազգի դիտանկյունից, ինչպես նաև ազգային այդ ամենամեծ ողբերգության հետևանքների վերացման քաղաքական խնդրի ձևակերպմանը։ Ներկայացվող նյութի այդ յուրահատկությունը պայմանավորում է նաև ներածական խոսքի ժամանակագրական ու թեմատիկ ընդգրկման շրջանակները։

Ցեղասպանության ու հարակից հարցերի քաղաքական ըմբռնումը

Հայ քաղաքական մտքի առանցքը, հանգամանքների բերմամբ, մի քանի հարյուր տարի եղել է այն պատկերացումը, թե հայ ժողովրդի ազատության, անկախության, ընդհուպ՝ գոյատևման և այլ խնդիրներ լուծելի են միմիայն արտաքին՝ երրորդ ուժի միջոցով։ Գործնական քաղաքականության հիմքում այս պատկերացումն ունենալով է, որ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո ձևակերպվեց, հետագա 40-ամյակում հետապնդվեց «Հայկական հարցը», 1918-20 թթ.՝ կառուցվեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը։ Նույն այս 40-ամյակում էր նաև, որ Օսմանյան Թուրքիան, դրան զուգահեռ, ծրագրեց ու իրականացրեց Հայոց ցեղասպանությունը, տեղի ունեցավ ողջ Արևմտյան Հայաստանի և Արևելյան Հայաստանի տարածքի կեսի կորուստը։

Եվ այնուամենայնիվ, երրորդ ուժի ապավինելու պատկերացման կորստաբերությունը չգիտակցվեց։ Այն, երկու տարատեսակով, հայ հասարակական-քաղաքական մտքի առանցքային դրույթը մնաց նաև հիշյալ ճակատագրական իրադարձություններին հաջորդած 70-ամյա շրջանում։ Խորհրդային Հայաստանում դրա խտացումը «Հավերժ Ռուսաստանի հետ» անքննելի կարգախոսն էր՝ որպես ոչ միայն հայ ժողովրդի գոյատևման, այլ նաև երբևէ «պատմական արդարության» հասնելու թաքուն մի հույս։ Սփյուռքում նույն՝ երրորդ ուժի ապավինելու հիմքի վրա ձևավորվեց, այսպես կոչված, «Հայ դատը»[1] (պահանջատիրությունը)՝ իր դարձյալ անքննելի ճշմարտություններով. Ցեղասպանության միջազգային ճանաչման միջոցով հասնել Թուրքիայի կապիտուլյացիային՝ մեր պատմական իրավունքների վերականգնմանը, հողային և այլ կորուստների փոխհատուցմանը։ Հայաստանում և Սփյուռքում այս պատկերացումների հիմքի վրա էր իմաստավորվում ու մատուցվում Հայոց պատմության ընդարձակ այդ շրջանը, պատկերանում ազգային առտնին խնդիրներից մինչև հեռավոր իղձերի իրականացման ճանապարհը։

Երրորդ ուժի առաջնայնության՝ քաղաքական իմաստով իռացիոնալ կանխադրույթը ցանկացած ժողովրդի մատնում է անզորության հոգեբանական բարդույթի, հեռու պահում իրական քաղաքական խնդիրներ ձևակերպելու ու հետապնդելու հնարավորությունից, ազատության ու անկախության կենսատու ձգտումից, փոշիացնում նրա պոտենցիալը կամ ուղղում ապարդյուն հուն։ Այն նաև տրամաբանորեն բացառում է սեփական պատասխանատվության խնդիրը՝ ոչ միայն անցյալի, այլև ներկայի և ապագայի համար։ Իսկ Հայոց ցեղասպանության իրողությանը տրված ոչ քաղաքական, զգացական գնահատականներն ու ընկալումն ավելի են խորացնում արմատավորված բարդույթներն ու հայ հասարակական-քաղաքական մտքի իռացիոնալիզմը։

1980-ականների վերջին՝ խորհրդային 70-ամյա միապաղաղության ավարտման շրջանում, երբ յուրաքանչյուր ժողովուրդ պիտի կանգներ իր առաջնահերթ քաղաքական խնդիրները ձևակերպելու և հետապնդելու գործնական անհրաժեշտության առջև, լավագույն դեպքում՝ ապարդյուն, իսկ գործնական քաղաքականության հիմքում դրվելով՝ նաև անդառնալի կորուստներով հղի հակաքաղաքական այս պատկերացումները լրջագույն մարտահրավերներ էին։ Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումն, ի դեմս իր ղեկավարության՝ «Ղարաբաղ» կոմիտեի, կարողացավ ժամանակին տեսնել այդ վտանգը։ Չժխտելով ազգային որևէ հարցի լուծման համար դաշնակիցներ ունենալու կարևորությունը՝ առաջ քաշվեց այն դրույթը, որ իրական քաղաքականության մեջ (ինչպես բոլոր ժողովուրդների կյանքում) արտաքին գործոնն ավելին չէ, քան օժանդակող հանգամանք, իսկ առաջնայինը սեփական ուժերին ապավինելն է։ Որքան էլ աշխարհում հանրահայտ, սակայն մեզանում դարերով ամրապնդված պատկերացումների համակարգին տրամագծորեն հակադիր այս դրույթը հեղափոխություն էր վերջին 300 տարվա հայ քաղաքական մտքի պատմության մեջ։

Շարժման, ապա նորանկախ Հայաստանի ղեկավարության կողմից հետևողական ջանքերով հնարավոր եղավ ամբողջ 10 տարի չեզոքացնել կարծրատիպերի վերածված հարյուրամյա ավանդական պատկերացումների բեռը, գործընթացները տանել իրատես քաղաքականության արդյունավետ հունով։ Դրա շնորհիվ ոչ միայն ապահովվեց Հայաստանի անկորուստ ընթացքը ԽՍՀՄ փլուզման և դրան հաջորդած՝ անկախության կայացման վտանգաշատ ու անկանխատեսելի շրջանում, այլև որպես արդյունք արձանագրվեցին անկախության ձեռքբերումը, պետականության կայացումը, ահռելի մարտահրավերների հաղթահարումը, պատերազմական հաղթանակները, Լեռնային Ղարաբաղի ազատագրումն ու փաստական անկախությունը, Հայաստանի արժանապատիվ տեղը պետությունների միջազգային ընտանիքում։ Դրա շնորհիվ հասարակության մեջ հաղթահարվեցին նաև քաղաքական անգործության մատնող՝ ցեղասպանության զոհի, թույլի, անզորի և անկարողի խորացած նվաստացուցիչ ազգային բարդույթները։

Սույն ժողովածուի նյութերի մի մասը վերաբերում է հենց այդ տասնամյակին։

* * *

Հայ իրականության մեջ, թերևս, ոչ մի հարց այնքան չի ուսումնասիրվել, գիտական ուսումնասիրությունների, հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների թեմա չի դարձել, որքան Հայոց ցեղասպանությունը։ Եվ այնուամենայնիվ, այդ ամենն ամփոփվել է հարցերի խիստ որոշակի հետևյալ շրջանակում.

