«Մյասնիկյանին հաջողվեց խաղաղեցնել Զանգեզուրը, որը Լենինի աջակցությամբ, մնաց Հայաստանի կազմում». Ջորջ Բուռնության

4902

Այսօր Հայաստանում գրեթե անվիճելի է, որ շնորհիվ Նժդեհի Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում: Պատմաբան Ջորջ Բուռնությանը իր «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» կոթողային հատորում (էջ 297) գրում է. «Մյասնիկյանին հաջողվեց խաղաղեցնել Զանգեզուրը, որը Լենինի աջակցությամբ, մնաց Հայաստանի կազմում: Մոսկվան, հավանաբար, ի վերջո հասկացավ, որ Զանգեզուրը միակ բուֆերն է Թուրքիայի և Խորհրդային Միության թյուրքական ժողովուրդների միջև»:

«Խորհրդային Հայաստան» թերթը 1921 թ. հունիսի 19-ի համարում (թիվ 106)՝ առաջին էջում մեծատառերով գրել է. ՄԱՀ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԱՎԱՆՏԻՒՐԻՍՏՆԵՐԻՆ, ԿԵՑՑԷ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՒ ՆՐԱ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍ ԱՇԽԱՏԱՎՈՐ ԶԱՆԳԵԶՈՒՐԸ:

Ուշագրավ է, որ հենց նույն համարում, առաջին էջում, «Խորհրդային Հայաստան» թերթը տեղադրեց հետևյալ հաղորդագրությունը.

Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կցւած

Ադրբէջանի սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավաութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրա, յայտարարւում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմէեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը:

Հ. Ս. Խ. Հ. Ժողկոմների խորհրդի նախագահ՝ Ա. Մեասնիկեան (Ալ. Մարտունի)

Քարտուղար Մ. Ղարաբէկեան

                                                                                  1921թ., յունիս 12, Երևան  

Նույն օրվա համարում «Խորհրդային Հայաստան» թերթը, տեղադրեց հետևյալ հաղորդագրությունը.

Հ. Ս. Խ. Հ. Ժողովրդական կոմիսարների խորհրդի յայտարարութիւնը Զանգեզուրի իշխանութեան

Հ. Սոց. Խորհ. Հ. Կառավարութիւնը սոյն գրութեամբ նորից դիմում է Ձեզ և առաջարկում Զանգեզուրում ապաստանած բոլոր ըմբոստ տարրերին վերջ տալ ապստամբութեանը խաղաղ կերպով և հպատակւել երկրի միակ օրինական իշխանութեանը- Խորհրդային Հայաստանի կառավարութեանը:

… Զանգեզուրը պիտի կազմէ Խորհրդային Հայաստանի անքակտելի մասնիկը…

… Զանգեզուրում կը գործադրւի ընդհանուր քաղաքական ներման այն դեկրետը, որ հրապարակւել է Հայաստանում: Խորհրդային կառավարութեան դէմ կռւող բոլոր գործիչները ոչ միայն ազատ կլինեն որևէ հալածանքից, այլև կարող են անարգել մնալ Զանգեզուրում…

… Ինչ վերաբերւում է Զանգեզուրի աւերւած վայրերին և լքւած գիւղերի բնակիչներին, Հայ. Խորհրդային կառավարութիւնը գտնում է, որ Զանգեզուրից հեռացած նախկին բնակչութեան վերադարձը չպիտի կատարւի հակառակ տեղացի աշխատաւորութեան ցանկութեան: Զանգեզուրում ապրող հայ գիւղացիությունը կարող է ապահով լինել, որ նրանից չի խլւի ոչ մի հողավայր…

… Լեռնային Ղարաբաղը վերջին համաձայնութեամբ Հայ. Խորհ. կառավարութեան կողմից յայտարարւած է Հայաստանի անբաժան մասը…

Հ. Ս. Խ. Հ. Ժող. Կոմ. Խոր. նախագահ՝ Մեասնիկեան (Ալ. Մարտունի)

                                         Անդամներ՝ Պ. Մակինցյան, Ա. Բէկզադեան, Ս. Սրապիոնեան (Լուկաշին),  Ա. Կարինեան, քարտուղար՝ Միք. Ղարաբէկեան

                                          13 յունիսի 1921 թ. , Երևան