Արցախյան հակամարտությունը կարգավորելու համար գոյություն ունի չորս ճանապարհ. առաջին` նոր պատերազմ, երկրորդ` ներկա ստատուս քվոյի պահպանում ևս տասնամյակներ, երրորդ` բանակցված լուծում և չորրորդ`խաղաղության կամ լուծման պարտադրում:
Ընդհանրապես, երբ միջազգային ընկերակցությունը կամ Արցախի հարցում մասնագիտացած և հիմնական միջնորդ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա) խոսում են լուծման կամ կարգավորման մասին, նկատի են ունենում մի փաստաթուղթ, որը ընդունելի կլինի հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համար և որի տակ կլինի բոլոր կողմերի ստորագրությունը: 1994 թվականի մայիսյան անժամկետ հրադադարի մասին փաստաթղթի տակ կա երեք ստորագրություն` Հայաստան (Սերժ Սարգսյան), Լեռնային Ղարաբաղ (Սամվել Բաբայան) և Ադրբեջան (Մամեդռաֆի Մամեդով):
Քննենք վերոնշյալ բոլոր չորս տարբերակները:
Առաջինը նոր պատերազմի տարբերակն է: Մարդու իրավունքների, մարդասիրության և բազմաթիվ այլ տեսանկյուններից, նոր պատերազմը, որը հետևողականորեն քարոզում է Ադրբեջանը, լուծում չէ: Սակայն դա չի նշանակում, որ պատերազմով հարցեր չեն լուծում: Ավելին, շատ հարցեր լուծվում են հենց պատերազմով: Երբ հակամարտության մեջ ներքաշված կողմերը, առաջին հերթին` Ադրբեջանը, խոսում են նոր պատերազմի մասին, ապա պետք է գիտակցեն, որ նոր պատերազմը կարող է բերել նոր ստատուս-քվոյի: Այստեղ մի կողմ թողնենք, թե ինչ ավեր ու տառապանք կբերի պատերազմը հայ և ադրբեջանցի ժողովուրդներին: Բայց երբ խոսք է բացվում նոր պատերազմի մասին, ապա պետք է գիտակցել, որ նոր ստատուս-քվոն կարող է լինել անկանխատեսելի: Ներկայացնենք երեք հավանական տարբերակ: Առաջին, Ադրբեջանը սկսում է նոր պատերազմ, սակայն դրանից որևէ փոփոխության չեն ենթարկվում ոչ Հայաստան-Ադրբեջան սահմանները և ոչ էլ Արցախ-Ադրբեջան սահմանները կամ, ինչպես ընդունված է ասել միջազգային բառապաշարով, շփման գիծը: Այսինքն` նոր պատերազմը չի փոխում ներկա ստատուս-քվոն և միայն կողմերը կրում են ավերածություններ, տալիս հազարավոր զոհեր ու վիրավորներ: Երկրորդ, նոր պատերազմում Ադրբեջանը պարտվում է, կորցնում նորանոր տարածքներ: Օրինակ, արցախյան զինուժը գրոհով վերցնում է Քուռ-Արաքսյան միջագետքը, այսպիսով` կիսում Ադրբեջանը: Եթե 1994-ի մայիսին Ռուսաստանը պատերազմող կողմերին հրադադար չպարտադրեր, ապա մեծ էր հավանականությունը, որ արցախյան ուժերը գրոհներով կվերցնեին նոր շրջաններ և որպես շփման գիծ Արցախի ու Ադրբեջանի միջև կլինեին Քուռ և Արաքս գետերը: Բայց կա նաև նոր պատերազմի երրորդ տարբերակը` Ադրբեջանը պատերազմում գրավում է ոչ միայն Արցախը, այլ նաև` Զանգեզուրը, այսպիսով, պանթուրքական երազանքը դառնում է իրականություն: Ահա այս անկանխատեսելիությունն է նաև, որ հակամարտության կողմերին, առաջին հերթին` Ադրբեջանին, հետ է պահում և պետք է հետ պահի նոր պատերազմի գայթակղությունից:
Արցախյան հակամարտության լուծման երկրորդ ճանապարհը ներկա ստատուս քվոյի պահպանումն է ևս տասնամյակներ: Մի կողմ թողնելով, թե ում համար է աշխատում ժամանակը, պետք է նկատենք, որ եթե ներկա ստատուս քվոն բացարձակապես անընդունելի է Ադրբեջանի համար, ապա լայն հաշվով այն ընդունելի է Հայաստանի և հատկապես Արցախի համար: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ այս ստատուս քվոյի պայմաններում Հայաստանը և Արցախը շարունակում են մնալ շրջափակման պայմաններում, դուրս մնում տարածաշրջանային տնտեսական խոշոր ծրագրերից, ավելի մեծ կախվածության մեջ ընկնում Ռուսաստանից, հայ-ադրբեջանական սահմանների վրա դիպուկահարների կրակոցներից սպանվում են երիտասարդ տղաներ, սահմանամերձ գյուղի հայ հողագործը չի կարողանում հող մշակել, քանի որ կրակում են, նաև այդ պատճառով` մարդիկ արտագաղթում են և այլն: Եթե արդեն ավելի քան 20 տարի ստատուս քվոն պահպանվել է, ապա չպետք է բացառել, որ այն կարող է պահպանվել ևս 20 կամ 50 տարի: Ի վերջո, սակայն, ներկա ստատուս քվոն անընդունելի է լինելու Ադրբեջանի համար և պաշտոնական Բաքուն շարունակելու է սպառազինվել, կրակել ու գուցե նաև` նոր պատերազմ սկսել, որի հավանական երեք տարբերակների մասին խոսեցինք վերևում:
Արցախյան հակամարտության լուծման երրորդ ճանապարհը բանակցված լուծումն է, այն է` ներգրավված կողմերը սեղանի շուրջ գալիս են ընդհանուր հայտարարի, ստորագրում փաստաթուղթ և դրանում ամրագրված կետերը կյանքի կոչում: Սա լինելու է ցավալի լուծում, քանի որ եթե Բաքուն համաձայնվի ճանաչել Արցախի անկախությունը կամ նրա ինքնորոշման իրավունքը, ապա դրա դիմաց պահանջելու է, որպեսզի Երևանն ու Ստեփանակերտը զորքերը դուրս բերեն այն շրջաններից (բացառությամբ`Հայաստանն ու Արցախը միմյանց կապող միջանքը), որոնք միջազգայնորեն անվանվում են գրավյալ, իսկ հայության բառապաշարով` ազատագրված: Ի դեպ, Հայաստանի բոլոր երեք նախագահների և նրանց արտգործնախարարների ժամանակ բանակվել է հենց նման տարբերակ, այն է` կարգավիճակի դիմաց տարածքներ: Բացեք 1997-ի փաթեթային և փուլային, 1998-ի ընդհանուր պետություն, 2001-ի Քի Վեսթի և վերջին` Մադրիդյան կամ Նորացված Մադրիդյան կոչվող փաստաթղթերը և կհամոզվեք դրանում:
Կա նաև կարգավորման չորրորդ ճանապարհը, որը մոտ է երրորդին: Դա այն տարբերակն է, երբ միջազգային հանրությունը` ի դեմս Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի, ներգրավված կողմերին նստեցնում է բանակցային սեղանի շուրջ և պարտադրում փոխզիջումային որևէ տարբերակ: Խաղաղության պարտադրման օրինակներ համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են: Այսօր, անկասկած, դժվար է պատկերազնել, որ Մոսկվան, Փարիզը և Վաշինգտոնը խաղաղություն կպարտադրեն Արցախի հարցում, հաշվի առնելով բազմաթիվ իրողություններ, առաջին հերթին Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա լարվածությունն ու փոխադարձ անվստահությունը: Բայց եթե պատկերացնենք, որ այնուամենայնիվ միջազգային հանրությունը լուծում է պարտադրում, ապա այդ լուծումը հավանաբար կլինի այն տարբերակներից մեկը, որոնց շուրջ բանակցել են հայերն ու ադրբեջանցիները սկսած 1994-ի հրադադարից:
Այսօր ստեղծվել է մի իրադրություն, երբ վերոնշյալ չորս ճանապարհներից երեքը, բացի ստատուս քվոյի պահպանումը, իրատեսական չեն: Խաղաղության համար անհրաժեշտ առաջին պայմանը միջավայրն է: Քանի դեռ շարունակվում է պատերազմի հռետորաբանությունն ու ատելության քարոզչությունը, կարգավորման որևէ տարբերակ ընդունելի չի լինելու: Եթե հակամարտության կողմերը իրականում ուզում են հարատև խաղաղություն, լարվածության թուլացում, սպառազինությունների մրցավազքի դադարեցում, ապա նախ պետք է վերջ տան պատերազմական հռետորաբանությանը: Այն ժամանակ, երբ կողմերը կսկսեն խոսել խաղաղության անհրաժեշտությունից և խաղաղություն քարոզեն, ահա դրանից հետո միայն հավանական է ակնկալել փոխզիջումային լուծում: Բայց դրա համար պետք է տարիների քրտնաջան աշխատանք, ինչը չկա ու չի եղել:
Արցախյան հակամարտության փոխզիջումային լուծման համար անհրաժեշտ են երեք գործոնների միաժամանակյա ներկայություն: Առաջին. հասարակությունները պետք է պատրաստ լինեն խաղաղության, երկրորդ. Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի իշխող էլիտաները պետք է պատրաստ լինեն խաղաղության, ինչն առաջին հերթին նշանակում է քաղաքական խիզախություն, որովհետև փոխզիջում նշանակում է ցավ և իշխանությունը կորցնելու լրջագույն վտանք, երրորդ. միջազգային հանրությունը, ներգրավվելուց բացի, պետք է պատրաստ լինի օժանդակելու խաղաղության պահպանմանն ու հարատևմանը, ներդրումներ կատարի տարածաշրջանում:
Թաթուլ Հակոբյան
11 հուլիսի, 2014թ