– Ցեղասպանության փաստերի և իրողությունների պատմական շարադրանք.

– Ցեղասպանության իրողության հետ կապված խնդիրների իրավագիտական քննություն.

– Հայության՝ այդ շրջանի քաղաքական պատասխանատուների արդարացում.

– Մեղադրանք Թուրքիային՝ Ցեղասպանության իրականացման, ապա՝ ժխտողական քաղաքականության համար.

– Մեղադրանք աշխարհին՝ ժամանակին Թուրքիային չսանձելու, ապա՝ Ցեղասպանությունը չճանաչելու համար.

– Հողային և գույքային պահանջների առաջքաշում.

– Պանթուրքիզմի վտանգի հարատևության ահազանգում, ինչը ենթադրում է մշտական հովանավորի կարիք.

– Երրորդ ուժի ապավինելով ՝ Ցեղասպանության ճանաչման և հատուցման քաղաքական ու ժամանակային առաջնայնություն՝ մնացյալ բոլոր, այդ թվում նաև ազատության, անկախության խնդիրների համեմատ։

Այս հիմքի վրա էր խարսխված պահանջատիրության գաղափարախոսությունը, որը Հայոց ցեղասպանության ու դրա հետ առնչվող հարցերը քաղաքական խնդրից վերածել էր աղանդավորական բնույթի գաղափարախոսության անքննելի ճշմարտություն-կանխադրույթների։ Ճիշտ է՝ բազմաթիվ գիտական ուսումնասիրությունները, հրապարակախոսական նյութերը, Սփյուռքի հայկական լոբբիի աշխատանքը շատ կարևոր գործ էին արել՝ ապահովելով միջազգային մասշտաբով Հայոց ցեղասպանության հանրաճանաչելիությունը։ Սակայն այս ամենը քաղաքական իմաստով մնացել էր իռացիոնալիզմի շրջանակներում։ Նույն շրջանակներում էին տեղավորվել 1918 թվականից ի վեր Ցեղասպանությանը տրված գնահատականները։ Անշուշտ, եղել էին նաև առանձին պատմաբանների, գործիչների, մտավորականների՝ տարբերվող, ռացիոնալ, իրատեսական կարծիքներ ու գնահատականներ։ Սակայն դրանք, համակարգված չլինելով և չտեղավորվելով սրբագործված պատկերացումների շրջանակներում, կա՛մ հակահարվածների էին արժանացել, կա՛մ, ավելի հաճախ, պարզապես անտեսվել ու մոռացության մատնվել։ Առավել ևս՝ դրանք երբևէ չէին դրվել գործնական քաղաքականության հիմքում։

Լևոն Տեր-Պետրոսյանն է առաջին հայ ղեկավարը, որը, հակադրվելով ավանդական պատկերացումներին, պետականության դիտանկյունից համակողմանի քաղաքական գնահատական է տվել Հայոց ցեղասպանությանը, ցույց տվել ու հետևողականորեն պաշտպանել դրա՝ որպես քաղաքական խնդրի լուծման իրատեսական ճանապարհը։ Եվ նա է, որ, առաջին անգամը լինելով, իրատեսական այդ պատկերացումները դրել է գործնական քաղաքականության հիմքում, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում։

Սակայն, մեծ հաշվով, սա տեսական խնդիր կամ ճաշակի հարց չէր, ոչ էլ անգամ միայն Ցեղասպանությանն ու հայ-թուրքական հարաբերություններին էր վերաբերում։ Սա քաղաքականության մեջ իրատեսության ու արկածախնդրության միջև ընտրության, պետականության հիմնադրույթներին վերաբերող հարց էր՝ ըստ էության։ Ցեղասպանության հարցը պարզապես այն խնդիրն է, որն առավել ցայտուն է երևակում տրամագծորեն հակադիր այդ մոտեցումների տարբերությունը։ Սփյուռքի, անկախ պետականություն չունեցող կամ գործնական քաղաքական խնդիրներ հետապնդելու հնարավորություն չունեցող ժողովրդի համար իռացիոնալ պատկերացումները կարող են և վտանգավոր չլինել։ Պետականության պայմաններում, գործնական քաղաքականության մեջ, մասնավորապես, ինչպես ցույց էր տվել պատմական դառը փորձը, դրանք կարող են միայն ձախողումների, անդառնալի կորուստների պատճառ դառնալ։ Ուստիև՝ 1988-ից գործնական քաղաքականության դաշտ մտած Համաժողովրդական շարժման, ապա նորանկախ Հայաստանի Հանրապետության ղեկավարության ու ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի համար սա, առաջին հերթին պետականության հիմնադրույթների, երկրի ու ժողովրդի ներկայի ու ապագայի, բայց նաև հենց Ցեղասպանության հարցի ճակատագրի առումով գործնական, կենսական քաղաքական խնդիր էր։

Սակայն այն նույնքան գործնական ու կենսական խնդիր էր նաև պահանջատիրականության համար, որի՝ կրոնական հավատալիքի բնույթի հասցված կարծրատիպերը ժամանակի ընթացքում շատերի համար անխուսափելիորեն դարձել էին յուրատեսակ կենսակերպ, ազգային և անհատական ինքնության հատկանիշ։ Որպես այդպիսին էլ դրանք դրվել էին քաղաքական կուսակցությունների ծրագրերի հիմքում, ոմանց համար վերածվել աշխատանք, հասարակական դիրք, համարում ապահովող զբաղմունքի։ Այսինքն՝ ավանդական պատկերացումների կրողները կենաց ու մահու կռիվ էին տալու՝ Հայոց ցեղասպանությանը ու դրանից բխող հարցերին պետականության դիտանկյունից տրված գնահատականների, քաղաքական ծրագրերի ու քայլերի դեմ։

