Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նամակ է հղել «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևին, որում իր խիստ բողոքն է հայտնել կուսակցության ներկայացուցիչ Վիտալի Միլոնովի Լեռնային Ղարաբաղ այցի կապակցությամբ, հաղորդում է Ազատությունը։
Դեռևս 2020 թվականի հոկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը Ռուսաստանի Պետդումայի պատգամավորին ներառել է «սև ցուցակում»՝ Արցախ Միլոնովի այցը որակելով «անպատասխանատու քայլ, որը հակասում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշմանը»:
Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի ներկայացուցիչը հերթական անգամ Ստեփանակերտ է այցելել անցած տարեվերջին՝ 2021-ի դեկտեմբերի 27-ին։
«Հաճույքով հանդիպեցի Արցախի նախագահ Արայիկ Վլադիմիրի Հարությունյանի հետ»,- Արցախի նախագահի հետ նկար տեղադրելով ֆեյսբուքյան իր էջում՝ գրել էր պատգամավորը, հավելելով, որ քննարկվել են «իրավիճակը տարածաշրջանում, հանրապետությունում հետպատերազմյան շրջանում տաճարների, քրիստոնեական համայնքների պահպանման ու վերականգնման անհրաժեշտությունը»։
Միլոնովը հարցազրույց էր տվել Արցախի հեռուստաընկերությանը և կոշտ բառապաշար օգտագործել Ադրբեջանի և Թուրքիայի հասցեին: