Նոյեմբերի վերջերին Ուկրաինայի Օդեսա քաղաքում, իսկ դեկտեմբերի կեսերին` Թբիլիսիում` միջազգային տարբեր նախագծերի շրջանակում հերթական հնարավորությունը ստացա շփվելու ադրբեջանցի հայտնի լրագրողների և փորձագետների հետ: 2013թ. ընթացքում հինգ նման հնարավորություն եմ ունեցել: Նման հանդիպումները ինձ համար` որպես լրագրողի, շատ կարևոր են` Ադրբեջանի ներքին և արտաքին զարգացումներն ավելի լավ հասկանալու տեսանկյունից: Մեկ բան է, երբ դու օրը-օրին հետևում ես ադրբեջանական լրատվամիջոցներին, մեկ այլ բան, երբ սուրճի սեղանի շուրջ անկեղծ զրուցում ես ադրբեջանցի քո գործընկերների հետ:
Ինձ, ինչպես և շատ հայերի, հետաքրքրում և մտահոգում է սպառազինությունների այն մրցավազքը, որ պարտադրում է Ադրբեջանը: 2014-ի համար Ադրբեջանը պետական բյուջեով ռազմական կարիքների համար նախատեսել է ծախսել շուրջ 3,8 միլիարդ դոլար, որը զգալիորեն ավելի է, քան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ամբողջ պետական բյուջեները` միասին: 2014-ին Հայաստանի ռազմական բյուջեն կամ պաշտպանության նախարարության ծախսերը կազմելու են մոտ 470 միլիոն, իսկ Վրաստանինը` ընդամենը 390 միլիոն դոլար: Հունիսին ադրբեջանական բանակի տոնի առիթով կազմակերպվեց հերթական ռազմական շքերթը, որի ընթացքում ունեցած ելույթում Իլհամ Ալիևը հիշեցրեց, որ 2003-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում էր ընդամենը 163 միլիոն դոլար: Այսպիսով, տասը տարվա ընթացքում Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 23 անգամ:
Ամեն տարի Ադրբեջանն ավելացնում է ռազմական բյուջեն և ձեռք բերում զենքի ու զինամթերքի նոր խմբաքանակ, հետևաբար` անսպասելի չի լինի, եթե մի օր այդ երկիրը պատերազմ հայտարարի և փորձի արցախյան հակամարտությունը հօգուտ իրեն լուծել հենց ռազմական ճանապարհով: Ավելին, Բաքվի իշխանությունները և անձամբ Իլհամ Ալիևը ամեն առիթով սպառնում են, որ եթե «հայկական ուժերը դուրս չգան գրավյալ ադրբեջանական հողերից», ապա «հակամարտությունը կկարգավորվի ռազմական ճանապարհով»:
Հայաստանում և Արցախում տիրապետողն այն կարծիքն է, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի միայն այն բանից հետո, երբ հարյուր տոկոսով հավատացած կլինի, որ այդ պատերազմում հաղթելու է: Արդեն մի քանի տարի Ադրբեջանը մարդկային, ռազմական և ֆինանսական ռեսուրսներով գերազանցում է Հայաստանին և Արցախին, սակայն պատերազմ չի սկսում: Հայկական իրականության մեջ կա նաև այն կարծիքը, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի, քանի դեռ միջազգային շուկաներ է արտահանում զգալի քանակությամբ նավթ և գազ:
Հայ և ադրբեջանցի լրագրողների անմիջական շփումների ժամանակ խոսակցության հիմնական թեմաներից մեկը, բնականաբար, նոր պատերազմի հավանականությունն է: Ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետները ևս կարծում են, որ առաջիկայում պատերազմի հավանականությունը ցածր է: Սակայն նրանց կարծիքով` Ադրբեջանի հիմնական մտահոգությունը Ռուսաստանն է: Նրանք նշում են, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի այնքան ժամանակ, քանի դեռ համոզված է, որ ռազմական գործողություններին միջամտելու է Ռուսաստանը: Այդ միջամտությունը կարող է լինել ոչ ի նպաստ Ադրբեջանի կամ հօգուտ Արցախի ու Հայաստանի: «Ռուսաստանի համար առաջնային է Արցախ-Ադրբեջան շփման գոտում ունենալ ռազմական ներկայություն, ինչն անընդունելի է Ադրբեջանի համար»,- ասում են ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետները: Բավական է Ադրբեջանը պատերազմ սկսի, Ռուսաստանը` հայերին պաշտպանելու պատրվակով, իր խաղաղապահ ուժերին տեղակայելու է հակամարտության գոտում, համոզված են ադրբեջանցի լրագրողներն ու փորձագետները:
Հայաստան-Ադրբեջան սահմանի և Արցախ-Ադրբեջան շփման գծի ամբողջ երկայնքով հրադադարը պաշտպանվում է առանց արտաքին միջամտության: 1994-ի մայիսյան հրադադարից ի վեր` հայկական և ադրբեջանական բանակների միջև ստեղծվել է ռազմական հավասարակշռություն, որն էլ թույլ է տալիս արդեն 20 տարի պահպանել «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրադրությունը: Ռուսաստանը միշտ էլ ձգտել է ռազմական ներկայություն ունենալ հայ-ադրբեջանական հակամարտության շրջանում, ինչը իրականություն չի դարձել Ադրբեջանի առարկության պատճառով:
Անդրկովկասի ճանաչված, մասամբ ճանաչված կամ չճամաչված վեց երկրներից երեքում` Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսիայում, Ռուսաստանը ունի ռազմական ներկայություն: Բացի այդ, ռուս խաղաղապահներ են տեղակայված վրաց-աբխազական և վրաց-հարավօսական շփման գծի երկայնքով, ինչպես նաև` ռուս սահմանապահ զորքերը հայ սահմանապահների հետ համատեղ հսկում են Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմանը: Ռուսական ռազմական ներկայություն չկա Վրաստանում, Ադրբեջանում և Արցախում:
Թաթուլ Հակոբյան