* * *

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների սույն ժողովածուն կազմված է նյութերի ժամանակագրական դասավորության սկզբունքով։ Ինչպես մյուս առանցքային հարցերում (պետականության հիմնադրույթներ, Լեռնային Ղարաբաղի հարց, արտաքին քաղաքականություն և այլն), այս դեպքում էլ ընթերցողը ժամանակագրական այդ հերթագայության մեջ ավելի դյուրին կտեսնի հեղինակի սկզբունքների և գնահատականների անխաթարությունն ու միագիծ հետևողականությունը։ Եվ դա՝ թե՛ որպես իրողությունները գնահատող գիտնականի (1983թ.), թե՛ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամի (1988–90 թթ.), թե՛ որպես երկրի ղեկավարի (1990-98 թթ.), թե՛ որպես ընդդիմության առաջնորդի (2007 թվականից առ այսօր)։

Ցեղասպանության խնդիրը Ղարաբաղյան շարժման տարիներին

Գաղափարական հակառակորդների կողմից տարածված թյուր կարծիք կա, թե Ղարաբաղյան կամ Հայկական ժողովրդավարական շարժումը, «Ղարաբաղ» կոմիտեն, ապա Հայոց համազգային շարժումն ու նրա իշխանությունն անտեսել են Հայոց ցեղասպանության խնդիրը։ Իրականությունը ճիշտ հակառակն է։ Ցեղասպանության հարցը դրված է եղել Հայոց համազգային շարժման՝ դեռ 1988-ի ամռանը կազմված և օգոստոսի 18-ին հրապարակված առաջին ծրագրում։ Ավելին, դա առաջին ծրագրային կետն էր, որ հաջողվեց կենսագործել նույն՝ 1988 թվականի նոյեմբերի 22-ին՝ հուժկու համաժողովրդական ճնշմամբ ստիպելով ՀԽՍՀ Գերագույն խորհրդին՝ դատապարտել 1915թ. Հայոց ցեղասպանությունը։

Սկզբում՝ 1988-ի Շարժման շրջանում, խնդիրը ոչ թե Ցեղասպանության հարցն էր, այլ պահանջատիրական պատկերացումների հիմքի վրա Ղարաբաղյան շարժման դեմ մղվող պայքարը։ Ընդ որում՝ նախահարձակ եղավ հենց պահանջատիրականությունը։ Դեռ 1988-ի սեպտեմբերի վերջին Սփյուռքի երեք կուսակցությունները համատեղ հայտարարությամբ հանդես եկան Ղարաբաղյան շարժման դեմ։ Շարժումն այն ժամանակ դրան չարձագանքեց։

1989թ. ամռանը, երբ ակնհայտ դարձավ, որ Համաժողովրդական շարժման քաղաքական օրակարգում անկախության խնդիրը պիտի դառնա առաջնային՝ որպես մյուս բոլոր, ներառյալ՝ Ղարաբաղի խնդիրների լուծման ելակետ, կոմունիստական իշխանությունը որոշեց Շարժման դեմ գաղափարական պայքարը տեղափոխել պահանջատիրական հարթություն։ Առաջին հրապարակային առճակատումը տեղի ունեցավ ՀԽՍՀ Գերագույն խորհրդում։ Այստեղ 1989-ի հունիսի 23-ին Զորի Բալայանը մի ելույթ ունեցավ, որում Ցեղասպանության «դասերի», պահանջատիրականության անքննելի «ճշմարտություններից» մեկի՝ պանթուրքիզմի վտանգի վկայակոչմամբ բացառում էր ինքնուրույնության, անկախության տանող որևէ քաղաքական նախաձեռնություն՝ նկատի ունենալով «Ղարաբաղ» կոմիտեի և Հայոց համազգային շարժման անկախության ուղեգիծը։ Հաջորդ իսկ օրը՝ հունիսի 24-ին, նույն ամբիոնից հնչեց Լևոն Տեր-Պետրոսյանի ջախջախիչ հակադարձումը «Ղարաբաղ» կոմիտեի անունից[2]։ Ելույթը, որպես թռուցիկ, տարածվեց երկրով մեկ, և արդեն որոշակի քաղաքական դպրոց անցած հայաստանյան հասարակությունը լիակատար ընկալեց այն։ Դա պահանջատիրականության առաջին խոշոր պարտությունն էր Հայաստանում։

Հատկանշական է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի այս ելույթի մասին կոմունիստական քարոզչամեքենան բացարձակ լռություն պահպանեց՝ այն քննադատելու գործը թողնելով (կամ հանձնարարելով) Դաշնակցությանը[3]։ Այս պահից Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ պահանջատիրություն դավանողների քննադատության ու հարձակումների հիմնական թիրախը։ Նա այդպիսին մնաց նաև հետագայում և առ այսօր, քանզի իրեն հատուկ սկզբունքայնությամբ ու հետևողականությամբ՝ թե՛ որպես իշխանության ղեկավար, թե՛ որպես ընդդիմության առաջնորդ, մնաց իրատեսական քաղաքականությունը քաղաքական արկածախնդրությունից զատելու առաջամարտիկի ու ջատագովի դերում։

Հայոց Ցեղասպանության խնդիրն անկախ պետականության տարիներին (1991-1998 թթ.)

