Նոյեմբերի 2-ին “Genesis Armenia” հիմնադրամը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Արցախում բացվել է ադրբեջանագիտության առաջին կենտրոնը։
Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսել են դասավանդել հայոց լեզու։
JAMnews-ը փորձել է պարզել՝ որն է պատճառը, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո հակամարտող կողմերը որոշել են հայերեն ու ադրբեջաներեն սովորել։
Արցախում ադրբեջանագիտության առաջին կենտրոնի բացումը “Genesis Armenia”-ն համարում է ռազմավարական նշանակության նախագիծ։
«Ջենեսիս Արմենիա»-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ գիտահետազոտական ուղեղային կենտրոն/հիմնադրամ։ Իր պաշտոնական կայքում «Ջենեսիս Արմենիա»-ն հայտարարում է, որ նպատակադրված է համախմբել հայկական մտավոր ներուժը միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել “Genesis Armenia”-ի և Վարդուկ Կարապետեանի և զավակների ջանքերով։ Կենտրոնը Կարապետեանի ամուսնու՝ Կարօ Կարապետեանի անունն է կրում, տեղակայված է Արցախի պետական համալսարանի շենքում։ Հիմնադրամը տեղեկացնում է, որ կենտրոնը հագեցած է ուսումնառության համար անհրաժեշտ տեխնիկայով և գույքով։
«Կենտրոնում առաջին փուլով մեկ տասնյակից ավելի արցախցի երիտասարդներ անվճար ադրբեջաներեն են սովորելու և Ադրբեջան են ուսումնասիրելու։ Ծրագրի նպատակն է պատրաստել կրթված, իր ազգային-պետական շահերն ու թշնամուն լավ ճանաչող սերունդ», — ասված է “Genesis Armenia”-ի տարածած հաղորդագրությունում։
Հիմնադրամի վարած քաղաքականության հիմքում հայկական զույգ պետությունների ռազմաքաղաքական և անվտանգային մարտահրավերները հաղթահարելու նպատակներն են․
«Կենտրոնն այս քաղաքականության շրջանակում պատրաստելու է ադրբեջաներենի մասնագետներ, որոնք կկարողանան իրենց հմտությունները գործածել թուրք-ադրբեջանական տանդեմից եկող տեղեկատվական, քարոզչական և անվտանգային սպառնալիքների չեզոքացման գործում»։
Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պետական տնտեսագիտական համալսարանում սկսել են դասավանդել հայոց լեզու։ Դասընթացը նախատեսված է հետազոտողների համար։ Այն տևելու է 6 ամիս։ Նախաձեռնությունը Ադրբեջանում գործող հայկական տնտեսության հետազոտությունների կենտրոնինն է (Центр исследований армянской экономики)։
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ դասընթացներն անցկացնելու է Ադրբեջանի լեզուների համալսարանի կովկասագիտության ամբիոնի դասախոս Հուսեյն Ասկերովը։ Ասկերովը նշել է, որ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հայերեն սովորելու ցանկություն են հայտնում ավելի շատ ադրբեջանցիներ․
«Չեմ հասցնում բոլոր ցանկացողներին ընդգրկել ժամանակացույցում, չնայած մեզ իսկապես անհրաժեշտ են նման մասնագետներ», — ասել է Ասկերովը։
Ի տարբերություն Արցախում մեկնարկող դասընթացների՝ Ադրբեջանում անցկացվող հայերենի դասերին անվճար մասնակցելու են միայն ուսանողները, մյուսների համար դասընթացը վճարովի է։
Փորձագիտական կարծիք
Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց լեզուն սովորելու հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել անկախացումից ի վեր, պարզապես եղել են պասիվ և ակտիվ փուլեր։
Ըստ Հովհաննիսյանի՝ լեզուների ուսումնասիրության գործընթացը երկու երկրներում էլ սկսել է ակտիվանալ 2010 թվականից՝ պայմանավորված մի շարք հանգամանքներով․
«Առաջին հերթին պայմանավորված է եղել հակառակորդ կամ թշնամական պետությունը, տվյալ երկրի քաղաքականությունը, միտումները հասկանալու հանգամանքով, այդ թվում՝ անվտանգային նկատառումներով»։
Պատահական չէ, որ Հայաստանում և Ադրբեջանում լեզվակիրները անվտանգային կառույցների, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայության, հետախուզության աշխատակիցներ են։
Արցախում ադրբեջանագիտության կենտրոնի բացումն, ըստ Տարոն Հովհաննիսյանի, նույնպես բխում է մասնագետներ պատրաստելու օբյեկտիվ անհրաժեշտությունից։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, փորձագետն ասում է՝ միգուցե մոդայիկ է դարձել հայոց լեզու ուսումնասիրելը, ցույց տալը, թե այդ ոլորտում ինչ-որ աշխատանքներ են իրականացվում։
Ադրբեջանագետն ասում է՝ Ադրբեջանի նպատակն Արցախն ամբողջությամբ անեքսիայի ենթարկելն է, պատերազմի ընթացքում անեքսիայի ենթարկած տարածքները յուրացնելը։
Հայերեն սովորելը Հովհաննիսյանը դիտարկում է նաև այդ համատեքստում։
«Իրենց գործողությունները հակառակն են ապացուցում, բայց պետական քաղաքականությունն այնպիսին է, որ փորձում են ցույց տալ իբր պատրաստ են Ադրբեջան պետության շրջանակներում հայերի հետ համատեղ բնակվելուն»։
Հովհաննիսյանը կարծում է՝ պաշտոնական Բաքուն այս ուղղությամբ ակտիվ աշխատանքներ է տանելու։ Ադրբեջանագետը չի բացառում, որ քարոզչական ֆոն ապահովելու համար ադրբեջանցիները փորձեն հայերին համոզել, թե օրինակ՝ կարող են գալ ու Հադրութում բնակվել։