Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություն

1810
(L to R) French Foreign Minister Bernard Kouchner, Swiss Foreign Minister Micheline Calmy-Rey, Turkish Foreign Minister Ahmet Davutoglu, Armenian Foreign Minister Eduard Nalbandian and US Secretary of State Hillary Clinton applaud after a signing ceremony on October 10, 2009 in Zurich. Turkey and Armenia's foreign ministers signed pacts to establish ties, in a first step to reconciliation after nearly a century of bitterness over World War I-era massacres. Armenian Foreign Minister Edouard Nalbandian and his Turkish counterpart Ahmet Davutoglu shook hands after signing the two protocols in a ceremony at a university in the Swiss city of Zurich. AFP PHOTO / FABRICE COFFRINI (Photo credit should read FABRICE COFFRINI/AFP/Getty Images)

Հայաստանը և Թուրքիան,

ձգտելով հաստատել բարիդրացիական հարաբերություններ և զարգացնել երկկողմ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային և այլ ոլորտներում, ի շահ իրենց ժողովուրդների` համաձայն հարաբերությունների զարգացման մասին նույն օրը ստորագրված արձանագրության,

վկայակոչելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Հելսինկիի եզրափակիչ ակտով, Նոր Եվրոպայի համար փարիզյան խարտիայով իրենց ստանձնած պարտավորությունները,

վերահաստատելով իրենց երկկողմ և միջազգային հարաբերություններում հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները հարգելու և հարգումը երաշխավորելու իրենց հանձնառությունը,

հաշվի առնելով ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդմանը նպաստող` երկու երկրների միջև հավատի և վստահության մթնոլորտ ստեղծելու և պահպանելու կարևորությունը, ինչպես նաև վճռական լինելով զերծ մնալ ուժի կիրառումից կամ այն կիրառելու սպառնալիքից, խրախուսել վեճերի խաղաղ կարգավորումը, պաշտպանել մարդու իրավունքները և  հիմնարար ազատությունները ստեղծելու կարևորությունը,

հաստատելով երկու երկրների միջև գոյություն ունեցող սահմանի փոխադարձ ճանաչումը, ինչպես սահմանված է միջազգային իրավունքի համապատասխան պայմանագրերով,

կարեւորելով ընդհանուր սահմանը բացելու իրենց որոշումը,

վերահաստատելով իրենց հանձնառությունը` ձեռնպահ մնալ բարիդրացիական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քաղաքականություն վարելուց,

դատապարտելով ահաբեկչության, բռնության և ծայրահեղականության բոլոր ձևերը` անկախ դրանց պատճառներից, խոստանալով ձեռնպահ մնալ նման գործողությունները խրախուսելուց ու հանդուրժելուց և համագործակցել դրանց դեմ պայքարում,

հաստատելով ընդհանուր շահերի, բարի կամքի վրա հիմնված հարաբերությունների նոր ձևեր և  ուղիներ մշակելու եւ խաղաղության, փոխըմբռնման ու ներդաշնակության ձգտելու իրենց պատրաստակամությունը,

համաձայնեցին հաստատել դիվանագիտական հարաբերություններ` Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961թ. կոնվենցիային համապատասխան, սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվանից և փոխանակել դիվանագիտական ներկայացուցչություններ:

Սույն արձանագրությունը և Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունն ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող առաջին ամսվա առաջին օրը:

Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

10 հոկտեմբեր, 2009թ., Ցյուրիխ