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արդյունավետ հետապնդման ուղղությամբ արվել են մի քանի կարևոր քայլեր։

ա) Ամենադժվարին տարիներին Երևանում կառուցվել ու 1995թ. սկսել է գործել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

բ) Նույն թվականին Երևանում կազմակերպվել է Ցեղասպանության 80-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով՝ աշխարհի ամենահեղինակավոր գիտնականների մասնակցությամբ։

գ) Այդ գիտաժողովում Հանրապետության նախագահը հանդես է եկել քաղաքական իմաստով ուղենիշային մի ելույթով, որտեղ, 1918 թվականից ի վեր առաջինը լինելով Հայաստանի ղեկավարների մեջ` Հայոց ցեղասպանությանն ու հարակից հարցերին տվել է պետականության դիրքերից բխող համակողմանի քաղաքական գնահատականներ։

Օրենքներ ու կանոններ կան ոչ միայն ճշգրիտ գիտությունների, այլ նաև քաղաքականության մեջ։ Պետությունը որևէ խնդիր իր քաղաքական օրակարգում կարող է դնել ու հետապնդել միայն այն ժամանակ, երբ դրա լուծման համար առկա են անհրաժեշտ ռեսուրսներ և համոզիչ հաշվարկներ։ Սա, կարելի է ասել, քաղաքականության ոսկե կանոնն է։ Արհամարհել դա ու տվյալ պահին անլուծելի խնդիր դնել քաղաքական օրակարգում՝ նշանակում է կա՛մ քաղաքական տգիտություն, կա՛մ տվյալ խնդիրն ընդհանրապես ձախողելու, ոչնչացնելու դիտավորություն, կա՛մ որպես մանրադրամ՝ դրա օգտագործում, վատնում՝ անձնական կամ խմբակային շահ ստանալու համար։

Լևոն Տեր-Պետրոսյանը, բնականաբար, արտաքին քաղաքականության հիմքում չդրեց Ցեղասպանության ճանաչման հարցը, քանզի չէր հետապնդում նշված նպատակներից որևէ մեկը։ Եվ, հակադրվելով պահանջատիրականության առանցքային պատկերացումներին, ի սկզբանե առաջ քաշեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու խնդիրը. «Մենք իրավունք չունենք այլևս կրկնել 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ քաղաքական մտքի ճակատագրական սխալը և հայ-թուրքական հարաբերություններում ապավինել երրորդ ուժի։ Այդպիսի քաղաքականության ողբերգական հետևանքները հայտնի են բոլորին։ Դա քաղաքականություն էլ չէ, այլ խեղճի, որբի, անզորի հոգեբանություն» (08.12.2007)։

Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին պետական քաղաքականության հիմքում դրված են եղել օբյեկտիվ իրողությունները ու դրանց հիման վրա հարցի կարգավորման, միջազգային հարաբերություններում նման դեպքերի համար կիրառվող, միակ բանական հետևյալ տարբերակը. «Քանի որ Թուրքիայի հետ հարաբերություններում Ցեղասպանությունը վիճելի խնդիր է, և դժվար է պատկերացնել, որ երկու երկրների միջև դա առաջիկայում կարող է հարթվել, ապա գործադրելին «համաձայնություն տարաձայնության մասին» բանաձևն է։ Այսինքն՝ Հայաստանը համարում է, որ 1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն է, իսկ Թուրքիան դա չի ընդունում։ Այլ կերպ ասած՝ համաձայնում ենք, որ տեսակետները տարբեր են, և մեր հարաբերությունները կառուցում ենք ահա այս համաձայնության հիման վրա։ Այս դեպքում հարցը չի խանգարում հայ-թուրքական հարաբերությունների մնացյալ հարցերի կարգավորմանը» (15.09.2008)։ Արտաքին քաղաքական այս բանաձևը, անխոցելի լինելով, Թուրքիային զրկում էր սահմանները չբացելու որևէ հիմքից։ Եվ սահմանները բացվեցին, շրջափակման ու պատերազմի ամենածանր տարիներին այդ ճանապարհով Հայաստան հաց էր մատակարարվում։

Մյուս կողմից՝ այդ բանաձևը ոչ մի կերպ չէր խանգարում Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին, որ 1965 թվականից ի վեր տեղի էր ունեցել և տեղի էր ունենում բոլորովին այլ մեխանիզմով։ Պատահական չէ, որ Տեր-Պետրոսյանի նախագահության շրջանում բազմաթիվ երկրներ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։

Պահանջատիրությունը և Ցեղասպանության ճանաչման հարցի լուծման ճանապարհը

Ցեղասպանության հարցով բանավեճը ուներ երկու առանձնահատկություն։ Առաջին՝ ամբոխահաճ կարգախոսների տեսքով ներկայացող պահանջատիրականությունը, լսարանի բավարար տեղեկացվածություն ու մտքի աշխատանք չպահանջելով, շոյում էր մարդկանց ազգային զգացումները։ Մինչդեռ խնդրի քաղաքական դրվածքը՝ հենված փաստարկումների, հաշվարկների և հիմնավորումների վրա՝ իրողությունների որոշակի իմացություն, քաղաքական պատրաստություն ու հաշվելու ունակություն էր ենթադրում։ Երկրորդ՝ պահանջատիրականությունը ոչ մի կերպ չէր մտնում փաստարկների ու քաղաքական հաշվարկների վրա հենված բանական բանավեճի դաշտ ու իր մեղադրանքները շարունակում էր կրկնել՝ ելնելով կրոնական կարծրատիպերի վերածած սեփական «ճշմարտություններից» և անտեսելով մյուս կողմի բերած փաստարկները։ Լևոն Տեր-Պետրոսյանն ի սկզբանե արձանագրում է դա. «Բանավեճի առանձնահատկությունը, դժբախտաբար, այն է, որ դրանով երբեք հնարավոր չէ ազդել ընդդիմախոսի վրա… Միևնույն է, եթե որևէ դիրքորոշում ձեռնտու է մեր ընդդիմախոսներին, որքան էլ հիմնավորված լինեն մեր փաստարկներն ու պարզաբանումները, նրանք նույն մեղադրանքները շարունակ կրկնելու են, որովհետև քաղաքական այլ խաղաքարտ չունեն»։ Ուստիև այս դեպքում նա իր նպատակը համարում էր միմիայն հասարակության պատկերացումները փոխելը. «Բանավեճը նրա համար է, որ համոզես ժողովրդին, երրորդ կողմին» (24.11.1990)։

Եվ, պետականության դիտանկյունից ու քաղաքական հարթության վրա խնդիրը հանգում էր հետևյալ արձանագրումներին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը «երրորդ կողմի»՝ ժողովրդի, հասարակության համար մանրակրկիտ փաստարկումներով արել է ոչ մեկ անգամ.

– Ցեղասպանությունը և պահանջատիրությունը ոչ միայն Սփյուռքին են վերաբերում, այլ նաև Հայաստանի ժողովրդին։

– Այդ խնդիրը (և որևէ այլ խնդիր) պաշտոնապես չի կարող դրվել երկրի քաղաքականության օրակարգում, քանի դեռ պետությունը չի տիրապետում դրա լուծման համար անհրաժեշտ ռեսուրսների, այլապես այն կբերի կորուստների, ընդհուպ՝ տվյալ խնդրի տապալման։

– Հայ ժողովրդի դեմ կատարված Ցեղասպանությունը վաղ թե ուշ ճանաչվելու և դատապարտվելու է միջազգային հանրության կողմից։ Տարբեր երկրներում դա տեղի է ունենում կա՛մ հայկական համայնքների ճնշմամբ, կա՛մ՝ եթե դա բխում է տվյալ երկրի շահերից։ Հայաստանի պահանջով որևէ երկիր չի ճանաչել ու չի ճանաչելու Ցեղասպանությունը։

– Միջազգային հանրությունը չի ընդունում պատմական իրավունքը որպես քաղաքական կամ իրավագիտական հասկացություն, ուստիև, այդ դիրքերից հանդես գալով, մենք միջազգային ասպարեզում հայտնվում ենք անմեղսունակի վիճակում։

– Վաղ թե ուշ Ցեղասպանությունը ճանաչելու է նաև Թուրքիան, սակայն ոչ թե Հայաստանի կողմից գործադրված ճնշման տակ, այլ երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հաստատումից հետո գոյանալիք փոխվստահության հիմքի վրա։

Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության ճանաչման գործընթացին կարող էր խանգարել և նոր կորուստների պատճառ դառնալ մի բան՝ եթե պետական, գործնական քաղաքականության հիմքում կրկին դրվեին պահանջատիրական պատկերացումները։ Այդպես էլ եղավ 1998-ից հետո։ Իսկ դրա առարկայացած ծանրագույն հետևանքները, որպես անհերքելի ապացույցներ, եկան հաստատելու Տեր-Պետրոսյանի պնդումների ու կանխատեսումների իրավացիությունը։

Երբ վերադարձան պահանջատիրական պատկերացումները

Տրամագծորեն փոխելով արտաքին քաղաքականության վեկտորը՝ Ռ. Քոչարյանը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում դրեց Ցեղասպանության ճանաչման հարցը և 1998 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունեցավ այդ մասին։ Սա տուրք էր պահանջատիրականությանը, և ինչպես միշտ նման դեպքերում, տվյալ ելակետից արված այս քայլի իրական շարժառիթները ոչ մի կապ չունեին բուն Ցեղասպանության խնդրի հետ։ Միակ շարժառիթը անձնական շահն էր՝ Սփյուռքում և այլ շրջանակներում էժան դիվիդենտներ վաստակելը, իհարկե՝ հենց Ցեղասպանությանն ու հարակից հարցերին հասցված հսկայական վնասի հաշվին։ Քիչ անց նույն Ռ. Քոչարյանը ստիպված եղավ հայտարարել, որ Հայաստանը հողային պահանջներ չունի Թուրքիայից։ Իսկ Թուրքիայի անմիջական արձագանքը Քոչարյանի ելույթին՝ Ցեղասպանության հարցով «հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու պաշտոնական առաջարկն էր, որը մինչ այդ անհեթեթ կլիներ։ Այժմ առիթը տրված էր, և, որպես դանդաղ գործողության ական, այն Ցեղասպանության հարցի գլխին պիտի պայթեր քիչ ավելի ուշ՝ արդեն Սերժ Սարգսյանի ձեռքով։ Պահանջատիրականության և պատմական իրավունքի թեզերի տրամաբանության թելադրանքով էր նաև, որ Լեռնային Ղարաբաղը Ռ. Քոչարյանի ձեռքով զրկվեց հակամարտության լիիրավ կողմի միջազգային մանդատից և ինքնորոշվող սուբյեկտից վերածվեց տարածքային վեճի օբյեկտի։

Ս. Սարգսյանի «Ֆուտբոլային դիվանագիտություն» անունով հայտնի արտաքին քաղաքական գործընթացն սկիզբ առավ 2008թ. հունիսի 23-ին՝ Մոսկվայում նրա արած անակնկալ հայտարարությամբ, ըստ որի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, սահմանների բացման դիմաց ինքը համաձայն կլինի Հայոց ցեղասպանության հարցով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վաղուց արված առաջարկին, և Թուրքիայի նախագահ Ա. Գյուլին հրավիրեց Հայաստան՝ միասին դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը։ 2009-ի ապրիլի 22-ին լրագրական արտահոսք եղավ հայ-թուրքական կարգավորման ինչ-որ «ճանապարհային քարտեզի» մասին, որում արդեն խոսք կար պատմաբանների հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ ԱՄՆ նախագահը, դրան հղում կատարելով, ազատվեց հաջորդ օրը «ցեղասպանություն» բառն ասել-չասելու ամենամյա տհաճ խնդրից։ Օգոստոսի 31-ին հրապարակվեցին «Հայ-թուրքական արձանագրությունները», իսկ հոկտեմբերի 10-ին դրանք ստորագրվեցին Ցյուրիխում։

Թուրքիան ստացավ այն, ինչ իրեն պետք էր՝ աշխարհում Ցեղասպանության ճանաչման դեմ որպես փաստարկ օգտագործելու համար։ ԱՄՆ-ը ստացավ այն, ինչ իրեն էր պետք՝ ազատվելու համար Հայոց ցեղասպանության խնդրի ամենամյա գլխացավանքից։ Ս. Սարգսյանն ստացավ Արևմուտքի լրացուցիչ խրախուսանքները և աջակցության հերթական չափաքանակը։ Փաստի կատարումից հետո սփյուռքում աննախադեպ սուր, բայց արդեն ապարդյուն ալեկոծումներ եղան։ Իսկ սահմանները չբացվեցին։ Մոտ մեկուկես տարի հետո այսպիսի խայտառակ արդյունքով ավարտվեց, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտությունը»։

Լևոն Տեր-Պետրոսյանն ի սկզբանե և ընթացքում բազմիցս հանգամանորեն անդրադարձել է այս խնդրին՝ դրա շրջանակներում նախապես անելով նաև մի քանի պնդումներ ու կանխատեսումներ, որոնք ամբողջությամբ իրականացան։ Մասնավորապես՝

