Պատերազմում հաղթած հայ գյուղը չի դիմանում խաղաղությանը. 11 փետրվար, 2014թ

2705

Իմ ջիփը կանգնեց ոլորապտույտ ճանապարհի ամենավերին հատվածում, որտեղից Բարեկամավանը բացվում է իր ողջ հմայքով, մենությամբ ու տխրությամբ: Հունվարի վերջերին տեղացած առատ ձյունը դեռ շաբաթներ կմնա տների տանիքների, ծառերի ճյուղերի, նորակառույց մատուռի ու հին գերեզմանաքարերի վրա:

Երբ նայում ես ամենավերևից, սպիտակ սավանով ծածկված տները նմանվում են մեղվի փեթակների: Պարզ, շատ պարզ երևում են հայկական ու ադրբեջանական զինվորական դիրքերը, որոնք միմյանցից հեռու են մի քանի հարյուր մետր: Երևում են ադրբեջանական տները: Հարյուրամյակների պատմություն ունեցող Բարեկամավանը սահմանակից է ադրբեջանական երեք խոշոր գյուղերի` Քամառլու, Ղայմախլու և Ալբայրամլու, որոնք միասին ունեն ավելի քան 20 հազար բնակչություն:

1999-ին, երբ առաջին անգամ այցելեցի Բարեկամավան, դպրոցում սովորում էր 62 աշակերտ: Երբ այցելեցի 2003-ին, դպրոցում աշակերտների թիվը նվազել էր մինչև 40: «Ամենակարևորը դպրոցն է։ Բավական է դպրոցը փակվի, և վե՛րջ Բարեկամավանին։ Այսօր գյուղը պահողը այս 40 աշակերտներն են, պետք է այնպես անենք, որ դպրոցը չփակվի»- 2003-ին ինձ ասել էր նախկին գյուղապետ Հովիկ Ղարաքեշիշյանը:

Դպրոցը և այնտեղ սովորող աշակերտությունը Բարեկամավանի սիրտն է: Նախ շարժվեցի դեպի դպրոց: Աստղիկ Ազատյանը տնօրեն է արդեն 17 տարի: «Երբ ես հաճախում էի այս դպրոց, մեր դասարանում սովորում էր 36 աշակերտ, իսկ ամբողջ դպրոցում աշակերտների թիվը հասնում էր 350-ի: Հիմա ես այս դպրոցի տնօրենն եմ, որտեղ 12 դասարաններում միասին սովորում է ընդամենը 30 աշակերտ: Առաջին դասարանում սովորում է մեկ աշակերտուհի: Պատերազմի, իսկ հետո աշխատանքի բացակայության պատճառով մարդիկ սկսեցին հեռանալ գյուղից»,- պատմում է Ազատյանը:

Բարեկամավանը, որքան էլ այդ անունը դրական զգացումներ առաջացնի ընթերցողի մոտ, որքան էլ իր անտառներով ու սարերով հմայի այցելուներին, կործանվող հայ գյուղն է: Բարեկամավանը արտագաղթից մաշվող Հայաստանի մանրապատկերն է: Ընդամենը 25-30 տարի առաջ ավելի քան հազար բնակիչ ունեցող գյուղում այսօր մնացել է միայն 290 մարդ: 2013-ին գյուղում ծնվել է մեկ երեխա, մահացել է 10 մարդ:

Գյուղի ավելի քան 220 տների մեծագույն մասի դռները կողպված են: Հիմնականում կողպվել են պատերազմի ավարտից և 1994-ին հաստատված հրադադարից հետո: Պատերազմում հաղթած հայ գյուղը, հայ մարդը չի դիմանում խաղաղությանը: Զինված հակառակորդին ծնկի բերած հայ մարդը մերժում է ծնկի գալ երկրում տիրող անարդարության առաջ ու հեռանում է իր տնից: Ընդամենը 80 տների ծխնելույզներից է ծուխ բարձրանում: Այդ տների մեծ մասում մնացել են տարեցներ: Նրանց որդիները լավ կյանքի հույսով հեռացել են Երևան, Ռուսաստան, այլուր:

Բենիկ Անտոնյանը, որի չորս երեխաներից և ոչ մեկը գյուղում չի մնացել, ասում է, որ դժվարություններով ապրելն էլ տանելի բան է: Նրա համար կարևորը խաղաղությունն է: Ոչ թե զինադադար, այլ խաղաղություն: Նա համոզված է՝ միայն խաղաղության պայմաններում է հնարավոր ունենալ շեն ու բարգավաճող Բարեկամավան:

Ադրբեջանական դիրքերից գյուղի տները շատ մոտ են: Գյուղի հողատարածքների մեծագույն մասը չի մշակվում, քանի որ հակառակորդի կրակի տակ է: Սերյոժա Վիրաբյանը սպանվել է շարքացանի վրա՝ իր հողը մշակելիս։ Ադրբեջանցի նշանառուն մոտակա բարձունքից կրակել է Սերյոժայի ճակատին։ Էդիկ Ալավերդյանը սպանվել է ականի պայթյունից` իր հողը մշակելիս: Մարտիկ Միքայելյանը սպանվել է իր խոտհարքում` խոտհնձին: Մարտիկի և նրա երկու որդիների ու մեկ այլ համագյուղացու վրա կրակել են ադրբեջանցիները, երբ հնձվորները նստել են շունչ քաշելու: Խալաթ Միքայելյանը իր հողամասում հանդիպել է ցանած ականին և կորցրել ոտքը:

Տավուշի մարզը Ադրբեջանի հետ ունի շուրջ 350 կիլոմետր սահման, որից 17 կիլոմետրը բաժին է ընկնում Բարեկամավանին: Միջահասակ մի գյուղացի, ով ներկայացավ Ջոնիկ անունով, պատմեց. «Պատերազմի ժամանակ այդ գյուղը իր ուժերով պահել է հայ-ադրբեջանական սահմանի 17 կիլոմետրանոց հատվածը: Երեխաներից սկսած մինչև 60 տարեկան մարդիկ կանգնել ու պաշտպանել են սահմանը, գյուղը»: Նա բողոքեց իշխանություններից, ասելով, որ գյուղը անուշադրության են մատնել: «Մենք մեր երեխաներին չենք պահում: Մենք մեր երեխաներին խաբում ենք: Մեր երեխաները սոված չեն քնում, մեր երեխաները կոշիկ ունեն, բայց նրանք մեծանում են` աշխարհից կտրված: Այստեղ ոչինչ չկա երեխաների համար: Տարվա մեջ գոնե մեկ անգամ չենք կարողանում մեր երեխաներին դուրս տանել և Հայաստանի որևէ տեսարժան վայր ցույց տալ: Չկա երգի կամ պարի խմբակ: Այստեղ ոչինչ չկա երեխաների ու երիտասարդների համար: Գալիս է պահ, որ մտածում եմ` ես էլ թքեմ հեռանամ, բայց հետո մտածում եմ` իսկ մեր հողն ու ջուրը, մեր գերեզմանները»,- վրդովված խոսում է Ջոնիկը:

Դպրոցի տնօրեն Աստղիկ Ազատյանը պատմում է. «Մարդիկ մի ժամանակ հույս ունեին, որ պատերազմի ավարտից հետո կյանքի պայմանները կբարելավվեն, բայց արդեն քանի տարի է անցել: Մարդուն կյանքը մեկ անգամ է տրվում: Ես գնացողներին չեմ մեղադրում: Ինչքան էլ հայրենասեր լինես, գյուղդ սիրես, կյանքը մեկ անգամ է տրվում: Այստեղ կյանքդ անցնում է ու ոչինչ չես տեսնում»:

Երիտասարդ գյուղապետ Գագիկ Աբազյանը թվարկում է չլուծված խնդիրները, որոնք կան գյուղում. «Գյուղը գտնվում է Հայաստանի նախագահի և կառավարության անմիջական ուշադրության կենտրոնում: Այս տարի գյուղացիները կունենան բնական գազի խողովակ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով արդեն չորրորդ տարին պահուստային հողատարածքների վրա աշնանացան ցորեն է ցանվում: Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հինգ-վեց անգամ այցելել է գյուղ, անցնող տարի գյուղում մարդկանց սպառած էլեկտրաէներգիայի գումարը վճարել է նախարարությունը: Գյուղին տրամադրվել է երկու ամենագնաց մեքենա»:

Գյուղի ապագայի հարցում նա այնքան էլ լավատես չէ: Ի՞նչպես լինես լավատես, երբ ամեն տարի գյուղում ծնվում է մեկ երեխա, մահանում է 10 մարդ: «Ես չեմ ուզում մտածել, որ կգա մի ժամանակ, երբ Բարեկամավանը այլևս չի լինի: Չեմ ուզում մտածել, որ կգա մի ժամանակ, երբ գյուղում այլևս մարդ չի լինի»,- ասում է նա:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթ կայքում՝ 2014թ փետրվարի 11-ին