Նիկոլ Փաշինյան՝ Ադրբեջանի ռազմական կորպուսին այս պահին ջախջախիչ հարված է հասցվում Ջեբրայիլում. 7 հոկտեմբեր, 2020թ

1232

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական РБК հեռուստաալիքին` 7 հոկտեմբեր, 2020թ, որի գրավոր տարբերակը տեղադրվել է նաև հեռուստաալիքի կայքէջում:

РБК – Դուք վերադարձել եք Լեռնային Ղարաբաղից։ Ինչպիսի՞ իրադրություն է հիմա այնտեղ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եղա Ստեփանակերտում՝ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքում։ Ստեփանակերտը գործնականում շուրջօրյա գտնվում է հրթիռակոծության տակ և այնտեղ, իհարկե, տուժում են խաղաղ բնակիչները։ Եվ դա դուրս է բոլոր սահմաններից: Դուք հասկանու՞մ եք՝ եթե Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղը պետք է Ադրբեջանի մասը լինի, և եթե նրանք իսկապես մտածում են, թե ղարաբաղցիներն ու ադրբեջանցիները կարող են ապրել կողք կողքի, ապա ստացվում է, որ նրանք ավերում են իրենց իսկ քաղաքները։ Եկեք փորձենք հասկանալ Իլհամ Ալիևի (Ադրբեջանի նախագահի – ՌԲԿ) մտքերի ընթացքը։ Նա կարծում է, որ կռմբակոծի Ստեփանակերտը, և դրանից հետո ղարաբաղցիները կապրե՞ն Ադրբեջանի կազմում։ Այս մոտեցումը ևս մեկ անգամ ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող լինել և չի լինի Ադրբեջանի կազմում։ Դա արդեն իսկ բացառվում է։ 100 տոկոս: Եվ դա ապացուցվում է Ադրբեջանի գործողություններով:

РБК – Ադրբեջանը վերջին օրերին հայտարարում է ռազմաճակատում ունեցած հաջողությունների, մասնավորապես՝ շփման գծում մի քանի գյուղեր գրավելու մասին։ Դա ճի՞շտ է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը։

РБК – Ինչո՞ւ եք այդպես ասում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում։

РБК – Տվյալներ կա՞ն ադրբեջանական կողմի կորուստների մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, կան տվյալներ, արդեն կա Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը, և շատ կարևոր է, որ այնտեղ Ադրբեջանի կողմից մեծաքանակ տեխնիկա է մտել: Մեծ մասը ոչնչացված է կամ լքված փախչող ադրբեջանցիներից: Այնպես որ, կարծում եմ՝ այսօր արդեն ղարաբաղյան բանակի մոտ մեծաքանակ տեխնիկա կլինի:

РБК– Մի քանի օր առաջ հաղորդվել էր Գյանջա քաղաքի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին։ Հնարավո՞ր է արդյոք ռազմական գործողությունների ընդլայնում Ադրբեջանի տարածքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե այսօրվա գործողությունն ավարտվի այնպես, ինչպես սկսվել է, իսկ ես կարծում եմ, որ դա շատ հավանական է, քանի որ Ղարաբաղի բանակը նման հաջողությունից հետո պարզապես չի նստի և սպասի ադրբեջանական ուժերի վերախմբավորմանը։ Եվ ես կարծում եմ, որ եթե այսօր նրանց մոտ ստացվի, նրանք կփորձեն զարգացնել հաջողությունը։

РБК – Այսինքն՝ անցնել հակահարձակման Ադրբեջանի՞ տարածքի վրա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չեմ կարող նրանց փոխարեն խոսել։ Այդ որոշումներն ընդունում են Ղարաբաղի զորահրամանատարները։ Ես գնահատում եմ ընդհանուր իրավիճակը։

«Քննարկվում է իրավիճակը մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը»

РБК – Դուք հակամարտության սկզբից մի քանի անգամ հեռախոսազրույց եք ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։ Ի՞նչ է քննարկվում։ Խոսք գնո՞ւմ է արդյոք Ռուսաստանից Հայաստանին ռազմական տեխնիկայի մատակարարման մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Քննարկվում է ամեն ինչ։ Բայց գլխավոր թեման, որը քննարկվում է, իրավիճակն է մեր տարածաշրջանում և հատկապես ահաբեկիչների ներկայությունը Հարավային Կովկասում։ Որովհետև, գիտեք, եթե ուղղակի կռվում են Ղարաբաղն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Ադրբեջանը, դա մի իրավիճակ է։ Իսկ եթե ռազմական գործողությունների մեջ ներգրավված են ահաբեկիչներ կոնկրետ ահաբեկչական խմբավորումներից, (ի դեպ, երեկ ռուսաստանցի պաշտոնյաները հիշատակել են կոնկրետ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց անդամները կռվում են հակամարտության գոտում), արդեն բոլորովին այլ իրավիճակ է, դա արդեն ոչ միայն Ղարաբաղի, այլև մեր տարածաշրջանում անվտանգության հարցն է ավելի լայն իմաստով՝ Ռուսաստանի և Իրանի անվտանգության։