Ա) Դեռևս 2007թ. դեկտեմբերի 8-ի ելույթում, կանխազգալով, որ շուտով նորից կարող է շրջանառության մեջ դրվել Ցեղասպանության խնդրի քննության նպատակով հայ և թուրք պատմաբանների հանձնաժողով ստեղծելու գրեթե մոռացված գաղափարը, հարկ համարեց այդ մասին տեղյակ պահել հասարակությանը։ Ինչպես հայտնի է, այդ կանխատեսումը մեկ-երկու տարի հետո իրականություն դարձավ՝ արտացոլվելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող ցյուրիխյան արձանագրություններում։

Բ) 2009թ. մայիսի 1-ի իր ելույթում Լևոն Տեր-Պետրոսյանը ենթադրաբար նշեց, թե ինչ հիմնական կետեր կարող է բովանդակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեռևս չհրապարակված «ճանապարհային քարտեզը»։ Երբ ամիսներ անց փաստաթուղթը հրապարակվեց, պարզվեց, որ արված կանխատեսումները 100 տոկոսով ճիշտ էին։

Գ) Որևէ պայմանով չէր կարելի ընդունել պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթը։ Դա նշանակում է կասկածի տակ դնել Ցեղասպանության եղելության փաստը, ինչը խոչընդոտ կդառնա վերջինիս միջազգային ճանաչումների ճանապարհին։ Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո դրանով ապրող Սփյուռքի աննախադեպ կոշտ ռեակցիան այս պնդման իրավացիության լավագույն ցուցանիշն էր։ Իսկ դրա առարկայական ապացույցն այն փաստն էր, որ ԱՄՆ նախագահի թեկնածուներն առաջին անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման խոստման, և նախագահները՝ ապրիլի 24-ի առիթով «ցեղասպանություն» բառն արտասանելու-չարտասանելու խնդիր այլևս չունեին՝ վկայակոչելով պատմաբանների հանձնաժողովի մասին դրույթը ստորագրված արձանագրություններում։

Դ) 2009թ. աշնանը Ս. Սարգսյանը հոխորտում էր, թե պատասխան այցով Թուրքիա կմեկնի միայն այն դեպքում, երբ հայ-թուրքական սահմանը բացված կլինի կամ կգտնվի «բացման շեմին»։ Լևոն Տեր-Պետրոսյանն այս առիթով վստահ արձանագրեց. «Սերժ Սարգսյանը ուզի-չուզի՝ գնալու է Թուրքիա, նախ՝ որովհետև հակառակը նրան թույլ չեն տա, և երկրորդ՝ նա չի կարող խափանել Ֆուտբոլային դիվանագիտությունը, քանի որ այն ինքն է նախաձեռնել» (18.09.2009)։ Արձանագրություններն ստորագրվեցին, սահմանները չբացվեցին, «շեմի» մասին էլ խոսք լինել չէր կարող, բայց Ս. Սարգսյանը, իրոք, հոկտեմբերի 14-ին գլխիկոր մեկնեց Թուրքիա։

Ե) Հայ-թուրքական հարաբերությունների իրական խոչընդոտը ոչ թե Ցեղասպանության խնդիրն է, այլ Ղարաբաղի հարցի կարգավորված չլինելը, և Թուրքիան որևէ այլ դեպքում, անգամ պատմաբանների հանձնաժողովի ստեղծման հարցում զիջման դիմաց, սահմանները չի բացի։ Ինչպես դեռևս 2009թ. մայիսին այդ մասին պնդել է Տեր-Պետրոսյանը՝ «Հակառակ լավատեսական կանխատեսումներին և հակառակ բոլոր սպասումներին, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները չեն կարգավորվելու, և հայ-թուրքական սահմանը չի բացվելու, քանի դեռ էական առաջընթաց չի արձանագրվել Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում» (01.05.2009)։ Շուրջ մեկուկես տարի Ս. Սարգսյանը և իշխանական քարոզչամեքենան բացառում էին հայ-թուրքական կարգավորման «ֆուտբոլային դիվանագիտության» հետ Ղարաբաղի խնդրի կապը։ Վերջիվերջո, երբ բացահայտ իրողությունների հանդիման այլևս անհնար էր խուսանավել, Ս. Սարգսյանն ստիպված էր հայտարարել, թե իրեն խաբել են։

Զ) Դեռևս ամիսներ առաջ Լ. Տեր-Պետրոսյանը մտավախություն էր հայտնել, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ անխուսափելիորեն ծավալվելիք երկուստեք քարոզչության-հակաքարոզչության ընթացքում կրքերն այնքան կարող են բորբոքվել, որ դա ավելի ևս կբարդացնի կամ առնվազն կդանդաղեցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչի ականատեսն ենք մենք ներկայումս։

Է) Եվ վերջապես, ժամանակային ավելի լայն կտրվածքով և խնդրի ամբողջականության տեսանկյունից, արդարացավ Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական թեզը, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորել առանց նախապայմանների։ 1990-ականներին, նրա իշխանության տարիներին սրա դեմ կատաղի կռիվ էր տալիս պահանջատիրականությունը՝ համարելով, որ կարգավորումը հնարավոր է միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման նախապայմանով։ Հիմա, հերթական ձախողումից ու կորուստից հետո, պահանջատիրականությունը ինքն է հանդես գալիս նույն՝ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կարգախոսով։ Եվ իհարկե, 180 աստիճանի այս շրջադարձից հետո էլ որևէ մեկը նվազագույն ազնվություն ու պարկեշտություն չունեցավ խոստովանելու կամ արձանագրելու տվյալ փաստը։

Դիտարկելի է նաև այն հարցը, թե «Ֆուտբոլային դիվանագիտության» մեջ իրո՞ք խաբվեց Ս. Սարգսյանը։ Իսկ գուցե նա «պատմաբանների հանձնաժողովի» խոստումը Արևմուտքին տվել էր դեռ 2008-ի նախընտրական շրջանում՝ ստանալու համար վերջինիս այն վճռորոշ աջակցությունը, առանց որի պարզապես չէր կարող իշխանության հասնել։ Կամ գուցե նա այդ բանն արեց Մարտի 1-ը «մարսելու» և երկրի ներսում չունեցած օրինակարգությունը նույն արտաքին աշխարհում լրացնելու համա՞ր։

