100-րդ տարելիցին նվիրված գիտաժողով Բեյրութում

1099

Այս տարվա ընթացքում Հայաստանում, Սփյուռքում և աշխարհի տարբեր երկրներում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ ձեռնարկներ, այդ թվում գիտաժողովներ: 100-րդ տարելիցին նվիրված գիտաժողովներից առաջինը կազմակերպել էր Հայաստանից դուրս գործող միակ հայկական համալսարանը`Բեյրութի Հայկազյանը: Այս համալսարանը ավելին է, քան հայկական, քանի որ ուսանողների կեսից ավելին հայեր չեն: Հետևաբար, Հայկազյանում կազմակերպված գիտաժողովը ուներ ոչ միայն համահայկական, այլ շրջանային տարողություն: Հրավիրվել էին զեկուցողներ Երևանից, Պոլսից, Բեյրութից:

Մեկուկես օր տևած գիտաժողովում ներկայացվեց ութ զեկույց: Ուշագրավ և խորքային էր  ազգագրագետ Հրանուշ Խառատյանի «Հայերի կարգավիճակը ժամանակակից Թուրքիայի մեջ. իսլամաց(վ)ած հայերը» խորագրով զեկույցը: Ի տարբերություն այլ պատմաբանների ու թուրքագետների, Խառատյանը կատարում է դաշտային ուսումնասիրություններ, այսինքն` այցելում է Արևմտյան Հայաստանի գյուղեր, զրուցում մարդկանց հետ, այդ զրույցները մշակում, համակարգում, համեմատում և միայն արդյունքում ներկայացնում իր ուսումնասիրությունը:

Խառատյանը ներկայացրեց Թուրքիայի հայ փոքրամասնության ճնշումների մի շարք օրինակներ և փուլեր` գավառահայության տեղաշարժի արգելում, նոր աքսորներ 1930-40-ական թվականներին, Երկրորդ աշխարհամարտի սկզբում գործադրված պարտադիր զինվորագրում, ծանր հարկեր (Ունեցվածքի հարկ), որն ուղղված էր հայության սնանկացմանը, Թուրքիայի պատմության դասագրքերում հայերին դավաճան ներկայացնելու քարոզչություն, հայկական մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացում, թուրքահայերի ունեցվածքի վերասեփականացում, ինչպես նաև Թուրքիայի ներքին քաղաքական պայքարում «հայկական մասնակցության հայտնաբերում» և պատժամիջոցների գործադրում: Խառատյանը շեշտեց, որ իսլամաց(վ)ած հայերի խնդրի արծարծումը նոր թափ ստացավ հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո:

1970-80-ական թվականներին, երբ ԱՍԱԼԱ-ն և Հայոց ցեղասպանութայն արդարության մարտիկներն իրականցնում էին վրիժառուական գործողություններ, Թուրքիայի գավառներում   հայերի մնացորդները սկսեցին դավանափոխ լինել` խուսափելու պետության և հասարակության վրեժխնդրությունից: Փոքրամասնությունների թեմային էր նվիրված նաև Պոլսի Բիլգի համալսարանի պատմության բաժնի վարիչ և Թուրքիայի Պատմության հիմնադրամի նախագահ Բյուլենթ Բիլմեզի զեկուցումը: Թուրք պատմաբանը անդրադարձավ ոչ իսլամ և ոչ թուրք խմբերի դերին թուրք ազգի կերտման գործում:

Հայաստանի Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի ղեկավար Վլադիմիր Վարդանյանըանդրադարձավ Թուրքիայի` իբրև Օսմանյան կայսրության ժառանգորդի հարցին: Վարդանյանը ընդգծեց, որ Թուրքիան Օսմանյան կայսրության ժառանգորդն է, հետևաբար՝ կրում է կայսրության պարտավորությունները: Մյուս կողմից, նա հասկացնել տվեց, որ Սևրի պայմանագիրն ու դրանից ածանցյալ Վիլսոնի իրավարար վճիռը խոցելի փաստաթղթեր են իրավական տեսանկյունից:

Ընդհանուր առմամբ, գիտաժողովի ընթացքում և հատկապես ընդմիջումներին բազմաթիվ անգամ արծարծվեց  իրավական թղթածրարի թեման: Գիտաժողովի զեկուցաբերներից և մասնակիցներից ոմանք համոզված էին, որ Հայոց ցեղասպանության թեման իրավական հարթություն պետք է տեղափոխել ամենավերջում, եթե սպառվեն մյուս բոլոր միջոցները: Պատճառը պարզ է. երբ դու դիմում ես դատարան, ուրեմն պետք է պատրաստ լինես ընդունելու դատարանի յուրաքանչյուր վճիռ: Պարզ է, որ աշխարհի ամենաարդար դատարանն անգամ կայացնում է քաղաքական վճիռ` տեղի տալով միջազգային հարաբերություններում առկա միտումներին և զարգացումներին: Դրա օրինակներից է Դողու Փերինչեքի գործը, որը, ճիշտ է, ուղղակի կերպով չէ, որ վերաբերում Հայոց ցեղասպանությանը:

Բեյրութից ակադեմիկոս Զավեն Մսըրլյանը անդրադարձավ Հայոց ցեղասպանության ընթացում և դրանից հետո միջազգային համայնքի հակազդեցությանը: Նա հիշեցրեց հայ ժողովրդին Դաշնակից պետությունների տված, սակայն անտեսած խոստումները: Ավելին, Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին հայերի դաշնակիցներն ու բարեկամները ոչ միայն ձեռք չմեկնեցին հայերին, այլև շահագործեցին այդ ողբերգությունը իրենց շահերը հետապնդելու նպատակով:

«Պետությունների կողմից ընդդեմ Թուրքիայի Հայոց ցեղասպանության չարաշահումը» թեմայով զեկույց ներկարացրեց Սալէհ Զահրէտտինը: Արաբ պատմաբանը հանրամատչելի կերպով ներկայացրեց, թե ինչպես են շրջանային և մեծ տերությունները Հայոց ցեղսպանությունը օգտագործում իբրև ճնշման միջոց Թուրքիայի դեմ` հետապնդելով իրենց շահերը:

Հայոց ցեղասպանության ժողովրդագրական, մշակութային, աշխարհագրական, տնտեսական, հոգեբանական և քաղաքական հետևանքներին անդրադարձավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը: Նա ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը մեկուկես միլիոնից ավելի զոհերը չէին միայն: 1915-ից հետո ձևավորվեց ազգ, որի մեծամասնությունը բնակվում է հայրենիքից դուրս՝ դրանից բխող հետևանքներով: Աշխարհագրական կորուստները` Արևմտյան Հայաստանի հայազրկումը, բերեց ոչ միայն մշակութային և բնակավայրերի ոչնչացման, այլև հայ ժողովրդի՝ իր միջավայրից կտրվելու պատճառով տեղի ունեցավ ազգի ստեղծագործական ընթացքի ընդհատում:

Գիտաժողովի ընթացքում զեկույցներ ունեցան նաև Հայաստանի արտգործնախարարության հարևան երկրների բաժնի վարիչԱրսեն Ավագյանը և այս գրության հեղինակը: Ավագյանը անդրադարձավ Հայաստան-Թուրքիա պետական, իսկ տողերիս հեղինակը` հայ-թուրք ոչ պետական հարաբերություններին՝ սկսած 1991-ից: Գիտաժողովի ելույթները կամփոփվեն գրքի մեջ:

Ամփոփելով՝ պետք է ասենք, որ գիտաժողովը լավ էր կազմակերպված, զեկույցները արդիական էին և հրատապ: Հայկազյան համալսարանի մարտավարությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի գիտաժողովը դուրս բերել հայկական պարունակից և դրան տալ տարածաշրջանային ընդգրկում, արդարացված էր: Ավելին, նման գիտաժողովներին պետք է հրավիրել մեկից ավելի թուրքերի և ուսումնասիրողների այլ պետություններից: Դա պետք է անել հայ մասնակիցների թիվը կրճատելու հաշվին, եթե այդպես են պահանջում հնարավորությունները:

Թաթուլ Հակոբյան