Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրություն

2593
(L to R) French Foreign Minister Bernard Kouchner, Swiss Foreign Minister Micheline Calmy-Rey, Turkish Foreign Minister Ahmet Davutoglu, Armenian Foreign Minister Eduard Nalbandian and US Secretary of State Hillary Clinton applaud after a signing ceremony on October 10, 2009 in Zurich. Turkey and Armenia's foreign ministers signed pacts to establish ties, in a first step to reconciliation after nearly a century of bitterness over World War I-era massacres. Armenian Foreign Minister Edouard Nalbandian and his Turkish counterpart Ahmet Davutoglu shook hands after signing the two protocols in a ceremony at a university in the Swiss city of Zurich. AFP PHOTO / FABRICE COFFRINI (Photo credit should read FABRICE COFFRINI/AFP/Getty Images)

Հայաստանը և Թուրքիան,

ղեկավարվելով նույն օրը ստորագրված` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությամբ,

նկատի ունենալով վստահության և միմյանց շահերի հարգման վրա հիմնված երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները,

որոշելով զարգացնել և ամրապնդել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, գիտական, տեխնիկական, մշակույթի և այլ ոլորտներում` հիմնվելով երկու երկրների ընդհանուր շահերի վրա,

աջակցելով երկու երկրների միջև համագործակցության խթանմանը միջազգային և  տարածաշրջանային կազմակերպություններում, հատկապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, Եվրատլանտյան գործընկերության խորհրդի և ՍԾՏՀ-ի շրջանակներում,

հաշվի առնելով երկու պետությունների ընդհանուր նպատակը` համագործակցել տարածաշրջանի կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ` տարածաշրջանի ժողովրդավարական և  տեւական զարգացման ապահովման համար,

վերահաստատելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա տարածաշրջանային և միջազգային վեճերն ու հակամարտությունները խաղաղ կարգավորելու իրենց հանձնառությունը,

վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` ակտիվորեն սատարել միջազգային հանրության գործողություններին` դիմակայելու տարածաշրջանում և աշխարհում անվտանգության և  կայունության դեմ առկա ընդհանուր սպառնալիքներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, անդրազգային կազմակերպված հանցավորությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը,

  1. համաձայնում են բացել ընդհանուր սահմանը սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում,
  2. համաձայնում են`

երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև կանոնավոր կերպով անցկացնել քաղաքական խորհրդակցություններ,

իրականացնել երկու ժողովուրդների միջև փոխվստահության վերականգնմանն ուղղված պատմական հարթության երկխոսություն, այդ թվում` պատմական փաստաթղթերի և արխիվների անկողմնակալ գիտական ուսումնասիրություն` առկա խնդիրների սահմանման ու առաջարկների ձևակերպման համար,

առավելագույնս օգտագործել երկու երկրների միջև գոյություն ունեցող` տրանսպորտային, հաղորդակցության և էներգետիկ ենթակառուցվածքներն ու ցանցերը և միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ,

ստեղծել երկկողմ իրավական դաշտ` երկու երկրների միջև համագործակցությունը խթանելու նպատակով,

համագործակցել գիտության և կրթության ոլորտներում համապատասխան հաստատությունների միջև հարաբերությունները խրախուսելու, ինչպես նաև մասնագետների և ուսանողների փոխանակումը խթանելու միջոցով և աշխատանք տանել երկու կողմերի մշակութային ժառանգության պահպանման և  համատեղ մշակութային ծրագրեր սկսելու նպատակով,

համագործակցություն հաստատել հյուպատոսական բնագավառում` Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի 1963թ. կոնվենցիայի համաձայն, երկու երկրների քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն և պաշտպանություն ցուցաբերելու նպատակով,

ձեռնարկել կոնկրետ միջոցներ երկու երկրների միջև առևտուրը, զբոսաշրջությունը և տնտեսական համագործակցությունը զարգացնելու նպատակով,

սկսել երկխոսություն և ամրապնդել համագործակցությունը բնապահպանական հարցերով.

  1. համաձայնում են ստեղծել միջկառավարական երկկողմ հանձնաժողով, որը բաղկացած կլինի առանձին ենթահանձնաժողովներից, սույն արձանագրության` վերը նշված երկրորդ գործառութային կետում նշված հանձնառությունների արագ իրականացման նպատակով:

Միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով սույն արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից 2 ամիս անց կստեղծվի աշխատանքային խումբ երկու արտգործնախարարների ղեկավարությամբ: Սույն արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` 3 ամսվա ընթացքում, այդ աշխատաձևերը կհաստատվեն նախարարների մակարդակով: Միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստը կկայանա նշված աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո:

Ենթահանձնաժողովները կսկսեն իրենց աշխատանքը դրանից ոչ ուշ, քան մեկ ամիս անց, և կգործեն շարունակաբար` մինչև իրենց մանդատի ավարտը:

Ըստ անհրաժեշտության` միջազգային փորձագետներ կմասնակցեն ենթահանձնաժողովների աշխատանքներին:

Սույն արձանագրության իրագործման համար երկու կողմերի համաձայնեցրած ժամանակացույցը եւ տարրերը ներկայացված են հավելվածում, որը սույն արձանագրության անբաժանելի մասն է:

Սույն արձանագրությունը և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունը ուժի մեջ են մտնում նույն օրը` վավերագրերի փոխանակմանը հաջորդող ամսվա առաջին օրը:

Ստորագրված է Ցյուրիխում 2009թ. հոկտեմբերի 10-ին հայերեն, թուրքերեն և անգլերեն հավասարազոր երկու բնօրինակներով: Մեկնաբանության տարբերության դեպքում անգլերեն տեքստը կգերակայի:

Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան

Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու

Հավելված

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության իրագործման ժամանակացույց և տարրեր

Ձեռնարկվող քայլեր

  1. ընդհանուր սահմանի բացում
  2. երկու արտգործնախարարների ղեկավարությամբ աշխատանքային խմբի ստեղծում` միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի մշակման նպատակով
  3. միջկառավարական հանձնաժողովի և նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի հաստատում նախարարների մակարդակով
  4. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի կազմակերպում
  5. ստորև նշված ենթահանձնաժողովների աշխատանքների մեկնարկում՝

– քաղաքական խորհրդակցությունների հարցերի

ենթահանձնաժողով,

– տրանսպորտային, հաղորդակցության և

էներգետիկ ենթակառուցվածքների և ցանցերի

հարցերի ենթահանձնաժողով,

– իրավական հարցերի ենթահանձնաժողով,

– գիտության և կրթության հարցերի ենթահանձնաժողով,

– առևտրի, զբոսաշրջության և տնտեսական

համագործակցության հարցերի ենթահանձնաժողով,

– բնապահպանական հարցերի ենթահանձնաժողով,

և

– պատմական հարթությամբ զբաղվող

ենթահանձնաժողով` երկու ժողովուրդների

միջև փոխվստահության վերականգնմանն

ուղղված երկխոսության իրականացման նպատակով,

այդ թվում` պատմական փաստաթղթերի և

արխիվների անկողմնակալ գիտական

ուսումնասիրություն, առկա խնդիրների

սահմանման ու առաջարկների ձևակերպման

համար` հայ, թուրք, ինչպես նաև շվեյցարացի և այլ

միջազգային փորձագետների մասնակցությամբ

Ժամկետ

  1. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում
  2. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից երկու ամիս անց
  3. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում
  4. միջկառավարական հանձնաժողովի եւ նրա ենթահանձնաժողովների աշխատաձևերի ընդունումից անմիջապես հետո` նախարարական մակարդակով
  5. միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստից ոչ ուշ, քան մեկ ամիս անց:

Հայաստանի կողմից` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան,

Թուրքիայի կողմից` արտգործնախարար Ահմեդ Դավութօղլու:

10 հոկտեմբեր, 2009թ., Ցյուրիխ

Նկարում՝ ծափահարություններ ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո, ձախից՝ աջ. Բեռնար Քուշներ (Ֆրանսիայի արտգործնախարար), Միշլին Քալմի-Ռեյ (Շվեյցարիայի արտգործնախարար), Էդվարդ Նալբանդյան, Ահմեդ Դավութօղլու, Հիլարի Քլինթոն (ԱՄՆ պետքարտուղար)