Սերժ Սարգսյան. «Կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ»

1706
Gul, Sargsyan

Նախաբան- Մարտի 18-ին «Արարատի ստորոտին» միջազային մեդիա խորհրդաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը ընդարձակ ակնարկ է կատարել Հայոց ցեղասպանությունը՝ ընդգծելով. “Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը”: Ուշագրավ է, որ երբ 2008-ի սեպտեմբերին Աբդուլլահ Գյուլը մի քանի ժամով Երևանում էր՝ դիտելու Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը, Թուրքիայի նախագահին առաջարկ չի արվել այցելել Ծիծեռնակաբերդ:

Միջազային մեդիա խորհրդաժողովում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է.

“2015 թ. Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը միջազգային հանրության հետ հիշում և ոգեկոչում են մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ դարձավ 1.5 միլիոն հայ, հարյուր հազարավորներն էլ դարձան գաղթական կամ բռնի կրոնափոխ եղան։ Յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ գտնվի, զգում է Մեծ եղեռնի հետևանքները թե՛ բարոյահոգեբանական, թե՛ մշակութային, թե՛ լեզվական և թե՛ քաղաքական առումներով:

Մենք կցանկայինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչել նաև թուրք ժողովրդի հետ միասին՝ դրանով իսկ ազդարարելով երկու ժողովուրդների միջև հաշտեցման և հարաբերությունների հաստատման մի նոր հանգրվան, որին էլ միտված էին 2009 թվականին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և իմ հրավերը Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ ապրիլի 24-ին միասին հարգելու Հայոց եղեռնի զոհերի հիշատակը: Ցավոք, այս անգամ էլ մենք բախվեցինք ժխտողականության հետ, որն այս տարի առանձնահատուկ դրսևորում ստացավ:

Վստահ եմ՝ տեղյակ եք, որ այս տարի Թուրքիայի իշխանությունները որոշում կայացրեցին Գալիպոլիի մարտերի հարյուրամյակը տոնել հենց ապրիլի 24-ին, որի միակ դրդապատճառը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներից միջազգային հանրության ուշադրությունը շեղելու պարզունակ նպատակն էր: Ի դեպ այս առիթով ձեր նորվեգացի գործընկեր Բորդ Լարսենը ս.թ. փետրվարին հրապարակած «Անօգուտ դիվանագիտություն» վերտառությամբ իր հոդվածում շատ դիպուկ նկատել է, թե «սա նման կլիներ նրան, որ, ասենք, Գերմանիան Հոլոքոստի միջազգային հիշատակման օրը տոներ Վերմախտի հերոսական հաղթանակներն Արևելյան ճակատում` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»:

Ցավում եմ, որ Թուրքիայի իշխանություններն այս տարելիցը որպես սեփական պատմության հետ առերեսման և հաշտեցման առիթ օգտագործելու փոխարեն, իրենք իրենց դրեցին անհարմար իրադրության մեջ՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով Գալիպոլիի մարտերի՝ քաջ հայտնի ժամանակագրությունը և այդպիսով համեմելով ժխտողականության քաղաքականությունը նոր դրսևորումներով:

Թուրքական իշխանություններն իրենց ժխտողական քաղաքականությամբ ոչ միայն արդարացնում են Օսմանյան իշխանությունների հանցագործությունը՝ հայերի հայրենազրկումը, այլև վտանգավոր նախադեպ ստեղծում նոր ցեղասպանությունների իրագործման համար: Դրա վառ օրինակներից են Հոլոքոստը, Ռուանդայի, Կամբոջայի ցեղասպանությունները, վերջին տարիներին «Իսլամական պետության» կողմից իրականացվող էթնիկ զտումներն ու մշակութային ժառանգության ոչնչացումը: Նրանց՝ պատասխանատվությունից խուսափելու կամ Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու փորձերը կարելի է որակել որպես շարունակական հանցագործություն և նոր ցեղասպանությունների խրախուսում:

Այնուամենայնիվ, պետք է նշեմ, որ Թուրքիայի մտավորականության և առաջադեմ երիտասարդության ավելի ու ավելի շատ հատվածներ խիզախում են առերեսվել իրենց պատմական անցյալի հետ՝ ցանկանալով ապրել արժանապատիվ և չկրել մեղքի այդ ծանր բեռը:

Ակնհայտ է, որ Թուրքիայի ներկա իշխանության որդեգրած քաղաքականության շրջանակներում այլևս անհնարին էր հայտնի արձանագրությունների կյանքի կոչումը, ինչը պաշտոնական Անկարան տեսնում էր իր կողմից անընդհատ առաջ քաշվող անհեթեթ նախապայմանների հարթությունից միայն: Այդ իսկ պատճառով ես որոշեցի հետ կանչել դրանք մեր խորհրդարանից: Այսպիսով գործընթացն իր տրամաբանական ավարտին չհասավ, և բոլորին հայտնի է, թե որ կողմի պատճառով այն ձախողվեց: Սա չի նշանակում, որ մենք փակում ենք Թուրքիայի հետ հաշտեցման պատուհանը: Այնուամենայնիվ, մենք մտադիր չենք ներգրավվել մի գործընթացում, որը կարող է դառնալ երրորդ երկրի ապակառուցողական կամայականությունների զոհ և ամենակարևորը՝ առանց վստահության վերականգնման:

