Վարչապետ Քաջազնունու վերարկուն

5188

Հատված Ս. Թորոսեանի «Հանդիպումներ վարչապետ Յ. Քաջազնունու հետ» հոդվածից (Հայրենիք ամսագիր, հուլիս, 1952, էջ 1-8)

Զարմանալիօրէն բծախնդիր մարդ էր Քաջազնունին: Հայաստանի կառավարութիւնը նրան ուղարկեց Ամերիկա՝ օգնութիւն ստանալու համար: Երբ նա վերադարձաւ Երեւան, գրաւոր հաշուետուութիւն ներկայացրեց իր կատարած ծախքերի մասին: Այդ հաշուետուութիւնը ուղարկուեց պետական փոխվերահսկիչ Գրիգոր Ձամոյեանին: Հաշիւները այնպէս բարեխղճօրէն էին կազմուած եւ այնքա՜ն մանրակրկիտ, որ պետական վերահսկիչը վերցրել էր պատճենը եւ ինձ շարունակ ասում էր մեր գործի բերումով յաճածակի հանդիպումների ժամանակ.- «Այս պատճէնը պիտի դնեմ շրջանակի մէջ եւ կախեմ գրասենեակիս պատին վրայ: Թո՛ղ գալիք սերունդը միշտ իր աչքի առջեւ ունենայ, թէ ի՞նչպէս պէտք է կազմել ծախքերի հաշիւը եւ ի՞նչպիսի խնայողութամբ պէտք է վարուել պետական դրամների հետ»:

Այս էր պետական վերքաննիչի կարծիքը: Սակայն, ոմանք նաեւ կատակում էին՝ խօսելով այդ հաշիւների չափազանցուած մանրամասնութիւնների մասին:

Քաջազնունու հաշիւներից մէկը, սակայն, ստացաւ ժամանակին ուղղակի անեկդոտային բնոյթ:

Ինչպէս յայտնի է, երբ Քաջազնունին առաջին անգամ կառավարութեան կողմից ուղարկուեց Թիֆլիս՝ Ամերիկա մեկնելու համար, նա չէր կարողացել թոյլտուութիւն ստանալ Դաշնակիցներից: Ասել էին նրան, որ պէտք է սպասի, մինչեւ որ Պոլսից ստացուի դիմումի պատասխանը: Բայց պատասխանը կարող էր ուշանալ, եւ Քաջազնունին իրաւունք չէր համարել սպասելու Թիֆլիսում, եւ վերադարձաւ Երեւան՝ խուսափելու համար աւելորդ ծախքերից:

Մինիստրների Խորհրդում նշանակուած էր իր զեկուցումը: Նա տուել էր  բաւական հետաքրքրական տեղեկութիւններ Թիֆլիսի անցուդարձի, Դաշնակիցների վերաբերմունքի եւ այլ խնդիրների մասին: Մինիստրների Խորհրդի նիստի արձանագրութիւնները կազմում էր գործերի կառավարիչը: Երբ զեկուցումը հասել էր հաշուետութեան, Քաջազնունին խնդրել էր գործերի կառաւարչին, որ դուրս գայ սենեակից: Նա խնդրել էր իր հաշուետուութեան մէկ կետը, որ պիտի քննուէր կառավարչի բացակայութեամբ, ամենեւին չմտցնել արձանագրութեան մէջ: Այդ կէտը պիտի պահուէր առանձին եւ վարչապետի մօտ:

Երբ գործերի կառաւարիչը ինձ յայտնեց այդ մասի, զարմացայ: Ի՞նչ խնդիր կարող էր լինել: Պետական կարեւոր մի գաղտնի՞ք: Բայց չէ՞ որ զեկուցման կարեւոր մասը արդէն վերջացել էր:

Արձանագրութիւնը այդպէս էլ տպուեց: Այդ կէտը բաց էր մնացել: Հետագային բոլորովին պատահաբար իմացայ այդ «գաղտնի» կէտի «բովանդակութիւնը»:

Քաջազնունին Թիֆլիսում գնել էր մի վերարկու ճամբորդութեան համար (Հայաստանի Հանրապետութան վարչապետը չունէր անգամ քիչ թէ շատ ներկայանալի վերարկու): Երբ ճամբորդութիւնը յետաձգուել էր, նա չգիտէր ի՞նչ անել այդ վերարկուի հետ: Վճարել եւ պահել իրեն, հնարաւորութիւն չունէր: Իսկ պահել՝ առանց Մինիստրների Խորհրդի համաձայնութիւնը առնելու, գտնում էր անթոյլատրելի:

Ի հարկէ, Խորհուրդը այդ ծախքը վերցրեց իր վրայ, մանաւանդ որ վարչապետը վաղ թէ ուշ պիտի ճամբորդէր:

Ահա թէ ի՞նչպիսի բծախնդիր մարդ էր Քաջազնունին: