Իլհամ Սաֆարովը դեպի ինձ մեկնեց հայկական կոնյակով լի և վրացական օղու դատարկ շշերը: Նա ասաց, որ իր ձեռքերը դողում են՝ հանկարծ կոնյակը չթափվի: Ես հայկական կոնյակը դատարկեցի վրացական օղու շշի մեջ: Սենյակը լցվեց կոնյակի բույրով: «Այ, ապրես, մի կաթիլ էլ չթափվեց»,- հայերենով հիացմունքն արտահայտեց Իլհամը:
Իլհամը Ադրբեջանի «Ինտերնյուս» լրագրողական կազմակերպության ղեկավարն է և հաճախ է շփվում հայ լրագրողների հետ: Հայերեն սովորել է հիսուն տարի առաջ` դպրոցում: Նա եղել է ռուսական դպրոցի՝ իր դասարանում միակ ադրբեջանցին, մյուսները հիմնականում եղել են հայեր: Այսպես, Իլհամը սովորել է հայերեն և մինչև այսօր, թեև վերջին երեսուն տարիներին հազվադեպ է օգտագործում, չի մոռացել լեզուն: Նա չի մոռացել նաև իր հայ դասընկերներին, որոնք ստիպված են եղել հեռանալ Ադրբեջանից: Իլհամը երբեմն հանդիպում է նրանց Ռուսաստանում, իսկ հաճախ՝ կապվում սքայփով:
Հայկական կոնյակը, որ ես լցնում էի վրացական օղու դատարկ շշի մեջ, Իլհամը Վրաստանից Թբիլիսի-Բաքու գնացքով պիտի հասցներ ժամանակակից ադրբեջանական գրականության դասական Աքրամ Այլիսլիին, որն իր «Քարե երազներ»-ով ցնցել էր ողջ Ադրբեջանը՝ իշխանությունների և ազգայնականների կողմից արժանանալով դավաճանության պիտակին: Այլիսլին իր վեպ-ռեքվիեմում անդրադարձել էր Նախիջևանի հայկական Ագուլիս գյուղում 1919-ին կատարված հայկական ջարդերին: Հայ լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանն էր որոշել մի շիշ կոնյակ ուղարկել Այլիսլիին, որին անձամբ չէր ճանաչում:
Ադրբեջանի իշխանությունները կույր ատելությամբ են լցված այն ամենի նկատմամբ, ինչը հայկական է: Վրաց-ադրբեջանական սահմանի հսկիչ-այցագրային կետերում այնպիսի մանրամասնությամբ են ստուգում ճամփորդներին, որ անգամ անհնար է մեկ շիշ կոնյակի կամ մեկ գրքի տեղափոխումը:
Անցյալում` Հեյդար Ալիևի ժամանակներում, անգամ Իլհամ Ալիևի նախագահության առաջին տարիներին, այդպես չէր: «Ես ինձ հետ Բաքու հայկական կոնյակ էլ եմ տարել, Արցախի թթի օղի էլ եմ տարել»,- պատմում է ադրբեջանցի ճանաչված լրագրող Շահին Ռզաևը, որի պայուսակից հունիսին հանել էին իմ հեղինակած երկու գրքերը՝ «Արցախյան օրագիր. Կանաչ ու սև» և «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը»: Շահինը երկար բանակցել էր մաքսատան աշխատակիցների հետ, բայց՝ անօգուտ: Նա այդ մասին հոդված գրեց բրիտանական IWPR-ի (Պատերազմի և խաղաղության ինստիտուտի լուսաբանում) կայքում՝ ամենախիստ բառերով քննադատելով իր երկրի իշխանություններին: Թբիլիսիում մեր վերջին հանդիպման ընթացքում նա պատմեց, որ երկու գրքերն էլ վառել են: Այդ մասին նա իմացել էր ծանոթ պաշտոնյաներից:
«Անհեթեթություն»,- միաբերան գոչեցին զրույցին ներկա հայ և ադրբեջանցի լրագրողները: Ես Շահինին նվիրեցի երկու օրինակ իմ գրքերից և խոստացա, որ եթե այս անգամ էլ նրան չհաջողվի դրանք հասցնել տուն և ունենալ իր գրադարանում, միևնույնն է, ես գրքերը այլ ճանապարհներով պիտի ուղարկեմ Բաքու: «Քանի որ ես կասկածյալ եմ, գրքերից մեկը դնելու եմ Թողրուլ Ջուվարլըի, մյուսը`Ավազ Հասանովի պայուսակում»,- շարունակեց Շահինը:
Երևանի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Բաքվի «Ինտերնյուսը» բրիտանական «Հաշտեցման պաշարներ» կազմակերպության ղեկավարությամբ ու Եվրոպական Միության ֆինանսական օժանդակությամբ նկարահանում են ղարաբաղյան պատերազմի և բանակցային գործընթացի մասին երեք մասերից կազմված երեքժամանոց փաստագրական ֆիլմ, որից մեկուկես ժամը հայկական հատվածն է, մեկուկես ժամը՝ ադրբեջանական: Այդ նպատակով, հայ և ադրբեջանցի լրագրողների, փորձագետների և ռեժիսորների փոքր խումբը պարբերաբար հանդիպում է Թբիլիսիում, քննարկում, վիճում:
Ամեն անգամ Թբիլիսիից Երևան վերադառնալու ճանապարհին ես կանգնում եմ Վրաստանի ադրբեջանաբնակ Իմիրի գյուղում և ճամփեզրին կանգնած առևտրականներից արևադարձային մրգեր գնում՝ մանդարին և կիվի, նարինջ և նուռ կամ արևադարձային այլ մրգեր: Արդեն երրորդ անգամ անընդմեջ ես գնումներ եմ կատարում մի ադրբեջանցուց, որն իր տաղավարի վրա հայերենով խոշոր տառերով գրել է. «Բարով եկար»:
Նախորդ անգամ ես այդ տաղավարի մոտ կանգնել էի Թուրքիայից վերադառնալու ժամանակ: Ընտանիքով էինք: Տաղավարի տեր տղամարդը, որի անունը չեմ հարցրել, տեսնելով, որ երեխաների հետ եմ, մի քանի կիլոգրամ խառը մրգերով արկղը դրեց մեքենայիս մեջ, երբ նրանից կատարել էի բոլոր գնումները և պատրաստվում էի շարժվել:
«Ադրբեջանցի՞ է»,- զարմացել էին երեխաներս: «Ինչո՞ւ է նա մեզ մրգեր նվիրում: Հնարավո՞ր է, որ ադրբեջանցի չէ»,- հարցնում էին ինձ:
Իրավամբ, քաղաքականությունը և քարոզչությունը մարդուն, երեխային այն աստիճան են կուրացնում, որ մտածում է՝ ադրբեջանցին մարդ չէ, կամ՝ հայը մարդ չէ, կամ՝ վրացին մարդ չէ:
Այս անգամ Թբիլիսիից վերադառնում էի մենակ: Կանգնեցի «Բարով եկար» տաղավարի մոտ և մինչև անհրաժեշտ գնումներ կատարելը ադրբեջանցուն, որի անունը կրկին չհարցրեցի, նվիրեցի մեկ շիշ հայկական տնական օղի: Հեռանալիս, այս անգամ նրա մայրը, իմ մեքենայի մեջ դրեց մրգերով լի մեկ այլ արկղ՝ նվեր երեխաներիս:
Ես դեպի Հայաստանի սահման՝ Սադախլո-Բագրատաշեն անցակետ շարժվեցի խառը, տարօրինակ ու անբացատրելի զգացումներով: Ես անգամ գլխապտույտ զգացի: Արդեն հասել էի տուն, երբ ստացա Շահին Ռզաևի՝ ֆեյսբուքով ուղարկած նամակը: Նա ուրախությամբ գրել էր, որ հաջողվել է գրքերը հասցնել Բաքու: Մաքսատան աշխատակիցները պայուսակի խորքից գտել էին գրքերը, սակայն վաթսունն անց ռեժիսոր Թողրուլ Ջուվարլըին հաջողվել էր համոզել և հետ ստանալ գրքերը: Շահինը գրում էր, որ մեկ ժամ էր պահանջվել, որպեսզի մաքսատան աշխատակիցները համոզվեն` տեղի տալով Թողրուլի՝ «միջազգային իրավիճակի» մասին դասախոսությանը:
Թաթուլ Հակոբյան
Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթի կայքքում՝ 2013թ նոյեմբերի 28-ին