Ապրիլ 22-24. Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներ

3323

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը Հանրային հեռուստատեսության եթերում մանրամասնել է, թե ինչ միջոցառումներ են տեղի ունենալու 100-րդ տարելիցի շրջանակներում, հաղորդում է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» պաշտոնական կայքէջը (http://armeniangenocide100.org/):

Ապրիլին 22-23-ին կանցկացվի «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումը, որը կունենա շուրջ 500 մասնակից ողջ աշխարհից:

Ապրիլի 23-ին տեղի է ունենալու Ցեղասպանության զոհերի սրբադասումը: Այդ օրը Սուրբ Էջմիածնում բաց խորանի առջև տեղի կունենա սրբադասման արարողությունը, ուղիղ հեռարձակմամբ կապ կհաստատվի աշխարհի խորոշագույն հայկական եկեղեցիների հետ, որտեղ ևս հավաքված կլինեն հայկական համայնքների ներկայացուցիչները: Այդ ծեսը կավարտվի խորհրդանշական րոպեին՝ 19:15-ին, և Մայր աթոռում ու աշխարհում սփռված բոլոր հայկական եկեղեցիներում միաժամանակ կհնչեցվի գուժկանը՝ եկեղեցական տագնապի 100 զանգերը միաժամանակ կխորհրդանշեն 100-րդ տարելիցը, որից հետո կազդարարվի լռության րոպե:

Մեկ ժամ անց՝ 20.30-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «SOAD» ռոք խմբի համերգը, որը բաց է հանրության համար:

Ապրիլի 24-ի առավոտյան արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությունը: Այնուհետև տեղի կունենա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նորացված ցուցադրության հանդիսավոր վերաբացումը:

Ապրիլի 24-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի կունենա Հավաքական սիմֆոնիկ նվագախմբի համերգը: Այն կկայանա վերածննդի գաղափարի ներքո և այդ խորհուրդով էլ կսկսվի 20:15-ին: