Մոսկվա-Բաքու՝ իրական գործընկերություն. 19 օգոստոսի, 2013թ

3444

Երբ աշխարհի տարածքով ամենամեծ պետության առաջնորդը այցելում է որևէ երկիր, ապա անկախ ստորագրված պայմանագրերի քանակից ու բանակցությունների ընթացքից, այդ այցն արդեն իսկ լուրջ քաղաքական իրադարձություն է հյուրընկալողի, տվյալ դեպքում՝ Ադրբեջանի համար: Վլադիմիր Պուտինի մեկօրյա աշխատանքային այցը Ադրբեջան ուշագրավ էր մի քանի պատճառներով:

Առաջին. նախագահի պաշտոնում երրորդ անգամ ընտրվելուց հետո Պուտինը, չնայած պաշտոնական Երևանի գործադրած ջանքերին, չի այցելել Հայաստան, սակայն այցելում է Ադրբեջան: Սա այն դեպքում, երբ Հայաստանը համարվում է Կովկասում Ռուսաստանի հիմնական ռազմավարական գործընկերը: Նախքան 2013-ի փետրվարի Հայաստանի նախագահական ընտրությունները՝ խոսվում էր Պուտին Երևան այցի մասին: Սակայն Պուտինը չայցելեց Հայաստան ոչ ընտրությունների նախօրեին և ոչ էլ ընտրություններից հետո: Պետք է ընդգծել, որ Պուտինը անձնական ջերմ հարաբերություններ ուներ հանգուցյալ Հեյդար Ալիևի հետ: Որդին՝ Իլհամ Ալիևը, ևս կարողացել է բռնապետական հակումներով Պուտինի հետ հաստատել ջերմ անձնական կապեր: Սերժ Սարգսյանին նույնը չհաջողվեց:

Երկրորդ. Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող պետություններից է և ամենակարևոր դերակատարությունն ունի արցախյան խաղաղ կարգավորման գործընթացում: Բոլորովին վերջերս Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց մեկ միլիարդ դոլար արժողությամբ հարձակողական զենքեր, իսկ 2010-ից ի վեր, պարզվում է, Ադրբեջանը Ռուսաստանից գնել է շուրջ չորս միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ զենք ու զինամթերք: Այդ մասին Բաքվում Պուտինի ներկայությամբ առաջին անգամ հայտարարեց Ալիևը: Ադրբեջանը ամեն առիթով հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի Արցախի և Հայաստանի դեմ, հետևաբար՝ ռուսական զենքը գնում է հենց հայկական կողմի վրա հարձակման նպատակով: Ճիշտ է, Բաքվում Պուտինը հայտարարեց, որ “ղարաբաղյան խնդիրը կարող է լուծվել միայն քաղաքական միջոցներով”, դա դեռ բավարար պայման չէ և զսպիչ գործոն չէ, որպեսզի Ադրբեջանը չհրահրի նոր պատերազմ:

Երրորդ. Պուտինը Ադրբեջան է այցելում այդ երկրում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախօրեին՝ անուղղակի կերպով աջակցելով Իլհամ Ալիևին, ով պատրաստվում է երրորդ անգամ անընդմեջ զբաղեցնել նախագահի աթոռը: Ճիշտ է, այցի ընթացքում որևէ խոսք չասվեց ընտրությունների մասին, սակայն հեռուստատեսությամբ ցուցադրվող Պուտին-Ալիև ջերմ մթնոլորտը և Ադրբեջանի բռնապետ նախագահի դեմքի երջանիկ արտահայտությունը կասկած չէին թողնում, թե ում է ուզում Ադրբեջանի նախագահի պաշտոնում տեսնել Պուտինը: Բայց գլխավոր ինտրիգը դեռ առջևում է: Ադրբեջանական ընդդիմությունը միավորվել և նախագահի միասնական թեկնածու է առաջադրել աշխարհահռչակ կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովին, ով ունի Ադրբեջանի և Ռուսաստանի քաղաքացիություն: Եթե Պուտինը չկատարի Իբրահիմբեկովի դիմումը և նրանից չվերցնի ռուսական քաղաքացիությունը, ապա ընդդիմության թեկնածուն չի կարող մասնակցել ընտրություններին, քանի որ ադրբեջանական օրենքները թույլ չեն տալիս այլ երկրի քաղաքացիություն ունեցողին պայքարել նախագահի աթոռի համար:

Չորրորդ. Պուտինը Ադրբեջան այցից մի քանի շաբաթ առաջ այցելել էր հարևան մեկ այլ երկիր՝ Ուկրաինա, որտեղ ռուսական կողմը հստակ Կիևին հասկացնել էր տվել, որ Ուկրաինան բարդություններն է ունենալու, եթե մաս չկազմի Եվրասիական Միությանը և այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում ստորագրի Եվրոպական Միության Ասոցացման պայմանագիրը: Հենց Պուտինի Ուկրաինա այցի ընթացքում պարզվեց, որ արգելվում է ուկրաինական “Ռոշեն” շոկոլադների և հրուշակեղենի ներմուծումը Ռուսաստան: Արգելքի հիմնավորումը, բնականաբար, քաղաքական չէր: Տարիների առաջ, երբ Վրաստանը բացահայտ կերպով հայտարարեց Եվրոպական Միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր մտադրության մասին, ռուսական կողմը արգելեց վրացական գինիների և հանքային ջրերի ներմուծումը Ռուսաստան՝ պատճառաբանելով, որ դրանց որակը չի համապատասխանում ռուսական չափանիշներին: Հայաստանը, Վրաստանը, Ուկրաինան պատրաստվում են ստորագրել Եվրոպական Միության Ասոցացման պայմանագիրը, մինչդեռ Ադրբեջանը չի ստորագրելու: Ահա հենց այս պատճառով է նաև, որ Պուտինը՝ այցելելով Բաքու, անուղղակի կերպով մյուս պետություններին, այդ թվում՝ Հայաստանին, զգուշացնում է, որ խնդիրների առաջ են կանգնելու, եթե չափից ավելի թեքվեն դեպի Եվրոպական Միություն:

Հայկական լրատվամիջոցներում Պուտինի Ադրբեջան այցը այնքան էլ ուշադրության չարժանացավ, իսկ որոշ մեկնաբաններ անգամ փորձեցին ցույց տալ, թե իբր այցը հաջողվածներից չէր: Իրականում, այցը կարելի է համարել հաջողված՝ հաշվի առնելով ստորագրված փաստաթղթերի կարևորությունը, քննարկված ոլորտների բազմազանությունը, ջերմ մթնոլորտն ու միմյանց հասցեին երկու կողմերի հրապարակային հաճոյախոսությունները, ինչպես նաև՝ ռուսական պատվիրակության կազմում ընգրկված նախարարների և այլ պաշտոնյաների պատկառելի թիվը: Ամենակարևոր համաձայնագիրը ռուսական «Ռոսնեֆթ» և ադրբեջանական «Սոկար» պետական նավթային ընկերությունների միջև պայմանավորվածությունն էր համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին: Ռուսական կողմը, բնականաբար, ձգտում է հաստատվել Կասպից ծովի ադրբեջանական հատվածի ուժանյութերի շուկայում: Ռուսական մամուլը գրում է, որ Մոսկվայի նպատակը «Շահ Դենիզ-2» և «Ապշերոն» հանքավայրերում մասնաբաժիններ ձեռք բերելն է:

Պուտինը չայցելեց Շեհիդների ծառուղի, քանի որ այցը պաշտոնական կամ պետական չէր:

Պուտինի Ադրբեջան այցին Հայաստանում չպետք է խանդով կամ նեղացածի կեցվածքով վերաբերվեն: Պետք է հասկանալ, որ Ադրբեջանը Ռուսաստանի հարևանն է, նրա հետ ունի ընդհանուր սահման և ընդհանուր շահեր ու հետաքրքրություններ: Անշուշտ, մտահոգիչ է, երբ ռուսական կողմը հարձակողական զենքեր է վաճառում մի պետության, որը բացահայտ հայտարարում է Հայաստանի և Արցախի դեմ պատերազմելու իր մտադրության մասին: Սակայն նաև հասկանալի է, որ Հայաստանը, որքան էլ Ռուսաստանին համարի իր ռազմավարական գործընկերը, չի կարող ազդել Մոսկվայի արտաքին քաղաքական որոշումների վրա:

Թաթուլ Հակոբյան

Այս գրությունը լույս է տեսել ՍիվիլՆեթ կայքում՝ 2013թ օգոստոսի 19-ին