Դա առհասարակ գլոբալ անվտանգության հարց է։ Քանի որ դա նշանակում է, որ ահաբեկիչներն ընդլայնում են իրենց արեալը։ Այսինքն՝ ստացվում է, որ ահաբեկիչների մոտ Թուրքիայի ու Ադրբեջանի օգնությամբ նորանոր տարածքներ են հայտնվում, որտեղ նրանք կարող են դրսևորվել։ Եկեք պատկերացնենք, որ ինչ-որ կերպ այս հակամարտությունն ավարտվում է, և դրանից հետո նրանք ի՞նչ են անելու։ Անկասկած, այդ ահաբեկիչների մի մասը կմնա տարածաշրջանում և կգործի այնտեղ։ Մենք տեղեկություն ունենք, որ այդ ահաբեկիչներն արդեն իրենց կարգերն են հաստատում ադրբեջանական որոշ գյուղերում։ Եվ դա հարց է առաջացնում, թե որքանով են Ադրբեջանի պաշտոնական իշխանությունները վերահսկում իրավիճակը սեփական երկրում։ Որովհետև եթե ինչ-որ տեղ ցանկացած նորմալ երկրում գործում են ահաբեկիչներ, նորմալ իշխանությունը պետք է աշխատի նրանց ոչնչացնելու ուղղությամբ, այլ ոչ թե նրանց հնարավորություն տա ոչ միայն անխոչընդոտ գործելու, այլև սեփական կարգերը հաստատելու։

РБК – Այս փոփոխված համատեքստում արդյոք Հայաստանին տրվե՞լ են ռուսական ռազմական միջամտության երաշխիքներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և մենք անվտանգության ոլորտին առնչվող կոնկրետ պայմանավորվածություններ ունենք։ Օրինակ, մենք ունենք ընդհանուր հակաօդային պաշտպանություն։

РБК – Իսկ ՀՕՊ-ն այժմ գործի՞ է դրված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո, իհարկե։

РБК – Եվ մարտակա՞ն գործողություններում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, ոչ մարտական: Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց եթե ՀՕՊ-ի գծով սպառնալիք լինի Հայաստանի տարածքի համար, այդ դեպքում մեր համատեղ ուժերը պետք է գործի դրվեն։ Եվ դա նախատեսված է մեր պայմանագրերով, կանոնադրություններով և այլ փաստաթղթերով։

РБК – Բայց ահաբեկչական սպառնալիքը, ինչպես Դուք ասեցիք, Լեռնային Ղարաբաղում է, իսկ հարցը ռուսական ռազմական միջամտության երաշխիքի մասին է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Այո: Եվ այդ երաշխիքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության տարածքին։

РБК– Այդ երաշխիքները հաստատվե՞լ են Մոսկվայի հետ վերջին խոսակցությունների ժամանակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, վերջին զրույցներում մենք քննարկել ենք այդ թեմաները, բայց քանի որ այդ ամենը նախատեսված է մեր պայմանագրերով, ամեն անգամ դա հաստատելու կարիք չկա։ Սա առկա փաստ է, և մենք քննարկել ենք այդ ոլորտի որոշ նյուանսներ։

РБК – Ամեն դեպքում Դուք ակնկալո՞ւմ եք ռազմական տեխնիկայի նոր մատակարարում Ռուսաստանից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ինչպես ես արդեն ասեցի, Հայաստանը և Ռուսաստանը կապված են դաշնակցային հարաբերություններով, որոնց անքակտելի բաղադրիչը նաև ռազմատեխնիկական համագործակցությունն է:

РБК – Իսկ նոր մատակարարումներ կլինե՞ն՝ այս հակամարտության հետ կապված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա արդեն այլ հարց է, որը ես չեմ կարող հրապարակավ քննարկել։ Հատկապես այս իրավիճակում։

«Այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության ողջ համատեքստը»

РБК– Համաձա՞յն եք արդյոք, որ այս հակամարտությունը բանակցային գործընթացը ետ է մղել տարիներով, եթե ոչ տասնամյակներով: Կարո՞ղ է արդյոք հիմա ընդհանրապես հնարավոր լինել ինչ-որ փոխզիջում։ Կհամաձայնի՞ արդյոք, օրինակ, Երևանը ինչ-որ շրջանների հանձնմանը կամ ինչ-որ նոր բանաձևերի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան– Ես չեմ կարծում, որ հիմա տեղին է դա քննարկելը։ Դուք հարցրեցիք՝ մտածո՞ւմ եմ արդյոք, որ այս պատերազմը բանակցային գործընթացը տասնյակ տարիներ հետ մղեց։ Ես կարծում եմ, որ այս պատերազմն ընդհանրապես փոխում է այս հակամարտության համատեքստը, ամբողջ համատեքստը։ Քանի որ սա արդեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չէ։ Դա հակաահաբեկչական պատերազմ է, որը վարում են Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը։ Սա ահաբեկչական հարձակում է Լեռնային Ղարաբաղի դեմ, որը նախաձեռնել է Ադրբեջանը, և կազմակերպել է Թուրքիան։ Դա արդեն սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար, այլ կոնկրետ սպառնալիք Ռուսաստանի համար։ Եվ փաստն այն է, որ Ռուսաստանը նույնպես մոտավորապես այսպես է գնահատում իրավիճակը։ Եվ եթե Դուք հետևեք վերջին օրերի պաշտոնական հայտարարություններին Մոսկվայից, ակնհայտ է, որ Ռուսաստանը, եթե ոչ 100 տոկոսով, ապա 80 տոկոսով մոտավորապես նույն կերպ է ընկալում այս իրավիճակը։

РБК– Այսինքն՝ պատերազմը կարող է ավարտվել միայն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի՞ դեպքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, պատերազմը կարող է ավարտվել միայն ահաբեկչական խմբերի անվերապահ կապիտուլյացիայի դեպքում։ Որովհետև Հայաստանն ու Ղարաբաղը չունեն Ադրբեջանի անվերապահ կապիտուլյացիայի նպատակներ։ Լեռնային Ղարաբաղը և Հայաստանը նպատակ ունեն՝ անվերապահ կապիտուլյացիայի ենթարկել ահաբեկչական խմբերին, որոնք գործում են հակամարտության գոտում։

РБК – Բայց դա Երևանի և Բաքվի միջև հարցերը չի լուծում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե։ Ես արդեն ասել եմ, որ նրանց ներկայությունը և ընդհանրապես Թուրքիայի ներկայությունը տարածաշրջանում փոխում է համատեքստը։ Ինչո՞ւ Թուրքիան 100 տարի անց վերադարձավ Հարավային Կովկաս։ Երկու պատճառով։ Առաջինը՝ Հայոց ցեղասպանության քաղաքականությունը շարունակելու համար։ Դուք հասկանո՞ւմ եք, որ եթե ինչ-որ բան այնպես չընթանա, առնվազն Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանություն կսկսվի։ Եվ դա չափազանցություն չէ։ Բայց ինչո՞ւ է Թուրքիայի համար կարևոր ցեղասպանության քաղաքականության շարունակությունը։ Քանի որ Հարավային Կովկասի հայերը Թուրքիայի համար վերջին խոչընդոտն են դեպի հյուսիս և արևելք էքսպանսիայի համար։ Եվ եթե այս իրավիճակին նայենք այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Միջերկրածովյան տարածաշրջանում Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, այն քաղաքականության համատեքստում, որը Թուրքիան վարում է Իրաքում, Սիրիայում, պատկերն ավելի պարզ կդառնա։ Դա կայսերական քաղաքականություն է, որն սպառնում է ոչ միայն Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին, այլ նաև շատ երկրների, որոնք այստեղից բավական հեռու են գտնվում։

РБК – Կցանկանայի ամփոփել՝ ճի՞շտ եմ հասկանում, որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը հնարավոր է միայն այն դեպքում, եթե շփման գծում Ադրբեջանի տարածքից հեռացվեն ահաբեկչական միավորումները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Բանակցություններն ընդհանրապես այլ թեմա են, քանի որ կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որի կազմում Ռուսաստանն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան: Եվ նրանք (այդ երկրները -ՌԲԿ) աշխատում են բանակցային գործընթացը վերականգնելու ուղղությամբ: Նրանք հայտարարություն են արել իրավիճակի հետ կապված՝ հայտարարելով, որ անհրաժեշտ է դադարեցնել բռնությունները և հրաձգությունը, ռազմական գործողությունները: Հայաստանը ողջունել է այդ հայտարարությունը: Ցանկացած իրավիճակում բանակցելու և բանակցային գործընթացի հնարավորությունը, իհարկե, կարևոր է: Եվ մենք շատ բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այդ ջանքերը, և մենք, իհարկե, հնարավորինս կառուցողական կլինենք համանախագահների հետ աշխատանքներում, որքանով դա հնարավոր է:

РБК – Ավելի քան 25 տարի է, որ տարվում է բանակցային գործընթացը: Ինչպես տեսնում ենք, այն ոչնչի չի բերել: Եվ Ստեփանակերտն արդեն 7-րդ օրը գտնվում է անընդմեջ հրաձգության տակ: Ի՞նչ պետք է տեղի ունենա, որպեսզի Երևանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դա քննարկել ենք և ասել ենք, որ մեր օրակարգում նման հարց կա: Բայց սա այդ իրավիճակը չէ, որ հնարավոր է շատ կոնկրետ բացատրել կամ շատ կոնկրետ պլանավորել, որ եթե այսպիսի բան տեղի ունենա, ապա կհանգեցնի դրան: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ մենք քննարկում ենք մեր գործողությունների մի քանի տարբերակ: Բայց կա նաև այսպիսի նրբություն՝ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ամենավատ իրավիճակում էլ առավելագույնս կառուցողական լինենք, և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հարաբերություններում:

РБК – ԵԱՀԿ Մինկսի խմբի համանախագահները կամ ՀԱՊԿ ձեր դաշնակիցները խնդրո՞ւմ են ձեզ չճանաչել ԼՂՀ-ն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ: Նման խնդրանք չի եղել: Ես Ձեզ ազնվորեն կասեմ՝ այն պահից, երբ մենք հայտարարեցինք, որ քննարկում ենք այդ հարցը, ոչ ոք մեզ չի խնդրել դա չանել: Այդպիսի բան չի եղել:

РБК – Իսկ ինչո՞ւ չեք ընդունում: Որովհետև դա կնշանակի վերջ բանակցությունների ավա՞րտ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Դա չի նշանակի բանակցությունների ավարտ: Դա կախված կլինի այն կոնկրետ իրավիճակից՝ ինչպես և երբ կկայացվի կամ չի կայացվի այդ որոշումը:

РБК – Բայց հիմա Դուք ԼՂՀ ճանաչմանը ավելի մո՞տ եք, քան շաբաթվա սկզբին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես արդեն ասեցի, որ այդ հարցը դրված է մեր օրակարգում: Բայց դա չի նշանակում է, որ մենք անպայմանորեն նման որոշում կկայացնենք: Դա չի նշանակում, որ մենք նման որոշում չենք կայացնի: Մենք քննարկում ենք:

РБК – Խնդրում եմ հստակեցրեք Ձեր դիրքորոշումը խաղաղապահների առնչությամբ: Դուք կո՞ղմ եք շփման գծում խաղաղապահների տեղակայմանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, ճիշտ չէ վերցնել Ղարաբաղյան հարցի նման մեծ հարց և քննարկել դրա առանձին դետալները, հնարավոր կարգավորման դետալները: Այստեղ ամեն ինչ պետք է դիտարկել պատճառահետևանքային կապերի շղթայում:

РБК – Բայց այդ դեպքում մնում է միայն պատերազմը, եթե խնդրի լուծման ինչ-որ տարբերակներ չգտնվեն՝ կապ չունի դա կլինի Լեռնային Ղարաբաղի անկախության ընդունում, խաղաղապահների տեղակայում, շրջանների հանձնում կամ այլ մեթոդներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բոլոր հարցերը պետք է քննարկվեն բանակցային գործընթացում, որը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ:

РБК – Դուք կարծո՞ւմ եք, որ այդ բանակցային գործընթացը կսկսվի միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը բավական կթուլանա, որպեսզի ցանկանա վերադառնալ բանակցություններին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե լայն դիտարկենք այս հարցը, բանակցային գործընթացը շարունակվում է նաև հիմա: Մեր նախարարը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Գիտեմ, որ համանախագահները կապ են պահպանում նաև ադրբեջանցիների հետ: Այսինքն՝ այդ խոսակցությունը շարունակվում է, բանակցային գործընթացը երբեք չի դադարել և չի դադարում: Բայց, իհարկե, այս իրավիճակում հնարավոր չէ քննարկել հակամարտության կարգավորման դետալները: Հիմա պատերազմ է ընթանում, և գլխավոր հարցն այն է՝ ինչպես դադարեցնել պատերազմը:

РБК – Բայց ռազմական գործողությունների այս ողջ ընթացքում Երևանի և Բաքվի միջև որևէ կապ չի՞ եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ոչ, իհարկե, ոչ մի տեսակի:

https://www.primeminister.am/hy/interviews-and-press-conferences/item/2020/10/07/Nikol-Pashinyan-interview-RBK/