Այս հարցադրումները կարող էին մնալ տրամաբանական հիմքով ենթադրության, հիպոթեզի մակարդակում, եթե քիչ անց մի դիպվածով հայտնի չդառնային կարևոր փաստաթղթեր։ ԱՄՆ Պետդեպից տեղեկատվական խոշոր մի արտահոսքից հետո հրապարակվեցին գաղտնի փաստաթղթեր («Վիկիլիքս» կայքի կողմից)։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից ծագող փաստաթղթերից մի քանիսն (հմմտ. օրինակ, Wikileaks. 07YEREVAN1000. 08.07.2007), ահա, վերաբերյալ հարցադրումների ենթադրական պատասխանները դարձնում են առարկայական. Ս. Սարգսյանն, ըստ էության, «պատմաբանների հանձնաժողովի» կամ Ցեղասպանության ուրացման խոստմամբ նախապես վճարել է իշխանություն ստանալու ու պահպանելու համար Արևմուտքից ստացած օժանդակության դիմաց։ Իսկ, վերջինիս օժանդակությամբ իշխանության բռնազավթումից հետո պարզապես կատարել է այդ խոստումը։ Այսինքն՝ առևտուր է արել։ Եվ միայն այս դեպքում է բացատրելի դառնում, թե ինչու նա «ֆուտբոլային դիվանագիտության» ահավոր ձախողումից ու խայտառակությունից հետո հրաժարական չտվեց։ Նա վաղուց գիտեր, թե ինչ է խոստացել, ինչ է անելու, ինչ հետևանքներ են լինելու, ու գիտակցաբար գնացել էր դրան։

Այսինքն՝ ինչպես ընդհանրապես պահանջատիրականության, այնպես էլ դրան տուրք տված Ռ. Քոչարյանի և Ս. Սարգսյանի համար Հայոց ցեղասպանության հարցն այլ բան չի եղել և այլ բան չէ, քան մանրադրամ, վճարամիջոց՝ իշխանության դիմաց։ Դրա ապացույցներն այժմ նաև փաստաթղթային են, իսկ հետևանքներն առարկայացած են ի դեմս «պատմաբանների հանձնաժողովի», հայ-թուրքական և Ղարաբաղյան կարգավորման հարցերում կրած կորուստների։

* * *

100-ամյակը լավագույն առիթն էր Հայոց ցեղասպանության խնդրի մի նոր միջազգային հնչեղություն ապահովելու, միաժամանակ՝ ամենակենսական հարցերից մեկում՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու համար։ Բայց սա այն դեպքում, երբ իշխանությունը դրան նայում է Հայաստանի, հայ ժողովրդի ու հենց Ցեղասպանության խնդրի շահերի, այն է՝ պետականության դիտանկյունից։ Միջազգային հանրությանն ուղղված հիմնական փաստաթուղթը՝ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագիրը» կազմված է պահանջատիրականության հիմքով և նպատակ ունի հոբելյանական տարելիցի առիթով ակտիվացած ազգային զգացական ֆոնի շահագործմամբ ժամանակավոր էժան դիվիդենտներ հավաքել հօգուտ գործող ռեժիմի իշխանության երկարաձգման այսօրեական խնդրի։

Դրա հետևանքները լավագույնս պատկերացնող Լևոն Տեր-Պետրոսյանը չէր կարող չարձագանքել այս փաստաթղթին։ Նա հանդես եկավ ընդարձակ հոդվածով՝ մանրամասն ցուցադրելով ոչ միայն փաստաթղթում տեղ գտած այլազան թերությունները, իրավաբանական անգրագիտություններն ու անհեթեթությունները, այլև վտանգները։ Սակայն նա այդ ամենն արեց ոչ թե որպես քաղաքական հակառակորդ, այլ, վեր կանգնելով ներքաղաքական խնդիրներից ու ելնելով աշխարհին Հայոց ցեղասպանության 100-ամյակին պատշաճող փաստաթուղթ հղելու պետական գործչի մտահոգությունից։

Նույն մտահոգությամբ թելադրված՝ նա, դրանով չբավարարվելով, կատարեց աննախադեպ մի քայլ՝ «Բաց նամակով» առաջարկելով Ս. Սարգսյանին հանդիպել, ստեղծել մասնագիտական նոր հանձնաժողով, որն այդ փաստաթուղթը կհամապատասխանեցնի միջազգային չափանիշներին, ավելին՝ պատրաստակամություն հայտնեց անձամբ աշխատել այդ հանձնաժողովում, նշելով. «Փույթ չէ, թե «ոխերիմ բարեկամներս» ինչպես կմեկնաբանեն իմ անսպասելի քայլը։ Կարևորն այս պատասխանատու խնդրում պետական և համազգային մակարդակով սխալ թույլ չտալն է։ Մնացած ամեն ինչ չնչին է ու երկրորդական»։ Համազգային կարևորության առումով այս խնդիրը նա համեմատում է Ղարաբաղյան կարգավորման հետ և ավելացնում. «Մեկ էլ, հնարավոր է, Ձեզ այսպիսի անակնկալ մատուցեմ Ղարաբաղյան կարգավորման խնդրում բարդություններ առաջանալու պարագայում։ Երբ վտանգվում է իմ ազգի և պետության ապագան, ես ձեռքերս ծալած չեմ կարող նստել և ցանկացած դուռ կբախեմ[4]»։

Սերժ Սարգսյանի պատասխանում հիշյալ փաստաթղթին տրված անվերապահ դրական և որևէ փոփոխություն մերժող գնահատականից հետո Լևոն Տեր-Պետրոսյանն անիմաստ համարեց նրա հետ հանդիպումը[5]։

* * *

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով կլինեն պատմաբանների, խնդրի նեղ մասնագետների տասնյակ հրապարակումներ, մեկուկես միլիոն զոհերի հիշատակը ոգեկոչող հարյուրավոր հոդվածներ, այլ միջոցառումներ։

