Առասպելներ և պատրանքներ, որոնք տանում են պարտությունների

2697

Ուղիղ 100 տարի առաջ Հայաստանը 6-7 շաբաթների ընթացքում կորցրեց շուրջ 30 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Առաջին հանրապետության ղեկավարները, որոնք ստիպված եղան իշխանությունը փոխանցել հայ բոլշևիկներին, հետագայում հուսահատ պետք է գրեին, որ ճիշտ չեն գնահատել իրենց ուժերը, թերագնահատել են հակառակորդին, ուղիղ երկխոսության մեջ չեն մտել թուրքերի ու ադրբեջանցիների/թաթարների հետ, հույս են դրել երրորդ երկրների վրա: Ափսոսանքի և ինքնաքննադատության տեքստեր կարելի է գտնել Հայաստանի չորս վարչապետներից երեքի մոտ՝ Հովհաննես Քաջազնունի, Ալեքսանդր Խատիսյան և Սիմոն Վրացյան:

Առաջին Հանրապետության դասերը սովորելու փոխարեն՝ հայ քաղաքական միտքը վերադարձավ անիրական աշխարհ, ստեղծեց առասպելներ, հույսը դրեց ինչ-ինչ դաշնակիցների վրա, գերագնահատեց իր ուժերը, թերագնահատեց հակառակորդներին, և մենք ստացանք 44-օրյա աղետ՝ մարդկային, տարածքային ու ենթակառուցվածքների հսկայական կորուստներով:

44 օր տևած այս աղետալի պատերազմում վախճանվեցին նաև հայկական առասպելները, որոնց գոյությունը և պաշտոնական մակարդակով քարոզումը բթացրել էր հայ ժողովրդի զգոնությունը:

Առանձնացրել եմ 11 առասպելներ (դրանք իհարկե ավելի են), որոնց գոյությունն ու պաշտոնական կամ ժողովրդական բանահյուսության մակարդակով քարոզումը Հայաստանին ու հայ ժողովրդին հասցրեց այսօրը:

Առասպել առաջին. ստատուս քվոն պահել ենք 25 տարի, կպահենք 50 տարի, կպահենք հավերժ:

Ստատուս-քվոն պահպանելու առաջին փորձությունը 2016-ի ապրիլին էր: Թվում է՝ Ադրբեջանը փորձում էր ստուգել առաջնագծի ամրությունը: Թեև լուրջ հաջողության չհասավ՝ գրավելով մի քանի հարյուր հեկտար միայն ու մոտ երկու տասնյակ հենակետեր, սակայն պարզ դարձավ, որ հայկական պաշտպանական գիծը անանցանելի չէ: 2020-ի սեպտեմբերյան պատերազմի առաջին իսկ օրերին ադրբեջանական կողմը կարողացավ ճեղքել Հորադիսի ուղղությունը: Եթե մինչև Խուդաֆերինի ջրամբար հայկական ուժերը ծանրագույն կորուստներով կարողացան պաշտպանական մարտեր մղել, ապա ջրամբարից մինչև Մեղրիի սահման 50 կմ տարածությունը հակառակորդն անցավ մի քանի ժամերի ընթացքում՝ չհանդիպելով դիմադրության:

Առասպել երկրորդ. Հայկական բանակն անպարտելի է:

Աշխարհում անպարտելի բանակներ չկան ու չեն եղել: Հայկական բանակի անպարտելիության առասպելը ծնվել է 1991-1994 թթ. հաղթանակից հետո, մի պատերազմ, որը հաղթել է ոչ թե կանոնավոր բանակը, այլ կամավորական շարժման շնորհիվ ձևավորված բազմաթիվ խմբավորումներից կազմված ռազմական միավորումը: Այդ հաղթանակը հնարավոր է եղել կերտել բազմաթիվ հանգամանքների, այդ թվում՝ հայ ազատամարտիկի ու արցախցի գյուղացու քաջագործության, բայց նաև՝ Ադրբեջանում այդ տարիների ներքաղաքական քաոսի և իշխանակռվի բերումով:

44-օրյա պատերազմում, եթե անգամ Հայկական բանակը անպարտելի է, անհնար էր հաղթել Ադրբեջանին ու նրան աջակցող Թուրքիային ու ջիհադական խմբավորումներին, քանի որ, փաստացի 20-րդ դարի բանակը կռվում էր 21-րդ դարի բանակի դեմ, 3-միլիոնանոց Հայաստանը/Արցախը կռվում էր 10-միլիոնանոց Ադրբեջանի ու նրան աջակցող 80-միլիոնանոց Թուրքիայի դեմ:

Այս պատերազմում հայկական կողմը պարտվեց, որովհետև ուժերն անհավասար էին։ Ադրբեջանը Թուրքիայի, վարձկան ահաբեկիչների և իսրայելական դրոնների օգնությամբ կարողացավ հարձակման հենց առաջին օրերից հասնել առավելության և այն պահպանեց մինչև այն պահը, երբ Ռուսաստանի միջնորդությամբ ռազմական գործողությունները դադարեցվեցին։ Սա է հիմնական պատճառը՝ զինուժով, մարդուժով, ղեկավարության պատրաստվածությամբ ու պատասխանատվությամբ հայկական կողմը զիջեց Ադրբեջանին: Սա է դառը ճշմարտությունը, թեև արդեն տարբեր շրջանակներ սկսել են քաղցր ստեր տարածել, մեղավորներ ու դավաճաններ փնտրել: Կռվից հետո բռունցքներ չեն թափահարում, այլ լուռ, արժանապատվորեն ընդունում են պարտությունը, վերլուծում և փորձում դասեր քաղել:

Առասպել երրորդ. «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», կամ՝ «դուրս կգանք Քուռ-Արաքսյան միջագետք», եթե կուզեք՝ «Բաքվում թեյ կխմենք»: 

«Նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հոխորտանքը շրջանառության մեջ դրեց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որը գռեհիկ ոչ մի թիզ հողականների՝ Քուռ-Արաքսյան միջագետք դուրս գալու, Բաքվում թեյ խմելու, Ադրբեջանը մասնատելու ավելի քաղաքակիրթ տարբերակն էր: Խրամատում կռվող հայ զինվորը, աշխարհազորն ու պահեստազորը ծաղրում էին Տոնոյանին՝ համարելով, որ նա, այնուամենայնիվ, ճիշտ դուրս եկավ, պարզապես երկրների անունները պետք է տեղափոխել: Նոր պատերազմում Ադրբեջանը նոր տարածքներ գրավեց՝ ավելի քան 8 000 քառակուսի կիլոմետր, այդ թվում՝ Հադրութի շրջանն ու Շուշին:

Առասպել չորրորդ. Ադրբեջանը պատերազմ չի սկսի:

Այս առասպելը, թեև 2016-ի Ապրիլյանից հետո որոշ չափով մղվեց երկրորդական պլան, սակայն շարունակում էր շրջանառվել ու բթացնել հարմարավետ կյանքով ապրող հայերին: Իրականում, պատերազմն անխուսափելի էր, և կարևոր էր դա գիտակցել ու համապատասխան քայլեր ձեռնարկել, ինչը չարվեց: Ավելին, այս աղետալի պատերազմից խուսափել հնարավոր էր, եթե 1997-ի աշնանը գնայինք փուլային լուծման, որի դեպքում ունենալու էինք ԼՂԻՄ-ը և Լաչինի ամբողջ շրջանը, այսինքն՝ ավելի քան 6 000 քառակուսի կիլոմետր տարածքով Արցախ՝ ձայնի ու վետոյի իրավունքով։ Այսինքն՝ կրկնակին, քան ունենք այսօր: Մենք էինք այն ժամանակ տոն տվողն ու հաղթողը, իսկ այսօր մենք ընդամենը գլխիկոր ստորագրել ենք մեր առջև դրված փաստաթուղթը և ընդունել Ադրբեջանի բոլոր կամ գրեթե բոլոր վերջնագրերը: Հնարավոր էր, եթե 1998-ին Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Սամվել Բաբայանը չիրականացնեին պալատական հեղաշրջում և Արցախը փրկելու անվան տակ չտիրանային Հայաստանի իշխանությանը: Հնարավոր էր, եթե Նիկոլ Փաշինյանը և ՀՀ դիվանագիտությունը, ռազմա-քաղաքական ղեկավարությունը ճիշտ գնահատեին սեփական ուժերը:

Առասպել հինգերորդ. Թուրքիան չի հարձակվի Հայաստանի վրա։

Իսկ ինչո՞ւ հարձակվեց 1920-ին, ի՞նչ է փոխվել։ Ասում եք՝ չի հարձակվի, եթե հարձակվի, մեզ կօգնեն ռուսները։ Ինչո՞ւ  1920-ին չօգնեցին։ Իսկ եթե հարձակվի, ինչպե՞ս ենք պահելու այս մի կտոր Հայաստանը։ Մտածել է պետք։ Մտածե՛ք։

Առասպել վեցերորդ․ Հայաստանը կարող է զարգանալ փակ սահմաններով, կարող է զարգանալ՝ չզիջելով: 

Այս առասպելը շրջանառում էին ոչ միայն անհատներ, այլ քաղաքական ուժեր՝ դարձնելով նախընտրական քարոզարշավի մաս: Իրականում, սակայն, 3-միլիոնանոց Հայաստանը, որը երկու կողմերից շրջափակված է Թուրքիայով և Ադրբեջանով, չէր կարող դիմանալ ու դիմադրել թուրք-ադրբեջանական ագրեսիային:

Հայրենական այս պատերազմում եղել են քաջագործության, նվիրումի ու հերոսության բազմաթիվ դեպքեր՝ 18 տարեկան զինվորից մինչև պահեստազոր ու սպայական կազմ, սակայն, որպես վերջնարդյունք, հայկական կողմը պարտվել է: 44 օրերի ընթացքում՝ 2020թ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը հայկական կողմը տարածքային առումով կորցրել է Ֆիզուլին, Ջեբրայիլը, Զանգելանը, Ղուբաթլուն, Լաչինի մի մասը, ինչպես նաև՝ Հադրութն ու Շուշին նախկին ԼՂԻՄ տարածքում։ Եվս երեք  շրջան՝ Աղդամը, Քարվաճառը և Լաչինը,Ադրբեջանը հետ է ստացել՝ համաձայն Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի ստորագրած փաստաթղթի:

Մարդկային կորուստներն անչափելի են: Սա ազգային ողբերգություն է և ազգային աղետ: Ավելին, սա վերջին 100 տարիների մեր երկրորդ ամենամեծ պարտությունն է և ազգային ողբերգությունը Կարսի 1920 թվականի կորստից հետո: Այն ժամանակ ՀՀ-ն, որտեղ իշխանության էր ՀՅԴ-ն, կորցրեց Հայրենիքի տարածքից մոտ 30 հազար քառակուսի կիլոմետր: Կարճ ժամանակ անց ՀՀ-ն նաև խորհրդայնացվեց և կորցրեց անկախությունը: Այսօր Արցախն ու Հայաստանը, որտեղ իշխանության է «Իմ քայլը»՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, կորցրեց շուրջ 8 000 քառակուսի կիլոմետր հող, որը հայ ժողովուրդը 1991-1994-ին նվաճել էր՝ պատերազմի 1 000 օրերի ընթացքում՝ տալով 6 000 զոհ:

Առասպել յոթերորդՍփյուռքի գործոնի չափազանց արժևորումը:

Վերոնշյալ առասպելները շրջանառվում էին ոչ միայն Արցախում և Հայաստանում, այլ նաև՝ Սփյուռքում: Անկասկած, Սփյուռքը միշտ կանգնած է եղել Հայաստանի ու Արցախի կողքին ու թիկունքին՝ կազմելով եռամիասնությունը, սակայն նրանից ֆինանսական, մարդկային և այլ ակնկալիքները եղել են չափազանցված: Մենք մեր չափը ճիշտ չճանաչեցինք: Մենք առաջնորդվեցինք ոչ թե մեր հնարավորությունների, այլ ցանկությունների սահմաններով և ստացանք հերթական աղետը:

Առասպել ութերորդադրբեջանցիները կռվել չգիտեն, վախկոտ են, խելք չունեն: Հիշո՞ւմ եք ինչպես էինք ծաղրում ու ծանակում ազերբարանների բիզիմդիրը (բարան ռուսերեն բառ է, որ նշանակում է ոչխար, իսկ բիզիմդիր ադրբեջաներենից թարգմանաբար նշանակում է՝ մերն է): Եթե նրանք կռվել չգիտեն, վախկոտ են, խելք չունեն, ապա ինչո՞ւ պարտվեցինք: Հիմա կասեք՝ թուրքերն օգնեցին: Հետո ի՞նչ: Իսկ ինչո՞ւ մեզ չօգնեցին, ինչո՞ւ մնացինք մենակ: Դուք գիտե՞ք, որ 1920-ի գարնանը Արցախի համար պատերազմում մենք պարտվել ենք Ադրբեջանին: Ինչո՞ւ այն ժամանակ պարտվեցինք: Ինչո՞ւ այն ժամանակ մնացինք մենակ, ինչպես այսօր:

Առասպել իններորդՀայաստանը ինչո՞ւ լավ չի օգնում Արցախին, Հայկական բանակը ինչո՞ւ լավ չի կռվում: Սա և՛ առասպել է, և՛ պարզ չիմացություն, և՛ բարոյականության խնդիր: Հայաստանը կատարել է իր մայրական պարտքը, կատարել է գայլի երախը ընկած երեխային փրկող մոր նման: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Հայաստանցի-արցախցի արհեստական ու վտանգավոր գիծը քաշել են քաղաքական գործիչները և՛ Հայաստանում, և՛ Արցախում:

Առասպել տասներորդ. բոլորը կամ գրեթե բոլորը կողմ էին յոթ շրջանների վերադարձին: Սա հայի հետին խելքն է, երբ խաղաղ ժամանակ ոչինչ չես տալիս, իսկ աղետի ժամին տալիս ես ամեն ինչ ու արդարանում, որ պետք էր փրկել հայրենիքն ու ժողովրդին: Ու եթե գտնեինք փոխզիջում, ապա աղետ չէր լինի: Հետո՞: 1920-ին էլ նույն խոսակցությունն էր: Հարյուր տարի անց նույն բանն ենք ասում և կարող է 2120-ին էլ նույնն ասեն հայերը, քանի որ այսօր մենք հին առասպելների կողքին հնարում ենք նորերը:

Առասպել տասնմեկերորդՆիկոլը և նրա թիմը դավաճաններ են: Երբ աղետը այսքան պարզունակ ես դարձնում, ապա փակում ես մտածելու, քո պատմությունը հասկանալու, ապագայի բանավեճերի դուռը: Լավ՝ Նիկոլն ու թիմը դավաճաններ են: Իսկ ի՞նչ անուն տանք Հայաստանի երրորդ վարչապետ Համո Օհանջանյանին, որի կառավարությունը 6-7 շաբաթների ընթացքում կորցրեց 30 հազար քառակուսի կիլոմետր՝ չորս անգամ ավելի, քան 2020-ին: Նիկոլ Փաշինյանին, Համո Օհանջանյանին պետք է մեղադրել  անպատասխանատու, ինֆանտիլ մաքսիմալիզմի, չհաշվարկելու և բազմաթիվ այլ սխալների մեջ: Մաքսիմալիզմը, սխալ հաշվարկը, ուժերդ գերագնահատելը, հակառակորդին թերագնահատելը, երրորդ երկրների վրա հույս դնելը մի՞թե ավելի լուրջ մեղադրանքներ չեն, քան պարզ դավաճանությունը:

Թաթուլ Հակոբյան

10 դեկտեմբեր, 2020