Հայաստանի բնակչությունը 1886-ին. Ալեքսանդրապոլ, Երևան, Նոր Բայազետ, Խնձորեսկ

3090

Հայաստանում կանոնակարգված ձևով մարդահամար՝ աշխարհագիր կամ բնակչության հաշվառում 1831 և 1873 թվականներից հետո անց է կացվել 1886-ին: Երբ ասում ենք մարդահամար, նկատի ենք ունենում այսօրվա Հայաստանի Հանրապետության բնակավայրերը, որոնք ցարական շրջանում Անդրկովկասի վարչատարածքային տարբեր միավորների մաս էին կազմում:

Ի՞նչ փոփոխություններ էին կատարվել Ռոմանովների Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասում և Երևանի նահանգում 1873-ից 1886 թվականների՝ 13 տարիների ընթացքում:

Երբ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում ռուսները թուրքերից գրավեցին Կարսը, Արդահանը և Բաքումը, Ալեքսանդրապոլի նշանակությունը առավել արժևորվեց: Թուրքերից գրաված երկու շրջաններում՝ Կարսում և Բաթումում, Ռոմանովները ձևավորեցին երկու նոր նահանգներ՝ մարզեր:

Սա, ըստ էության, Անդրկովկասում վարչատարածքային վերջին փոփոխությունն էր (չհաշված 1880-ը, երբ Թիֆլիսի նահանգում Շուլավեր կենտրոնով ձևավորվեց Բորչալուի գավառը, որը մոտավորապես համապատասխանում է այսօրվա Հայաստանի Լոռու մարզի Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի և Վրաստանի Բոլնիսի, Դմանիսի, Ծալկայի և Մառնեուլի շրջաններին):

Այսպիսով, Անդրկովկասը 1878 թվականին բաժանված էր հետևյալ վարչատարածքային միավորների՝ Երևանի, Ելիզավետպոլի, Բաքվի, Թիֆլիսի և Քութայիսի նահանգներ, Կարսի, Բաթումի և Դաղստանի մարզեր և Զաքաթալի շրջան (այսօր Ադրբեջանի մաս է կազմում, բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ ադրբեջանցիներով ու կովկասյան ժողովուրդներով): Այս բաժանումը պահպանվեց մինչև 1917 թվականի հեղափոխությունը:

Երևանի նահանգը բաժանված էր 7 գավառների՝ Ալեքսանդրապոլ, Նախիջևան, Նոր Բայազետ, Սուրմալու, Շարուր-Դարալագյազ, Էջմիածին և Երևան:

19-րդ դարի կեսերից հետո Արևելյան Հայաստանում սկսեց ձևավորվել միջին խավը: Հայ առևտրականներն ու նավթարդյունաբերողները գերիշխող դիրք էին զբաղեցնում Անդրկովկասի խոշոր քաղաքային կենտրոններում՝ Թիֆլիս, Բաքու, Ելիզավետպոլ, Ալեքսանդրապոլ:

Այս շրջանում էր, որ ձևավորվեց հայ մտավորականությունը՝ կենտրոն ունենալով Թիֆլիսը: Բացվում էին դպրոցներ, հրատարակվում էին թերթեր ու գրքեր, մեծ մասը սակայն՝ Հայաստանից՝ Երևանի նահանգից դուրս:

Հայ գյուղացիների համար կյանքը շարունակում էր մնալ չարքաշ՝ լի հարկերով ու տուրքերով: 1870թ հողային բարեփոխումը գրեթե չփոխեց նրանց կյանքը: Այդ բարեփոխումները հնարավորություն էր տալիս հայ գյուղացուն հող գնել հողատերերից, սակայն նա դրա հնարավորությունը չուներ և շարունակում էր չնչին գներով աշխատել խոշոր հողատերերի համար:

1886 թվականին Հայաստանի ամենամեծ և հայաշատ քաղաքը շարունակում էր մնալ Ալեքսանդրապոլը: 24.230 բնակիչներից հայեր էին 22.921-ը, թաթարները՝ 881 հոգի և 428 հոգի՝ այլ ազգություններ:

Ալեքսանդրապոլը կառուցվում, ընդարձակվում և քաղաք էր դառնում նախ և առաջ այն պատճառով, որ Ռուսաստանի համար Անդրկովկասում կարևորագույն հենակետ ու բերդ էր:

Երկրորդը Երևանն էր 14.738 բնակիչներով: Հայերի թիվը 7.142 էր, թաթարներինը՝ 7.228, ևս 368 մարդ ներկայացնում էին մի քանի ազգություններ:

Մեծությամբ երրորդ քաղաքը Նոր Բայազետն էր՝ այսօրվա Գավառը 7.488 բնակիչներով, որից միայն 62 հոգին էին այլազգիներ, մյուսները հայեր էին: Այսպես, 1886-ին Նոր Բայազետն ավելի շատ հայ բնակիչ ուներ, քան Երևանը:

Չորրորդը շարունակում էր մնալ Խնձորեսկը 4.219 բնակիչներով, բոլորը՝ հայեր:

Վաղարշապատը 3.422 բնակիչներով, բոլորը՝ հայեր, հինգերորդն էր:

Վեցերորդը Զանգիբասարն էր, նախկին Նարիմանլուն, այսօրվա Մասիս քաղաքը 3.062 բնակիչներով, բոլորը՝ թաթարներ:

Աշտարակը յոթերորդն էր 2.210 բնակիչներով, բոլորը՝ հայեր:

Ութերորդը և իններորդը Տեղն ու Գորիսն էին՝ համապատախանաբար 3.159 և 3.146 բնակիչներով, բոլորը՝ հայեր, բացառությամբ Գորիս քաղաքի, որտեղ ապրում էր 4 այլազգի:

Մեծությամբ տասներորդ բնակավայրը Ղարաքիլիսան էր, այսօրվա Ազատանը Գյումրիի հարևանությամբ, որտեղ ապրում էր 3.019 մարդ, բոլորը՝ հայեր:

Հայաստանում բնակչության հաջորդ հաշվառումը անց կացվեց 1897 թվականին, դա Ռոմանովների Ռուսաստանի առաջին և վերջին մարդահամարն էր:

Թաթուլ Հակոբյան

ԱՆԻ կենտրոն

Լուսանկարում՝ Սբ Հռիփսիմեի վանքը Էջմիածնում, լուսանկարն արել է Հ․ Քյուրքչյանը, 1880-ական թթ․։