Պատերազմի երեք սցենար. 13 հունիս, 2012թ

1789

Վերջին շաբաթներին և ամիսներին Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններում իրավիճակը ծայրաստիճան լարված է. հրադադարը խախտվում է ամեն օր, ամեն ժամ: Հակառակորդ բանակները միմյանց դեմ կրակ են բացում, որի հետևանքով սպանվում են երիտասարդ հայ և ադրբեջանցի տղաներ: Առանց չափազանցության կարելի է ասել, որ որդիներին բանակ ճանապարհող հայ մայրերը նրանց պատերազմ են ուղարկում:

Միայն 2012թ. ընթացքում հայկական և արցախյան բանակները հակառակորդի դիվերսիոն գործողությունների և դիպուկահարների արձակած կրակոցների հետևանքով կորցրել են շուրջ մեկ տասնյակ զինվորներ: Թեև ճշգրիտ վիճակագրություն չկա, սակայն փորձագիտական մոտավոր հաշվարկներով 1994թ. մայիսյան անժամկետ հրադադարից հետո Հայաստանն ու Արցախը կորցրել են շուրջ 1000, իսկ Ադրբեջանը՝ շուրջ 3000 զինվոր:
1994թ. հրադադարից ի վեր Հայաստան-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմանները կամ շփման գիծը գրեթե փոփոխության չեն ենթարկվել: Գուցե պարկեշտ չէ մաթեմատիկական հաշվարկներ կատարելը, երբ խոսքը վերաբերում է մարդու կյանքին՝ անգամ մեկ 20-ամյա հայ երիտասարդի կորստին: Բայց ստացվում է, որ ստատուս քվոյի պահպանման պայմաններում, երբ Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը տարածքային չափումով ոչինչ չեն զիջել և ոչինչ չեն նվաճել, կորցրել են շուրջ 4000 երիտասարդի:

Այսօր Հայաստանում, Արցախում և հատկապես Ադրբեջանում ռազմական հռետորաբանությունը քաղաքական ասպարեզ է իջել, կրկին հնչում են պատերազմի կոչեր: Պատերազմը, սակայն, լուծում չէ: Գուցե Ադրբեջանը, ծնելիության բարձր ցուցանիշներ ունենալով, չի ափսոսում շփման գծում սպանվող իր երիտասարդների համար: Գուցե Իլհամ Ալիևի և Ադրբեջանում իշխող վարչախմբի համար պատերազմական հռետորաբանությունը և շփման գծում պատերազմական վիճակը պահպանելը քաղաքականապես շահեկան է, անգամ եթե դրա դիմաց նրանք վճարում են մարդկային կորուստներով:

Այն ստատուս քվոն, որ այսօր առկա է Արցախում, ինչ-որ իմաստով տրամաբանական է: Եթե նայում ենք շփման գծին կամ երբ քայլելով անցնում ենք շփման գծի երկայնքով, տեսնում ենք, որ այդ սահմանները պաշտպանելու իմաստով ամենից հարմարն են հայկական կողմի համար: Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով ևս, բացառությամբ մի քանի հատվածների, հայկական դիրքերը աշխարհագրորեն ավելի բարձր են: Ավելի պարզ բառերով՝ հայերը լեռների վրա են, ադրբեջանցիները՝ դաշտավայրում: Ամերիկացի ռազմական մի փորձագետ ասել է, որ մինչև սպառվեն հայկական կողմի փամփուշտները, ադրբեջանցիները այլևս զինվորներ չեն ունենա:

Հայաստանի և Արցախի համար, այսօրվա պայմաններում, առավելագույն նպատակը պիտի լինի ստատուս քվոյի պահպանությունը: Պիտի հասկանալ, որ նոր պատերազմը (բացի այն, որ կարող է լինել արյունալի ու աղետաբեր՝ տասնյակ հազարավոր մարդկային կորուստներով ու ավերածություններով) չի բխում առաջին հերթին Հայաստանի և Արցախի շահերից: Պիտի հասկանալ, որ յուրաքանչյուր պատերազմ ունենում է հաղթող և պարտվող կողմեր: Կարո՞ղ ենք հարյուր տոկոսով համոզված լինել, որ նոր պատերազմում հայկական բանակը կրկին հաղթանակ կտանի: Ուրեմն, քանի դեռ անգամ նվազագույն հավանականություն կա, որ հայերը կարող են պարտվել, պետք է խուսափել նոր պատերազմից:

Հայ-ադրբեջանական կամ արցախյան նոր պատերազմը, լայն հաշվով, կարող է ունենալ երեք հիմնական արդյունք:

Առաջին. Ադրբեջանը լայնածավալ նոր պատերազմ է սկսում, սակայն հանդիպելով հայկական դիմադրությանը, ոչ միայն չի կարողանում տեղաշարժի ենթարկել շփման գիծը, այլև նահանջում է: Օգտագործելով առիթը և պատժելով հակառակորդին՝ հայկական բանակն առաջ է շարժվում և իր վերահսկողության տակ առնում նորանոր տարածքներ Ադրբեջանի խորքում՝ մինչև Կուր-Արաքս միջագետք: Այսպիսով՝ Հայաստանն ու Ադրբեջանը և Արցախն ու Ադրբեջանը միմյանցից տարանջատվում են ոչ թե ցամաքային շփման գծով, ինչպես այսօր է, այլ գետերով: Սա պատերազմի այն ելքն է, որ շատ հայեր երազում են: Բայց երազանքը սահման չունի: Երազելու հետ մեկտեղ պետք է հաշվի առնել միջազգային իրադրությունը, մեզ շրջապատող թյուրքական աշխարհը, Հայաստանի իրական հնարավորությունները, ժողովրդագրական վիճակը:

Երկրորդ. Ադրբեջանը դիմում է ռազմական լայնածավալ գործողությունների, ճեղքում է շփման գիծն ու առաջ շարժվում: Անկասկած, հայկական բանակն ամենամարտունակն է տարածաշրջանում, բայց որևէ բանակ անպարտելի չէ: Եղել են պահեր, երբ հենց 1991-1994 թթ. պատերազմում հայկական ուժերը հայտնվել են անելանելի վիճակներում: 1992թ. ամռանը ադրբեջանական բանակը գրավել էր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 40 տոկոսը, մարտերն ընթանում էին Գանձասարի հատվածում, իսկ հայկական բանակում տիրում էր խուճապ:

Քանի դեռ անգամ կա մեկ տոկոս պարտվելու հավանականություն, Հայաստանը պիտի գործի դնի իր ողջ դիվանագիտական և քաղաքական զինանոցը և իր գործընկեր պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի ու միջազգային հանրության աջակցությամբ զրոյին հավասարեցնի պատերազմի վերսկսման հավանականությունը:

Երրորդ. Ադրբեջանը դիմում է լայնածավալ ռազմական գործողությունների, հայկական և ադրբեջանական բանակները գործի են դնում իրենց ողջ զինանոցը՝ ավիացիան, հեռահար հրթիռակոծության զենքերը, սակայն երկկողմ մարտերի արդյունքում ստատուս քվոն չի փոխվում. հայկական և ադրբեջանական դիրքերը մնում են այսօրվա շփման գծի երկայնքով: Վերջին տարիներին հակառակորդ բանակները, հատկապես Ադրբեջանը, ձեռք է բերել միլիարդավոր դոլարներ արժողությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա:

Ինչպես 1991-1994 թթ. պատերազմի տարիներին, այնպես էլ նոր պատերազմի դեպքում կողմերը հրթիռակոծելու են խաղաղ բնակավայրերը: Այսօր Ադրբեջանը Նախիջևանում տեղակայել է ռազմական այնպիսի տեխնիկա, որ կարող է հարվածել Երևանին: Նախիջևանի սահմանից մինչև Հայաստանի մայրաքաղաք ընդամենը 50 կմ է:

Հայաստանի և Արցախի այսօրվա կեցվածքն ու մարտավարությունը, այն է՝ համարժեք և անհավասար պատասխան տալ հակառակորդի ոտնձգություններին ու դիվերսիոն գործողություններին, թվում է, չունեն այլընտրանք: Պաշտոնական Երևանը մի քանի անգամ հայտարարել է, որ յուրաքանչյուր հայ զինվորի սպանության դիմաց ադրբեջանական կողմն ունենալու է ավելի ծանր մարդկային կորուստներ: Եթե անգամ մեկ հայ զինվորի դիմաց Ադրբեջանը կրի տասը զոհ, միևնույն է, դա սփոփանք չէ այն հայ մայրերի համար, որոնք իրենց որդիներին ուղարկում են սահմանները պաշտպանելու, բայց ստանում են նրանց անշնչացած մարմինները:

Թաթուլ Հակոբյան

13 հունիս, 2012թ

Այս գրությունը հրապարակվել է ՍիվիլՆեթ կայքում՝ 2012թ հունիսի 13-ին