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթների սույն ժողովածուն Հայոց ցեղասպանության հոբելյանական տարեթվի առիթով արված պարզ հրատարակություն չէ միայն։ Հեղինակի անձում եզակիորեն համատեղվում են մի կողմից՝ պատմական-փաստական նյութին քաջատեղյակ հմուտ պատմաբանը, մյուս կողմից՝ գործնական քաղաքականության մեջ, տարաբնույթ այլ խնդիրների համադրությամբ, տարիներ շարունակ Ցեղասպանության ու հարակից խնդիրներով զբաղված պետական գործիչն ու երկրի ղեկավարը։ Ահա թե ինչու սույն ժողովածուում Ցեղասպանության հարցն առաջին անգամ և համապարփակ ձևով ներկայանում է պետականության, պետականագիտության դիտանկյունից և գործնական քաղաքականության հարթության վրա։ Որպես այդպիսին միակը լինելով այս բնագավառում՝ այն շատ կարևոր նշանակություն ունի Հայոց ցեղասպանության ու դրա հետ կապված խնդիրները վերաիմաստավորելու, զգացմունքային ոլորտից դուրս բերելու, տարատեսակ շահարկումներից զերծ պահելու, մանրադրամի վերածելու խայտառակությունները բացահայտելու ու հետագայում բացառելու համար։ Եվ դա՝ ինչպես գիտության, այնպես էլ՝ գործնական քաղաքականության մեջ։

Հայոց ցեղասպանության հարյուրամյա պատմությունը, Հայաստանի պետականության 25 տարիների թե՛ ուսանելի դրական, թե՛ խոտելի ու կորստաբեր բացասական փորձը գործնականում ցուցադրել են Ցեղասպանության վերաիմաստավորման՝ որպես իրոք ազգային խնդրի հրատապությունը և կենսական անհրաժեշտությունը։ Ընկալման այս նոր հիմքի վրա դրվելով է, որ Հայոց ցեղասպանության հարցը կարող է վերջապես ազատվել շարունակական կորուստներ բերող պահանջատիրական իռացիոնալ գաղափարախոսական կապանքներից, դուրս բերվել անիմաստ հավերժացման ու կրոնական դոգմայի վերածման ճահճից, դիտարկվել որպես պետականության կրող ազգին հարիր քաղաքական խնդիր և դրվել արդյունավետ հետապնդման բանական ուղու վրա։

Ինչպես տեսնում ենք, Ցեղասպանության խնդրի վերաբերյալ Լևոն Տեր-Պետրոսյանի կուռ հայեցակարգն ամբողջությամբ հիմնված է Հայաստանի Հանրապետության պետական շահերի ըմբռնման վրա, ինչը կարմիր թելի պես անցնում է նրա բոլոր հրապարակային ելույթների և գործնական քաղաքական քայլերի միջով։ Դրա հետ մեկտեղ, թյուրիմացությունների և անհարկի շահարկումների տեղիք չտալու նպատակով, հարկ է նաև հատուկ ընդգծել նույն խնդիրների նկատմամբ Սփյուռքի դիրքորոշմանը վերաբերող նրա հետևյալ նուրբ դիտարկումը. «Ցեղասպանության ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանն ունի իր ըմբռնումն ու օրակարգը, Սփյուռքն՝ իրենը։ Հայաստանը չի կարող և իրավունք չունի Սփյուռքին թելադրել իր ըմբռնումն ու օրակարգը։ Աշխարհացրիվ հայ ժողովրդի զավակները, որպես տարբեր երկրների քաղաքացի, հարկատու և ընտրող, իրավունք ունեն ճնշում բանեցնելու իրենց կառավարությունների վրա և նրանցից պահանջելու՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այդ երկրների ներքին գործն է՝ արձագանքել կամ չարձագանքել իրենց քաղաքացիների պահանջներին։ Թուրքիան նախ՝ չպետք է Հայաստանը շփոթի Սփյուռքի հետ և երկրորդ՝ չպետք է դժգոհի վերջինիս պահվածքից, քանի որ Սփյուռքը Ցեղասպանության հետևանքն է»[6]։

Վերջում հարկ ենք համարում նշել, որ սույն ժողովածուի տողատակային ծանոթագրությունները պատկանում են խմբագրի գրչին։ Լ. Տեր-Պետրոսյանի բանավոր ելույթները վերարտադրված են հեղինակային թեթևակի լեզվական խմբագրությամբ, առանց մազաչափ անգամ դիպչելու նրանց բովանդակությանը։

ԱՇՈՏ ՍԱՐԳՍՅԱՆ

Պատմական գիտությունների թեկնածու

[1] «Հայ դատ» – միջազգային Cause Arménienne (Armenian Cause) տերմինի բառացի հայերեն թարգմանությունն է, որը նշանակում է «Հայկական հարց»։ Ծագելով 1878թ. ռուս-թուրքական պատերազմից հետո որպես միջազգային հարցի անուն՝ այն նախապես բոլորովին այլ իմաստ է ունեցել, այն է՝ Օսմանյան կայսրության հոծ հայկական բնակչություն ունեցող նահանգներում եվրոպական գերտերությունների վերահսկողությամբ բարենորոգումներ անցկացնելու ծրագիրը։ 1923թ. Լոզանի կոնֆերանսից հետո, երբ նշված ծրագիրը վերջնականապես թաղվեց, «Հայ դատ» տերմինը հայկական միջավայրում վերաիմաստավորվեց, և վաղուց դրա քաղաքական էությունն այլ բան չէ, քան պահանջատիրությունը, որի միջազգային մոտավոր համարժեքը irredentism բառն է։ Ուստիև՝ սույն շարադրանքում մենք կխուսափենք թյուրընկալումների տեղիք տվող Հայ դատ, հայդատականություն հասկացությունների օգտագործումից, դրանց փոխարեն գործածելով քաղաքական իմաստով լիովին համարժեք ու ամենքին հասկանալի՝ պահանջատիրություն և պահանջատիրականություն բառերը։

[2] Գերագույն խորհրդի նստաշրջաններին Շարժման պահանջով հրավիրվում էին Կոմիտեի ներկայացուցիչները՝ ելույթի իրավունքով։

[3] ՀՅԴ կենտրոնական օրգան «Դրօշակը» (5 հուլիս, 1989թ.) դրան անդրադարձավ «Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգիչ ելույթը» վերնագիրը կրող հոդվածով։

[4] Ներքաղաքական մի անակնկալի բերումով հիշյալ «Բաց նամակը» հրապարակվեց 2 օր ուշացումով, արդեն «Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման բացթողնված մի պատեհություն» վերնագրով և այդ ուշացման մասին ծանոթագրությամբ։

[5] Տե՛ս «Հայ Ազգային Կոնգրեսի» մամլո խոսնակի հաղորդագրությունը. iLur.am. 21.02.2015։

[6] Լ. Տեր-Պետրոսյան, Վերադարձ, Երևան, 2009, էջ 115։