Հայկական ֆուտբոլը՝ Թուրքիայում

1608

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցող ութ թիմերից հինգը այս տարվա փետրվարին ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Թուրքիայի Անթալիա քաղաքում: Այդ թիմերն են Երևանի «Փյունիկը», «Ուլիսը», «Բանանցը», «Ալաշկերտը», ինչպես նաև՝ Գյումրիի «Շիրակը»: Երևանի «Արարատը» և «Միկան» ուսումնամարզական հավաքներն անց են կացրել համապատասխանաբար Ռուսաստանի Սոչի քաղաքում և Կիպրոսում: Կապանի «Գանձասարը» ուսումնամարզական հավաք չի անցկացրել ընդհանրապես, քանի որ ակումբը տնօրինության հետ կապված խնդիրներ ուներ:

Այսպիսով, արձանագրենք, որ հայկական ֆուտբոլային ակումբները ձմեռային ուսումնամարզական հավաքները նախընտրում են անց կացնել Անթալիայում, որտեղ ձմեռը մեղմ է և արևոտ, հյուրանոցային և մյուս ծառայությունները անհամեմատ մատչելի են, քան այլ երկրներում: Բացի այդ, Թուրքիա մեկնելու համար այցագրի դժվարություն չի առաջանում, քանի որ Հայաստանի քաղաքացիները կարող են 25 դոլարով բազմակի այցագիր ստանալ թուրքական սահմանադռներին և օդանավակայաններում և այդ երկրի տարածքում մնալ մեկ ամիս:

Սա առաջին տարին չէ և ոչ էլ կլինի վերջինը, երբ հայկական ֆուտբոլային ակումբները ուսումնամարզական հավաքների համար ընտրում են հենց Անթալիան: Դա իրենց իրավունքն է:

Բայց կա իրականություն, որը չպետք է վրիպի մեր ուշադրությունից:

Դեկտեմբերի վերջերին Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ)  պատգամավոր Կարեն Ավագյանի մասնակցությամբ Երևանի կենտրոնում կազմակերպվել էր «Ոչ Թուրքիայում հանգստին» ֆլեշ-մոբ: Այն լայնորեն լուսաբանվեց հայաստանյան և սփյուռքյան լրատվամիջոցներով: Հայտնի և անհայտ մարդիկ, այդ թվում՝ Ավագյանը, կանգնում էին ստենդի տակ ու տարբեր՝ խիզախ, պահանջատեր, լուրջ, նաև հրճվանք ու ծիծաղ պարունակող  հայացքներով նկարվում: Այդ ֆլեշ-մոբը կազմակերպվել էր Հայաստանի բյուջեի գումարներով, ավելի հստակ՝ հասարակական մի կազմակերպություն դրամաշնորհ էր ստացել և այն ծախսում էր հակաթուրքական էժանագին քարոզչության վրա:

Արդյունքը, ինչպես տեսնում ենք, առնվազն ֆուտբոլային ակումբների մասով, զրոյական է: Այդ ֆլեշ-մոբի վրա ծախսած, այսինքն՝ բյուջեի գումարով գուցե հնարավոր կլիներ կերակրել թերսնվող երեխաների կամ աշակերտական տետրեր ու գրքեր գնել ծնողազուրկ դպրոցականների համար: Այդ գումարով հնարավոր կլիներ ֆուտբոլի գնդակներ գնել Հայաստանի սահմանամերձ գյուղերի դպրոցականների համար:

Սերժ Սարգսյանի կուսակից Կարեն Ավագյանի կոչը՝ չհանգստանալ Թուրքիայում, անտեսել է Սերժ Սարգսյանի մեկ այլ կուսակից, Հայաստանում հայտնի երիտասարդ օլիգարխ, պատգամավոր Արման Սահակյանը, ով ոչ միայն ՀՀԿ-ական է, այլ նաև Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացրած Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահը և հովանավորը:

Մեր ուշադրությունից չպետք է վրիպի նաև այն իրողությունը, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը ևս բարձրաստիճան ՀՀԿ-ական է՝ Ռուբեն Հայրապետյանը: Երևանի «Փյունիկ» ակումբը, որը ևս անուղղակիորեն անտեսել է Ավագյանի կոչը և ուսումնամարզական հավաք անցկացրել Անթալիայում, Հայրապետյանի շնորհիվ է կայացել և դարձել Հայաստանի ուժեղագույն ակումբը: Հենց Հայրապետյանի նախաձեռնությամբ (գուցե Սերժ Սարգսյանի իմացությամբ) Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2008 թվականի Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպման նախօրեին ֆեդերացիայի զինանշանի վրայից ջնջեց Արարատ սարը և տեղում ֆուտբոլի գնդակ դրեց: Երևանում կայացած այդ հանդիպմանը կողք-կողքի հետևում էին Սերժ Սարգսյանն ու նրա թուրք գործընկեր Աբդուլլահ Գյուլը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտենալու հետ մենք ականատեսն ենք լինելու իշխանությունների կողմից կազմակերպվող հակաթուրքական էժանագին այլ ակցիաների, ինչպես Ավագյանի դեկտեմբերյան ֆլեշ-մոբն էր: Մեզ մնում է հետևել՝ ապրիլյան միջոցառումներից հետո իշխող հանրապետական կուսակցության ներկայացուցիչները իրենց տարեկան հանգիստը որտեղ են անցկացնելու՝ թուրքական Անթալիայո՞ւմ, թուրքական Բոդրումո՞ւմ, թե՞ մեկ այլ տեղ:

Թաթուլ Հակոբյան