Միջանցքի սպառնալիքը եւ գինը

47616

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կամ 44-օրյա պատերազմից հետո ընդունված որեւէ այլ փաստաթղթում չի հանդիպում «միջանցք» ձեւակերպումը:

Ամբողջ պատմությունը մեկնաբանության եւ ուժերի հավասարակշռության մեջ է թաքնված:

44-օրյա պատերազմի վերջին շրջանում Ռուսաստանի լուռ համաձայնությամբ, մեղմ ասած, Ադրբեջանը փորձում էր պարտադրել մի փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլիներ «Մեղրիի միջանցք» ձեւակերպումը, ինչպես նաեւ Հայաստանը կհամաձայներ վերադարձնել անկլավները: Հայկական կողմը դրան չի գնացել, բայց, մյուս կողմից, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետն այնպես է ձեւակերպված, որ տարընթերցումների տեղիք է տալիս:

«Հայաստանն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի եւ Նախիջեւանի արեւմտյան շրջանների միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել երթեւեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչության մարմինները»,- գրված է հայտարարության մեջ:

Ադրբեջանում եւ Թուրքիայում այս տեքստը եւ հատկապես «անարգել երթեւեկություն» հատվածը մեկնաբանում են որպես Հայաստանի կողմից միջանցք տրամադրելու գրավոր համաձայնություն: Բայց «անարգել երթեւեկություն» չի նշանակում միջանցք, ինչպիսին, օրինակ, Հայաստանն Արցախին կապող միջանցքն է:

Ադրբեջանը եւ Թուրքիան, հաշվի առնելով Հայաստանի տկար վիճակը, փորձում են հասնել նրան, որ ճանապարհ/միջանցքի վրա Երեւանը չունենա ինքնիշխանություն եւ վերահսկողություն: Հայաստանը կարող է չենթարկվել թուրք-ադրբեջանական վերջնագրին, եթե հնարավորություն ունենա սեփական ուժերով կանխելու նոր պատերազմի սպառնալիքով միջանցք զավթելու նրանց ցանկությունը:

Ռուսաստանի համար էական չէ ձեւակերպումը: Ռուսաստանը ցանկություն ունի վերահսկելու ճանապարհ/միջանցքը, որը Մոսկվայի ձեռքում լծակ է զսպելու Հայաստանի եվրոպական/արեւմտյան ձգտման որեւէ փորձ, ինչպես նաեւ ճանապարհի վերահսկողությամբ ազդելու Ադրբեջանի, Իրանի եւ Թուրքիայի վրա:

Իրանը, Միացյալ Նահանգները, հավաքական Արեւմուտքը եւ Վրաստանը դեմ են միջանցքին, եւ նրանցից յուրաքանչյուրն ունի իր մտահոգություններն ու շահերը: Վրաստանը զրկվելու է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ գլխավոր կապող օղակի մենաշնորհից, Իրանը կտրականապես դեմ է Հայաստանի հետ սահմանը կորցնելուն, իսկ Միացյալ Նահանգներն ու արեւմտյան աշխարհը միջանցքի մեջ տեսնում են տարածաշրջանում Ռուսաստանի արմատավորման նոր փորձ, ինչպես նաեւ պատժամիջոցները որոշ չափով շրջանցելու հնարավորություն:

ՀԱՊԿ-ի անտարբերությունը, Ռուսաստանի լուռ համաձայնությամբ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժումները, այդ թվում՝ սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունը ցույց են տալիս, որ միջանցք չտալու հարցում Երեւանը չի կարող ակնկալել ո՛չ ՀԱՊԿ-ի, ո՛չ էլ Ռուսաստանի ռազմական եւ քաղաքական աջակցությունը:

Բայց չպետք է նաեւ պատրանքներ ունենալ, որ նոր պատերազմի դեպքում մեր փոխարեն կռվելու է Իրանը կամ Արեւմուտքը: Հայաստանը ժամանակին հույսը դնում էր Ռուսաստանի վրա, այսօր, հիասթափված Ռուսաստանից, կրկին հույս է դնում երրորդ ուժի վրա:

Ամենաբարդ ու մղձավանջային պայմաններում պետք է սթափ հաշվարկներ կատարել եւ ընտրել չարյաց փոքրագույնը, ընտրել հնարավորը, ոչ թե ցանկալին: Ամեն անգամ ցանկալիին հասնելու համար մենք զրկվել են հնարավորից՝ Հայաստանի պետականությունը եւ ապագան դնելով սպառնալիքի տակ:

Հայաստանի իշխանական շրջանակներում վտանգավոր համոզում կա, որ միջանցք չպետք է տալ որեւէ պարագայում, եւ եթե անգամ Ադրբեջանը պատերազմով միջանցք զավթի, ապա դա համարվելու է օկուպացիա, որի հետ հայկական կողմը երբեք չի հաշտվելու:

Սա մանկամիտ եւ վտանգավոր հաշվարկ է: Նախ, եթե Ռուսաստանի լռության պայմաններում եւ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը նոր պատերազմով միջանցք զավթի, ապա չկա երաշխիք, որ ծանր պայմաններում, ինչպես նոյեմբերի 9-ի գիշերը, Հայաստանի վզին նոր փաստաթուղթ չեն փաթաթելու, եւ չկա երաշխիք, որ Հայաստանը չի ստորագրելու նոր վերջնագրի տակ:

Խոսքը միջանցք տալ-չտալու մասին չէ: Ակնհայտ է, որ միջանցք տալու դեպքում Հայաստանի անկախությունից եւ ինքնիշխանությունից բան չի մնալու: Խոսքը հաշվարկի մասին է եւ ունեցած հնարավորությունների: Հայաստանի նախկին եւ գործող իշխանությունների անվերջ սխալ հաշվարկներն են բերել այս օրվան:

Ուշագրավ եւ ակնհայտ է այն, որ Հայաստանում Ռուսաստանի շահերը այս կամ այն չափով ներկայացնող եւ սպասարկող ուժերն ու անհատները միջանցքի հարցում շարունակում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին, բայց որեւէ քննադատական խոսք չեն հնչեցնում Մոսկվայի հասցեին կամ առնվազն լռում են:

Tatul Hakobyan

Լրագրող, հրապարակախոս, պատմություն հետազոտող, որն առօրյա փաստերը, դրանց վրա հիմնված դատողություններն ու պատմական փորձառությունը հաջողությամբ միահյուսելով ստանում է ուրույն բովանդակություն։