Քսանհինգ տարի առաջ, երբ Հայաստանը մտնում էր անկախության ճանապարհ, նրա առաջ երկու հիմնական ուղղություն էր բացվում:
Առաջին` Հայաստանը և հայ ժողովուրդը ինչ-որ լուծում է գտնում դեռևս մխացող արցախյան հակամարտության համար, ինչպես նաև Թուրքիայի և թուրքերի հետ` «լեզու գտնում»: Այս ուղղությունը պաշտպանում էին անկախության առաջին շրջանի մի շարք պետական-քաղաքական գործիչներ, ինչպես օրինակ Վազգեն Մանուկյանի կառավարության փոխվարչապետ Կտրիճ Սարդարյանը կամ Հրանտ Բագրատյանի կառավարության կրթության նախարար Աշոտ Բլեյանը: Այս ուղղության ջատագովներից էին, անշուշտ՝ վերապահումներով, բազմաթիվ այլ գործիչներ, ինչպես օրինակ պատմաբան-լեզվաբան Ռաֆայել Իշխանյանը, գրող Վանո Սիրադեղյանը, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
Երկրորդ՝ Հայաստանի համար առաջնահերթ է հողահավաքն ու Հայ դատի հետապնդումը, որ առանց երրորդ ուժի` Հայաստանը և հայ ժողովուրդը անկարող են դիմակայել թուրք-ադրբեջանական ծավալապաշտությանը: Այս ուղությունը պաշտպանում էր Սփյուռքը գրեթե առանց վերապահումների, հայ ավանդական կուսակցությունները, իշխանությունը կորցնող և Մոսկվայից կառչած Կոմկուսը, ռուսախոս հայ ինտելիգենցիան: Այլ խոսքով, այս ուղղությունը կարելի է համարել երրորդ ուժի վրա հենվող, այսինքն` մեր հույսները պիտի դնենք երրորդ պետությունների հնարավոր և ենթադրյալ օգնության վրա: Զորի Բալայանը այս ուղղության կարկառուն և անփոխարինելի ներկայացուցիչն էր (է): Որպես երրորդ ուժ բոլորի մտքում Խորհրդային Միության փլատակներից վեր բարձրացող Ռուսաստանն էր (է):
Քսանհինգ տարի առաջվա վեճը նորություն չէր հայ ժողովրդի պատմության համար: Նման քննարկում ծավալվել է Իսրայել Օրու ժամանակ, 19-րդ դարի կեսերից հետո, երբ առաջին անգամ միջազգայնացվեց Հայկական հարցը, Հայոց ցեղասպանությունից հետո և Առաջին հանրապետության գոյության երկուսուկես տարիներին:
Հայաստանի` Մաքսային միություն մտնելու Մոսկվայի որոշումը տհաճ նորություն էր, բայց անակնկալ չէր:
Հայաստանը չի կարող անկախ, ինքնիշխան պետություն դառնալ, քանի դեռ հայաստանցիներն ու հայ ժողովուրդը չեն կարողանում գտնել թուրքերի և ադրբեջանցիների հետ համակեցության նվազագույն որևէ մակարդակ: Անշուշտ, արտաքին անկախ քաղաքականություն իրականացնելու համար չափազանց կարևոր է ժողովրդավարական, օրենքի գերակայությունը հարգող պետություն, արդար ճանապարհով ընտրված նախագահ և խորհրդարան ունենալ: Բայց նույնիսկ այդ պայմաններում, միևնույնն է, արտաքին սահմանների ավելի քան 80 տոկոսը փակ պետության համար, որը չունի ռազմավարական դաշնակիցներ, այլ ունի թվացյալ բարեկամ պետություններ, անհնար է իրականացնել արտաքին անկախ քաղաքականություն:
Մենք կարող ենք մինչև հոգու խորքը վիրավորվել, երբ լսում ենք «Հայաստանը Ռուսաստանի վասալն է», «Հայաստանը Ռուսաստանի համար սապոգի տեղ է» և նման այլ նվաստացնող արտահայտություններ: Մենք կարող ենք ուրախանալ, որ մեր արտգործնախարարը նոր մակադրակի է բերում Հայաստան-Պերու հարաբերությունները, հպարտանք, որ դեսպանություններ ունենք Վիետնամում և Ինդոնեզիայում: Ընդդեմ կամ ի հակադրություն թուրք-ադրբեջանական դաշինքի գուցե մենք էլ կարող ենք ստեղծել Հայաստան-Իրան-Թուրքմենաստան և Հայաստան-Իրան-Հունաստան մեռելածին դաշինքները, սակայն երկարատև կտրվածքով` մեր երեխաների և Հայաստանի ապագան չարագուշակ կարող է լինել, եթե շարունակենք շրջապատված մնալ նման թշնամական ատամ կռճտացնող հարևանությամբ:
Ասել և ասում ենք, որ Թուրքիան է մեղավոր, որ այդ երկիրն է Հայաստանի հանդեպ իրականացնում շրջափակման և մեկուսացման թշնամական քաղաքականություն: Ասել և ասում ենք, որ Արցախի հարցում Ադրբեջանն է մեղավոր, այդ երկիրն է սպառազինությունների մրցավազք պարտադրում, սպառնում կոտորել հայ ժողովրդին: Բայց այդ ամենը դառնում է իզուր տեղը մեծ աղմուկ, երբ Հայաստանը շարունակվում է մնալ շրջափակված, խորանում է նրա կախումը Ռուսաստանից, իսկ հանրապետությունից ամեն տարի հեռանում են տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Այն պահին, երբ հայերը, որպես հավաքականություն, կգիտակցեն և կհասկանան, որ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի համար ճակատագրական ուժ են՝ դրանից բխող ծանրագույն հետևանքներով, այդ ժամանակ կարող է ծնվել կամ գտնվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հնարավոր համակեցության գոնե նվազագույն մակարդակը:
Տասնյակ հազարներով հայերը լքում են հայրենիքը, բայց Հայաստանը չի կարող լինել այլուր, քան Թուրքիայի և Ադրբեջանի հարևանությամբ: Գուցե դաժան է հնչում, բայց սա է իրականությունը: Իսկ իրականությունը գիտակցելը ոչ ամոթ բան է, առավել ևս՝ դավաճանություն կամ վախկոտություն:
Թաթուլ Հակոբյան, 9 հունվարի, 2014թ
Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթ կայքում՝ 2014թ հունվարի 9-ին