Ի սկզբանե մենք կարծում էինք, որ Թուրքիայի իշխանությունների կողմից հռչակված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականության մեջ ամրագրված էին Թուրքիայի անկեղծ մտադրությունները՝ կարգավորել հարաբերությունները հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ: Չեմ ցանկանում մեկնաբանել Թուրքիայի և այլ պետությունների ներկա հարաբերությունների բնույթը, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա զարգացումները, Թուրքիան կանգնեց «զրո հարևան և բազմաթիվ խնդիրներ» իրողության առջև: Փաստորեն, Թուրքիայի իրական մտադրությունը ոչ թե «հարևանների հետ զրո խնդիրներ» ունենալն էր, այլ հարաբերությունների սեփական ընկալումը հարևաններին պարտադրելը, որը ոչ այլ ինչ էր, քան նեոօսմանիզմի քաղաքականության դրսևորում:

Ստեղծվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը, որին անդամակցում են հայկական խոշորագույն բոլոր կառույցների ղեկավարները: Հանձնաժողովի կողմից ընդունվեց Համահայկական հռչակագիրը, որում ամրագրված է հայ ժողովրդի հավաքական կամքը և որում վերահաստատվում է Հայաստանի և հայ ժողովրդի հանձնառությունը՝ շարունակելու միջազգային պայքարը ցեղասպանությունների կանխարգելման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման և պատմական արդարության հաստատման համար: Այդ տեսանկյունից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները սոսկ համահայկական բնույթ չեն կրում. դրանք համամարդկային արժեքների դեմ ցանկացած ոտնձգության կանխման յուրատեսակ կոչ են: Այդ իսկ պատճառով ես հրավերներ եմ ուղարկել աշխարհի տարբեր պետությունների ղեկավարների և բարձրաստիճան պաշտոնյաների՝ ապրիլի 24-ին գալու Հայաստան և այդպիսով ցեղասպանության հանցագործության անթույլատրելիության մասին հզոր ուղերձ հղելու աշխարհին:

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է իր պայքարն ընդդեմ ցեղասպանության հանցագործության նաև միջազգային կազմակերպություններում: 2013թ. մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Այս տարի ևս առաջարկելու ենք նոր բանաձևի նախագիծ:

Ոգևորիչ է, որ միջազգային հանրության ներկայացուցիչները ևս անմասն չեն Հայաստանի նախաձեռնություններին, ավելին՝ իրենց ծանրակշիռ ավանդն են բերում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում:

Մենք հավերժ երախտապարտ ենք բոլոր այն պետություններին ու ժողովուրդներին, որոնք այդ արհավիրքի տարիներին և դրանից հետո ապաստան են տվել մեր ժողովրդի հազարավոր զավակների՝ տալով նրանց հնարավորություն վերապրելու և պահպանելու սեփական ինքնությունը, դառնալու տվյալ երկրների հասարակությունների լիարժեք անդամներ:

Կարևորելով ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը որպես դրանց կրկնության կանխարգելման միջոց` մենք շնորհակալ ենք նաև բոլոր այն պետություններին և կազմակերպություններին, որոնք անդրադառնում են մեր ժողովրդի հանդեպ կատարված այդ հանցագործությանը: Սա վկայում է համամարդկային արժեքների պաշտպանության գործում քաղաքակիրթ աշխարհի անկեղծ հանձնառության մասին, միաժամանակ ցեղասպանություն վերապրած ժողովուրդների մոտ հավատ ներշնչում արդարության, ոտնահարված իրավունքների վերականգնման, դրանց արժանի դատապարտման ու անպատժելիության անթույլատրելիության հարցում:

Նման հանձնառության վերջին վառ վկայություններից էր ԵԺԿ քաղաքական համաժողովի՝ ս.թ. մարտի 3-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և եվրոպական արժեքները» բանաձևի ընդունումը: Այն լուրջ քաղաքական ուղերձներ է պարունակում Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և ժխտման վերաբերյալ՝ կոչ անելով Թուրքիային առերեսվել սեփական անցյալին: Եվրոպայի խոշորագույն և ամենաազդեցիկ քաղաքական ուժի նման դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում, անշուշտ, պետք է ուղղորդիչ դեր խաղա համաեվրոպական կառույցների և Եվրամիության անդամ պետությունների համար”:

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի պատմական ձեռքսեղմումը Երևանում, սեպտեմբեր 6, 2008թ.