Հայաստանում Ամէն Օր Սպառւում Է 600 Հազար Տոլարի Թուրքական Ապրանք

2304

Վերջին 20 տարիներին` 1995 թուականից ի վեր (այդ տարուանից են պահպանուել պաշտօնական վիճակագրական տուեալներ), Հայաստանը Թուրքիայից ներկրել է շուրջ 2.2 միլիառ տոլարի ապրանք, այն դէպքում, երբ նոյն ժամանակահատուածում Հայաստանից Թուրքիա է արտահանուել միայն 40 միլիոն տոլարի ապրանք, այսինքն` 55 անգամ պակաս: Թուրքիայից ապրանքը Հայաստան է հասնում հիմնականում Վրաստանի տարածքով, քանի որ Անգարան շարունակում է շրջափակման տակ պահել Հայաստանի հետ ցամաքային սահմանը:

Հայ-թուրքական առեւտուրը իր ծաղկման շրջանին է հասել Սերժ Սարգսեանի նախագահութեան եօթ տարիներին: Այսպէս, 2008-2014 թթ. ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրուել աւելի քան 1.5 միլիառ տոլարի արտադրանք, նոյն ժամանակահատուածում արտահանուել է ընդամէնը 9 միլիոն տոլարի ապրանք, այսինքն` 166 անգամ պակաս: Թուրքիայից Հայաստան ներկրումների գագաթնակէտը Ապտիւլլա Կիւլի Երեւան այցի տարում էր` 2008-ին, երբ ներկրուեց աւելի քան 268 միլիոն տոլարի արտադրանք:

Ռոպերթ  Քոչարեանի նախագահութեան 10 տարիներին Թուրքիայից Հայաստան է ներկրուել գրեթէ 600 միլիոն տոլարի ապրանք, արտահանուել` շուրջ 18 միլիոնի: Լեւոն Տէր Պետրոսեանի նախագահութեան ընթացքում Թուրքիայից Հայաստան է ներկրուել 46  միլիոն տոլարի ապրանք, արտահանուել` գրեթէ 16 միլիոն տոլարի արտադրանք: Հայաստանից Թուրքիա ամէնից շատ արտադրանք արտահանուել է 1997-ին` աւելի քան 7 միլիոն տոլար:

Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն խմբի առաջնութեանը մասնակցող ութ խմբերից հինգը այս տարուայ փետրուարին ուսումնամարզական հաւաքներ են անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ խմբերն են` Երեւանի «Փիւնիկ»-ը, «Ուլիս»-ը, «Բանանց»-ը, «Ալաշկերտ»-ը, ինչպէս նաեւ` Գիւմրիի «Շիրակ»-ը:

Այսպիսով, արձանագրենք, որ հայկական ֆութպոլային ակումբները ձմեռային ուսումնամարզական հաւաքները նախընտրում են անց կացնել Անթալիայում, որտեղ ձմեռը մեղմ է եւ արեւոտ, հիւրանոցային եւ միւս ծառայութիւնները անհամեմատ մատչելի են, քան` այլ երկրներում: Բացի այդ, Թուրքիա մեկնելու համար այցագրի դժուարութիւն չի առաջանում, քանի որ Հայաստանի քաղաքացիները կարող են 25 տոլարով բազմակի այցագիր ստանալ թուրքական սահմանադռներին եւ օդակայաններում եւ այդ երկրի տարածքում մնալ մէկ ամիս:

Սա առաջին տարին չէ եւ ոչ էլ կը լինի վերջինը, երբ հայկական ֆութպոլային ակումբները ուսումնամարզական հաւաքների համար ընտրում են հէնց Անթալիան: Դա իրենց իրաւունքն է: Բայց կայ իրականութիւն, որը պէտք չէ վրիպի մեր ուշադրութիւնից:

2014 թ. դեկտեմբերի վերջերին Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցութեան (ՀՀԿ) պատգամաւոր Կարէն Աւագեանի մասնակցութեամբ Երեւանի կենտրոնում կազմակերպուել էր «Ոչ Թուրքիայում հանգստին» ֆլեշմոպ: Այն լայնօրէն լուսաբանուեց հայաստանեան եւ սփիւռքեան լրատուամիջոցներով: Յայտնի եւ անյայտ մարդիկ, այդ թւում` Աւագեանը, կանգնում էին սթենտի տակ ու տարբեր` խիզախ, պահանջատէր, լուրջ, նաեւ հրճուանք ու ծիծաղ պարունակող հայեացքներով նկարւում: Այդ ֆլեշմոպը կազմակերպուել էր Հայաստանի պիւտճէի գումարներով, աւելի յստակ` հասարակական մի կազմակերպութիւն դրամաշնորհ էր ստացել եւ այն ծախսում էր հակաթուրք, իմ կարծիքով` էժանագին, անիմաստ քարոզչութեան վրայ:

Արդիւնքը, ինչպէս տեսնում ենք, առնուազն ֆութպոլային ակումբների մասով, զրոյական է: Այդ ֆլեշմոպի վրայ ծախսած, այսինքն` պիւտճէի գումարով, գուցէ հնարաւոր կը լինէր կերակրել թերսնուող երեխաների կամ աշակերտական տետրեր ու գրքեր (ցանկալի է` ոչ թուրքական) գնել ծնողազուրկ դպրոցականների համար: Այդ գումարով հնարաւոր կը լինէր ֆութպոլի գնդակներ (ցանկալի է` ոչ թուրքական) գնել Հայաստանի սահմանամերձ գիւղերի դպրոցականների համար:

Սերժ Սարգսեանի կուսակից Կարէն Աւագեանի կոչը` չհանգստանալ Թուրքիայում, անտեսել է Սերժ Սարգսեանի մէկ այլ կուսակից, Հայաստանում յայտնի երիտասարդ սակաւապետ, պատգամաւոր Արման Սահակեանը, ով ոչ միայն ՀՀԿ-ական է, այլ նաեւ` Անթալիայում ուսումնամարզական հաւաք անցկացրած Գիւմրիի «Շիրակ» ֆութպոլային ակումբի նախագահը եւ հովանաւորը:

Մեր ուշադրութիւնից պէտք չէ վրիպի նաեւ այն իրողութիւնը, որ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահը եւս բարձրաստիճան ՀՀԿ-ական է` Ռուբէն Հայրապետեանը: Երեւանի «Փիւնիկ» ակումբը, որը եւս անուղղակիօրէն անտեսել է Աւագեանի կոչը եւ ուսումնամարզական հաւաք անցկացրել Անթալիայում, Հայրապետեանի շնորհիւ է կայացել եւ դարձել Հայաստանի ուժեղագոյն ակումբը: Հէնց Հայրապետեանի նախաձեռնութեամբ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնը 2008 թուականի Հայաստան-Թուրքիա ազգային հաւաքականների հանդիպման նախօրէին ֆետերասիոնի զինանշանի վրայից ջնջեց Արարատ սարը եւ տեղում ֆութպոլի գնդակ դրեց: Երեւանում կայացած այդ հանդիպմանը կողք-կողքի հետեւում էին Սերժ Սարգսեանն ու Ապտիւլլա Կիւլը:

Եւս մէկ փաստ, որը ցոյց է տալիս Հայաստանի իշխանութիւնների խօսքի եւ գործի հակասութիւնը: Յունուարի վերջերին Երեւանում ընդունուեց Հայոց ցեղասպանութեան 100-ամեայ տարելիցի Համահայկական հռչակագիրը, որը, յատկապէս սփիւռքում, ընդունուեց ոգեւորութեամբ: Իսկ հիմա տեսէք, թէ ի՛նչ ասում Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շաւարշ Քոչարեանը` «Կենտրոն» հեռուստաընկերութեան եթերում մի քանի օր առաջ.

«Հարց.- Ես կարդում եմ Ցեղասպանութեան հռչակագիրը, այստեղ խօսւում է Սեւրի եւ Վուտրօ Ուիլսընի, պահանջատիրութեան մասին: Ես ուզում եմ հասկանալ. այսինքն` մեր պետութիւնը չի՞ ճանաչում Թուրքիայի տարածքային ամբողջականութիւնը եւ դնում է Սեւրով, Ուիլսընի իրաւարար աքթով նախանշուած այդ խնդիրները, թէ՞, այնուամենայնիւ, սա բարոյահոգեբանական է, մենք ճանաչում ենք, սա սկզբունքային հարց է:

Շաւարշ Քոչարեան.- Մեր պետութեան մօտեցումը յստակ արտայայտուած է ներկայ փուլում, արձանագրութիւններում, որոնք ստորագրուած են: Ո՛չ աւել, ո՛չ պակաս: Որպէսզի մենք կարողանանք առաջ շարժուել, դա արձանագրութիւններն են: Վե՛րջ»:

Յիշեցնենք, որ Սերժ Սարգսեանը վերջերս Ազգային ժողովից յետ կանչեց 2009-ին Ցիւրիխում ստորագրուած Հայաստան-Թուրքիա երկու արձանագրութիւնները, սակայն Հայաստանը չի հրաժարուել այդ արձանագրութիւններից: Եւ դա մէկ անգամ եւս հաստատել է Շաւարշ Քոչարեանը:

Թաթուլ Յակոբեան

ԱԶԴԱԿ, 2 փետրուար, 2015